«Փոխանցեք Ալիեւին, որ ինքն ուղիղ բանակցությունների մեջ մտնի ադրբեջանահայ համայնքի հետ». Այվազյան

Այսօր Երեւանում անցկացված «Շիրվանի, Գարդմանի եւ Նախիջեւանի հայությունը․ տեղաբնիկությունից մինչեւ փախստականություն» խորագրով գիտաժողովի ժամանակ Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, պատմաբան Գրիգորի Այվազյանը հայտարարեց, որ Ալիեւը պետք է ուղիղ բանակցի ադրբեջանահայ փախստականների համայնքի հետ՝ նրանց վերադարձը իրենց պատմական հայրենիք ապահովելու համար։

«Լավ կլիներ փոխանցել Իլհամ Ալիեւին այս առաջարկը, որ ինքն ուղիղ բանակցությունների մեջ մտնի ադրբեջանահայ համայնքի հետ՝ իրենց պատմական հայրենիք արժանապատից վերադառնալու համար՝ միջազգային անվտանգային երաշխիքների ներքո»,- ասաց Գրիգորի Այվազյանը։

Հիշեցնենք, որ օրերս Ալիեւը հայտարարել էր, որ Հայաստանն ուղիղ պետք է բանակցի այսպես կոչված «ադրբեջանցի փախստականների» համայնքի հետ։

Գրիգորի Այվազյանի խոսքով՝ Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի գույքային վնասը կազմում է մոտ 100 մլրդ դոլար։

Արցախցիների եւ գերիների հարցով շոշափելի առաջընթաց չի երեւում․ ՔՊ

Մենք քննարկել ենք ռազմագերիների եւ ղարաբաղցի փախստականների խնդիրները ԵԽԽՎ շրջանակում։ Այնուամենայնիվ, մենք չենք կարող պահանջել ԵԽԽՎ-ից ինչ-որ մի բան մանդատից դուրս։ Այս մասին Երեւանում դեկտեմբերի 9-ի մամուլի ասուլիսում ասել է պետաիրավական խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Քաղպայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ԵԽԽՎ-ն արել է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի ապահովի հայ ռազմագերիների վերադարձը, որոնք պահվում են Բաքվում։

«Այն բանաձեւերը, որոնք ընդունվել են ԵԽԽՎ շրջանակում, հստակ առնչվել են հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցին։ Այսինքն՝ մենք պարզապես չենք կարող պահանջել ԵԽԽՎ-ից մի ինչ-որ ավելի բան անել»,- ասել է Վարդանյանը՝ ավելացնելով, որ այս հարցի վերաբերյալ առայժմ որեւէ շոշափելի առաջընթաց չի երեւում։

Նման իրավիճակ է ստեղծվել նաեւ ղարաբաղցի փախստականների հարցում, նշել է խորհրդարանականը։

Բաքուն պայմանավորվում է Իսրայելի հետ հետագա գործողությունների մասին

Նախօրեին Երուսաղեմում հանդիպել են Ադրբեջանի նախագահի արտաքին քաղական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը և Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը։

«Մենք քննարկել ենք Մերձավոր Արևելքում և Կովկասում վերջին իրադարձությունները, տարածաշրջանային անվտանգությունը, ինչպես նաև Իսրայելի և Ադրբեջանի միջև երկկողմ ամուր հարաբերությունները»,- X-ում գրել է Իսրայելի դիվանագիտության ղեկավարը։

Իշխանության եկած ուժերը դեմ են Սիրիայում հիջաբ հագնելու պարտադրանքին

Զինված ընդդիմության հրամանատարությունը հայտարարել է, որ դեմ է Սիրիայում հիջաբ հագնելու պարտադրանքին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով սիրիական «Ալ Վաթան» թերթին։

«Գլխավոր հրամանատարությունը կտրականապես արգելում է կանանց որոշակի ոճի հագուստ պարտադրել և արտաքին տեսքի հետ կապված պահանջներ ներկայացնել»,- ասված է հրամանատարության հայտարարությունում։

