DizakArt. առաքելությունը՝ փրկել Արցախի ժառանգությունը

2020 թվականի 44-օրյա պատերազմի և Հադրութի շրջանի օկուպացիայի արդյունքում ոչնչացման սպառնալիքի տակ է հայտնվել շրջանի ողջ մշակութային և պատմական ժառանգությունը։ 2021 թվականին Երևանում բացվեց DizakArt մշակութային և երիտասարդական կենտրոնը, որի հիման վրա հետագայում ստեղծվեց նույնանուն հասարակական կազմակերպությունը։

Կազմակերպության հիմնադիրներն են Հադրութից փախստականներ Երազիկ Հայրիյանը, Լիաննա Պետրոսյանը և Գայանե Բուդաղյանը։ Կազմակերպության նպատակն էր՝ պահպանել Հադրութի շրջանի փրկված նյութական և ոչ նյութական մշակութային և պատմական արժեքները։

«Հադրութից բռնագաղթելուց որոշ ժամանակ անց՝ լինելով Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ, սկսեցի մտածել Հադրութի շրջանի մշակութային և պատմական ժառանգության մասին։ Այն մասին, թե ինչպես պահպանենք մեր ավանդույթները, սովորույթները, բարբառը և այլն։ Այս գաղափարի շուրջ համախմբեցի համախոհներին՝ Լիաննա Պետրոսյանին և Գայանե Բուդաղյանին։ 44-օրյա պատերազմի ընթացքում Մոսկվայում տեղի ունեցած սիմպոզիումի ժամանակ ներկայացվել են 27 նկարներ, որոնք նկարվել են Հադրութում եւ մարմնավորում էին տարածաշրջանի հայկական էությունը։ Սիմպոզիումի շնորհիվ դրանք փրկվել են։

Որոշեցինք պատկերասրահ բացել և փրկված ցուցանմուշները տեղափոխել Հայաստան։ Պատկերասրահը հիմք դարձավ մշակութային-երիտասարդական կենտրոնի ստեղծման, այնուհետև DizakArt մշակութային հասարակական կազմակերպության համար։ Սկզբնական շրջանում դա ​​անկյուն էր, որտեղ մեր հադրութցի հայրենակիցները կարող էին հանդիպել ու շփվել միմյանց հետ։ Հետագայում ընդլայնվեց կազմակերպության գործունեության շրջանակը։ Հասարակական կազմակերպության ձևաչափով առաջին լուրջ միջոցառումը «Դիզակի գույները» միջազգային սիմպոզիումն էր, որի նպատակն էր հանրությանը ներկայացնել Դիզակի ողջ գեղեցկությունն ու հայկական էությունը։ Սիմպոզիումի շրջանակներում կազմակերպվել է ցուցահանդես։ Դրանում ներկայացված էին այն 27 կտավները, որոնք փրկվել էին 44-օրյա պատերազմի ընթացքում:

2021 թվականից սկսած մենք ակտիվորեն սկսեցինք զարգացնել գործունեությունը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում։ Երևանում, իսկ ավելի ուշ Աբովյանում բացվեցին երիտասարդական մշակութային կենտրոններ, որտեղ Արցախից սեղահանված ​​երեխաներն անվճար մշակութային կրթություն են ստանում։ Գործում են տարբեր խմբակներ՝ վոկալ, ազգային պար, նկարչություն, կիրառական և թատերական արվեստի, մեր երեխաները նաև սովորում են նվագել հայկական ազգային երաժշտական ​​գործիքների վրա և մասնակցում տարբեր հայկական և միջազգային ստեղծագործական մրցույթների՝ արժանանալով մրցանակների։

Այսպիսով, այս տարի մեր աշակերտներից մեկը Ռուսաստանի Դաշնության Վլադիմիր քաղաքում անցկացված նկարչական մրցույթում գրավեց առաջին տեղը։ Մեր երեխաներից շատերը բարձր միավորներով ընդունվել են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան ֆակուլտետներ։ Հասարակական կազմակերպության շրջանակներում անցկացվում են նաև արցախյան բարբառով մշակութային տարբեր միջոցառումներ և թատերական ներկայացումներ։

