Ուկրաինան կարող է արդյունավետորեն փոխարինել ԱՄՆ-ին ԵՄ-ում – FP

Առանց ԱՄՆ-ի օգնության ապրել սովորելու համար ԵՄ երկրներին երկար տարիների նպատակային ներդրումներ կպահանջվեն պաշտպանական ոլորտում, հայտնում է Foreign Policy-ն։

Ուկրաինան արդեն ցույց է տվել աշխարհին, որ կարող է դիմակայել Պուտինի բանակին, այդ իսկ պատճառով Ուկրաինաn ԵՄ երկրներում Պուտինին զսպելու հարցում առանցքային դեր կունենա մոտ ապագայում։

Իր նոր «Հաղթանակի ծրագրում» Զելենսկին ուրվագծել է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին որպես թիվ 1 կետ: Այնուամենայնիվ, ոչ բոլոր արևմտյան երկրներն են ողջունել Ուկրաինայի նախագահի ծրագիրը: Թրամփի իշխանության գալուց հետո ԵՄ երկրները որոշեցին ուժեղացնել Ուկրաինայի ռազմական հզորությունը։ Միաժամանակ Ֆրանսիայի նախագահը կրկին բարձրացրել է Ուկրաինա եվրոպական զորքեր ուղարկելու հարցը։

Ռուսական ագրեսիայի դեմ իրենց սահմաններն ամրապնդելու համար ԵՄ երկրները պետք է շարունակեն ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս դեպքում Ուկրաինան կարող է դառնալ ԱՄՆ-ին արդյունավետ այլընտրանք Եվրոպայում՝ որպես անվտանգության երաշխավոր, գրել է FP-ն։

Լայնածավալ պատերազմի ավարտից հետո ուկրաինացի զինվորականները կարող են փոխարինել Եվրոպայում ամերիկյան զորքերի որոշ ստորաբաժանումներ։ Այս մասին նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է հոկտեմբերին՝ ելույթ ունենալով Ռադայում։

«Մենք նախատեսում ենք, եթե մեր գործընկերները համաձայնվեն, Եվրոպայում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի առանձին զորամիավորումները փոխարինել ուկրաինական ստորաբաժանումներով։ Ուկրաինացիներն ապացուցել են, որ կարող են լինել այն ուժը, որին ռուսական չարիքը չի կարող հաղթահարել»,- ասել է նախագահը։

Վարազդատ Լալայանը դարձավ ծանրամարտի աշխարհի չեմպիոն

Վարազդատ Լալայանը (109+) երկամարտի 467 կգ արդյունքով (215 + 252) ոսկե մեդալ նվաճեց Բահրեյնում անցկացվող աշխարհի առաջնությունում։
Ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանը։
Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը բավարարվեց չորրորդ տեղով։

Հացը՝ ապրելու եւ կայունության հիմք. «Թումանյանս»-ում հացի բույրն էր ամենուր

«Թումանյանս» մշակութային սրճարանում երեկ հացի բույրն ամենուր էր։ Հացի եւ խմորեղենի փոքրիկ ցուցահանդես-փառատոնին մասնակցում էին 8 մասնակից։ Նրանք հենց այն մասնակիցներն են, որ 6 ամիս շարունակ սովորում էին թթխմորով հաց թխելը, կատարելագործելն իրենց գիտելիքները հրուշակագործության ասպարեզում։

Քրիստին Բալայանը լավ է տեսել հացի բացակայությունն՝ իր բոլոր դրսեւորումներով։

Ստեփանակերտում հնարավորինս միջոցառումներ էին կազմակերպում հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար։

«Մտածեցի՝ այնտեղ տուն ունեինք, ծնողները կարողանում էին իրենց երեխաներին սպասել տանը, հիմա որտե՞ղ պիտի սպասեն։ Որոշեցի, որ այս անգամ կազմակերպվելիք դասընթացը պիտի լինի հենց մայրերի համար, որ նաեւ կարողանան նոր գիտելիք ձեռք բերել, որը եկամտի աղբյուր կդառնա»,- ասում է Քրիստինը, ով դասընթացն իրականացրել է Նիդեռլանդների դեսպանատան հայտարարած դրամաշնորհի միջոցով։

Ունեին ընդամենը 8 տեղ, բայց դիմորդների թիվն անցավ 70-ից։

«Սա արմատներին վերադառնալու մի միջոց էր, որ ապահովագրես քեզ ցանկացած իրավիճակում եւ, եթե կա ալյուր եւ ջուր՝ կարողանաս երեխաներիդ համար հաց թխել»,- պատմում է Քրիստինը։

Ամենադժվարը մասնակիցներին ընտրելն էր, որովհետեւ  նախապես արցախցի կանանց հզորացման ծրագիր էր կոչվում, բայց դիմեցին հայաստանաբնակ մեր հայրենակիցները եւս։

«Շրջափակումից հետո հասկացա, որ, եթե իմ կյանքում չշատանան կառուցողական, վերականգնողական երեւույթները, ես կկործանվեմ։ Ու սկսվեց այդ վերականգնման փուլը՝ հաց թխելը, մանդարինով մուրաբա պատրաստելը, շյուղագործությունը, ծաղիկներ աճեցնելը»,- ասում է  Սվետլանան ու նշում, որ այս բոլոր երեւույթները իրական կյանք տանող ուղիներն են եւ այսօր իր 1 տարեկան մանուշակն արդեն ծաղկել է։

«Գուցե ենթագիտակցաբար էր այս ամենը սովորելն ու նորից կիրառելը, որովհետեւ շրջափակման ժամանակ, երբ մենք ունեինք դրոժի խնդիր, դժվար էր հաց ստանալը, իսկ այսպես, երբ կա ալյուր եւ ջուր՝ ինքդ քեզ ապահովագրում ես»,- ասում է Սվետլանան, ում փոքրիկ սեղանին շարված են ամբողջահատիկ ալյուրից թխված հացերը, մանդարինի մուրաբան ու հյուսված անձեռոցիկները։

Միլենա Ավագյանը ծրագրի հայաստանաբնակ մասնակիցն է, ասում է՝ չէի հավատում, որ  տեղահանությունից հետո, այսքան խնդիրների մեջ հայտնված արցախցի կանանց կողքին կընտրեն նաեւ իրեն, բայց ընկերուհու հորդորով հայտը լրացրեց, չսպասելով, որ մի օր զանգ կստանա։

Միլենան ունի խնդիր ունեցող երեխա, ինչի պատճառով աշխատել հնարավոր չէ։

«Այս ծրագիրն ինձ համար փրկություն էր, որովհետեւ հիմա տնից հաց, խմորեղեն եմ թխում եւ ունեմ մշտական հաճախորդներ, կարողանում եմ իրացնել»,- ասում է նա։

Իրացման մասով ծրագիրը եւս օգնել է։

6 մասվա ընթացքում  ապագա գործարարների՝ կանանց հետ աշխատել են մարկետոլոգներ, հոգեբաններ, լուսանկարիչ, որպեսզի կանայք կարողանան ինքնուրույն իրականացնել հաց թխելուց մինչեւ վաճառք իրականացվող բոլոր քայլերը։

Դիանա Ղալայանը Ստեփանակերտից է, Էջմիածնում է ապրում հիմա։

«Տատիկս էլ էր թթխմորով հաց թխում եւ հետաքրքիր էր՝ հիմա ինչպե՞ս են օգտագործում թթխմորը։ Հրուշակագործությունն ինձ համար հոբբի էր, բայց հասկացա, որ այն կարող է եկամտի աղբյուր դառնալ, եթե  գիտելիքներից բացի ունենաս նաեւ լավ վառարան»,- ասում է Դիանան եւ նշում, որ հաճախ ստիպված է լինում մի քանի անգամ անջատել վառարանը թխման պրոցեսում, որպեսզի անհրաժեշտ ջերմաստիճանն ապահովի։

«Միլագրի» հիմնադրամով մեկնարկած ծրագիրն արդեն ավարտին էր մոտենում, երբ Քրիստինը հասկացավ, որ ամեն ինչ նախատեսել էր կանանց համար, բացի մի կարեւոր պայմանից՝ վառարաններից։

«Շրջափակման ժամանակ մի կին էր զանգել, ուզում էր գումար ուղարկել, ասացի՝ գումար պետք չէ, եթե կարող եք ալյուր եւ ձեթ ուղարկեք»,- հիշում է Քրիստինը եւ նշում, որ մի միջոցառման ընթացքում հանդիպել էր զանգող կնոջը։

«Երբ մեզ ծանոթացնում էին եւ հիշեցնում այդ դեպքի մասին՝ ասացի, այ հիմա այդ գումարն ավելի քան պետք է։ Լյուսին նշեց, որ գումարին ձեռք չի տվել եւ սիրով կարող է փոխանցել»,-  երջանիկ աչքերով պատմում է Քրիստինն ու ցույց տալիս սրճարանի հենց կենտրոնում արկղերից  ստեղծված տոնածառը։ Էլեկտրական վառարաններն են, որոնք միջոցառման ընթացքում բաժանվեցին կանանց՝ ավելի կայուն սեփական աշխատանք ունենալու հավատով։

6 ամսիս շարունակված ծրագրի ընթացքում ստացած գիտելիքներով եւ արդեն նվեր ստացած վառարաններով կանայք կայունության  նոր ճանապարհ են սկսում՝ դառնալով արմատներին՝ առանց գլյուտենի, ամբողջահատիկ ալյուրից հաց ստանալով։

Մարիամ Սարգսյան

Արցախցի բուժքույր է ձերբակալվել․ դատարանը մերժեց կալանավորումը /լրացված/

Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է․ 
Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի բուժքույրերից մեկը Մոսկվայից Երևան ժամանելիս ձերբակալվել է Զվարթնոց օդանավակայանում։
Ըստ հայտնի դարձած տեղեկությունների՝ արցախցին մասնակցել է 2023 թվականին ՀՀ կառավարության շենքի դիմաց կազմակերպված հավաքներին, ինչի հիմքով էլ այժմ մեղադրվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ։
3 ժամից ավել վերջինս գտնվել է անազատության մեջ, իսկ այժմ էլ նրան տեղափոխում են ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն։
Լրացում։ Մեղադրյալը Հայաստան էր ժամանել պապիկի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով։
Հենց նոր Ռոման Երիցյանը գրեց․ 

«Քիչ առաջ հայտարարել էի, որ 2023 թվականի սեպտեմբեր ասմին ՀՀ կառավարության շենքի դիմաց կազմակերպված հավաքներին մասնակցելու պատճառով, այսօր Զվարթնոց օդանվակայում ձերբակալվել է Մոսկվայից Երևան ժամանած Զարինե Աղաբաբյանը։

Այժմ պարզաբանում եմ, որ վերոգրյալ փաստերին հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով (զանգվածային անկարգություններ) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված վարույթի շրջանակներում Զ․Աղաբաբյանին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար, որը բանականաբար վերջինս չի ընդունել։

Զարինեին կալակավորելու միջնորդությունը դատարանը մերժել է՝ հիմքերի բացակայության հիմքով, իսկ այժմ էլ նրա նկատմամբ ընտրված է բացակայելու արգելք խափանման միջոցը։

Զարինեն 2023 թվականի հոկտեմբեր ամսից ընտանիքի, այդ թվում՝ անչափահաս երեխաների հետ միասին բնակվում և աշխատում է ՌԴ-ում։ Այսօր վերջինս Հայաստան էր ժամանել պապիկի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով։ Առաջադրված մեղադրանքի և կիրառված խափանման միջոցի պատճառով, առնվազն մինչև գործը դատարան հասնելը վերջինս ստիպված է լինելու չբացակայել Հայաստանի Հանրապետությունից»։

Անտոնովը թռել է Բաքու

Flightradar24-ը ցույց է տալիս, որ անցած շաբաթ Բուրգաս (Բուլղարիա) — Բաքու երկու չվերթ է իրականացվել ուկրաինական մասնավոր Motor-Sich ավիաընկերության Անտոնով AN-12-ով (գրանցված UR-11316):

Հաշվի առնելով, որ AN-12-ը AN-10-ի ռազմական տարբերակն է, կարգելի է ենթադրել թե ինչ ‘կարգո’ է տեղափոխվել Ադրբեջան:

2022թ. մարտին Ադրբեջանը բուլղարական արտադրության 60մմ ականանետեր է կիրառել Փառոխում:   

Հայաստանում կան փակ ճանապարհներ

Փկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Շիրակի, Գեղարքունիքի մարզերի, Թալինի, Արագածի, Ապարանի, Գառնիի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Լանջառ-Տիգրանաշեն և Տիգրանաշենի ոլորաններից մինչև Երասխ ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Եղանակային պայմաններից ելնելով Բավրայի անցակետը (Վրաստանի կողմից) փակ է կցորդիչով բեռնատարների համար։

Ո՞վ է ռուսներին լուրջ վերաբերվում Պրիշտինայում «դեսանտից» եւ Արցախից հետո

Սիրիայի հյուսիսում՝ Քոբանի քաղաքի մերձակայքում, ԱՄՆ զինվորականներն իրենց վերահսկողության տակ են վերադարձրել ռազմաբազան, որը մեծ շուքով գրավել էին ռուսական զորքերը 2019 թվականին։ Այդ ժամանակ ռուսական քարոզչությունը ակտիվորեն շրջանառում էր իր զորախմբի «հաղթարշավի» մասին հաղորդումները՝ իրադարձություններն ուղեկցելով ռուսական բեմադրված վայրէջքով և արդեն դատարկ բազայում «տարածքը մաքրելու» մասին հայտարարություններով։ Փաստորեն, բազան նախապես լքվել էր ամերիկացիների կողմից, և զավթիչներին դիմադրություն չկար։ Սակայն դա չխանգարեց ռուս զինվորականներին նկարահանել բազմաթիվ բեմադրված տեսանյութեր՝ ռազմավարական հաջողության տեսք ստեղծելու համար։

Այսօր՝ 5 տարի անց, ամերիկացիները կրկին Քոբանիիյում են, և ռուսական զորքերը շտապ հեռացել են տեղանքից։

Հիշեցնենք, որ 1999-ի հունիսին Ռուսաստանը, որին ՄԱԿ-ը և ՆԱՏՕ-ն «չհրավիրեցին» Կոսովոյում «խաղաղապահ» ​​առաքելությանը, որոշեց «բեկում» մտցնել և «համարձակ» վայրէջք կատարեց Պրիշտինայի օդանավակայանում: Բայց ՆԱՏՕ-ի զորքերը փակեցին մատակարարման բոլոր ուղիները, և 3 օր անց ռուսական զորքերին ստիպված էին կերակրել բրիտանացի զինվորականները։ Հետո օդանավակայանից տեղափոխվեցին ռուսական զորքեր, սակայն նրանց այդպես էլ գոտի ու խաղաղապահ մանդատ չտվեցին։

Նույն պատմությունը եղել է Արցախում 2020-2023 թվականներին, երբ ռուսները զորք են մտցրել, իբր ի հեճուկս Թուրքիայի՝ ի ուրախություն որոշ հայերի։ Մինչ օրս Երասխի մոտ տեղադրված է Նախիջևանից խփված ռուսական ուղղաթիռի օդաչուների հուշարձանը։ Արցախի ամբողջական օկուպացիայից և ողջ բնակչության տեղահանությունից հետո ռուսները պոչերը հավաքեցին ու մի երկու ամիս հետո փախան։

“Ծառից թուղթ”. Լեո Քալաշյանի “պատերազմի թափոններից” ցուցահանդեսը

Նկարիչ, քանդակագործ Լեո Քալաշյան։ Երևանի Պ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի 5-րդ կուրսի ուսանող: 44-օրյա պատերազմի մարտական գործողությունների մասնակից։

Դեկտեմբերի 11-ին քոլեջի պատկերասրահում տեղի ունեցավ նրա առաջին ցուցահանդեսը՝ Արցախում զինվորական ծառայության ընթացքում և 44-օրյա պատերազմի ժամանակ հանգստի հազվագյուտ պահերին արված աշխատանքները։

«Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ ծառայության ընթացքում գտա դեն նետված, վնասված ու ժամանակի փոշու մեջ մոռացված գրքերի թափոններ։ Ազատ ժամանակ կարդում էի (եթե հնարավոր էր կարդալ մաշված թերթերը), մտքով ճամփորդում ժամանակի մեջ, բացահայտում, ինչ-որ դեպքերում կռիվ տալիս կամ համաձայնում, ապրումակցում։ Տարբեր իրավիճակներ էին, տարբեր հոգեվիճակներ։ Այդ ընթացքում զանազան նյութեր՝ թղթեր, խաղալիքներ, կենցաղային այլ իրեր ինքնաբերաբար դարձան միջոց ամենատարբեր թեմաների շուրջ իմ սեփական պատկերացումներն ու հույզերը հավաքելու, մեկտեղելու համար։ Հետզհետե նյութը դարձավ դոմինանտ, քանզի յուրաքանչյուրն ուներ իր պատմությունը, հիշողությունը, և նյութն էր հուշում ձևն ու բովանդակությունը։ Սեփական մտքերիս ու նյութի երկխոսության արդյունքում սկիզբ առան գրաֆիկաների, ապա կոլաժների շարքերը։ Այդպիսով, ցուցադրության յուրաքանչյուր պատկեր՝ շրջապատող իրականությունը նորովի վերաձևելու, կուտակված բազմաթիվ հարցերին պատասխանելու, բացատրություններ փնտրելու փորձ է՝ վերաիմաստավորման հնարավորություն։

Դա դժվարին պահին կորսված աշխարհը, ձևը, եղանակը, կյանքը, գեղեցիկը վերագտնելու ճանապարհն էր/է։

Գեղեցիկը ստեղծվեց մոռացվածից, մոռացվածն էլ օգնեց գտնել կորցրածը։ ԼԵՈ».

«Ծառից թուղթ» համակարգող ու քոլեջի ցուցահանդեսների պատասխանատու Ելենա Մովսեսյանը նշել է, որ ցուցահանդեսը ստացվել է թիմային աշխատանքի շնորհիվ: Դա հեղինակ՝ Լեո Քալաշյանն է, համադրողներ՝ Հասմիկ Կարապետյանը և Մերի Սահակյանը, գրաֆիկական դիզայներ՝ Նարեկ Ասլիկյան:

Մովսիսյանը նշեց, որ «քոլեջում մենք պարբերաբար կազմակերպում ենք մեր ուսանողների անհատական կամ համատեղ ցուցահանդեսներ, և սա լավ սկիզբ է ապագայում նրանց ստեղծագործական նվաճումների համար»։

Ալվարդ Գրիգորյան

Լուսանկարներ և տեսանյութ՝ Վիկտորիա Գրիգորյանի

Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը մոտենում է իր տրամաբանական ավարտին

Վերջին օրերին Ադրբեջանի և Թուրքիայի բարձրաստիճան զինվորականներն ու դիվանագետները ակտիվ հանդիպումներ են ունենում՝ քննարկելով ոչ միայն ռազմական համագործակցության խորացումը, այլև «Հարավային Կովկասի խնդիրները»։ Հայաստանում արդեն «պատրաստվում են»։ Եվ եթե որոշ փորձագետներ խոսում են հավանական ռազմական բախումների և Հայաստանի հարավի գրավման մասին, մյուսները քննարկում են հիբրիդային պատերազմի «խաղաղ» ասպեկտները։

Հայաստանի դեմ գլխավոր զենքը կարող է լինել ոչ թե զենքն ու ինքնաթիռը, այլ ժողովրդագրությունը։ Բաքուն բացահայտ խոսում է «ադրբեջանցիների վերադարձի», այսինքն՝ ժողովրդագրական էքսպանսիայի մասին։ Նրանք 300 հազարի մասին են խոսում, և կասկած չկա, որ սա այն «փախստականների» թիվն է, որոնք կարող են ներխուժել Հայաստան՝ օրինական կամ անօրինական: Սրանք, հավանաբար, չեն լինի Հայաստանը 35 տարի առաջ լքած 150 հազար ադրբեջանցիները։ Թուրքիայի վրանային քաղաքներում միլիոնավոր փախստականներ են ապրում, ովքեր ուրախությամբ կհաստատվեն Հայաստանում։ Բացի այդ, Թուրքիան բարի չի լինի քրդերի հանդեպ, որոնք չեն հրաժարվել պետություն ստեղծելու մտքից, և կփորձի նրանց բնակեցնել օրինակ Հայաստանում։

Հայաստան ներխուժման առաջին գործողությունն արդեն ձեռնարկվել է՝ ԱԱԾ-ն օրերս հայտնել է Թուրքիայից սահմանն ապօրինի հատելու փորձի մասին։ Ասում են՝ ռուս սահմանապահների տեղակայման վայրում «երկու քուրդ» ճեխքել են փշալարերը ու հատել սահմանը։ Նրանք այդպես էլ չեն հայտնաբերվել:

Միաժամանակ վիճակագրություն է ի հայտ գալիս, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում Արցախի հանձնումից հետո բնակչության կտրուկ անկում է գրանցվել։ Մասնավորապես, մեկ տարվա ընթացքում Սյունիքից հեռացել է բնակչության 15%-ը։

Քննարկվում է նաեւ հիբրիդային պատերազմի տնտեսական բաղադրիչը։

Այսօր ՀՅԴ-ի նախաձեռնությամբ Երևանում տեղի ունեցավ «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. վտանգ, թե՞ հնարավորություն» համաժողովը։ «Թուրքիան կարող է ընդամենը 2,5 միլիարդ դոլար ներդնի Հայաստանի տնտեսությունում՝ նրա նկատմամբ լիարժեք վերահսկողություն հաստատելու համար»,- ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։ Նա նշել է, որ առևտրային կապերի վերականգնմամբ Թուրքիան կարող է սկսել ագրեսիվ տնտեսական էքսպանսիա։ Դա կարող է զանգվածային արտագաղթի պատճառ դառնալ. ակնկալվում է, որ մինչև 500 հազար մարդ կհեռանա երկրից, ասել է նա։

Երրորդ ուղղությունը կոմունիկացիոն էքսպանսիան է, որը կապահովի Ռուսաստանը։

Համընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել այն մասին, թե ինչպես կարող է վերականգնվել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որը գլխավորում են փոխվարչապետները, ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել այն մասին, թե ինչպես կարելի է վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը», – ասել է Գալուզինը «Россия 24»-ին տված հարցազրույցում։ Նա հավելեց, որ ճանապարհը պետք է անցնի Սյունիքով։

Հաշվի առնելով, որ հայկական և թուրքական կողմերը սկսել են ավելի հաճախ հանդիպել սահմանի բացման հետ կապված, պետք է ենթադրել, որ ճանապարհները շուտով կբացվեն, և սա կլինի Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի վերջին «գրոհը»։

Ռուսաստանը, Սիրիայից դուրս մղելով իրանամետ ուժերին, հանգիստ դուրս է բերում իր զորքերը

Ռուսաստանը, Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալման ֆոնին, ըստ ամենայնի, սկսել է դուրս բերել իր զորքերը այս երկրից։ Ռուսական բեռնատար ինքնաթիռներից մեկը Լաթաքիայի Խմեյմիմ ավիաբազայից թռել է Լիբիա, շաբաթ օրը՝ դեկտեմբերի 14-ին, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով «սիրիական անվտանգության ներկայացուցչին»։ Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս ռուսական ևս մի քանի ինքնաթիռ կլքի Խմեյմիմ ավիաբազան։

Սիրիայում թուրքամետ ուժերի կողմից իշխանության «գրավումից» հետո Մոսկվան կարող է հանգիստ դուրս բերել իր զորքերը։ Իրանական «շիական գոտին» ոչնչացված է, Էրդողանն արդեն բացահայտ հավակնում է Սիրիայի հյուսիսային նահանգներին, ուստի Մոսկվան կատարեց իր առաքելությունը՝ օգնեց Թուրքիային դուրս մղել իրանամետ ուժերին և վերահսկել տարածքը։

Թուրքիան պարտքի տակ չի մնում։ Քանի որ ռուսական Գազպրոմբանկի դեմ ԱՄՆ պատժամիջոցները «ազդում են Թուրքիայի վրա», Անկարան Վաշինգտոնին խնդրում է դրանք չեղարկել թուրքական կողմի համար: Այս մասին շաբաթ օրը՝ դեկտեմբերի 14-ին, գրել է թուրքական Hürriyet թերթը՝ նշելով, որ այս հարցը բարձրացվել է դեկտեմբերի 13-ին Անկարայում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններում։

Ռուսաստանը, որը 2020 թվականին «հինգ տարով» զորք մտցրեց Արցախ, համոզվելով, որ Արցախում Թուրքիայի կողմից վերահսկվող Բաքվի ուժերը լիարժեք վերահսկողություն են հաստատել, «վաղաժամ» դուրս բերեց իր զորքերը՝ ապացուցելով, որ իր նպատակը ոչ թե արցախահայությանը պաշտպանելն էր, այլ Արցախի «խաղաղ» փոխանցումը թուրքական վերահսկողության տակ ապահովելը։ 2024 թվականի գարնանը պարզ դարձավ, որ Հայաստանի իշխանությունները չեն փորձելու վերադառնալ Արցախ, եւ ռուսները դուրս բերեցին իրենց զորքերը։ Նրանք նույնիսկ տարան 2023 թվականի սեպտեմբերի 20-ին զոհված 6 ռուս «խաղաղապահների» պատվին տեղադրված հուշարձանը։ Այժմ նրանք դուրս են բերում զորքերը Սիրիայից՝ նպատակը կատարված է։

Սահմանամերձ մարզերի բնակչության շեշտակի նվազում. Ազատություն

Ադրբեջանին սահմանակից մարզերում՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում բնակչության թիվը շեշտակի նվազել է։ Այդ մասին թվերով պատմում է Վիճակագրական կոմիտեն՝ ներկայացնելով այս տարվա առաջին 9 ամիսների մշտական բնակչության վիճակագրությունը, հայտնում է Ազատությունը։

Համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ տեսանելի է դառնում, որ ամենավատ վիճակում Սյունիքն է։ Եթե 2023-ին սահմանամերձ մարզում ապրում էր 137 հազար 900 մարդ, 2024-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը հասել է 116 հազար 700-ի, այսինքն՝ 21 հազար 200 մարդ՝ ապրողների ավելի քան 15 տոկոսը, մեկ տարվա ընթացքում Սյունիքից դուրս է եկել։

Ժողովրդագրագետ, պատմաբան Միքայել Մալխասյանի պնդմամբ՝ թվաբանական այս պատկերը Արցախի կորստից հետո սահմանամերձ մարզերում ապրող մարդկանց անհանգստության մասին է խոսում. – «Սա միայն սոցիալ-տնտեսական զարգացման տրամաբանությամբ հնարավոր չէ բացատրել, որովհետև այնպիսի փոփոխություններ են եղել, որ մարդկանց միջավայրը կտրուկ փոխվել է։ <>

Այսինքն՝ մենք կարող ենք վերցնել Իշխանասարի օրինակը, Գորիս-Կապան ավտոմայրուղու օրինակը, կարող ենք նայել՝ ավելի հյուսիսում ինչ եղավ՝ Վայոց Ձորի ու Գեղարքունիքի մարզերի հատվածում»։

«Մարդիկ փաստացի տեսել են իրավիճակի փոփոխություն և անվտանգության ռիսկերի չեզոքացման գրեթե անպաշտպան վիճակ», – հավելեց պատմաբանը։

Ամբողջոիթկամբ Ազատություն-ում

Էրդողանը հայտարարեց Առաջին համաշխհարայինից հետո ստեղծված սահմանների վերանայման մասին

Հորդանանը շաբաթ օրը կընդունի ԱՄՆ, ԵՄ, Թուրքիայի եւ արաբական երկրների դիվանագետներին՝ բարձր մակարդակով բանակցելու համար Սիրիայի վերաբերյալ, տեղեկացրել է AFP-ն։

Էրդողանը հայտնել է, որ մտադիր է «վերանայել Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքները եւ սիրիական տարածքները (նախկինում՝ օսմանայան նահանգ) միացնել Թուրքիայի կազմին», տեղեկացրել է «Թուրքիայի գլխավոր նորություններ» թելեգրամ-ալիքը։

«Հետաքրքիր է, թե ինչ տեղի կունենար, եթե այն ժամանակ, երբ Առաջին համաշխարհային պատերազմը վերափոխում էր սահմանները մեր տարածաշրջանում, պայմաններն այլ լինեին։

Քաղաքները, որոնք մենք անվանում ենք Հալեպ, Իդլիբ, Դամասկոս եւ Ռաքքա, կդառնան մեր նահանգները, ինչպես Անթեփը, Հաթայը եւ Ուրֆան»,- մեջբերել է ռեսուրսն Էրդողանին։