«Տականքներ». Պուտինը ԱՄՆ-ին առաջարկեց «մենամարտ»՝ Օրեշնիկով հարվածել Կիևին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ԱՄՆ-ին «21-րդ դարի բարձր տեխնոլոգիական մենամարտ» անցկացնել Կիևի վրա «Օրեշնիկ» հրթիռային հարձակումով: “Ուղիղ գծի” ժանանակ նա ասաց, որ արևմտյան հակաօդային պաշտպանության ուժերը նման հարվածը հետ մղելու հնարավորություն չունեն։ Այս կարծիքի հետ չհամաձայնողներին նա առաջարկեց «տեխնոլոգիական փորձարկում» անել. «Եթե արևմտյան փորձագետներն այդպես են կարծում (որ Օրեշնիկի հարձակումը կարելի է հետ մղել-Խմբ.), ապա թող առաջարկեն մեզ և նրանց, ովքեր իրենց վճարում են Արևմուտքում, ԱՄՆ, տեխնոլոգիական փորձ, 21-րդ բարձր տեխնոլոգիական մենամարտ։ Թող կործանման ինչ-որ թիրախ հայտնաբերեն, ասենք, Կիևում, այնտեղ կենտրոնացնեն իրենց հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ողջ ուժերը, և մենք «Օրեշնիկով» կխփենք այնտեղ։ Եվ տեսնենք, թե ինչ կլինի: Մենք պատրաստ ենք նման փորձի։ Պատրա՞ստ է մյուս կողմը” – ասաց նա։ «Կարծում եմ՝ դա օգտակար կլինի և՛ մեզ, և՛ ամերիկյան կողմին»,- հավելեց քաղաքական գործիչը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է «ուղիղ գծի» ժամանակ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները։

«Տեսնում եք, թե ում հետ գործ ունենք։ Այսօր «Կրեմլից ընկերը» ասաց, որ Ռուսաստանը տեխնոլոգիական մենամարտ է առաջարկում։ Նա ասում է, որ «մենք կխփենք, օրինակ, Կիևում ինչ-որ տեղ «Օրեշնիկով», այս նոր հրթիռով, և թող նրանք հակաօդային պաշտպանություն ստեղծեն»: Իսկ դուք կարծում եք, որ սա ադեկվատ մարդ է։ Պարզապես տականքներ»,- ասել է Զելենսկին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Մենք տեսանք, թե Թուրքիան ինչ դեր ունեցավ Սիրիայում

Step1.amհարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանը։

-Պարոն Բալայան, Շվեյցարիայի Դաշնային խորհուրդն ընդունեց բանաձեւ, որով երկրի կառավարությանը կոչ է արվում հրավիրել միջազգային խաղաղության ֆորում՝ նպաստելու Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հայերի միջեւ բաց երկխոսությանը միջազգային հսկողության ներքո՝ նրանց անվտանգության եւ հավաքական վերադարձի իրավունքի հարցերը քննարկելու համար: Ինչպե՞ս եք գնահատում այս կարեւոր որոշումը եւ հետագայում ի՞նչ աշխատանք պետք է տարվի միջազգային հանրության հետ, որպեսզի արդյունք գրանցվի։

Բնականաբար, միջազգային հանրությանը պետք է ներկայացնել այն ամենը, ինչ կատարվեց Արցախում 2023 թվականին, այդ ցեղասպանական գործողությունները, որոնք իրականացվել են Ադրբեջանի կողմից։ Պետք է հասնել նրան, որպեսզի միջազգային հանրության կողմից համապատասխան գնահատականներ տրվեն, միաժամանակ պետք է համապատասխան քայլեր իրականացվեն՝ արցախցիների ընդհանրական վերադարձի հետ կապված։ Արցախի Ազգային ժողովն արդեն արձագանքել է Շվեյցարիայի Դաշնային խորհրդի այդ որոշմանը, մենք շնորհակալ ենք, եւ կարծում եմ, որ պետք է շարունակել աշխատել մյուս երկրների ու միջազգային կառույցների հետ։

-Քանի որ Հայաստանի իշխանությունը փակել է Արցախի հարցը, Արցախի խորհրդարանը կակտիվացնի՞ աշխատանքները միջազգային հարթակներում, որպեսզի ձեր նշած խնդիրների լուծման ուղղությամբ գործնական քայլեր լինեն։

-Համենայնդեպս մենք փորձում ենք, վերջերս էլ որոշում կայացրեցինք՝ դիմելու աշխարհին, որ հանուն արցախահայության փրկության միջազգային հանրության կողմից ճանաչվի այդ հանրապետությունը, որովհետեւ թե իրավական, թե պատմական տեսանկյունից իրավունքը մեր օգտին է խոսում։ Համենայնդեպս, մենք ձգտելու ենք մեր ժողովրդի իրավունքները մեր հնարավորությունների սահմաններում պաշտպանել։