Նման ներկայացումների միջոցով մենք փորձում ենք հանրայնանել և պահպանել մեր բարբառն ու ավանդույթները։ Որոշ ներկայացումների սյուժեն այն կյանքի իրավիճակների մարմնավորումն է, որոնց բախվել են արցախցիներն իրենց կյանքի ամենադժվար ժամանակաշրջաններում։

Մենք նաև անցկացնում ենք տարբեր դասընթացներ՝ մասնավորապես հաշվապահություն, համակարգչային գիտություն, տարբեր վարպետության դասեր։ Արցախի ստեղծագործողներին աջակցելու համար կազմակերպվում են միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ և այլն։

Այսպիսով, Արցախում և Հայաստանում 2021 թվականից սկսած երեք անգամ կազմակերպել ենք հայկական ավանդական ազգային խաղեր։ Ամեն ամառ մեր սաների համար Աբովյանում կազմակերպվում են մշակութային կրթական ճամբարներ։

Մեր նպատակն է նաեւ սոցիալական աջակցությունն արցախցիներին, այդ թվում՝ զբաղվածության առումով։ Այսպիսով, կենտրոնի բոլոր ուսուցիչներն արցախցի են։ Կենտրոնը կարողացավ համախմբել արցախյան հասարակության տարբեր շերտերին։

Ներկայումս կենտրոններում սովորում է ավելի քան 150 երեխա և դեռահաս։ Մինչև 2023 թվականի սեպտեմբերը «ԴիզակԱրտ»-ը գոյություն է ունեցել մասամբ Արցախի պետբյուջեի հաշվին, քանի որ մեր ուսուցիչների աշխատավարձերը վճարվում էին այնտեղից։ Ամբողջական արտաքսումից հետո կազմակերպությունը գոյություն ունի հովանավորչական ներդրումների և պետական ​​փոքր դրամաշնորհների շնորհիվ։ Մենք երախտապարտ կլինենք բոլորին, ովքեր կաջակցեն մեզ մեր նախագծերի մշակման և իրականացման գործում»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց DizakArt-ի համահիմնադիր Երազիկ Հայրիյանը։

Արսեն Աղաջանյան

Այդ օրը մենք ունեցանք 10 քաղաքացիական զոհ։ Այսինքն՝ պատերազմ էր, բայց մարդիկ դուրս եկան եւ իրենք «այո»-ն պետք է ասեին

Արցախի Ազգային ժողովն Անկախության հանրաքվեի օրվա առթիվ այսօր ընդունեց հայտարարություն՝ ուղերձներ հղելով միջազգային հանրությանը։ Այս մասին Արցախի ԱԺ արտահերթ նիստից հետո ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Աշոտ Դանիելյանը։

«Սպասելիքներն այս պահին այդքան էլ շատ չեն, որովհետեւ երբ մենք Արցախում էինք, հայտարարություններ էր անում Ազգային ժողովը, թե ինչպիսի իրավիճակ էր Արցախում, եւ միջազգային հանրությունը քայլեր պետք աներ։ Ցավոք, բայց չեղավ դա։ Այսօր ՀՀ իշխանությունները փորձում են Արցախի մասին ամեն ինչ մոռացության տալ, բայց չի կարելի մոռանալ, որ 1991 թվականին, երբ ԽՍՀՄ-ը փլուզվում էր, սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ մարզային խորհուրդը եւ Շահումյանի շրջանային խորհուրդը որոշում ընդունեցին Անկախության հռչակագրի մասին։ Եվ դրան հետեւեց դեկտեմբերի 10-ի հանրաքվեն, որտեղ մասնակցել են մոտ 110 հազար արցախցիներ եւ միասնական «այո» են ասել անկախությանը։

Այդ ժամանակ մոտ երկու տասնյակ միջազգային դիտորդներ կային Արցախում, որոնք միայն արձանագրեցին, որ ադրբեջանական ագրեսիայի եւ ռմբակոծության ժամանակ արցախցիները հետ չէին կանգնում, դուրս եկան ու «այո» ասացին անկախությանը։ Եվ այդ օրը մենք ունեցանք 10 քաղաքացիական զոհ։ Այսինքն՝ պատերազմ էր, ռմբակոծություն էր, բայց մարդիկ դուրս եկան եւ իրենք «այո»-ն պետք է ասեին։ Եվ այսօր Հայաստանի իշխանությունները, եթե սա ուզում են մոռացության տալ, դա չի ստացվելու։ Երբ Հայաստանում կլինեն ազգային իշխանություններ, այս բոլոր հարցերին մանրակրկիտ կանդրադառնան»,- ասաց նա։

Աշոտ Դանիելյանի խոսքով՝ երբեք ուշ չի լինում, հնարավոր է նորից հետ բերել այն, ինչ կորցրել ենք։ Նա նշեց նաեւ, որ Արցախի ԱԺ-ն լեգիտիմ մարմին է՝ Արցախի ժողովրդի առաջնային մանդատն ունեցող։ Արցախի ներկայացուցչությունը գործում է, պատգամավորներն աշխատում են, հանդիպում են բնակչությանը, եղած ռեսուրսներով անում են այն աշխատանքը, որը հնարավոր է իրականացնել։

Արցախի Ազգային ժողովի նիստը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 1-ին, դա էր ճիշտը

Արցախի Ազգային ժողովն այսօր հրավիրել է արտահերթ նիստ՝ 1991 թվականի Արցախի անկախության հանրաքվեի և 2006 թվականին Սահմանադրության ընդունման կապակցությամբ։

Կոչ է ընդունվել ՄԱԿ-ի անդամ երկրներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ճանաչել Արցախի անկախությունը և նրա Սահմանադրությունը։

Նույն օրը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի տեղակալն ասել է, որ «խաղաղության պայմանագրի» կնքման խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությունն է, որում «Ղարաբաղը Հայաստանի մաս է»։ Բաքուն նշում է, որ քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունը չի փոխվել, ուժի մեջ է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին։

Արցախի անկախության հանրաքվեն տեղի ունեցավ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին այն բանից հետո, երբ Հայաստանի խորհրդարանը 1991 թվականի սեպտեմբերի 21-ին որոշեց հանրապետության տարածքում հանրաքվե անցկացնել՝ առանց հաշվի առնելու 1989 թ. որոշումը։ Եվ սա չնայած այն հանգամանքին, որ 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրում ասվում էր, որ Հայաստանի անկախությունը կառուցվել է, ի թիվս այլ բաների, Հայաստանի և Արցախի վերամիավորման ակտի վրա։

Այսպես թե այնպես, 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Արցախը կորցրեց իր անկախ պետականությունը, և նրա կարգավիճակը վերադարձավ 1989թ. որոշմանը։ Այս որոշումը նույնկերպ անտեսվում է թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունների կողմից։

Արցախի Ազգային ժողովը պետք է հանդիպեր դեկտեմբերի 1-ին և պահանջեր համաշխարհային հանրությունից դատապարտել 2020-2023 թվականների ահաբեկչական պատերազմը, հայտարարել դրա արդյունքները չճանաչելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքների հիման վրա բանակցությունները վերսկսելու մասին։

Ընդունվեց ուղերձ, որով դիմում ենք ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը եւ Սահմանադրությունը

Այսօր տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ Արցախի անկախության հանրաքվեի օրվա առթիվ։

«Ընդունվեց ուղերձ, որով դիմում ենք ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը եւ Սահմանադրությունը։ Ինչպես նաեւ քննարկվեցին վերադարձի խնդիրները։ Ճիշտ է, մենք այս 30 տարիների ընթացքում համոզվեցինք, որ միջազգային հանրությունը որպես այդպիսին գոյություն չունի, որովհետեւ այդ 30 տարիների ընթացքում ոչ մեկ ուշադրություն չդարձրեց, որ փոքրիկ մի էթնոս ուզում է ինքնորոշվել, սակայն նրա ցանկությունը չի ընդունվում։ Միգուցե այսօր հնարավոր դառնա հասկանալ, որ չի կարելի խաղալ ժողովրդի ճակատագրի հետ։ Այսօր տեղահանված արցախցիները շատ ծանր հոգեվիճակի մեջ են»,- նիստից հետո ասաց Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Արզիկ Հարությունյանը։

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը՝ նա ասաց, որ հույս չի կապում ՀՀ այսօրվա իշխանությունների հետ։ Նա նշեց, որ դեռ շատ վաղուց Հայաստանը պետք է ճանաչեր Արցախի անկախությունը։ «Սակայն հույսն այն է, որ միգուցե ՄԱԿ-ի անդամ պետություններից կարողանան անդրադարձ կատարել, առավել եւս Մինսկի խմբի համանախագահ պետությունները, որոնք տարիներ շարունակ զբաղվել են Արցախի հարցով, գուցե թե նորից վերականգնվի նրանց օրինական իրավունքները, եւ Արցախի հարցը նորից դրվի քննարկման»,- ասաց նա։

Արցախի ԱԺ նիստ՝ Արցախի անկախության հանրաքվեի օրվա առթիվ

Այսօր տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ Արցախի անկախության հանրաքվեի օրվա առթիվ։

Նիստին հրավիրված են եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ։ ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նիստից հետո լրագրողներին ասաց, որ կարեւոր ուղերձներ են ընդունվել։ Այդ ուղերձները կփոխանցվեն միջազգային հանրությանը, Մինսկի խմբի եռանախագահ երկրներին։

«Արցախի հարցը փակված չէ, էթնիկ զտում ու ցեղասպանություն է տեղի ունեցել։ Եվ դրա արդյունքում հայրենազրկվել են 150 հազար մեր քույրերն ու եղբայրները։ Եվ մեր պարտքն է, որպեսզի ամեն օր աշխատել է այդ ուղղությամբ։ Նույն միջազգային հանրության տարբեր դերակատարներն էլ են դրա մասին բազմաթիվ հայտարարություններ արել։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի արցախահայերի վերադարձի իրավունքը դառնա օրակարգ։ Ցավոք սրտի, միակ երկիրը Հայաստանի Հանրապետությունն է, որն այդ ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկում։ Ողբերգությունն այն է, որ դրա մասին խոսում են շատ երկրներ, բացի ՀՀ կառավարությունից եւ իշխանություններից»,- ասաց նա։

Բաքուն պայման է առաջադրել՝ փոխեք Սահմանադրությունը, որտեղ Ղարաբաղը Հայաստանի մաս է

«Խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը»,- ասել է Բաքվի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը «Հիմնական խոչընդոտները Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին» միջոցառմանը, տեղեկացրել է АPА-ն:

«Այն բանից հետո, երբ 2020թ. Ադրբեջանն ազատագրեց իր տարածքներն օկուպացիայից, 2021թ. առաջին անգամ Հայաստանին խաղաղության առաջարկ արեց։ Երկիրը, որը հաղթել է պատերազմում, երբեք հակադիր կողմին խաղաղության առաջարկ չի անի, բայց մենք դա արեցինք։ Մենք պատրաստեցինք բազային սկզբունքներ խաղաղության մասին։ 2020-2022թթ. մենք չգիտեինք ինչ է ուզում Հայաստանը։ Դրանից հետո մենք համակողմանի քննարկումներ իրականացրինք։ Դրանք անցան ԱՄՆ-ում, Ռուսաստանում եւ Ղազախստանում։ Այդ քննարկումների ընթացքում մենք փորձեցինք մշակել խաղաղության համաձայնագիր։ Կան երկու հիմնական խոչընդոտներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության հասնելու ճանապարհին։ Դրանցից մեկը Հայաստանի Սահմանադրությունն է։ Այդ խոչընդոտը նաեւ արտացոլված է Հայաստանի Անկախության ակտում։ Այնտեղ հիմք է ընդունված «Ղարաբաղը Հայաստանի մասն է» կետը»,- մեջբերել է պարբերականը փոխնախարարին։

Երկրորդ խոչընդոտն այն է, որ Հայաստանի ներկայացուցիչները տարբեր դիրքորոշումներ ունեն, ընդգծել է փոխարտգործնախարարը՝ չմանրամասնելով, թե ինչի մասին է խոսքը։

Մամեդովը նաև խնդիր է համարել Հռոմի ստատուտին Հայաստանի միանալը։ Հիշեցնենք, այդ ստատուտին միանալով Հայաստանը հնարավորություն է ձեռք բերել դիմել Ալիեւի դեմմիջազգային դատարան։

Անշարժ գույքի շուկայում գների իջեցում տեղի չի ունենալու

Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը ասում է․

«Վերջին տարիներին գները միայն ու միայն բարձրանում են, կառուցապատման ծրագրերում շինարարության ինքնարժեքը թանկանում է։ Դա մի կողմից պայմանավորված է միջազգային շուկաներում ապրանքների և նյութերի գներով, մյուս կողմից՝ պետության կողմից վարվող քաղաքականությամբ, մասնավորապես հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների գազի, ջրի, հոսանքի միացումների հետ կապված լրացուցիչ ծախսերի, որոնք չկային, կամ էականորեն քիչ էին, իսկ հիմա տասնապատիկ, հարյուրապատիկ անգամներ մեծ են։

Երևանում ճարտարապետահատակագծային առաջադրանքի շինարարության թույլտվության գծով տեղական տուրքերը և վճարները, քաղաքաշինական գործընթացների իրականացման հետ կապված թույլտվությունների տրամադրման համար տուրքերը, վճարները, որոնք առաջ կամ չկային, կամ շատ քիչ էին, ներկայումս ահռելի մեծ գումար են կազմում։ Երրորդը, որը  էլի հանգեցնում է շինարարական ինքնարժեքի մեծացման, ընդհանուր ապրանքների և նյութերի, նաեւ աշխատուժի թանկացումն է: Բնականաբար ինքնարժեքի բարձրացումը վերջին հաշվով իր մաշկի վրա զգում է սպառողը»:
Ասոցիացիայի նախագահը նկատեց, որ հիմա կա կանխավարկած, որ գների անկում է տեղի ունենալու, բայց այդպես չէ. «Մեր պատկերացմամբ գների էական տեղաշարժ չի լինի, որովհետև, ինչպես նշեցինք, ինքնարժեքը գնալով բարձրանում է: Միացման վճարները, տուրքերը, տեղական վճարները կամ հարկային օրենսդրության փոփոխությունները, որոնք այժմ կան, այս ամենը հանգեցնելու է նրան, որ ինքնարժեքը չի իջնելու, իսկ այդ դեպքում սպառողին առաջարկվող վերջնական արդյունքի պրոդուկտի գինը էական շեղում չի ունենալու»:

Հայաստանը հետ կկանչի՞ հայցերը, թե՞ Ալիեւի դեմ հայց կներկայացնի

Եթե նույնիսկ պատրաստվեինք հայց ներկայացնել Ալիեւի դեմ, պատկերացնո՞ւմ եք, որ ես ասեի՝ այո, պատրաստվում ենք վաղը չէ, մյուս օրը ներկայացնելու հայց, մի քիչ ճիշտ չէ լինի, նաև ինձ որպես պետության ներկայացուցչի տեսանկյունից նման բաներ բացահայտելը։ Այս մասին դեկտեմբերի 9-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Հիշեցնենք, որ Հռոմի կանոնադրության հաստատումից հետո սպասվում էր, որ Հայաստանը Ալիեւի դեմ հայց կներկայացնի Միջազգային դատարան։

«Եվրոպական դատարանում ունենք չորս ընդհանուր միջպետական գործընթաց ընդդեմ Ադրբեջանի, և ունենք նաև երկու միջպետական գործընթաց ընդդեմ Հայաստանի Եվրոպական դատարանում: 4 միջպետական գործընթացները Հայաստանի կողմից, որոնք տարվում են ընդդեմ Ադրբեջանի Եվրոպական դատարանում, վերաբերում է 44-օրյա պատերազմի  և դրան հաջորդող ժամանակահատվածին, վերաբերվում են գերեվարված անձանց նկատմամբ իրականացված ապօրինի դատական պրոցեսներին, ապօրինի ազատությունից զրկելուն, վերաբերվում են ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներկայությանը և դրա հետևանքով մարդու իրավունքների կոպիտ խախտումներին, ինչպես նաև վերաբերվում են ԼՂ-ից հայերի բռնի տեղահանման և դրան ուղեկցող բոլոր խախտումներին:

Մինչև դա էլ, սկսած Լաչինի արգելափակումից, Լաչինի միջանցքում տեղի ունեցող զարգացումները, որոնք սկսել էին դեռ 2022 թվականի սկզբին, մարտից սկսած, հետո արդեն դեկտեմբերին, բլոկադայի պրոցեսը, բլոկադային հաջորդող գործընթացը, և դրանից հետո արդեն նաև բռնի տեղանման ամբողջ ընթացքը և դրան հաջորդող պրոցեսը, դա մեր միջպետական չորրորդ գանգատն է, որը ներկայացված է ընդդեմ Ադրբեջանի»,-ասաց Կիրակոսյանը:

Նա չի մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն, ըստ որի Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում պատրաստ է միջազգային ատյաններից փոխադարձության սկզբունքով հայցերը հետ կանչել: Եղիշե Կիրակոսյանը վստահեցնում է՝ այժմ նման հարց չի քննարկվում:

Միջազգային ատյաններից հայցերը հետ կանչելու պահանջ Բաքուն է ներկայացնում, հարցն, ըստ ադրբեջանական կողմի, խաղաղության պայմանագրի կետերից է, հայկական կողմը սա չի հերքել: Ավելին՝ վարչապետն ասել է, որ համաձայնագրի կնքման դեպքում պատրաստ են գործարքի:

 

Ուկրաինայում պատերազմը մոտենում է ավարտին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինը պետք է վարժվի այն մտքին, որ իրեն պարզապես անհրաժեշտ է նախապատրաստվել Ուկրաինայի պատերազմի ավարտին, գրում է New York Post-ը։ Թրամփն իր խոսքերը պատճառաբանել է նրանով, որ Կրեմլի բռնապետը շատ ծանր կորուստներ է կրել այս պատերազմում։

«Վլադիմիր Պուտինը պետք է մտածի, որ ժամանակն է ավարտել պատերազմը, քանի որ նա պարտություն կրեց։ Երբ կորցնում ես 700 հազար մարդ, ժամանակն է։ Սա չի ավարտվի, քանի դեռ խաղաղություն չի եղել»,- ընդգծեց նա։

Թրամփը նաև կենտրոնացել է այն փաստի վրա, որ Ուկրաինայի առաջնորդ Զելենսկին նույնպես ցանկանում է վերջ տալ պատերազմին և խաղաղություն հաստատել։ «Նա հրադադար է ուզում։ Նա հավատում է, որ եկել է ժամանակը»,- ​​ասաց նա։ Բացի այդ, Դոնալդ Թրամփը հավելել է, որ մշակում է մի ամբողջ հայեցակարգ՝ «ինչպես վերջ տալ այս անհեթեթ պատերազմին»։

Ռուսաստանում էլ են ասում, որ «խաղաղությունը» մոտ է, բայց յուրովի։

Ռուսաստանը մոտ է հատուկ գործողության նպատակներին հասնելուն, ուկրաինական բանակը կործանման եզրին է, ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

Ռուսական Razvedchik ամսագրին տված հարցազրույցում նա նշել է, որ «ճակատում իրավիճակը Կիևի օգտին չէ»։

«Բոլոր ոլորտներում ռազմավարական նախաձեռնությունը պատկանում է մեզ։ Մենք մոտ ենք մեր նպատակներին հասնելուն, մինչդեռ Ուկրաինայի Զինված ուժերը կործանման եզրին են, և Զելենսկի ռեժիմն ամբողջությամբ կորցրել է իր լեգիտիմությունը և, որպես հետևանք, բանակցելու իր կարողությունը»,- ասել է Արտաքին հետախուզության ծառայության տնօրենը։ .

Թուրքիան և Իսրայելը տոնում են հաղթանակը և խոսում են տարածաշրջանում նոր դարաշրջանի մասին

Թուրքիայի նախագահ Էրդողանը ասել է. «Թուրքիան առաջնորդում է պատմությունն իր հզոր ժողովրդավարությամբ, աճող տնտեսությամբ, կայացած ինստիտուտներով և խաղաղ ու նախաձեռնող քաղաքականությամբ, որոնք փոխում են համաշխարհային գործերի ընթացքը և վերաշարադրում ինչպես Թուրքիայի, այնպես էլ մարդկության պատմությունը»։

Ռուսաստանը Էրդողանին և Նեթանյահուին խնդրում է օգնել Սիրիայից իրենց զինվորականների դուրսբերման հարցում։ Բացի այդ, ԱՄՆ-ը և Թուրքիան համաձայնության են եկել ԱՄՆ-ի կողմից աջակցվող սիրիական քրդական ուժերի (SDF) անվտանգ դուրսբերման վերաբերյալ հյուսիսային Մանբիջ քաղաքից:

Այսպիսով, և՛ Ռուսաստանը, և՛ Միացյալ Նահանգները ճանաչում են Սիրիան որպես Թուրքիայի «ազդեցության գոտի»՝ կառավարելով նաեւ Իսրայելի գործողությունները, որն արդեն օկուպացրել է բաղձալի Գոլանի բարձունքները։

Բացի այդ, Իսրայելի ռազմաօդային ուժերը և հրթիռային ուժերը հարձակվել են Սիրիայի ամենամեծ ավիաբազաների վրա՝ ոչնչացնելով Սիրիայի ռազմաօդային ուժերի ենթակառուցվածքները, ինքնաթիռներն ու ուղղաթիռները, Reuters-ին և Al Arabiya-ին հայտնել են աղբյուրները։

Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ զրույցում քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը, այնտեղ փոքրամասնությունների պաշտպանության կարևորությունը և այս երկրի ապագան։ «Մենք խոսեցինք նաև Իրանի մասին, և ես ընդգծեցի այն վտանգը, որ իրանական ռեժիմի միջուկային ծրագիրը ներկայացնում է տարածաշրջանի և աշխարհի համար: Իսրայելը ուժի և կայունության կենտրոնն է անհանգիստ Մերձավոր Արևելքում և այդպես էլ կմնա»,- ասել է նա:

Իրանի ներկայացուցիչը ՄԱԿ-ում Սիրիայի հարղժցով Անվտանգության խորհրդի նիստում անթույլատրելի համարեց Իսրայելի, ոչ թե Թուրքիայի գործողությունները։

Իր հերթին Էրդողանը նշել է, որ չնայած տապալված վարչակարգի նկատմամբ իր թշնամական վերաբերմունքին, Թուրքիան ցանկացած պարագայում պաշտպանում է Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու միասնական կառուցվածքը։ Միևնույն ժամանակ նա չհիշեց Պաղեստինը, որը Իսրայելը հաջողությամբ անեքսիայի ենթարկեց՝ բնակչության գրեթե ամբողջական արտաքսմամբ։

Էրդողանն ասել է, որ մոտ 3 միլիոն սիրիացի փախստականներ, ովքեր ապաստան են գտել Թուրքիայում, կարող են վերադառնալ։ «Առնվազն 4,5 միլիոն սիրիացի հյուր է դարձել մեր տանը։ Մենք 13 տարի ծառայել ենք որպես անսար (բնիկ-խմբ.) սիրիացի ներգաղթյալներին: Այժմ նրանց թիվը իջել է 2,9 միլիոնի։ Մենք ասում ենք. «Մենք Անսար ենք, իսկ նրանք՝ ներգաղթյալներ»: Քանի որ Սիրիան կայունություն է ձեռք բերում, մենք հույս ունենք, որ սիրիացիների կամավոր, անվտանգ, պատվաբեր և կանոնավոր վերադարձը կավելանա։ Մենք նաև բացում ենք Յալադագի սահմանային դարպասը՝ կանխելու փախստականների գերբեռնվածությունը և հեշտացնելու տեղաշարժը»։

Բաքուն ասում է, «Էջմիածինն էլ է աղվանա-ուդիական, եւ Արեւմտյան Հայաստանի Սուրբ խաչը»

«Ադրբեջանում ուդիները հայերի հետ հավասար բռնաճնշումների են ենթարկվել, եւ այնտեղ մնացած ուդիների մեծ մասը պատանդի կարգավիճակում են։ Զարմանալի չէ, որ նրանք տարբեր ադրբեջանական շոուների են մասնակցում՝ կապված հայկական պատմամշակութային ժառանգության պատկանելության հետ։ Իհարկե, խրախուսելի չէ, քանի որ ամեն ինչ իր չափ ու սահմանը եւ գինը ունի։ Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանում գործընթացը՝ ուդի-աղվանական եկեղեցու վերականգնման հետ կապված, ուղղակի հարված է մեր պատմամշակութային ժառանգությանը։ Արցախից բացի նաեւ Արեւմտյան Հայաստանի մասին է խոսքը»,- այսօր «Շիրվանի, Գարդմանի եւ Նախիջեւանի հայությունը․ տեղաբնիկությունից մինչեւ փախստականություն» խորագրով գիտաժողովի ժամանակ ասաց պատմաբան Գրիգորի Այվազյանը։

Այս իրավիճակում, նրա խոսքով, մենք մեկ բան կարող ենք անել՝ աջակցել Հայաստանի Հանրապետությունում ուդիական համայնքի կայացմանը եւ զարգացմանը։ Թե քանի ուդի կա Հայաստանում, հարցին Գրիգորի Այվազյանը պատասխանեց, որ նրանց դժվար է տարբերակել՝ անուն, ազգանուններով ու հայրանուններով չեն տարբերվում հայերից։ Նվազագույնը 200-500 ուդի կա Հայաստանում, իսկ առավելագույնը 1000-1500՝ համարյա Ադրբեջանում ապրող ուդիների թվին հավասար, ասաց նա։

«Մենք պետք է այդ հարցին լուրջ ուշադրություն դարձնենք, ուզում եմ գիտական համայնքի ուշադրությունը հրավիրել՝ եթե Ադրբեջանի թեզերին չհակադարձենք, մեծ վնաս կլինի մեր պետականության շահերին։ Չէ՞ որ նրանք հիմա հայտարարում են, որ եւ «Էջմիածինն է աղվանա-ուդիական, եւ Արեւմտյան Հայաստանի Սուրբ խաչը»։ Դրան դիմադրելը պետական մակարդակի գործ է, եկեղեցու մակարդակի գործ է»,- ասաց Այվազյանը։