2020 թ․ պատերազմից հետո Հայաստանի պաշտպանության նախարարներ են նշանակվել իրենց “ռուսական գեներալներ” համարող Վաղարշակ Հարությունյանն, այնուետ՝ Արշակ Կարապետյանը։ Նրանք շփվում էին գրեթե միայն Մոսկվայի հետ։ Վաղարշակ Հարությունյանի օրոք ռուսական բանակը հայտնվեց Սյունիքի մարզում։ Հարությունյանը այնուհետ նշանակվեց Ռուսաստանում ՀՀ դեսպան եւ նոր է ավարտել պաշտոնավարումը։
Նրանցից ոչ մեկին մեղադրանք չի ներկայացվել Ռուսաստանի շահերը սպասարկելու համար։
Օրերս պարզվեց, որ Հայաստանի կողմից մոտ մեկ ամիս հետախուզվող պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին ռուսաստանցի իրավապահները հայտնաբերել են Մոսկվայում, ձերբակալել, ապա ազատ արձակել:
Արդյո՞ք սա նշանակում է, որ Մոսկվան մերժում է Երևանի դիմումն ու հրաժարվում է Կարապետյանին արտահանձնել Հայաստանին, հայաստանյան իրավապահներն այս հարցին չեն պատասխանում:
Պաշտպանության նախարարի պաշտոնում երեք ամիս աշխատելուց հետո հեռացված Կարապետյանը մոտ երկու տարի լռելուց հետո պնդել էր, թե իրեն պաշտոնից ազատել են՝ ադրբեջանական զինուժի առաջխաղացումը թույլ չտալու հրամանի համար։
Նրա հրաժարականին նախորդել էին մի շարք սահմանային միջադեպեր։ Պաշտոնանկությունից ուղիղ մեկ օր առաջ՝ նոյեմբերի 14 -ին, ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության, ադրբեջանական զինված ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, բայց չէին հաջողել։
«Ես՝ գեներալ-մայոր Արշակ Հենզրիկի Կարապետյանս, հեռացվեցի պաշտոնից այն պատճառով, որ չընդունեցի ադրբեջանական կողմի պահանջները, այսպես կոչված, ուլտիմատումը, հրաման տվեցի կրակ բացել հակառակորդի վրա նրա առաջխաղացման դեպքում և այն դեպքերում, երբ որ նա կփորձի ներխուժել Հայաստանի Հանրապետության տարածք», – նշել էր Կարապետյանը:
Չկրակելու եւ չդիմադրելու հրաման բանակը չի ստացել, պնդում է հրամանատարությունը։ Սակայն ոչ ոք չի հաստատում, որ կրակելու եւ դիմադրելու հրաման տրվել է։
Արշակ Կարապետյանի պատմությունը կարող է լույս սփռել այս հարցի վրա։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: