Ռուսաստանը պատրաստ է նոր տարում անել հնարավորը՝ 2025 թվականին Երևանի և Բաքվի միջև երկար սպասված խաղաղությունը հաստատելու համար, ասված է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի ամանորյա շնորհավորանքում։
«Կարևոր ներդրում են ունեցել հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունները հոկտեմբերի վերջին Կազանում БРИКС-ի գագաթնաժողովի շրջանակներում: Մենք պատրաստ ենք նոր տարում անել հնարավոր ամեն ինչ՝ Երևանի և Բաքվի միջև ամուր և արդար համաձայնագրի հիման վրա երկար սպասված խաղաղությունը հաստատելու համար»,- ընդգծել է ՌԴ դեսպանը։
Ստորագրվելիք փաստաթուղթը, նրա կարծիքով, թույլ կտա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը տեղափոխել գործնական փուլ։
ՌԴ դեսպանն ակնարկում է, որ 2025 թվականին Ռուսաստանը «կվերադառնա», և ճանապարհները կբացվեն Ռուսաստանի հովանու ներքո, թեև վերջին ամիսներին պայմանավորվածությունները «երկկողմանի» են, կարծես առանց Ռուսաստանի։ Բայց հիմա թաքցնելու ոչինչ չկա՝ Մոսկվան կվերադառնա։
Չնայած այն հանգամանքին, որ 2024 թվականի վերջին օրը Փաշինյանը հայտարարեց, որ այսուհետ Իրանի հետ սահմանին գտնվող Ագարակի անցակետում միայն հայ սահմանապահներ են տեղակայված, Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից և Թուրքիայի հետ նրա պայմանավորվածություններից երկրաչափական աճ է գրանցում։
Փաշինյանը, Covid-ի պատրվակով, հրաժարվեց գնալ տարեվերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն դա ոչ թե լուծում տվեց խնդիրները, այլ, ընդհակառակը, սրեց դրանք։
ՀԱՊԿ գագաթնաժողովի մեկնարկը նշանավորվեց նրանով, որ Գրոզնիի երկնքում ռուսական հրթիռով խոցվեց ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը, որը կործանվեց Ակտաուում։ Սա չի վատթարացրել Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Պուտինն անձամբ Ալիևից ներողություն է խնդրել, բայց Բաքուն նաեւ փոխհատուցում է պահանջել։
Դեսպան Կոպիրկինի խոսքերը վկայում են այն մասին, որ Հայաստանի հարավը կարող է փոխհատուցման առարկա դառնալ։
Նրա խոսքով, եկել է ժամանակը Եվրասիական մայրցամաքում համատեղ կառուցելու անվտանգության և տնտեսական համագործակցության նոր, ավելի արդար համակարգ։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: