Էլլադա Չալյանն Արցախի Մարտունի քաղաքից է։ Մասնագիտությամբ մանկավարժ է։ Արցախում երեք երեխաների մայրը մեծ նպատակ ուներ, որը, սակայն, անկատար է մնացել։ Էլլադան մտադիր է իր մեծ նպատակն իրականություն դարձնել Մայր Հայաստանում։ Չալյանների ընտանիքը հաստատվել է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում։
Էլլադան հուզմունքով ու կարոտով է պատմում
-Արցախում 2 տարուց ավելի զբաղվում էի ուրախ առիթների ֆոտոհարթակների ձևավորմամբ՝ փուչիկներով և ոչ միայն։ Օրեցօր ընդլայնվում էր հաճախորդներիս քանակը։ Ընթացքում ձեռք էի բերում անհրաժեշտ բոլոր սարքավորումները՝ երկաթից, փայտից։ Միշտ էլ սիրում էի գեղեցիկ ու հեքիաթային միջավայր ստեղծել շուրջս, և իմ այդ հոբբին դարձրի փոքրիկ բիզնես։ Շրջափակման վերջին ամիսներին դժվարություններ էին առաջացել, որովհետև մարդիկ արդեն մեծ միջոցառումներ չէին կազմակերպում, իմ մոտ ևս հումքի որոշակի պակաս էր զգացվում։
Արցախում, երբ սկսել էի բիզնեսս, մեծ նպատակ ունեի։ Փոքր, բայց հաստատուն քայլերով շարժվում էի դեպի այդ նպատակը։ 2022-ի նոյեմբերի վերջին Երևանում մեծ քանակությամբ դեկորացիաներ ու համապատասխան սարքավորումներ էի գնել՝ վարձու մեքենայով Արցախ տեղափոխելու համար։ Նպատակ ունեի Մարտունիում ֆոտոստուդիա բացել, որի կարիքը քաղաքը շատ ուներ։
Մեքենան Երևանից դուրս է գալիս հենց դեկտեմբերի 12-ին ու երբ հասնում է Հակարի, պարզվում է, որ փակվել է Արցախի հետ կապող կյանքի ճանապարհը։ Վարորդի խոսքով՝ մեքենան երրորդն էր շարասյան մեջ։
Սպասում ենք ավելի քան 10 օր, սակայն ճանապարհը չի բացվում։ Մոտ 3 ամիս մեքենայի ողջ բեռը մնում է Հակարիից այն կողմ՝ Գորիսում։ Այդպես էլ նպատակս մնում է կիսատ։ Ինչքան էլ փորձում էինք, չկարողացանք բեռը հասցնել Արցախ։ Հիմա հասկանում եմ, որ լավ է, որ չստացեց, թեկուզ չիրականացավ երազանքս։
Արցախից տեղահանվելու պահին իմ պահեստում ունեի սարքավորումներ, անհրաժեշտ նյութեր, պատրաստի ծաղիկներ․ ամեն ինչ մնաց Արցախում։ Կարողացել ենք փրկել մեզ, և փառք Աստծո, ամենակարևորը դա է։ Նյութականի մասին չեմ մտածել երբեք։
Բռնատեղահանումից հետո Էլլադան հանդիպեց դժվարությունների, սակայն ամենացավալին հոգու ցավն էր, որի հաղթահարման համար մեծ ուժ էր հարկավոր
-Երբ եկանք Հայաստան, նախ հաստատվեցինք Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ Սկզբնական շրջանում հայտնվեցինք անորոշության մեջ։ Չէինք կարողանում կողմնորոշվել անգամ, թե որտեղ ենք ապրելու և ինչով զբաղվելու։ Ինձ համար երեխաների ինտեգրումն ու նրանց սթրեսից հանելն էր առաջնահերթ։ Նրանք չէին հարմարվում նոր միջավայրին, լացելով էին դպրոց գնում և անընդհատ ասում, որ Մարտունու իրենց դպրոցն ու դասընկերներին են ուզում։
Որոշ ժամանակ հետո տեղափոխվեցինք Ծաղկաձոր։ Վախենում էի, որ կկրկնվեն բալիկներիս ապրումները, սակայն նրանք զարմանալիորեն շուտ հարմարվեցին փոքր քաղաքին ու դպրոցին։ Հենց այս պատճառով մնացինք այստեղ։ Ինքս ծանր ապրումների մեջ էի։ Ցավից ու կարոտից խեղդվում էի։ Ոչ ոքի հետ չէի կիսվում։ Հոգուս ցավն ու տխրությունը չէի փոխանցում ոչ մեկին, որովհետև գիտեի՝ բոլորն են նույն վիճակում։ Սակայն ապրելու կարիքը դրդում էր ինձ արթնանալ, ոտքի կանգնել ու որոշ ժամանակ հետո հասկացա, որ լաց ու կոծով ոչնչի չես հասնի։ Ընկերուհուս խորհրդով սոցիալական հարթակներում սկսեցի ուսումնասիրել աջակցության ծրագրերը, սակայն չէի կարողանում կողմնորոշվել։ Զգում էի, որ դեռևս բավականաչափ ուժ չունեմ։
Միաժամանակ ուրախանում էի, որ արցախցիների մի մասն արդեն ինտեգրվել է, և հաջողություններ են գրանցվում նրանց կողմից։
Մի անգամ մանկապարտեզում կազմակերպվող միջոցառման համար փոքրիկիս դաստիարակը ծնողներին խնդրում է յուրահատուկ ծաղիկ պատրաստել։ Համաձայնում եմ, գալիս տուն ու հասկանում, որ ոչինչ չունեմ առաջադրանքը կատարելու համար։ Մտաբերում եմ, թե ինչքա՜ն սարքավորումներ եմ թողել Արցախում և արտասուքներս կուլ տալով ու ատամներս կրճտացնելով՝ անցնում եմ գործի։ Դաստիարակի օգնությամբ ձեռք եմ բերում անհրաժեշտ դետալները և պատրաստում մի մեծ խատուտիկ ու էլի 4 ծաղիկ՝ մետաղապլաստե ցողուններով, որոնցից ամենափոքրի բարձրությունը 1․60 մետր էր։ Առաջին անգամն էի նման յուրահատուկ ծաղիկներ պատրաստում։ Մանկապարտեզում հիացմունքն անչափելի էր։
Շքեղ խատուտիկն առիթ հանդիսացավ, որ նա մտածի նոր բիզնեսի մասին
-Մտածեցի, որ կարող եմ զբաղվել հսկա ծաղիկների պատրաստմամբ և այն վերածել բիզնեսի։ Մասնակցեցի դասընթացների՝ ներկայացնելով ծրագիրս։ Առաջին փորձս հավանության չարժանացավ, քանի որ բիզնես ծրագիր ներկայացնելու մեջ բավականին անփորձ էի։ Սակայն առաջին անհաջողությունս ինձ չկոտրեց, ավելին՝ ստիպեց մասնակցել ուրիշ դասընթացների։
Մասնակցեցի արցախցիների համար կազմակերպվող “Բյուր” դասընթացներին, ձեռք բերեցի նոր գիտելիքներ՝ 0-ից բիզնես սկսելու համար։ Կատարելագործվեցի մենթորների օգնությամբ․ թվային գրագիտությունից մինչև բիզնես հմտություններ, մարքեթինգ ու ֆինանսներ։ Այս անգամ ստացա համպատասխան հավաստագիր։ Ներկայացրած ծրագիրս հավանության արժանացավ։ Ստացա դրամաշնորհ և այդ գումարով ձեռք բերեցի բոլոր սարքավորումներն ու անհարժեշտ հումքը։
Դառնալով շահառու՝ իրականացրի թելադրվող պայմանները, որոնցից մեկն ԱՁ գրանցելն ու հարկային դաշտ մտնելն էր։ Թեև Արցախի Մարտունի քաղաքում ԱՁ ունեի, սակայն նորից գրանցվեցի և հոկտեմբերից արդեն հարկային դաշտում եմ։ Անձնական էջով չէի ցանկանում ներկայացնել իմ արտադրանքը, ուստի նոր էջ բացեցի ու անվանեցի “Ծաղկէ”։ Շատ էի մտածում անվան մասին․ ուզում էի Արցախի շունչ զգալ։ Ծաղկէ՝ ծաղիկներ Էլադայի կողմից, ինչպես նաև կնշանակի ծլի-ծաղկի։ Այդպես ծնվեց իմ բրենդն ու բիզնես էջը։ Հպարտանում եմ իմ բրենդի անունով և այն ամենով, ինչ հայկական է։
Երևանում կազմակերպված Ամանորյա ամենամեծ տոնավաճառ–ցուցահանդեսին մասնակցելն է Էլլադան համարում իր առաջին քայլը դեպի բիզնես
-Երբ հրավեր ստացա Big Christmas Market with Coca-Cola 2024-2025 տոնավաճառ-ցուցահանդեսին մասնակցելու համար, հասկացա, որ դա առաջին իմ քայլն է դեպի բիզնեսի բարձունք։ Որպես Բյուր-ի շահառու հնարավորություն է տրվել անվճար տաղավար դնել ու վաճառքի հանել իմ արտադրանքը։ Հրավերից հետո մտածում էի, որ հնարավոր չի լինելու իմ հսկա ծաղիկները հասցնել Երևան ու վաճառքի հանել։ Իմ ծաղիկներով կարող են հիանալ, նկարվել, բայց չէի կարծում, որ կվաճառվեն, որովհետև տոնավաճառի այցելուները ծաղիկ գնելու չէին գալու։ Հասկացա, որ պետք է նոր բան մտածել ու տոնավաճառին ներկայացա 4-5 տեսակի արտադրանքով։
Իմ միջոցներով պատրաստել եմ տոնածառի խաղալիքներ, տիկնիկներ, միջին չափի թրենդային ժապավեններ, մոմեր։ Անբացատրելի ապրումներ եմ ունեցել տոնավաճառից, թևեր ստացել։ Իհարկե, դժվար էր 5 օր շարունակ Ծաղկաձորից Երևան գնալ ու մասնակցել տոնավաճառին։ Աշխատում էի գիշերները, որ հասցնեմ նոր իրեր պատրաստել։ Գոհ եմ վաճառքից, անցուդարձից։ Ձեռք եմ բերել նոր հաճախորդներ։ Ինձ ուժ են տվել մարդկանց հիացական ու գնահատող հայացքները, բարի խոսքերը, նոր ծանոթությունները։ Հպարտանում էի, որ մարդիկ իմ այցեքարտներն են ուզում՝ հետագա պատվերների համար։
Բայց ինչքան Երևանից հեռանում ես, գործդ բարդանում է, առաքումը դժվարանում։ Տոնավաճառից հետո թրենդային ժապավեններ եմ պատրաստել, որոնք անմիջապես վաճառվել են։ Կարծում եմ՝ եթե Երևանում բնակվեի, բրենդիս պահանջարկն ավելի մեծ կլիներ։ Համագործակցում եմ տարբեր ձեռնարկությունների հետ՝ ֆոտոհարթակների ձևավորման համար։ Ինձ օգնում է ամուսինս՝ Մհերը։ Նա առաքում է, հումքը տուն բերում։ Մտադիր ենք լայնացնել բիզնեսը, և կարծում եմ՝ կհաջողվի։
Չի դադարում հուսալ ու հավատում է՝ արցախցի կինը ընդունակ է հաղթահարելու ամենադժվարը
-Շատ պատվերներ եմ ստանում, բայց ստիպված հրաժարվում եմ, որովհետև չունեմ համապատասխան սարքավորումներ։ Սեփական միջոցներով չեմ կարող դրանք ձեռք բերել։ Բոլոր մտահղացումներս ի կատար ածելու և բիզնեսս զարգացնելու համար կրկին կփորձեմ ուժերս՝ մասնակցելով դրամաշնորհային ուրիշ ծրագրերի։ Ապագայի հանդեպ լցված եմ մեծ հույսերով։ Ինձ օգնում են նաև իմ հաճախորդները, ընկերները՝ տարածելով իմ աշխատանքները։ Հպարտ եմ, որ տեսնում եմ արցախցի կանանց վճռական քայլերն այստեղ։ Մեր կանայք փայլում են։ Նրանք ապացուցեցին, որ կինը կարող է հստակ քայլեր անել, ձեռներեց լինել, ընտանիքն ու գործը համատեղել իրար։
Էլլադան հպարտանում է, որ արցախցի է
-Հպարտ եմ, որ արցախցի եմ, որ վերջինն եմ լքել Արցախը, որ չեմ փախչել։ Հասարակ զինվորը մինչև վերջ դիմակայել է, ու մենք՝ ժողովուրդս, այդ զինվորների շարքերում ենք։
Այսօր մենք ինքնակայունացման շրջանում ենք և պետք է կարողանանք իրար ձեռք բռնել, թիկունք լինել։ Ցանկանում եմ, որ արցախցի նորաթուխ ձեռներեցների գործերը հաջողություններով պսակվեն։ Երբեք չվախենան դեպի նպատակ տանող դժվարին քայլերից։
Կարոտում եմ Արցախը, նրա ամեն մի անկյունը։ Երազում եմ վերադարձի մասին։ Որզում եմ, որ 2025-ը հրաշքի տարի լինի։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: