«Տողի մելիքական ապարանք» պատմամշակութային արգելոց

Մելիք Եգանի ապարանքը կառուցվել է 1737 թվականին։ Պալատի տարածքում Մելիք Եգանի ժառանգների շինարարական գործունեությունը շարունակվել է մինչև 20-րդ դարի սկիզբը։ 2009-2011 թթ․ Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության նախաձեռնությամբ տարածքում կազմակերպվել և իրականացվել են հնագիտական պեղումներ, որոնց արդյունքում վավերացվել են կիսաքանդ և ամբողջական տարբեր կառույցներ` գլխատուն, ընդունարան, ձիանոց, ինչպես նաև տնտեսական նշանակության այլ շինություններ։ Պեղումներից հետո ապարանքի շենքերի մի մասն ամբողջությամբ վերականգնվել է, մի մասը՝ մասնակի, մյուս մասն էլ՝ ամրակայվել։ Արցախի Հանրապետության կառավարության կողմից 2013 թվականին Դիզակի պալատական և պաշտպանական համալիրի հիմքի վրա ստեղծվել է «Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցը՝ որպես ազգային պետականության խորհրդանիշ։ Համալիրի տարածքում իրականացված պեղումների ընթացքում ի հայտ եկած գտածոների հիման վրա ընդունարանի շենքում հիմնվել է հնագիտական թանգարան։

Տողի արգելոցի մասին կարդացեք Հիշատակարանում

Ռոսաստանում միգրանտների երեխաներին, ովքեր չեն հանձնել լեզվի թեստը, չեն թույլատրվի սովորել դպրոցներում

ՌԴ Պետդուման լիագումար նիստում երկրորդ և երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որով արգելվում է ռուսական դպրոցներ ընդունել այն միգրանտ երեխաներին, որոնք ռուսերեն չգիտեն:
Նախագծի հեղինակներն են Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, փոխխոսնակ Իրինա Յարովայան, Դումայի հիմնական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարներ:
Համաձայն օրենքի՝ օտարերկրյա քաղաքացիների գրանցումը նախնական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ հանրակրթական ծրագրերում սովորելու համար հնարավոր է միայն այն դեպքում, եթե հաջողությամբ հանձնի անվճար հիմունքներով պետական կամ քաղաքային հանրակրթական կազմակերպությունում ռուսաց լեզվի իմացության թեստը, որը բավարար է այդ կրթական ծրագրերը յուրացնելու համար:
Ընդ որում, թեստը չանցած անձանց չի թույլատրվի յուրացնել նշված կրթական ծրագրերը:
Առաջարկվում է նաև սահմանել, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում ապօրինի գտնվող անձինք չեն կարող ընդունվել դպրոց:

Աբխազական «Սարսանգում» ջուր չի մնացել. մնում է որոշել «հանրապետության լուծարման» օրը

Ամբողջ Աբխազիայում էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել է երկրի միակ էլեկտրակայանի՝ Ինգուր հիդրոէլեկտրակայանի աշխատանքի դադարեցման պատճառով։

Աբխազական Черноморэнерго էներգետիկ ընկերությունը հայտնել է, որ Ինգուր ՀԷԿ-ի վթարային դադարեցումը տեղի է ունեցել ջրի խիստ ցածր մակարդակի և անբավարար ներհոսքի պատճառով: Սպառողների համար լույսի միացման գրաֆիկները կշարունակվի։

Աբխազիայի արեւմտյան հատվածը եւ մայրաքաղաք Սուխումը հիմնականում էլեկտրաէներգիա են մատակարարվում Ռուսաստանից հոսքերի միջոցով։ Այնուամենայնիվ, հանրապետությունում դեռևս առկա է էներգիայի պակաս։ Դեկտեմբերի 9-ից էլեկտրաէներգիան մատակարարվում էր օրական ընդամենը երկու անգամ՝ 2 ժամ 20 րոպե (ընդհանուր առմամբ 4 ժամ 40 րոպե) և գիշերը։

Հիշեցնենք, որ Աբխազիայի «շրջափակումը» սկսվեց այն բանից հետո, երբ Աբխազիայի ընդդիմությունը թույլ չտվեց հաստատել Ռուսաստանի հետ կնքած ներդրումային համաձայնագիրը, ըստ որի ռուսները կարող էին տնօրինել Աբխազիայում անշարժ գույքը։ Ընդդիմությունը հասավ նախագահի հրաժարականին, իսկ ներդրումային պայմանագիրը չվավերացվեց։ Եւ միանգամից խնդիրներ սկսվեցին սոցիալական ապահովության հետ կապված. Ռուսաստանը փող չի փոխանցում բժիշկների և ուսուցիչների աշխատավարձերի և թոշակների համար: Հիմա սկսվել է էներգետիկ ճգնաժամը։ Կարելի է ակնկալել Աբխազիայի Հանրապետության մոտալուտ «լուծարում»։

Ուղիղ երկու տարի առաջ՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին, սկսվեց Արցախի շրջափակումը, որն ուղեկցվեց էներգետիկ ճգնաժամով, սովով և ավարտվեց հանրապետության «լուծարմամբ»։ Այն բանից հետո, երբ Արցախում Սարսանգի ջրամբարն ամբողջությամբ ցամաքեց, սկսվեց ագրեսիան, օկուպացիան ու տեղահանությունը։

«Էրեխոցը տարա դատապարտյալների նստելու տեղը, ես գնացի դիրքեր»․ արցախցի Կոմիտասը

Forrights

Մարտունեցի էլեկտրիկ Կոմիտաս Ղահրամանյանը սեպտեմբերի 19-ին մեկ տարբերակ է ունեցել երեխաներին անվտանգությունն ապահովելու համար, նրանց համար թաքստոց է ընտրել կալանավայրը։

«Աշխատանքի էի, կեսօրին եկել էի տուն, սկսեցին կրակելը, հասկացա, որ կռիվ է։ Էրեխոցը ուղարկեցի ոստիկանություն, որտեղ դատապարտյալներն էին նստում, այդ ժամանակ ազատ էր, ամենաապահով տեղն էր»,-Forrights.am-ի հետ զրույցում պատմեց 55-ամյա Կոմիտաս Ղահրամանյանը։

Երեխաների անվտանգությունը քիչ, թե շատ ապահովելուց հետո նա գնացել է Մարտունու քաղաքապետարան՝ հասկանալու համար, թե ինչով կարող է օգնել քաղաքին այդ ծանր իրավիճակում։

«Մտա քաղաքապետի՝ Ազնավոր Սաղյանի մոտ, ասաց Կարվինում երեխաներ կան, գնա, բեր ապաստարան»,-Կարվինը Մարտունիի հարևանությամբ գտնվող բնակավայր է։

«Հետո ասաց գնալու ենք Կոհակ (բարձունք), թշնամին առաջ է եղել, չպետք է թողնենք, որ էլ ավելի չառաջանա։ Մի յոթ հոգով էինք, իմ Ֆորդով գնացքինք, քաղաքապետարանից էի զենք ստացել։ Հետո հնարավոր չէր մեքենայով, մի երեք կիլոմետր քայելցինք, մինչև հասանք մերոնց, մի 300 մետր նահանջել էին»,-ասում է Կոմիտասը և հիշում, որ թեժ մարտերի են մասնակցել։

Կամիտասը պատմում է՝ երկու զոհ են տվել, ինքը վիրավորվել է, քաղաքապետ Ազնավոր Սաղյանի զոհվելու մասին հիվանդանոցում է լսել։ «Գիշերը թշնամին փակել էր Մարտունի-Ստեփանակերտ ճանապարհը, չէինք կարողանում տեղաշարժվել, բայց Մարտունի չէին կարողացել մտնել, Շուշիի կողմից են եկել»։

Կամիտասին վիրավորվելուց հետո տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց, նա մայրաքաղաքից չի կարողացել վերադառնալ Մարտունի, ընտանիքի անդամները և մյուս մարտունեցիները թշնամու զորքով շրջափակված ճանապարհով են բռնի տեղահանվել իրենց քաղաքից։ «Որ եկել են ադրբեջանցիները լցված են եղել ճանապարհին, եկել, անցել են։ Լսել եմ, որ մարդկանցից հագուստ են վերցրել»։

Կոմիտասը այդ օրերին ծանր հոգեբանական իրավիճակում է հայտնվել, մի կողմից շրջապատման մեջ գտնվող ընտանիքն էր, մյուս կողմից բենզինի պահեստի պայթյունից հետո հիվանդանոցում ստեղծված իրավիճակը։ «Ծանր վիրավորների էին բերում, վերջում արդեն ոչ մեկի մասին հոգ տանող չկար, ամենքն իր մասին էր մտածում։ Ինձ էլ պետք է վիրահատեին, բժիշկն ասաց՝ չեմ կարող, հնարավոր չէ, մինչև հիմա բեկորը վզիս մեջ է»։