-Արդոք այն, որ Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը, Եվրոպական խորհրդարանը եւ տարբեր երկրներ բարձրաձայնում են Արցախի հարցը, դա փաստո՞ւմ է, որ Արցախի հարցը փակ չէ միջազգային հանրության համար։

-Այո, իհարկե, դա այդպես է։ Եթե նկատել եք, տարբեր երկրներից, միջազգային կառույցներից ամենաբարձր մակարդակներով հնչող հայտարարություններն այդ մասին են վկայում։ Վերջիվերջո, իրադարձություններն այնքան արագ են փոխվում, որ աշխարհն էլ փաստի առաջ կանգնեց։ Տարածաշրջանմում իրավիճակ փոխվեց, ուժերի բալանս, որն ամեն օր ծնում է ավելի վատթար իրավիճակ։ Ես նկատի ունեմ պատերազմի սպառնալիքը, տարածաշրջանային անվտանգության հարցրերը, մյուս կողմից էլ Թուրքիայի եւ Ադրբեջանի ձեռքերը արձակվել են, մենք տեսանք, թե Թուրքիան ինչ դեր ունեցավ Սիրիայում։ Միաժամանակ, Ադրբեջանի ղեկավարությունն անընդհատ սպառնալիքներ է հնչեցնում հայ ժողովրդի ու Հայաստանի հասցեին։ Այս ամենը խոսում է այն մասին, որ աշխարհը պետք է գործնական քայլեր անի՝ հետագա արհավիրքները կանխելու համար։
Ռոզա Հովհաննիսյան

 

Սզնեքը նրա համար ամեն ինչ էր․ ավելին, քան սեփական ցավը

Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղից էր Արտյուշա Գրիգորիի Միքայելյանը։ 42 տարի շարունակ, որպես ռուսաց լեզվի ուսուցիչ, աշխատել է տեղի դպրոցում, որը կրում էր Արցախյան առաջին պատերազմում նահատակված նրա որդու՝ Գրիշա Միքայելյանի անունը։ Առանց Արտյուշա Միքայելյանի մասնակցության ոչինչ չէր կատարվում Սզնեքում։ Գյուղ այցելող ամեն մի հյուրի նա դիմավորում էր իր խոսուն ժպիտով և ճանապարհում օրհնանքներով ու խորհուրդներով։ Այդպիսին էր նա՝ Մեծատառով մարդը։ Սզնեքը նրա համար ամեն ինչ էր։ Գյուղի ապագան ավելի շատ էր մտահոգում նրան, քան իր սեփական ցավը։ Նա երիտասարդներին պատգամում էր չլքել գյուղը, հայրական տները չվերածել արմատախիլ ծառերի։ Նա խնդրում էր պահել ու պահպանել հայրենի գյուղը, ինչպես կպահեին ծերացած ծնողին: Սակայն Արտյուշա Միքայելյանը չէր պատկերացնում, որ մի օր կդատարկվի ոչ միայն փոքրիկ Սզնեքը, այլ նաև ողջ Արցախը, և օր ծերության ինքը կդառնա թշնամու զոհը։ 

․․․Արտյուշա Միքայելյանի դիակը փրկարարները գտել են սեպտեմբերի 27-ին՝ անտառում։ Նրա մարմինը ծածկված էր հողով՝ գլխի հետևի մասում վնասվածք կար։

Սզնեքի Գրիշա Միքայելյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Հրանուշ Աղաբեկյանը հուզմունքով է հիշում

-Մարդկային և հայրենասիրական վեհ գաղափարներով օժտված, ուղնուծուծով հայրենի եզերքին կպած սզնեքցի, որի համար հայրենի գյուղի շենացումը և հարատևումը գերնպատակ էր․ այսպես կբնութագրեի ընկեր Միքայելյանին։ Նրա ամեն մի քայլը, գործը, խոսքը ուսուցողական էր։ Չնայած իր պատկառելի տարիքին` մասնակցում էր գյուղում կազմակերպվող բոլոր միջոցառումներին։ Չափից դուրս աշխատասեր էր։ Մեկ տեսնում էիր` ծառ էր տնկում (Անմահների ծառուղի էր ստեղծել` ի պատիվ Արցախյան պատերազմում նահատակված սզնեքցիների), խնամում, մեկ` աղբյուրի քանդված մասն էր վերանորոգում, մեկ այգու ծառերն էր էտում և իր փորձը փոխանցում երիտասարդներին։

Հասցնում էր նաև մեկ-մեկ դպրոց այցելել, և հանդիպումը կարծես մանկխորհի էր վերածվում։ Ապրում էր բոլորիս հոգսերով, իր խորհուրդներով օգնում յուրաքանչյուրիս։ Մեր վերջին հանդիպումը 2023-ի սեպտեմբերի 19-ին էր։ Այդ հսկա մարդը կուչ էր եկել անարդարության, վշտի, վիրավորանքի ծանրությունից և ամբողջովին լսողություն դարձած, հոգու աչքերով տեսնում էր Հայրենիքի, սրբությունների կորուստը։ Եվ իմ հիշողության մեջ դաջվեցին նրա խոսքերը․ “Պա ստի անդար երկիր կինի՞”։ Ընկեր Միքայելյանը բոլորիս մեջ մնաց Հավերժ ուսուցիչ։ Եվ երևի պատահական չէ, որ ես իմ այնքան սիրելի գրքերից Արցախից բերեցի միայն իր իսկ հեղինակած և Մելիքսեթ Սահակյանի գերդաստանին նվիրած “Ներքե Սզնեք” գիրքը, որը պահում եմ ամենայն սրբությամբ։

Համայնքի ղեկավար Էդվարդ Մուսայելյանը, ով նաև Միքայելյանի աշակերտն էր, երբեք չի մոռանում ուսուցչի տված խորհուրդները

-Սզնեքում Արտյուշա Միքայելյանին մեծ ու փոքր ընկեր Միքայելյան էին դիմում, անկախ այն հանգամանքից, դասավանդել էր իրեն, թե ոչ։ Ավելի քան չորս տասնամյակ դասավանդելով դպրոցում՝ ընկեր Միքայելյանը բազում սերունդներ է կրթել ու դաստիարակել, նրանց մեջ սերմանել նախ և առաջ սեր հայրենիքի, հարազատ գյուղի հանդեպ։ Ինձ նույնպես բախտ է վիճակվել լինել ընկեր Միքայելյանի աշակերտը։ Նա խստապահանջ ուսուցիչ էր, միաժամանակ շատ հոգատար, ջերմ, կատակասեր անձնավորություն էր։ Թոշակի անցնելուց հետո, մինչև իր կյանքի վերջին պահն ապրել է հարազատ Սզնեքում։

Չնայած պատկառելի տարիքին՝ մեծ եռանդով աշխատում և բարիքներ էր ստեղծում։  Երիտասարդներին մշտապես խորհուրդներ ու խրատներ էր տալիս՝ հայրենասիրական վեհ գաղափարներ սերմանելով։ Արցախյան առաջին պատերազմում՝ Քարին տակի հայտնի հերոսամարտի ժամանակ, զոհվեց նրա ավագ որդին՝ Գրիշան։ Նա գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարն էր, հետագայում Սզնեքի միջնակարգ դպրոցն անվանակոչվեց նրա անվամբ։

Ընկեր Միքայելյանը, ունենալով մեծ ուժ ու կորով, կարողացավ իր վրա վերցնել մեծ ընտանիքի հոգսը, Գրիշայի երեք անչափահաս զավակներին մեծացնելու, դաստիարակելու հարցերը։ Ընկեր Միքայելյանը հետագայում նախաձեռնեց ու իրականացրեց արցախյան բոլոր պատերազմներում զոհված սզնեքցիների հիշատակին ծառուղու կառուցումը։ Հիշում եմ՝ դեռևս դպրոցական տարիներին նա իր աշակերտներին հաճախ էր կրկնում հայտնի գրողի խոսքերը․ “Ապրիր այնպես, որ մահից հետո էլ մնաս անմեռ”։ Արտյուշա Միքայելյանն իր խոր հետքն է թողել Սզնեքի պատմության մեջ։

ԼՂՀ վաստակավոր ուսուցիչ Շահեն Մարգարյանը երկար ճանապարհ է անցել Արտյուշա Միքայելյանի հետ հիշում է ամեն մի օրը

-Արտյուշա Միքայելյանի հետ միասին աշխատել ենք 1978-ից Սզնեքի 8-ամյա դպրոցում, իսկ այնուհետև Կարմիր գյուղի միջնակարգ դպրոցում՝ մինչև 1992-ը։ 12 տարի դպրոցի տնօրենն էի․ ընկեր Միքայելյանը մասնագիտական կարողություններով, մանկավարժական հմտություններով առանձնանում էր միշտ, մեթոդապես պատրաստ ուսուցիչ էր։

Նա դասվում էր այն ուսուցիչների շարքին, որոնց մոտ դասի րոպեն դառնում էր ավելի տարողունակ ու ավելի բեռնաբարձ։ Դասի արդյունավետության բարձրացման համար հմտորեն օգտագործում էր իր կաբինետում եղած ուսումնատեխնիկական միջոցները։ Ամեն ինչ անում էր, որ բարձրաձայնի դասի րոպեի օգտակար գործողության գործակիցը։ Յուրաքանչյուր րոպեի կորուստ խիստ անթույլատրելի էր նրա համար։ Պահանջկոտ էր․ առաջինը՝ իր նկատմամբ, հետո՝ աշակերտների։ Սիրում էր կրկնել․ “Աշխատասիրությունը չի ծնվում երեխայի հետ, այն պատվաստվում է ընտանիքում՝ դաստիարակության միջոցով, նրա վաղ հասակից”։

Նա ոչ միայն աշխատասիրություն էր դաստիարակում, այլ ինքը ևս աշխատասեր էր՝ իր էությամբ ու բնույթով։ Գյուղից գերեզմանոց տանող ճանապարհին ամեն մի զոհված սզնեքցու հիշատակին ընկուզենի էր տնկել և խնամում էր մինչև կյանքի վերջին օրը։

Արտյուշա Միքայելյանն անցել է գիտակցված ու շնորհակալության արժանի ճանապարհ։ Որպես որդեկորույս հայր՝ սրտանց օգնում էր իր բախտակից ընտանիքներին։ Լավ ընկեր ու խորհրդատու էր։ Նա իր ամբողջ կյանքը նվիրաբերել է զոհված տղայի ընտանիքին բարեկեցիկ կյանք ապահովելու գործին։

87-ամյա Արտյուշա Միքայելյանը դարձավ 2023-ի սեպտեմբերի 19-ի զոհը՝ չիրականացնելով իր սուրբ պարտականությունը մինչև վերջ։ Որպես տեղանքին քաջածանոթ ու փորձված մարդ՝ նա մի քանի հոգու անտառի միջով առաջնորդում էր դեպի Ստեփանակերտ։ Ցավոք, սեպտեմբերի 20-ը նրանց համար ողբերգական եղավ։ Մինչև օրս անհայտ են մնում Ռոբերտ Մուսայելյանի և Շուրա Մանասյանի ճակատագրերը։

Արտյուշա Միքայելյան մանկավարժի, գյուղին անմնացորդ նվիրյալ մարդու հիշատակը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ․․․

2021-ին լույս է տեսել նրա գիրքը հայրենի գյուղի պատմության մասին, որի մեջ հայրենի հողի նվիրյալը ներդրել է իր ողջ էությունը, հոգու ցավը, ապագայի հանդեպ հույսն ու հավատը։ Կիսատ է մնացել նրա տոհմածառի պատմությունը, որի աշխատանքները սկսել էր վերջին շրջանում․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 

Բաքուն շարունակում է զենք գնել, նույնիսկ Ռուսաստանից

Իլհամ Ալիեւը Կրեմլի պրոպոգանդիստ Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում բողոքել է, որ Մակրոնի կառավարությունը մահաբեր զենք է մատակարում Հայաստանին:

«Զենքը, որը Մակրոնի կառավարությունը մատակարարում է Հայաստանին, հարձակողական զենք է, մահաբեր, որը վտանգ է ներկայացնում Ադրբեջանի համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի հետ մեր սահմանի երկարությունը հազար կիլոմետրից ավելի է, որի երկայնքով բազմաթիվ բնակավայրեր են գտնվում, եւ նախկին փախստականները վերադառնում են այդ բնակավայրեր, դրա համար մենք չենք կարող պարզապես դիտորդներ լինել։ Մենք բազմիցս հայտնել ենք Հայաստանին եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի հովանավորներին, որ այդ գործընթացը պետք է դադարեցվի»։

Նույն հարցազրույցի ժամանակ Ալիեւն ասել է, որ շարունակելու է Ռուսաստանից զենք գնել, ուղղակի ‘ըմբռնումով’ է մոտենում հիմա` հաշվի առնելով կամ ակնարկելով, որ ՌԴ-ին նույնպես զենք է պետք` Ուկրաինայի հետ պատերազմում:

Ինչեւէ, Ադրբեջանը շարունակում է իր հիմանական ‘շուկաներից’ առեւտուր անել:

Flightradar24-ում երեւում է, որ միայն այս ամիս 10 եւ ավելի թռիչներ են իրականցվել Իսրայելի Օվդա ռազմաբազայից դեպի Բաքու:

Nagorno Karabakh Observer-ը գրում է, որ թուրքական Թեքիրդաղից, որտեղ Բայրաքտարներն են փորձարկվում սովորաբար, նույնպես թռիչներ են իրականացվել դեպի Ադրբեջան:

Օրեր առաջ Step1.am գրել է Բուլղարիա – Ադրբեջան չվերթների մասին:

Ալիևը թաքցնում է իր հիմնական վախը՝ Կարսի պայմանագիրն ու Նախիջևանը

«Ի՞նչն է խանգարում վատ պարուհուն» տարածված արտահայտությունը լիովին վերաբերում է արցախյան հակամարտությունում Ալիևի դիրքորոշմանը։ Անգամ Արցախի ամբողջական օկուպացումից, բնիկ բնակչության տեղահանությունից, ունեցվածքի ու հազարամյա հայկական ժառանգության յուրացումից հետո Ալիևը խոսում է խոչընդոտների մասին։ Բայց Ալիեւը չի խոսում իր ամենակարեւոր վախի մասին։

Ալիևը, ինչպես Հորդայի իր բոլոր համահանցակիցները, հասկանում է, որ իրավունք չունի Արցախի և հայկական հողերի նկատմամբ, և չի կարող «իրավունքով», թեկուզ բռնի ուժով տիրանալու Արցախին։ Ո՛չ միջազգային իրավունքը, ո՛չ Հայաստանի Սահմանադրությունը, ո՛չ էլ համաշխարհային դերակատարները չեն կարող նրան «հայրության իրավունք» տալ։

Ալիևը խոսում է «խոչընդոտների» մասին, որոնք ըստ սահմանման անհաղթահարելի են։ Նա հայտարարել է, որ մնում է, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվեն միջազգային ատյաններում փոխադարձ պահանջներից հրաժարվելու և համատեղ սահմանին օտար ուժերի տեղակայման շուրջ։

Ալիևը կարծում է, որ «Հայաստանին սպառազինելու գործընթացն առաջ է ընթանում սրնփթաց», իսկ Ֆրանսիայից զենքի մատակարարումները «իրական վտանգ են ներկայացնում Ադրբեջանի համար»։

Նա նաև կրկին ընդունել է, որ Արցախը Հայաստանի մաս է։ Ալիևը պնդում է, որ հայկական կողմը փոխի իր Սահմանադրությունը, «քանի որ այնտեղ հղում կա Անկախության հռչակագրին, և, իր հերթին, պահանջներ Ադրբեջանի տարածքի նկատմամբ»։

Բաքուն պահանջում է նաեւ Հայաստանի համաձայնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցում։

Պատահական չէ, որ այս պնդումները հնչում են Ալիևի՝ ռուսական պետական ​​հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Ռուսաստանը համաձայն է Ալիևի բոլոր պնդումների հետ, քանի որ Արցախի և ողջ Հայաստանի նկատմամբ ունի նույն իրավունքը, ինչ Ալիևը, այսինքն՝ ոչ մի իրավունք։ Ռուս պաշտոնյաներն արդեն հիշում են Գյուլիստանի պայմանագիրը, ՌԴ Գլխավոր շտաբի քարտեզները և գեներալ Պասկևիչին, բայց համառորեն լռում են Կարսի պայմանագրի մասին, ըստ որի նրանք ապօրինի կերպով հայկական հողերը փոխանցել են Թուրքիային և Ադրբեջանին։

Ալիևը նույնպես չի հիշում Կարսի պայմանագիրը, թեև նրա ամենամեծ մտավախությունները կապված են այս պայմանագրի հետ, և դա առաջին հերթին Նախիջևանի հարցն է։ Եթե ​​Կարսի պայմանագիրն ուժի մեջ է, ապա ի՞նչ են անում թուրքական զորքերը Նախիջեւանում։ Իսկ եթե ուժի մեջ չէ, ապա ինչո՞ւ Նախիջեւանը, Կարսն ու Արդահանը դեռ չեն վերադարձվել Հայաստանին։ Եւ ի՞նչ կլինի, եթե սկսվի Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման գործընթացը, ինչպես խոսում է Էրդողանը։

«ՌԻԱ Նովոստի»-ին Ալիևի հարցազրույցը փորձ է թաքցնել Բաքվի և Մոսկվայի իրավունքների իսպառ բացակայությունը հայկական հողերի նկատմամբ։ Եթե տիրում ես հողին առանց իրավունքների, ապա դա կոչվում է օկուպացիա և ենթակա է Միջազգային տրիբունալի իրավասությանը։ Ահա թե ինչու Մոսկվան և Բաքուն դժգոհ են Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալուց։

Լիաննա Պետրոսյանին ընդունել են ԱՄՆ դեսպանատանը, խոսել են արցախցիների խնդիրներից

Lianna Petrosyan-ը գրում է․

Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ջեֆրի Ուորների հետ, որի ընթացքում իմ կողմից մանրամասն անդրադարձ է կատարվել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների իրավական, սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրներին։
Հանդիպման ժամանակ ներկայացրել եմ ՀՀ Կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի վերաբերյալ տեղահանված հայրենակիցների ունեցած մտահոգություններն ու դժգոհությունները՝ և դրանով պայմանավորված վերջին հանդիպումները ՀՀ Կառավարության անդամների և ներկայացուցիչների հետ:
Քննարկվել են նաև Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների միջազգային իրավուքների պաշտպանության և իրացման, գերիների և պատանդառված անձանց վերադարձի և միջազգային պաշպանության, անհայտ կորած անձանց մասին տեղեկությունների բացակայության մասին, Արցախում հոգևոր, մշակութային արժեքների և գերեզմանների պահպանման հարցեր, 070 կոդով անձնագրով մուտքի վիզայի տրամադրման խնդիրները, ուսանողների համար կրթաթոշակների և փոխանակման ծրագրերի հնարավորությունները։
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել կապը և քննարկումները։

Մհեր Գրիգորյանը չի պատասխանել ԵՄ դիտորդների մասին հարցին, բայց չի հերքել

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խուսափում է հարցից, թե ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը Բաքվի հետ քննարկում Հայաստանի տարածքում Եվրամիության քաղաքացիական դիտորդների տեղակայման հարցը։ Հայտնի է, որ Բաքուն պահանջում է, որպեսզի Եվրամիության դիտորդները դուրս գան Հայաստանից։ Դրան ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը վերջերս ասել էր․ «Մենք Ադրբեջանին արել ենք հանդիպակաց առաջարկ, ասել ենք՝ շատ լավ, եկեք այդ կարգավորումը անենք սահմանազատված հատվածների նկատմամբ, որովհետև այն սահմանը, որը սահմանազատված է, այդտեղ օբյեկտիվորեն դիտորդ ունենալու կարիք չկա պարզապես»։

Այսօր լրագրողները հարց են ուղղել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն Ալիեւի հետ քննարկում ՀՀ ինքնիշխան տարածքում տեղակայված ԵՄ դիտորդների հարցը։ Մհեր Գրիգորյանը խուսափեց ուղիղ պատասխանից։ «Դուք կոնտեքստից դուրս եք հարցը ձեւակերպում, ես դժվարանում եմ պատասխանել։ Տվեք հարցեր, որոնք վերաբերում են ինձ եւ իմ գործունեությանը։ Ես չեմ կարող հստակ պատասխանել այդ հարցին»,- ասաց նա։

Լրագրողները հարցրին՝ քանի որ Նիկոլ Փաշինյանը խոսում է այսպես կոչված սահմանազատված տարածքներից ԵՄ դիտորդներին դուրս բերելու մասին, հնարավո՞ր է այդ առաջարկը Բաքվին փոխանցվել է հենց Մհեր Գրիգորի միջոցով։ Ի պատասխան Մհեր Գրիգորյանն ասաց, որ ոչ մի առաջարկ ինքը չի ներկայացրել Բաքվին։ «Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ եք դուք ինձ այդ հարցերը տալիս, ես չեմ կարող ձեզ հետ քննարկել որեւիցե հարց սահմանների եւ սահմանազատման հետ կապված, որը դուրս է մամլո հաղորդագրությունների շրջանակներից։ Ինչո՞ւ, որովհետեւ այդ գործընթացը շատ զգայուն է»,- նշեց նա։

Մհեր Գրիգորյանը չպատասխանեց նաեւ հարցին, թե հաջորդիվ որ հատվածներում է լինելու այսպես կոչված սահմանազատման գործընթացը, հնարավո՞ր է պահանջեն, որ Բաքվի զորքերը դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից։  «Մենք մյուս հանդիպման ամսաթվի վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չունենք, բայց ես կարծում եմ, որ մոտ ժամանակներում հանդիպում կլինի, որովհետեւ կանոնակարգի քննարկման ու հաստատման փուլերում եղել է պայմանավորվածություն, որ կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո, այո, մենք պետք է հանդիպենք եւ շարունակենք աշխատանքները։ Թող ձեզ չթվա, որ պրոցեսը կանգնել է, պրոցեսն ընթանում է, ես կարծում եմ՝ մոտ ժամանակներս կունենանք  արդյունք»,- ասաց Մհեր Գրիգորյանը։

Անապայի լողափերը ծածկվել են մազութի սեւ շերտով

Անապայի ափերի մոտ մազութով աղտոտվածության գոտին հասել է 49 կմ-ի, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ականատեսների նկարահանած կադրերը ցույց են տալիս, որ լողափերից մեկի աղտոտվածությունը շատ ուժեղ է՝ մազութի շարունակական շերտը ծածկել է ամբողջ լողափը։

Մազութը հայտնվել է Սեւ ծովում երկու տանկերի վթարից հետո։

Նա ընտրեց հայկական նախշաձևերով Մարաշի ասեղնագործությունը

Անի Հովհաննիսյանն Արցախի Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղից է։

Տեղահանվելուց հետո ընտանիքի հետ ապրում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղում։ Անին մեկն է այն արցախցի երիտասարդներից, որ փորձում է հաղթահարել բոլոր դժվարությունները, ներսում խեղդել հոգու ճիչը և ժպիտով նայել շրջապատին։

Ասեղնագործությամբ զբաղվում է 2021 թվականից։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո նա ցանկանում էր ինչ-որ բանով զբաղվել և ընտրեց հենց այդ ուղղությունը՝ հայկական նախշաձևերով Մարաշի ասեղնագործությունը, որը շատ հոգեհարազատ է իրեն։ Այսօր Անիի արհեստավարժ մատների մեջ թելն ու ասեղը հրաշքներ են գործում։

-Նպատակ ունեի Արցախում արտադրել յուրահատուկ, բոլորից տարբերվող արտադրանք, քանի որ բոլոր խանութներում նույն ոճի հագուստներ էին վաճառվում։ Իմ հետաքրքրությունը հայկական նախշաձևերի հանդեպ մեծ է եղել։ Միշտ իմ ուշադրությունը գրավում էին հայկական նախշերով տարբեր իրերը, հագուստները, զարդերը, և ուսումնասիրելով դրանք, հասկացա, որ նախշաձևերի մի մասը մոռացվում է հանրության կողմից: Եվ այդպես որոշեցի մոռացված նախշերին տալ ժամանակակից էլեմենտներ, ճանաչելի դարձնել և բոլորին ցույց տալ հայկական մշակույթի նրբությունները, զարդանախշերի յուրատիպությունը։

Սկսեցի ինքուս սովորել համացանցի օգնությամբ։ Քույրս ինձ նվիրեց “Մարաշի ասեղնագործությունը” գիրքը, որը շատ օգնեց ինձ նոր գիտելիքներ ձեռք բերելու և ավելի հմտանալու գործում։ Սկսեցի ասեղնագործել հագուստի, տնային դեկորների վրա, ու իմ առաջին գործը մայրիկիս համար ասեղնագործած սփռոցն էր, որը բավականին հաջողված էր։ Ցավոք, այն մնացել է Արցախում։

Ստեփանակերտում մասնակցել եմ բիզնես դասընթացների, որտեղ էլ ներկայացրել եմ իմ բիզնես ծրագիրը։ Այդ դասընթացների ժամանակ սովորել եմ բիզնեսի կառավարման հմտություններ, որոնք այսօր կիրառում եմ բիզնեսի մեջ։

Բրենդի անվանումը SuHen է, որը նվիրել եմ ծնողներիս։

Արցախում մտադիր էի հանրությանը ցույց տալ իմ աշխատանքները և իրականացնել վաճառք։ Որոշակի վաճառք իրականացնելուց հետո պատրաստվում էի ցուցահանդես կազմակերպել, սակայն Արցախի շրջափակման, այնուհետև պատերազմի պատճառով բիզնեսի գործունեությունը դադարեցրի,-պատմում է Անին։

Արցախից տեղահանվելուց որոշակի ժամանակ հետո նպատակասլաց աղջիկը որոշեց վերաբացել իր փոքրիկ բիզնեսը՝ բայց արդեն ավելի մեծ ծավալներով ու նպատակներով։

-Վերջերս մասնակցել եմ “REVIVING DREAMS”-ի կազմակերպած ծրագրին՝ ի աջակցություն տեղահանված արցախցի երիտասարդների բիզնես գաղափարների իրականացման, որտեղ էլ ներկայացրել եմ իմ բիզնես ծրագիրը և արժանացել դրամաշնորհի։ Բացի Մարաշի ասեղնագործությունից, ցանկանում եմ հետագայում ուսումնասիրել նաև այլ շրջանների ասեղնագործություններ ու կիրառել բիզնեսի մեջ:

SuHen-ի առաքելությունը հայկական մշակույթի տարածումն է ազգային նախշերի միջոցով: Մեր մշակույթը մեզ համար բարձրագույն արժեք է, և այդ արժեքները պետք է ներկայացնենք աշխարհին։ Միաժամանակ մտածում եմ, որ իմ բիզնեսը եկամտի աղբյուր կհանդիսանա ընտանիքիս համար։ Այժմ իրականացնում եմ որոշակի վաճառք, և դրամաշնորհ ստանալուց հետո նպատակադրվել եմ բիզնեսի վաճառքի ուղիներն ընդլայնել,- ասում է Անին։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Զելենսկի. Կիևն ի վիճակի չէ վերադարձնելու Ղրիմն ու Դոնբասը

DW

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական բանակը չի կարող ինքնուրույն վերադարձնել Ղրիմն ու Դոնբասը։ Այս մասին նա ասել է ֆրանսիական Le Parisien թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է երեքշաբթի՝ դեկտեմբերի 17-ին։

Հրատարակությունը Զելենսկիին հարցրել է, թե ինչ փոխզիջումների է նա պատրաստ գնալ պատերազմին վերջ տալու համար։ «Պատրա՞ստ եք գոնե ժամանակավորապես հրաժարվել Ղրիմից կամ Դոնբասից»,  հարցրեց լրագրողը։ Զելենսկին պատասխանել է. «Մենք չենք կարող զիջել մեր տարածքները։ Ուկրաինայի Սահմանադրությունը մեզ արգելում է դա անել։ Դե ֆակտո այս տարածքներն այժմ վերահսկվում են ռուսների կողմից։ Մենք ուժ չունենք նրանց հետ բերելու։ Մենք կարող ենք հույս դնել միայն միջազգային հանրության դիվանագիտական ​​ճնշման վրա՝ Պուտինին ստիպելու բանակցային սեղանի շուրջ նստել»:

Զելենսկիին հարցրել են՝ պատրա՞ստ է արդյոք բանակցությունների սեղանի շուրջ նստել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա պատասխանեց. «Կարևորը այն չէ, թե ով է նստած դիմացը։ Կարևոր է, թե ինչ վիճակում ես բանակցում: Չեմ կարծում, որ մենք թույլ դիրքերում ենք, բայց ուժեղ դիրքերում էլ չենք. Կլինե՞նք ՆԱՏՕ-ում։ Մենք չգիտենք։ Կլինե՞նք արդյոք Եվրամիության մաս։ Այո, ապագայում, բայց ե՞րբ”:

«Նման պայմաններում Պուտինի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելը կնշանակի նրան իրավունք տալ որոշել ամեն ինչ աշխարհի մեր երկրամասում։ Սկզբում մենք պետք է մշակենք մոդել, գործողությունների ծրագիր կամ խաղաղության ծրագիր՝ ինչպես ուզում եք անվանեք այն: Այդ ժամանակ մենք կկարողանանք դա ներկայացնել Պուտինին կամ, ավելի լայն, ռուսներին»,- ասել է Զելենսկին։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ոչ մի համաշխարհային առաջնորդ «իրավունք չունի Պուտինի հետ բանակցել առանց Ուկրաինայի»։ «Մենք այս մանդատը ոչ մեկին չենք պատվիրակել։ Մենք զոհեր ենք»,- ասել է Զելենսկին։

Բուք, ձյուն և մերկասառույց Հայաստանի ճանապարհներին

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Արթիկի, Ճամբարակի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:

Արագածի տարածաշրջանում բուք է։ Արթիկի տարածաշրջանում, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում նույնպես բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց։

Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում և Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Բենզինի պահեստում պայթյունի հետևանքով տուժածների վերականգնումը երրորդ փուլ է մտնում

Մեկօրյա պատերազմից հետո՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ եւս մեծ աղետ. այդ օրը պայթյուն է որոտացել Ստեփանակերտի մերձակայքում։ Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունը վերջին խորհրդանշական աղետն էր, որի պատճառը մնում է անհայտ։

Ականատեսները տարբեր կարծիքներ ունեն՝ ոմանք կարծում են, որ դա անվտանգության կանոնների խախտման արդյունք է, իսկ մյուսները վստահ են, որ դա ահաբեկչություն է։ Մարդիկ կային, ովքեր ասում էին, որ անօդաչու են տեսել։

Պայթյունը վերածվել է հրդեհի, որը խլել է հարյուրավոր կյանքեր: Մոտ 300 մարդ ստացել է տարբեր ծանրության այրվածքներ։ Տուժածների մեծ մասը դեռևս բուժում և վերականգնում է անցնում Երևանի Այրվածքների ազգային կենտրոնում։

Տեղահանությունից հետո առաջին իսկ օրերից Ստեփանակերտի Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի աշխատակիցները կամավոր հիմունքներով սկսեցին աշխատել Երևանի այրվածքների կենտրոնում՝ օգնելով բժիշկներին մեր հայրենակիցների վերականգնման հարցում։

Step1.am-ի հետ զրույցում նրանք խոսեցին վերականգնողական գործընթացի մասին և կիսվեցին առաջին արդյունքներով։ «Տուժածներն անցել են վերականգնողական երկու փուլ. առաջին փուլում նրանց հանեցինք հորիզոնական դիրքից։ Սովորեցրինք նստել, կանգնել, հետո քայլել։ Աշխատել ենք նաև վերին վերջույթների ֆունկցիաների վերականգնման վրա։ Երկրորդ փուլը ներառում էր ամբուլատոր բուժում, որի ընթացքում ամրապնեցինք արդեն իսկ ձեռք բերված հաջողությունները։

Հիվանդների վիճակը նկատելիորեն բարելավվել է ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես։ Սկզբում պրոցեդուրաների էին գալիս հարազատների ուղեկցությամբ, հետո շատերն անկախացան և որոշ չափով աշխատունակ դարձան։

Այժմ նրանք երրորդ փուլն են անցնում, որը ներառում է վիրաբուժական միջամտություններ։ Որից հետո նորից վերականգնում կպահանջվի լիարժեք ապաքինման համար»։

Այսպիսով, Դավիդ և Հենրի եղբայրները, որոնք գլխի և մարմնի այլ մասերի խորը այրվածքներ էին ստացել, աստիճանաբար վերադառնում են լիարժեք կյանքի։ Բուժման և մի քանի վիրահատությունների սպասելիս նրանք մտածում են աշխատանքի և ապագայի հետագա ծրագրերի մասին։

Ներկա իրողություններում չափազանց կարևոր է պատշաճ ուշադրություն դարձնել Արցախի բնակչության առավել խոցելի խմբերի վերականգնման խնդրին։ Այս առումով անհրաժեշտ է աջակցել Ք.Քոքսի վերականգնողական կենտրոնի թիմին իր չափազանց կարևոր առաքելության մեջ։

Արսեն Աղաջանյան