“Նոյեմբերի 9-ի հայտարարությունն ամրագրեց Արեւելյան Հայաստանում 1918 թվականից տարված ցեղասպանության հետեւանքները”

«2020 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության դեմ հերթական ագրեսիային ակտիվ դերակատարում ուներ Ռուսաստանը, իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն իրականում ամրագրեց Արեւելյան Հայաստանում 1918 թվականից տարված ցեղասպանության հետեւանքները։ Եռակողմ հայտարարությունը ցեղասպանության մոդել էր, նոր փուլի սցենար, որի թիրախում միայն Արցախը չէ, այլ ողջ Հայաստանն է»,- այսօր «Շիրվանի, Գարդմանի եւ Նախիջեւանի հայությունը․ տեղաբնիկությունից մինչեւ փախստականություն» խորագրով գիտաժողովում ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։

Նա նշեց, որ «ռուս խաղաղապահները» նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն՝ փափուկ ուժի ճնշման տակ իրողություն դարձրին արցախահայության հյուծումը՝ սովամահության «կոլցո»-ով, ապա՝ Արցախի ամբողջական հայաթափումը։

«Նոյեմբերի 9-ի փաստաթղթով հայությանը զրկեցին ինքնապաշտպանությունից, ռուսական ճնշման տակ կքած ու հարմարված հայկական ռազմաքաղաքական վերնախավին պարտադրեցին զորքերը դուրս բերել։ Չեղավ ընդվզում, Արցախը հայտնվեց ռուս-թուրքական ակցանում, ցեղասպանությունն անխուսափելի էր։ Սակայն գոյութենական այս վտանգը, այն, որ այսօր ավելի վտանգավոր վիճակում է Հայաստանը, կրկին ադեկվատ չի գնահատվում, չի ընկալվում պետության ու հասարակության կողմից։ Չկա կենսատարածքի վրա մնացած խմբի պաշտպանբության ռազմավարություն։

Ռուսաստանը Թուրքիայի հետ Արցախի հանդեպ ցեղասպանական ագրեսիայի զավթողական արդյունքը պարտադրանքով տարածում է ՀՀ տարածքների վրա՝ Զանգեզուրով միջանցք-ցամաքային ճանապարհ կորզելու համար։ Առաջ է մղվում նաեւ «Արեւմտյան Ադրբեջանի» պրոյեկտը։ Հայկական քաղաքական վերնախավն ադեկվատ հակադարձման ռազմավարություն մշակելու, կիրառելու փոխարեն իր հանրությանը զբաղեցնում է բառախաղային զրույցներով։

Ինչպես ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների բոլոր տիպի իրավունքների վերականգնման հարցը դուրս մնաց հայկական քաղաքական վերնախավի օրակարգից, նույն դավադիր, հակահայ ու հակապետական քաղաքականությունն է իրականացվում այսօր Արցախից փախստականների հանդեպ։ Այսօր ընթացքող խաղաղության կեղծ բանակցային ձեւաչափի հիմքում Արցախի բռնի անջատումն է Հայաստանից, ինչպես Մոսկվայի պայմանագրով ու 1921 թվականի հուլիսի 5-ի Կովկասյան բյուրոյի որոշմամբ»,- ասաց նա։

Մարիամ Ավագյանի խոսքով՝ ՀՀ  շուրջ ռուս-թուրքական շանտաժի ու ահաբեկման քաղաքականությունը, Արցախի հարցի՝ ռազմական սպառնալիքի տակ արգելակումը ձեւակերպում են կենսական պահանջ՝ բանակցություններն անհապաղ վերադարձնել միջազգային միակ լեգիտիմ ձեւաչափ՝ Մինսկի խմբի ձեւաչափ։

Մինսկի խմբի նպատակն էր պատրաստել համաժողով, որտեղ կհաստատվեր Արցախի կարգավիճակը, ընդ որում, այդ  կարգավիճակը պետք է հաստատեին արցախցիները՝ հանրաքվեի միջոցով, ինքնորոշման սկսզբունքով։ «Մինսկի խմբի մանդատում ոչինչ առ այսօր չի փոխվել, Մինսկի խումբն այսօր գոյություն ունի, եւ բացի Բաքվից ու Մոսկվայից, ոչ ոք չի պահանջում այն լուծարել։ Մինսկի խմբի ձեւաչափը նոր աշխարհաքաղաքական իրավիճակում պահանջում է նոր օրակարգ ու նոր կազմ։ Նոր օրակարգի առանցքը հայության դեմ իր կենսատարածքում ընթացող ցեղասպանության կասեցումն ու կանխումն է։

Իսկ Ռուսաստանը սպառել է իր բանակցային գործընթացի համանախագահի վարկանիշը ու պատասխանատվություն է կրում արցախյան կոնֆլիկտի կողմնակալ, թրքահաճո լուծման համար դեռեւս 1994 թվականի մայիսի 9-ից, երբ ՌԴ կողմից պարտադրվեց հրադադարի մասին հայտարարությունը։ Ռուսաստանն այդժամ արդեն ապահովեց 2020-2023 թվականների Արցախի Հանրապետության ու հայության դեմ ֆիզիկական բնաջնջման քաղաքականությունը։ ՀՀ-ն՝ որպես միջնորդ խմբի երրորդ կողմ, կարող է ներկայացնել Արեւելքին, օրինակ՝ Հնդկաստանին»,- նշեց Մարիամ Ավագյանը։

Նա ասաց՝ ակնհայտ է, որ ԵԱՀԿ-ն, ստեղծելով Մինսկի խումբ, հաստատել է, որ չի ճանաչում Արցախը Ադրբեջանի մաս։ Հակառակ պարագայում, ինչպես այլ կոնֆլիկտների դեպքում, Մինսկի խումբն առաջ կտաներ միայն մեկ՝ տարածքային ամբողջականության սկզբունքը։ «Բայց Մինսկի խումբը հենց սկզբից կիրառեց երկու պայման, ինչն էլ փակուղի մտցրեց Արցախի հարցը։ Մի պայմանը՝ պատմական գործոնը հաշվի չեն առնվում, երկրորդ պայմանը՝ հայ-ադրբեջանական հակամարտության սկիզբը համարում են սովետմիության փլուզումը։ Սա հնարավորություն էր թուրք-ռուսական դաշինքի համար, որ Մինսկի խմբի ներկայությամբ Արցախի խնդիրն անջատեն 1921 թվականի մարտի Մոսկվայի հանցավոր պայմանագրից ու շրջանցեն 1921 թվականի հուլիսի 5-ի որոշումը՝ մեծ Արցախն Արդբեջանին նվիրելու հակաիրավական փաստը։

Մյուս կողմից, սա հնարավորություն էր՝ հանցավոր լռության մատնելու սովետմիության փլուզման նախաշեմին ընթացած ցեղասպանության մի ողջ ընթացք՝ 1988 թվականի փետրվարի 26-29-ի Սումգայիթն իր ողջ հրեշավորությամբ, 1988 թվականի «Կոլցո»-ները Շուշիի եւ Հադրութի շրջաններում, 1988 թվականի նոյեմբերի Գանձակը, Կիրովաբադը եւ Գարդմանքը, 1988 թվականի մարտից մինչեւ 1990 թվականի հունվարի 19-ը Բաքվի հայերի ջարդերը, այնուհետեւ 1991 թվականի ապրիլին Գետաշենի ենթաշրջանի «Կոլցո»-ն, 1992 թվականի ապրիլին Մարաղան, 1992 թվականի հունիսին Շահումյանի շրջանի ցեղասպանությունը։ Ցեղասպանության դրվագների այս շարքի եւ 1991-2023 թվակաների ռազմաքաղաքական դիմակայության համար հող նախապատրաստվեց 1921 թվականին Մոսկվայի պայմանագրով եւ Կովկասյան բյուրոյի հուլիսի 5-ի որոշմամբ»,- հայտարարեց Մարիամ Ավագյանը։

«Ցեղասպան թուրքը, 2020 թվականի հոկտեմբերին մխրճվելով Արցախ, ահաբեկեց հային հենց Սումգայիթով։ Սումգայիթը 20-րդ դարի վերջում թրքական ծրագրի հերթական փուլն էր, ցեղասպանության շարունակություն։ Սումգայիթը բացահայտեց սովետմիության քողարկված հակահայ քաղաքականությունն ու 1920 թվականից հայության գոյության դեմ մշակված սպառնալիքները։ Սումգայիթը տոտալ ցեղասպանության նոր սպառնալիքի մասին ահազանգ էր, ինքնապաշտպանության պահանջի ահազանգ։ Ցավոք, հայկական քաղաքական վերնախավը պարզապես չհասկացավ ու հետամուտ չեղավ, որ ցեղասպանության կանխարգելման հարցը բանակցային գործընթացում պետք է լիներ առաջնային նպատակ ու թիրախ։ Արցախյան հակամարտությունում ու հայ-թուրքական հարաբերություններում արհամարհվեց ցեղասպանության փաստը»,- հավելեց նա։

“Ադրբեջանը քաղաքական ու արհեստածին նախագիծ է”․ Գաբրիելյան

Փախստականների իրավունքների, այդ թվում՝ մշակութային իրավունքների պաշտպանության հարցը քաղաքական օրակարգի եթե ոչ թիվ մեկ, ապա գոնե ամենակարեւոր հարցերից մեկը պետք է լինի։ Այս մասին այսօր «Շիրվանի, Գարդմանի եւ Նախիջեւանի հայությունը․ տեղաբնիկությունից մինչեւ փախստականություն» խորագրով գիտաժողովի ժամանակ ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը։

«Ամեն օր, ամեն ժամ մենք ունենում ենք հերթական արձանագրումն առ այն, որ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, ինչ-որ մի կետից սկսվելով, ամենեւին դադարի մտադրություն չունի։ Այն, ինչ տեղի է ունեցել Շիրվանում, Նախիջեւանում, Գարդմանում, Արցախում, այսօր շատ վերլուծություններ ցույց են տալիս, որ որպես շարունակություն ուրվագծվում է Հայաստանի Հանրապետության հանդեպ»,- ասաց նա։

Նա նշեց, որ Ադրբեջանը քաղաքական ու արհեստածին նախագիծ է, որը, 1991-1992 թվականների ընթացքում ավարտին հասցնելով իր տարածքի հայաթափման գործընթացը, հետագա երեք տասնամյակների ընթացքում ավարտին հասցրեց հաջորդ արարը՝ դա Արցախի բռնի հայաթափումն էր։ «Արցախի հայաթափումը այլ կերպ, քան որպես էթնիկ զտում եւ ցեղասպանություն որակել հնարավոր չէ։ Վերլուծություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ցանկություններում կա հաջորդ արարը, եւ այդ արարը որպես օբյեկտ ունի Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց նշեց Գաբրիելյանը։

Վերին Լարսի սահմանով անցնելու հերթում գրանցվել է 1359 հայկական բեռնատար

Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 1,400 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում եղանակային վատ պայմանների պատճառով։

Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 4,654 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 1,359-ը հայկական են։

Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը

Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։

Լրագրողներին դեսպանատանը թույլ չեն տվել տեսանկարահանել կամ լուսանկարել այն։

Հակոբ Բաբայան․ Արցախում ամեն ինչ կիսատ թողեցի․ սկսել էի շարականների կատարումների նկարահանումներս

Արցախցի երաժիշտ Հակոբ Բաբայանը 6 տարեկան էր, երբ դժբախտ պատահարի պատճառով կորցրեց տեսողությունը, և նրա համար աշխարհը հավերժ մութ մնաց։ Սակայն Հակոբը չկորցրեց ամենակարևորը դա կյանքի հանդեպ ունեցած հույսն ու հավատն էր։ Նա իր մեջ գտավ այն անչափելի ուժը, որ իրեն թևեր տվեց ապրելու և ստեղծագործելու։ Իր կամքի ուժի ու տաղանդի շնորհիվ դարձավ ճանաչված երաժիշտ”

Արցախի հայաթափումից հետո Հակոբը բարեկամների հետ ապրում է Երևան քաղաքում։

-Ծնվել եմ Արցախի Խնապատ գյուղում։ Մանկությունս համընկել է Արցախյան առաջին պատերազմի տարիներին։ Հիշողությանս մեջ հայրս ու հորեղբայրներս են, որ գնում էին մարտի դաշտ, իսկ, երբ վերադառնում էին, մեր գերդաստանում ցնծում էին բոլորը։ Պատերազմի հաղթական ավարտից հետո  շարունակվում էին աղետալի իրադարձություններ լինել։

1995-ի ապրիլի 6-ն էր, իմ ծննդյան օրը։ Հորեղբորս տղաների հետ որոշեցինք այն նշել բնության գրկում։ “Ճղպրոտ” էր կոչվում այդ տեղամասը։ Փոքր էինք և չէինք հասկանում, որ ամենուր պատերազմի հետքեր են՝ չպայթած ռումբեր և ականներ։ Հենց այդ ռումբերից մեկն էլ պատահեց մեզ ու պայթեց մեր ոտքերի տակ։ Միայն երեկոյան մեր ծնողները կարողացան գտնել մեզ։ Եղբայրներս չփրկվեցին, իսկ ես կորցրի մեկ աչքս։

Երկար բուժում ստացա Երևան քաղաքում, հետո վերադարձա գյուղ ու 1996-ի սեպտեմբերին հաճախեցի դպրոց։ Երկու տարի հետո, սակայն, ես կորցրի նաև մյուս աչքս։ Լրիվությամբ կորցնելով տեսողությունս՝ տեղափոխվեցի Երևան և ուսումս շարունակեցի տեսողական խնդիրներ ունեցող հ․ 14 հատուկ դպրոցում։ Այնտեղ սովորեցի 10 տարի, որի ընթացքում հաճախում էի շվիի խմբակ։

Դպրոցական արձակուրդներին միշտ գնում էի գյուղ։ Հարազատներիս, ընկերներիս, համագյուղացիներիս միջավայրը հոգեհարազատ էր ինձ։ Այնտեղ երջանկանում էի ինձ ապրումակցող մարդկանց կողքին։ Խնապատում ես զգում էի մեր բնաշխարհի ողջ հմայքը, բնության հնչյունները հասնում էին մինչև հոգուս խորքը։ Թեև ոչինչ չէի տեսնում, սակայն պատկերացնում էի գյուղիս ամեն մի մասնիկը, ու դա ուժ էր տալիս ինձ։

Հակոբը նպատակ ուներ և հաստատակամորեն գնում էր նրա հետևից։ 2010-ին նա ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողնվագարանների շվիի բաժինը։ Հպարտությամբ է թվարկում իր ունեցած ելույթները

-Երբ ավարտել եմ կոնսերվատորիան, վերադարձել եմ Արցախ։ Աշխատանքի եմ անցել Ասկերանի “Բերդ” համույթում՝ որպես մենակատար։ Երազում էի, որ մեր մշակույթը լսելի լինի ամբողջ աշխարհում։ Տարբեր բեմերում բազմաթիվ ելույթներ եմ ունեցել, որոնցից յուրաքանչյուրը հիշում եմ սրտի թրթիռով։ Ամեն մի ելույթ առանձնահատուկ էր ինձ համար։

Առաջին ելույթս 2000-ին էր՝ Երևանի Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում։ Ներկայացել եմ Երևանի քաղաքապետարանում կազմակերպված միջոցառումների, արժանացել եմ պատվոգրերի։ Մասնակցել եմ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված “Իմ Հայաստան” դուդուկի համահայկական 2-րդ, “Երգում ենք Կոմիտաս” համահայկական փառատոններին, Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ցուցահանդեսին, “Հայկական հեքիաթները երեխաների աչքերով” միջոցառմանը՝ արժանանալով հավաստագրերի, շնորհակալագրերի և մեդալների։ Ուսման մեջ ցուցաբերած առաջադիմության համար “Տաշիր” բարեգործական հիմնադրամի կողմից արժանացել եմ դրամական պարգևի և հավաստագրի։ Դպրոցական 11 ընկերներիս հետ մեկնել եմ Փարիզ և նվագել հովանավոր Ալեն Միկլիդարյանի հետ հանդիպման ժամանակ։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին կազմակերպված համերգի ժամանակ նվագել եմ Արցախի պետական կամերային նվագախմբի հետ։

2016-ին Երևանի “Գաֆեշճյան” արվեստի կենտրոնում հանդես եմ եկել մենահամերգով։ Այդ ողջ տարիների ընթացքում ես նվագել եմ ու կշարունակեմ նվագել, որ համայն աշխարհն իմանա հայկական հարուստ մշակույթի մասին, որի պահպանումն այսօր ավելի քան անհրաժեշտ է։ Ցավոք, Արցախում ամեն ինչ կիսատ թողեցի․ սկսել էի շարականների կատարումների նկարահանումներս։ Հասցրել էի միայն նկարահանումներ անել Շուշիում՝ 2020-ի սեպտեմբերի սկզբներին։

Հայաստանում հաստատվելուց հետո

Արցախի շրջափակման ժամանակ գյուղում էի։ Բոլոր արցախցիների նման դիմանում էի ու սպասում կյանքի ճանապարհի բացմանը։ Սակայն առողջական խնդիրներիս պատճառով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով ստիպված տեղափոխվեցի Հայաստան ու չկարողացա այլևս հետ վերադառնալ։ Հետո մեկօրյա պատերազմ, Արցախի բռնատեղահանում․․․ Ծանր ապրումների և անորոշ իրավիճակի մեջ հայտնվեցինք բոլորս։ Հանգամանքներից ելնելով՝ մեկնեցի Ռուսաստան և մի քանի ամիս այնտեղ մնալուց հետո վերադարձա Հայաստան։

Շարունակում եմ ապրել Արցախ վերադառնալու հույսով։ Ինձ օգնում են հիշողությունները, այն գեղեցիկն ու վեհը, որ մնացել են իմ հայրնեի հողում։ Այստեղ դժվարություններ, իհարկե, կան։ Ինչքան էլ նվագեմ, ստեղծագործեմ, ապրեմ հուշերով, միևնույն է, ապրուստի միջոցներ են հարկավոր։

Ցանկանում եմ աշխատանք գտնել և մտածում եմ, որ հարմար կլինի, եթե ես ելույթներ ունենամ պանդոկ-ռեստորաններում և վաստակեմ իմ հանապազօրյա հացը։ Եթե հարմար աշխատանքներ առաջարկվեն, ուրախությամբ կընդունեմ։ Շատ եմ սիրում Գյումրի քաղաքը։ Կցանկանայի աշխատել ինչպես Երևանում, այնպես էլ Գյումրիում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Արցախցին դաժան ծեծի է ենթարկվել Չարենցավանի ոստիկանությունում, նա հիվանդանոցում է

Forrights

Արցախից բռնի տեղահանված Արա Օհանյանն ահազանգում է ոստիկանները իրեն ծեծի են ենթարկել։ 34-ամյա տղամարդը Forrights.am-ի հետ զրույցում ասաց, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում։ Արա Օհանյանն այժմ Միքայելյան բժշկական կենտրոնում է՝ տարատեսակ վնասվածքներով։

Ոստիկանները տղամարդուն ծեծի են ենթարկել այն բանից հետո, երբ աշխատավայրում՝ Չարենցավանի երկաթի ձուլարանում, կորել է կնոջ եղբոր ոսկյա շղթան։ Փորձել են գտնել, բայց ապարդյուն։ Արա Օհանյանը գործընկերներին առաջարկել է յուրաքանչյուրը մեկ-երկու հազար դրամ հավաքեն և տան շղթան կորցրածին՝ հաշվի առնելով նրա սոցիալական ծանր վիճակը։ Մի քանի օր անց ոչ շղթան է վերադարձվել, ոչ էլ գումարն են հավաքել ու տվել, շղթան կորցրած տղամարդը դիմել է ոստիկանություն։ Այնտեղ տեղեկացել են Արայի դրամահավաքի նախաձեռնության մասին և, ինչպես ինքն է պնդում, ծեծի ենթարկելով ստիպել են, որ մեղքն իր վրա վերցնի։

«Ոստիկանությունում փորձում էին ստիպել, որ դեպքը ես եմ արել, կորածը վզնոց է եղել։ Ասում էին, որ դու ես վերցրել, որ դրամահավաք կազմակերպես, պետի տեղակալն էր ասում։ Անուն ազգանունը Արթուր Իսկանդարյան էր, մեկի անունն էլ Սամվել էր, մյուսինը՝ չգիտեմ»,-Forrights.am-ի հետ զրույցում պատմեց Արա Օհանյանը։

Արա Օհանյանը Forrights.am-ին փոխանցեց, որ Չարենցավանի ոստիկանության բաժնի պետի տեղակալ Արթուր Իսկանդարյանն է իրեն ծեծի ենթարկել՝ այլ ծառայողների հետ, երբ պահանջել են ցուցմունքը իրենց նկարագրածով կազմել, բայց ինքը չի համաձայնվել։

«Խփում էին, որ պրիզնատ գամ: Ասում էին քո վրա վերցրա, մենք քեզ ոչ մի բան չենք անի, գործը կփակենք, կգնա։ Ձեռքով խփում էին, որ խփեցին թուլացա, ընկա գետին։ Գնում-գալիս հարց էին տալիս ու խփում էին, երբ իրենց ուզածը չէի ասում»,-ասում է արդեն մի քանի օր հիվանդանոցում բուժում ստացող Արա Օհանյանը։

Նա նշում է, որ մինչ այս էլ առողջական խնդիրներ ուներ, ոստիկանության բաժնում էլ է այդ մասին ասել, բայց դա ոչ թե մեղմացրել է իրավիճակը, այլ ավելի են սկսել դաժան վարվել։

«Ես լյարդի խնդիր ունեմ, արդեն մի քանի անգամ ԿՏ ու սոնոգրաֆիա են արել, հիմա աջ կողս ցավում է։ Ես իրենց տեղյակ եմ պահել, որ լուրջ խնդիր ունեմ, երբ առաջին անգամ փորիս հարվածեցին, մտածեցին՝ սուտ եմ ասում, որ չծեծեն։ Առաջին անգամ գնալուց սկսել են խփել»։

Արա Օհանյանը պնդում է, որ այս գործի շրջանակներում ոստիկանության ծառայողները ծեծի են ենթարկել նաև իր երկու այլ գործընկերների, որպեսզի մեղքը իրենց վրա վերցնեն։

Այս դեպքի մասին ահազանգել է նաև արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։ Ըստ նրա՝ Արա Օհանյանին ոստիկանները բռնության ենթարկելուց հետո սպառնացել են, որ ծեծի մասին չբարձրաձայնի։ «Ոստիկանները սպառնացել են նրան, որ ասի, թե վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով։ Արա Օհանյանը գտնվելով սպառնալիքների ներքո հիվանդանոցում նշել է, թե վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով, սակայն, հետո պատմել է, թե իրականում ինչ է տեղի ունեցել»,-հայտնում է Ռոման Երիցյանը՝ նշելով, թե ինչպես են իրադարձությունները զարգացել։

«Նրան կանչում են բաժին և առաջարում են, որ ընդունի իր մեղքը, սակայն, Արան չի ընդունում՝ նշելով, որ ինչու պետք է իր վրա վերցնի մի բան, որը չի արել։ Մեղքը չընդունելուց հետո ոստիկանության բաժնում նրան շատ դաժանաբար ծեծի են ենթարկում, գցում են գետնին ու ոտքով ու ձեռքերով հարվածներ հասցնում, քաշելով դուրս են բերում բաժնից»,-պնդում է փաստաբանը։

ՀՀ ՆԳՆ-ից Forrights.am-ին փոխանցեցին, որ նշվածի առնչությամբ ՆԳ նախարարի հանձնարարությամբ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։

Forrights.am-ը դիմել է նաև ՀՀ ՄԻՊ գրասենյակ։ Այստեղից փոխանցեցին, որ ուսումնասիրում են ահազանգը․ «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարին դեկտեմբերի 7-ին փաստաբան Ռոման Երիցյանի կողմից ահազանգ է ստացվել, առ այն որ Չարենցավանի բաժնում ոստիկանները ծեծի են ենթարկել քաղաքացու: Փաստաբանը տեղեկացրել է, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին և քաղաքացին այս պահին գտնվում է բժշկական կենտրոնում: Պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմում դեպքի մանրամասներն ուսումնասիրվում են, ահազանգի և ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա պարզաբանումներ կպահանջվեն նաև Ներքին գործերի նախարարությունից»:

Նարեկ Կիրակոսյան

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է սահման

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է հայ-ադրբեջանական սահման։

«Մեզ համար մեծ պատիվ է կենտրոնակայանում ընդունել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին»,- հայտնում են ԵՄ առաքելությունից։

Դեսպանը տեղեկացվել է առաքելության աշխատանքների մասին․ «Նա նաև միացել է Խաչիկ գյուղի պարեկին, որպեսզի տեղում հետևի մեր գործողություններին»,- ասված է գրառման մեջ։

Համեցեք տոնավաճառ, համեղ կլինի, եթե ժամանակին գաք

Svetlana Danielyanգրում է:

Tumanyan’s ART / Թումանյան’ս ART -ի Քրիստինը հրավիրել էր մասնակցելու մի նախագծի, որտեղ կանանց սովորեցնում էին թթխմորով հաց թխել, տարբեր տեսակի գաթաներ և փախլավա: Արդեն հաց էի թխում ու վաճառում, բայց հացի մասին գիտելիքներս խորացնելու ակնկալիքով գնացի։

Այսպիսով, եկեք մեր տոնավաճառ: Քիչ ենք, 10 հոգի էլ չկա։ Տեսականին ներառում է թթխմորով հաց, տարբեր տեսակի գաթա, փախլավա, տարբեր խմորեղեն և որոշ արհեստի գործեր։ Առավոտյան եկեք, որ մի բան հասնի ձեզ։

Իսկ ես կգնամ այնտեղ հացով՝ ամբողջական ձավարեղենով, տարեկանով, զանազան սերմերով, գաթաներով, մանդարինի մուրաբայով ու գեղեցիկ անձեռոցիկներոր, որոնք հյուսում եմ երկար երեկոներին՝ դասախոսություններ լսելիս։

Կսպասենք ձեզ Մոսկովյան 6/7 հասցեում, ժամը 11-17.00։ Մեզանից յուրաքանչյուրն իր հոգին է դնում այն ​​ամենի մեջ, ինչ անում է: Բայց եթե լուրջ, ինձ համար ամեն ինչ նման է խաղի։ Ես դա անում եմ պարզապես զվարճալի և անհավանական հաճույք եմ ստանում: Եվ երբեմն նույնիսկ փող։