Բեկորը 55-ամյա տղմարդու մարմնում է, պարբերաբար զգացնել է տալիս իր մասին։ Նա այժմ ֆինանսական խնդիրներ ունի, չի կարողանում բժշկական օգնություն ստանալ։

Կոմիտաս Ղահրամանյանի ընտանիքում հինգ անձ կա, նրանք այժմ պետությունից 250 հազար դրամի աջակցություն են ստանում՝ որպես բնակարանի վարձի և կոմունալ ծառայությունների փոխհատուցում։ 2025 թվականի մարտից ուժի մեջ մտնող փոփոխություններից հետո այդ աջակցությունից կարողանալու է օգտվել միայն աչափահաս տղան։ «Մի բան պետք է մտածեմ, ավելի հարմար աշխատանք պետք է գտնեմ։ Ես երրորդ խմբի հաշմանդամ եմ, ուզել եմ աշխատանքի անցնել, չեն ընդունել։ Ես կես մարդ եմ, ձեռքս 50 տոկոսով է աշխատում, բարձրագույն կրթություն չունեմ»,-ասաց նա՝ նշելով, որ Արարատի մարզում աշխատանքի է ընդունվել զորամասերից մեկի ճաշարանի կառավարումը ստանձնած ընկերությունում, բայց 12 ժամ աշխատացրել են, երկու օր է կարողացել այդ աշխատանքը կատարել՝ ֆիզիկական գերհոգնածությամբ պայմանավորված դուրս է եկել։

«Որպես հացթուխ կտրող եմ ընդունվել, առավոտ յոթին գնում էի, երեկոյան՝ յոթին գալիս էի»,-ասաց նա։

Նարեկ Կիրակոսյան

Հայաստանն ու Ֆրանսիան սահմանել են պաշտպանական ոլորտում «համագործակցության զարգացման ավելի բարձր նշաձող»

Պաշտպանության նախարարությունում երեկ կայացել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական պաշտպանական խորհրդակցություններ, հայտնում է ՊՆ-ն։ Ապա ստորագրվել է երկու երկրների պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ զինված ուժերի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում:

Հայաստանի ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ու Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության միջազգային համագործակցության և ռազմավարության գլխավոր վարչության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի ու բազմակողմ համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Էսկորսիան, ըստ հաղորդագրության, հաստատել են վերջին շրջանում ակտիվ համագործակցության ռազմավարական նշանակությունը և սահմանել են համագործակցության զարգացման ավելի բարձր նշաձող: Թե որն է այդ նշաձողը, չի հաղորդվում։

Գերատեսչությունը նշում է, որ զինվորականները կարևորել են համագործակցությունը պաշտպանական պլանավորման, ռազմական կրթության ու վարժանքների, խորհրդատվական աջակցության, տարբեր զորատեսակների պատրաստության, ռազմատեխնիկական և այլ ուղղություններով:

Ալեքսանդր Էսկորսիայի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը: Նրանք
քննարկել են ՀՀ ԶՈւ կերպափոխման գործընթացի առաջնահերթությունները և այդ շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ընթացքը: Էդվարդ Ասրյանը գոհունակություն է հայտնել համագործակցության եղած մակարդակից և հույս հայտնել, որ այն կշարունակի զարգանալ:

«Կողմերը խորհրդակցությունների ընթացքում կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ», – նշում է ՊՆ-ն:

2023 թվականին Հայաստանը և Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության պայմանագիր կնքեցին, որով Փարիզը, մասնավորապես, GM-200 հակաօդային պաշտպանության համակարգեր է վաճառում Երևանին։ Ֆրանսիան Հայաստանին նաև Bastion զրահամեքենաներ մատակարարեց։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը զանգահարել է նաեւ Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին եւ շուրջ մեկ ժամ հեռախոսազրույց է ունեցել։ Ֆրանսիան չի թաքցնում հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ։

Խաչերը քերել են Առաջնորդարանի պատերից Ստեփանակերտում

Թուրք բլոգերը Ստեփանակերտ է մտնում, փորձում բացել Ս. Հակոբ եկեղեցու դուռը (Հեքիմյանի եկեղեցի), սակայն չի ստացվում, քանի որ Աստված փակել է այն: Բարձրանում է Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցի, այս մեկը բաց է, բայց այստեղ էլ մտնել թույլ չի տալիս Աստված:

Բլոգերի տեսանյութում երեւում է, որ եկեղեցու հարեւանությամբ գտնվող Առաջնորդարանի պատերից քերել են խաչերը:

Եկեղեցու խաչերը տեղում են: Տեսանյութը հրապարակված է երկու ամիս առաջ:

Մարութ Վանյան

“Արցախ կարպետ”-ը շարունակում է գործունեությունը Երևանում․ այն ամենը, ինչ հնարավոր է պատրաստել թելով

2023 –ի պատերազմից հետո, երբ Արցախն ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, “Արցախ կարպետ” ընկերության՝ Ստեփանակերտի և Ճարտարի արտադրամասերը դադարեցրին իրենց գործունեությունը, ինչի արդյունքում հարյուրավոր աշխատողներ զրկվեցին աշխատանքից և տեղահանվեցին Հայաստան։

Ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2013-ի ամռանը։ Արցախում արտադրություն հիմնելու գլխավոր նպատակը գորգագործությունը՝ որպես հայկական մշակույթի անբաժան մաս, պահպանելը, հանրությանը ներկայացնելն ու ապագա սերունդներին փոխանցելն է։ Նախքան 44-օրյա պատերազմը՝ ընկերությունն ուներ շուրջ 150 աշխատակից։ Արտադրամասեր էին գործում Ստեփանակերտում, Շուշիում, Ճարտարում, Հադրութում և Բերձորում: Թշնամու վերահսկողության տակ անցած արտադրամասերում են մնացել հայկական մշակութային ժառանգության խորհրդանիշ համարվող բացառիկ գորգեր։

ԱյսօրԱրցախ կարպետընկերությունում աշխատում է ընդամենը 5 գորգագործ։ Ընկերությունն իր արտադրանքը ներկայացնում է Երևան քաղաքի Տաշիր առևտրի կենտրոնում։

 -2020-ի պատերազմից հետո 60 աշխատողներով շարունակեցինք մեր գործունեությունը Ստեփանակերտի և Ճարտարի մեր արտադրամասերում։

2017-ին ընկերությունը Երևան քաղաքում խանութ էր բացել, և ամեն ամիս մենք գորգեր էինք ուղարկում, որոնք նախատեսվում էին խանութի համար։ Հենց այդ գորգերն են փրկվել, որոնք այսօր առկա են մեր խանութում։ 2023-ի Արցախի տեղահանումից հետո խանութում տեղ ենք հատկացրել գորգագործության համար, տեղադրել 5 հաստոց։ Մեր գորգագործներն արցախցիներ են․ 3 հոգի՝ Ստեփանակերտի մասնաճյուղից, 2-ը՝ Շուշիից։ Ունենք նաև մեկ տնայնագործ, նախատեսում ենք 2 տնայնագործ ևս ավելացնել եկող տարուց։ Գորգագործության հետ մեկտեղ հայկական գորգանախշերով և արցախյան խորհրդանիշներով արտադրում ենք հագուստ, շարֆեր, սեղանի սփռոցներ, ծածկոցներ, պայուսակներ, տարբեր աքսեսուարներ, գուլպաներ, խաղալիքներ։ Բոլորը ձեռագործ աշխատանքներ են, որոնք վաճառվում են ինչպես խանութում, այնպես էլ ՝ օնլայն հարթակում։ 2023-ից հետո ընկերությունը վեր է ածվել ձեռագործ արվեստների և արհեստների ընկերության։

Բռնատեղահանումից հետո սկսել ենք “Ձեռագործված է Հայաստանում” նախաձեռնությունը, որի նպատակն էր Արցախից տեղահանված, ձեռագործության մեջ հմտացված կանանց համար ստեղծել հարթակ, որպեսզի նրանք կարողանան զբաղվել ձեռքի աշխատանքներով։ Ծրագիրը միտված է լուծելու և՛ սոցիալական, և՛ հոգեբանական խնդիրները։ Արցախցի շնորհաշատ կանանց ձեռքերով մանկական հագուստից սկսած պատրաստվել են տարբեր տեսակի ձեռագործ իրեր՝ այն ամենը, ինչ հնարավոր է պատրաստել թելով։

Սկզբից նախաձեռնությանը միացել է շուրջ 100 արցախցի կին։ Տրամադրվել են հումք և դիզայն, ապա նրանք ներկայացրել են պատրաստի արտադրանքն ու աշխատանքի դիմաց ստացել համապատասխան գումարը։ Նախաձեռնությունը շարունակվում է, այս պահին մեզ հետ համագործակցում են մոտ 30 կանայք,-ասում է ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանը։

Արցախ կարպետի խանութսրահներում կարելի է գտնել հայկական գորգարվեստին առնչվող ամեն ինչ, ձեռագործ իրեր, հագուստ, աքսեսուարներ, հուշանվերներ: 2024-ին Արցախ Կարպետ ընկերությունը և Fakejian Jewelryն՝ ոգեշնչված արցախյան հարուստ գորգարվեստով, ստեղծել են արցախյան զարդերի անկրկնելի հավաքածու՝ ինչպես կանանց, այնպես էլ՝ տղամարդկանց համար։ Ընկերությունը շարունակում է ընդլայնել իր արտադրանքը՝ սպառողներին ներկայանալով նոր գաղափարներով։ 

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Արցախի պատերազմի մասին պատմող «1489» ֆիլմը հաղթել է Հռոմի փառատոնում

Արցախյան 44-օրյա պատերազմի մասին պատմող Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը հաղթող է ճանաչվել Հռոմի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է ֆիլմի ռեժիսոր Շողակաթ Վարդանյանը։

«Սա մեծ պատիվ և մեծ պատասխանատվություն է»,-գրել է Վարդանյանը։

Հիշեցնենք, որ 44–օրյա պատերազմի մասին պատմող «1489» ֆիլմը Հայկական ազգային կինոակադեմիան» չներկայացրեց «Օսկարի»` չնայած, որ ֆիլմը 2023 թ. արժանացել է Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի (IDFA) գլխավոր մրցանակին, նաև դոկումենտալ կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնում՝ IDFA-ում արժանացել էր«լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակին։

Ֆիլմը ներկայացնում է Վարդանյանների ընտանեկան մթնոլորտը, նրանց հույզերը, ապրումները, տառապանքը, սպասումները 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին, երբ նրանք կորցնում են կապը ռազմաճակատում գտնվող սիրելի որդու, սիրելի եղբոր՝ 21-ամյա Սողոմոն Վարդանյանի հետ։

Թուրքիայի սահմանները միայն հայերը կարող են “ճանաչել”

«Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման հարցում հասել ենք ամենամոտ կետին», – երկրի խորհրդարանում նախօրեին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ շեշտելով՝ «Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հույսի շող կա»։

Ֆիդանը նշել է, որ Թուրքիան աջակցում է խաղաղության բոլոր ջանքերին։

Սիրիայում իրականացրած բլիցկրիգից եւ Քրդիստանի ստեղծումը իր հարավում կանխարգելուց հետո Էրդողանը անցնում է հյուսիսային սահմանին՝ Հայաստանին։ Սիրիայի գրավումից հետո նա ասել է, որ Ասադը չի ընդունել “լավ առաջարկները”, դրա համար ամեն ինչ այսպես ստացվեց։ Դա զգուշացում է հաջորդ “թիրախներին”՝ ընդունեք մեր առաջարկը, թե չե կլինի այնպես, ինչպես Արցախում եւ Սիրիայում։

Հիմա Էրդողանը հայտարարում է, որ «տարածաշրջանում ստեղծված պատմական հնարավորությունը» կնպաստի Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։

Իսկ ի՞նչ է “առաջարկում” Թուրքիան Հայաստանին։ Որպեսզի Հայաստանը ճանաչի ներկայիս Թուրքիայի սահմանները, որոնք 100 տարուց ավելի է գոյություն ունեն ռուս-թուրքական անօրեն պայմանագրի եւ Հայաստանի լռության շնորհիվ միայն։ Թուրքիայի սահմանները հաստատված են Լոզանի պայմանագրով, որը Էրդողանը համարում է սպառված։ Սակայն Թուրքիան չունի միջազգայնորեն հաստատված հյուսիսային սահման Հայաստանի հետ։ Ռուս-թուրքական պայմանագրերը ճանաչված չեն ՄԱԿ-ի կողմից։

Ահա թե ինչու Բաքուն շարունակում է պնդել, թե “Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար երկու հիմնական խոչընդոտ կա”՝ պնդելով Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը, որտեղ, ըստ Բաքվի, տարածքային պահանջ կա Ադրբեջանի նկատմամբ։ Սակայն խոսքը ոչ միայն այսպես կոչված Ադրբեջանի, այլ Թուրքիայի մասին է։ Հիշեցնենք, որ Անկախության հռչակագիրը, որին հղում է անում ՀՀ Սահմանադրությունը, հիշատակում է նաեւ Ցեղասպանության հարցը եւ պատմական պատասխանատվությունը։

ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ, X-ում գրել է Նիկոլ Փաշինյանն, չհիշատակելով Թուրքիան։

Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն է նշել, թե ՀՀ Սահմանադրության մեջ «նշվում է, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է»։

Փաշինյանը հակադարձել է՝ հիշեցնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2024-ի սեպտեմբերի 26-ի որոշումը, որտեղ նշվում է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հղումը վերաբերում է բացառապես հռչակագրի այն դրույթներին, որոնք ամրագրված են Սահմանադրության հոդվածներում։

Այսինքն, Հայաստանը չի պատրաստռվում փոխել Սահմանադրությունը, եւ Փաշինյանը դա հայտարարում է Մակրոնի եւ Թրամփի հետ հանդիպումից հետո։

“Սիրիական սցենարը” Թուրքիան, Ռուսաստանը եւ Իսրայելը՝ ԱՄՆ եւ ԵՄ-ի հետ կոնսենսուսի գալով, փորձարկել են 2023-ին Արցախում։ Հիմա՝ այդ սցենարից խուսափելու համար Հայաստանը կարող է միայն մեկ քայլ անել՝ հաստատել իր օրինական սահմանները եւ պահանջել, որ դա անի միջազգային հանրությունը։

Կայացել է Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում

Հայաստան-Թուրքիա սահմանին անցած ամիս տեղի է ունեցել երկու երկրների մի քանի գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը, «Ազատության»-ը հայտնեց Հայաստանի բանագնաց, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Հանդիպման վերաբերյալ, սակայն, պաշտոնական տեղեկություն այդ օրերին կողմերը չեն հաղորդել: Հայտնի չէ, թե երկու երկրներից ինչ պաշտոնյաներ կամ մասնագետներ են մասնակցել սահմանին կայացած հանդիպմանը։

Երևանի բանագնացն այսօր էլ շատ մանրամասներ չհայտնեց, միայն փոխանցեց. – «Գնահատվել են տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը: Հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում»:

Թուրքիայից չեն թաքցնում՝ հայ-թուրքական հաշտեցումն ուղիղ կապ ունի հայ-ադրբեջանական կարգավորման հետ: Երկու օր առաջ նույնը պնդել է այդ երկրի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը՝ խաղաղության հաստատման համար կարևոր պայման համարելով նաև այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» բացումն ու Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջի կատարումը:

Հիշեցնենք, որ այսօր Էրսողանն ու Ալիեւը հեռախոսազրույցում քննարկել են Հարավային Կովկասում և Սիրիայում տիրող իրավիճակը։ Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել Ալիեւի նախաձեռնությամբ։

ԵՄ-ը 1.5 մլն եվրո դրամաշնորհ է փոխանցել ՀՀ-ին՝ արցախցիների “սոցիալ-տնտեսական ինտեգրման նպատակով”

«Հայաստանի Հանրապետության համար պետական և դիմակայունության կառուցման պայմանագիր» բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում այս շաբաթ Եվրոպական Միությունը 1.5 միլիոն եվրո դրամաշնորհ է փոխանցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ի լրումն այս տարի սեպտեմբերին հատկացված 13.5 միլիոն եվրո դրամաշնորհի: Այդ մասին հայտնում են ԵՄ հայաստանյան գրասենյակից:

Բյուջետային աջակցության այս ծրագիրը նախատեսված է աջակցելու Հայաստանի կառավարությանը Ղարաբաղի հայերի կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքների բավարարմանը, ինչպես նաև նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրմանը՝ ապահովելով ներգրավվածությունը հայկական կրթական, սոցիալական պաշտպանության և առողջապահական համակարգերում և աշխատաշուկայում ինտեգրումը: