Ասադը ընկավ, ոչ ոք ափսոսանք չհայտնեց, բայց Բայդենը ռիսկեր է տեսնում

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի միջամտի Սիրիայում տիրող իրավիճակին։ «Սիրիան խառնաշփոթ է, բայց դա մեր ընկերը չէ <…>։ Սա մեր կռիվը չէ. Թող նրանք խաղան իրենց կանոններով»,- ասել է Թրամփը։

Բայդենն իր հերթին ընդգծել է, որ Սիրիայում Ասադի վարչակարգի տապալումը «արդարության ակտ է»։ Նա նաև հույս է հայտնել, որ Սիրիայի ժողովուրդն այժմ կկարողանա կառուցել «ազատ հասարակություն»։ Միաժամանակ, Վաշինգտոնը հնարավորություն չի տա ահաբեկիչներին վերադարձնել Սիրիան իրենց վերահսկողության տակ, ինչի պատճառով հենց երեկ ԱՄՆ-ն ավելի քան 10 օդային հարված է հասցրել ԴԱԻՇ ահաբեկիչների ռազմական ճամբարներին։

Ապստամբների որոշ խմբավորումներ նույնպես ունեն «ահաբեկչության պատմություն», ասել է Բայդենը։ ԱՄՆ-ն ուշադիր հետևելու է ոչ միայն բուն խոսքերին, այլև ապստամբների գործողություններին։

Սիրիայի ժողովուրդը պետք է ինքնուրույն որոշի իր երկրի ապագան, ներառյալ նրա քաղաքական և կառավարական համակարգը: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկյանը, փոխանցում է IRNA-ն։

Իրանի ղեկավարն ընդգծել է սիրիական հասարակության տարբեր շերտերի միջև երկխոսության կարևորությունը՝ փոխըմբռնման հասնելու համար և հույս է հայտնել, որ ռազմական հակամարտությունը շուտափույթ ավարտվի և բռնությունը դադարեցվի։

«Սիրիայի ժողովուրդը պետք է հանգիստ միջավայրում, առանց կործանարար արտաքին միջամտության, որոշումներ կայացնի՝ համահունչ սիրիացի ազգի մեծությանը», – ասել է Պեզեշյանը։

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը ժամանել է Մոսկվա, Ռուսաստանը նրան ապաստան է տվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կրեմլի աղբյուրը։ Նա եկել էր ընտանիքի անդամների հետ։

Զինված ընդդիմության առաջնորդները Ռուսաստանին երաշխավորել են Սիրիայում ռազմակայանների և դիվանագիտական ​​հաստատությունների անվտանգությունը։ Աղբյուրն ընդգծել է, որ Մոսկվան հույս ունի շարունակել քաղաքական երկխոսությունը՝ հանուն սիրիացի ժողովրդի շահերի և Ռուսաստանի և Սիրիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման։ «Ռուսաստանը միշտ աջակցել է սիրիական ճգնաժամի կարգավորման քաղաքական լուծման որոնմանը։ Մենք ելնում ենք ՄԱԿ-ի հովանու ներքո բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությունից»,- ասել է աղբյուրը։

Իր հերթին Իսրայելը 1973 թվականից ի վեր առաջին անգամ բացահայտորեն մտել է Սիրիայի տարածք բուֆերային գոտուց դուրս, գրում է NYT-ը։ Թերթի աղբյուրները հաստատել են իսրայելական հարվածները Սիրիային։ Նեթանյահուն Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունները բացատրել է որպես սահմանների պաշտպանություն։

Axios-ը գրել է, որ Իսրայելը տեղեկացրել է Միացյալ Նահանգներին բուֆերային գոտում վերահսկողություն հաստատելու իր պլանների մասին՝ ասելով, որ դա ժամանակավոր քայլ է, որը կտևի մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ, մինչև սահմանի երկայնքով անվտանգության իրավիճակը կայունանա:

Էրդողանը, Պուտինն ու Նեթանյահուն նույն պլանով են գործում՝ հաջորդ կայարանը Հայաստանն է

Ներկայիս համաշխարհային առաջնորդներից միայն Պուտինն ու Էրդողանն են իշխանության ղեկին արդեն 22 տարի։ Այս մասին դեկտեմբերի 8-ին հայտարարել է Թուրքիայի նախագահը` ասելով, որ աշխարհում միայն երկու առաջնորդ կա, հայտնում է Hurriyet ռեսուրսը։ Նա իր հայտարարությունն արել է երիտասարդների հետ դիվանագիտական ​​ճակատում ունեցած հաջողությունների մասին խոսելիս։

Թուրքիայի նախագահը գովել է Պուտինին։ Նա ընդգծել է, որ ինքը և Պուտինը 22 տարի ղեկավարում են իրենց երկրները, ինչը նշանակում է, որ իրենք են հենց «համաշխարհային առաջնորդները»։ Ընդ որում, թիվ 1 առաջատարն անձամբ Էրդողանն է։

Էրդողանը չհիշատակեց Նեթանյահուին, ում հետ նրանք այժմ «սցենարով» թշնամիներ են, թեև Պուտին-Էրդողան-Նեթանյահու եռյակը երկար տարիներ աշխարհի «առանձնակի կեղտոտ գործերի գործակալությունն» է: Նրանց ձեռքով վերագծվում են սահմանները, ավերվում են ամբողջ պետություններ։

10 օրում Սիրիայի գրավումը պատմության մեջ կմտնի որպես Պուտին-Էրդողան-Նեթանյահու գործողության կարեւոր դրվագ՝ աշխարհը պառակտելու շուրջ մեծ կոնսենսուսի շրջանակներում։

Առաջին խոշոր գործողությունը Ղրիմում իրականացվել է 2014 թվականին, իսկ 2019 թվականին իսրայելամետ Զելենսկու իշխանության գալուց հետո Ռուսաստանը լայնամասշտաբ ներխուժում է սկսել 2022 թվականին։ Պատերազմը Ուկրաինայում, ըստ վերլուծաբանների, կշարունակվի մինչև Թրամփի երդմնակալությունը։ Էրդողանը բնականաբար ընդունելի է և՛ Զելենսկու, և՛ Պուտինի համար։ Պատերազմի արդյունքը պետք է լինի Ուկրաինայի մասնատումը, ընդհուպ մինչև դրա իսպառ վերացումը։

Հետո 2020-ին եղավ Ղարաբաղը. օպերացիան ձգձգվեց 3 տարի, որպեսզի ռուսները ժամանակ ունենան իրենց ձեռքը վերցնելու ողջ անվտանգության համակարգը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին հեշտությամբ զինաթափեն կատաղի կռվող արցախցուն և արտաքսեն երկրից։ Արցախը հայկական պետականության հենասյունն է, իսկ Արցախում հայկական հանրապետության կործանումը Հայաստանի հետագա վերացման գլխավոր պայմանը։

Արցախից տեղահանությունն ավարտվելուն պես թուրքամետ ՀԱՄԱՍ-ը պատերազմ սադրանք Պաղեստինում, որը սկիզբ դրեց Գազայի եւ Լիբանաի ոչնչավմանը։ Եվ կրկին ուժի մեջ էր Պուտին-Էրդողան-Նեթանյահու եռանկյունին։ Թրամփի գալուց հետո ոչ ոք չի խոսում Պաղեստինի ճանաչման մասին, այլ ավելի շուտ բնակչության ամբողջական արտաքսման, Պաղեստինի «փակման» և Լիբանանի վերացման մասին։

Հիմա եկել է Սիրիայի ժամանակը. Ռուսաստանն այնտեղ զորքեր ուղարկեց 2015 թվականին, յուրացրեց անվտանգության համակարգը, որը նախկինում կառուցված էր Իրանի կողմից, իսկ Թրամփի վերադարձից հետո Սիրիան հեշտությամբ հանձնեց Թուրքիային և Իսրայելին:

Սխեման գործում է անթերի. ժամանակ առ ժամանակ «առաջնորդները» թշնամանք են խաղում՝ ցույց տալով, թե ով է ալֆա որցը։ Բայց կարծես թե Պուտինը հրաժարվել է առաջնորդությունից՝ “բավարարվելով” հետխորհրդային տարածի սլավոնական մասով՝ Ուկրաինա, Բելարուս։

Հաջորդ կայանը Հայաստանն է, թուրքական կառավարությունն արդեն ասում է, որ Ասադը չէր ուզում սեղմել Թուրքիայի մեկնած ձեռքը, դրա համար էլ ամեն ինչ այսպես եղավ։ Թուրքիան, ինչպես գիտեք, «ձեռքը մեկնել է» նաեւ Հայաստանին և այժմ պահանջում է Բաքվի հետ համաձայնագրի շուտափույթ ստորագրում։

Մակրոնը “ներկայացրել է” Փաշինյնին Թրամփին եւ Մասկին

Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ Փարիզում ներկա է գտնվել Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը, շփումներ ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի, ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի և այլոց հետ:

Երեկոյան Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Ելիսեյան պալատում մասնակցել են Էմանյուել և Բրիջիթ Մակրոնների անունից:

«Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությունը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շփվելու լավ առիթ ընձեռեց», – Ֆեյսբուքում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ նաև լուսանկար հրապարակելով:

Ֆեյսբուքյան մեկ այլ գրառմամբ Փաշինյանը հայտնում է, որ Իլոն Մասկի հետ շփվելու առիթ նույնպես ունեցել է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մասկը խոստացել է Հայաստանը միացնել իր Սթարլինք համակարգին։ 

Փաշինյանն իր հերթին Թրամփի ընտրվելուց հետո դադարեցրել է խոսալ ժողովրդավարության մասին եւ, ուժային բլոկի ղեկավարներին առանց բացատրության պաշտոնանկ անելով, ցույց տվել Թրամփին, որ ինքն է Հայաստանի “դիկտատորը”։   

Դամասկոսը գրավվեց, Ասադը հեռացավ Սիրիայից, Էրդողանը հաղթեց

Մինչ աշխարհի առաջնորդները բացում էին Փարիզի Աստվածամոր տաճարը, որը վերականգնվել էր 2019 թվականին հրդեհից հետո, Թուրքիան գրավեց Սիրիան:

Թուրքամետ ուժերը «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (HTS) խմբավորման գլխավորությամբ մտել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս, հայտնում են լրատվական գործակալությունները կիրակի լույս 8-ի գիշերը։ Ապստամբների կոալիցիան սոցցանցերում հայտնել է, որ «բռնակալը փախել է», և երկրի մայրաքաղաքն ազատագրվել է։

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Դամասկոսից հեռացել է «անհայտ ուղղությամբ», Reuters-ին հայտնել են նաև սիրիական բանակի երկու բարձրաստիճան սպաներ: Ասադը մեկնել է Դամասկոսի միջազգային օդանավակայանից։

Սիրիայի վարչապետ Ալ-Ջալիլին Facebook-ում հրապարակված տեսանյութում ասել է, որ պատրաստ է կառավարական լիազորությունները փոխանցել Սիրիայի ժողովրդի կողմից հավանության արժանացած ցանկացած ղեկավարության։

Սիրիական բանակի հրամանատարությունը սպաներին տեղեկացրել է, որ «նախագահ Ասադի կառավարումը ավարտվել է», հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով բանակի աղբյուրները։

Ապստամբների կոալիցիան կոչ է արել սիրիացիներին, ովքեր լքել են իրենց հայրենիքը, «վերադառնալ ազատ Սիրիա»։

Էրդողանի դուստրը գրել է.«Ասադը պարտված է, Էրդողանը հաղթեց»։

17-րդ կետ․ Հայաստանի նվաճումը «ոչ պատերազմով»

Երեկ խորհրդարանը գրեթե պաշտոնապես քննարկեց Բաքվի հետ «խաղաղության պայմանագրի» տեքստում «ադրբեջանցիների վերադարձի» մասին կետի հարցը։ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, թե ոչ հաստատում է, ոչ հերքում դա։

Իր հերթին, Մալթայում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ պայմանագրի տեքստի 17 կետերից 15-ը համաձայնեցվել են, թեկուզ սեպտեմբերին ասում էր, որ կետերի թիվը 16 է, և լրագրողները եզրակացրին, որ 17-րդ կետը հենց «ադրբեջանցիների վերադարձի» մասին է։

Ալիևն արդեն իր հայացքն ուղղում է դեպի Երևան՝ Կոնդ, Կապույտ մզկիթի և պարսկական ժառանգության այլ վայրեր, որոնք Ալիևը հեշտությամբ վերագրում է իրեն։ Հայաստանի իշխանությունը չի առարկում. Կոնդն արդեն հայտարարվել է «գերիշխող հանրային շահի գոտի» և պետք է վերածվի անտեր «արգելոցի»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասում է, որ քանի որ Փաշինյանը կարծում է, թե Կիրանցի երեխաներն ադրբեջանցիներից 20 մետրի վրա ավելի ապահով են, ուրեմն ինքը, հավանաբար, եւս ցանկանում է, որ ադրբեջանցիները ապրեն իր հետ նույն թաղամասում՝ Կոնդում։

«Ադրբեջանցիների վերադարձի» գաղափարը մշակվում է արդեն մի քանի տարի։ Նախ փոխվեց ՀՀ տեղական ինքնակառավարման մասին օրենքը, և մտցվեց կետ առ այն, որ Հայաստանում բնակեցումից մեկ տարի անց նորաթուխ «քաղաքացիները» կարող են ընտրել իրենց ինքնակառավարման մարմինները։ Երկրորդ՝ «Խաչմերուկ» ծրագիրը մշակվել է հատուկ «վերադարձի» համար, որպեսզի բացված ճանապարհների «անվտանգությունն» ապահովեն ճանապարհների երկայնքով հաստատված «ադրբեջանցիները»։ Եվ ևս մեկ գործոն. սոցցանցերում ասում են, որ Երևանում և մայրաքաղաքի շրջակայքում գտնվող բազմաթիվ նոր շենքեր արդեն գնել են թուրքերը կամ նրանք, ովքեր հետագայում մտադիր են համալրել Հայաստանի «ժողովրդագրությունը»։

«17-րդ կետի» հարցը Հայաստանում ավելի շատ քննարկվում է հուզական հարթության վրա, առանց քաղաքական գնահատականների ու վերլուծությունների՝ որքա՞ն թշնամական բնակչություն կարող է ժամանել Հայաստան, քանի՞ տոկոս է կազմելու ընդհանուր բնակչության մեջ, քանի տարի հետո հայերը փոքրամասնություն կդառնան Հայաստանում։ Չի քննարկվում նաև, որ Հայաստանը պատերազմով չի նվաճվելու, ինչպես խոստացել էր Փաշինյանը, այլ ժողովրդագրությամբ և հայ բնակչության լուծմամբ։

Հայ-ադրբեջանական հակամարտությունն ի սկզբանե տարբերվում էր նմանատիպ այլ հակամարտություններից բնակչության ամբողջական տարանջատմամբ. 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին տեղի ունեցավ «անջատում»: Մի կողմից, դրանք սարսափելի տարիներ էին Բաքվում և այլ քաղաքներում բնակվող ավելի քան կես միլիոն հայերի համար, ովքեր լքել էին իրենց տները, ինչպես նաև Ղարաբաղի և Հայաստանի այլ շրջանների քուրդ և թյուրք բնակչության համար։ Բայց մյուս կողմից թվում էր, թե «բնակչության փոխանակումը» «կփոխհատուցի» տարածքային փոփոխությունները։

Բայց դա տեղի չունեցավ, այդ թվում նաև այն պատճառով, որ հայկական դիվանագիտությունը 30 տարի չկարողացավ ստորագրել առնվազն մեկ քաղաքական և իրավական փաստաթուղթ, որը կարձանագրեր տարածքային և ժողովրդագրական փոփոխությունները։

2020-203 թվականների պատերազմից հետո նույն իրավիճակը ստեղծվեց, բայց այս անգամ հայկական կողմը տարածքներ կորցրեց, և միայն Արցախի հայ բնակչությունը տեղահանվեց։ Տարածքային ու ժողովրդագրական նոր դասավորվածությունը ամրագրող փաստաթղթի ստորագրումը Հայաստանի վերջն է լինելու։ Իրականում սա է նպատակը։

Այս տեմպերով մի քանի տարի անց հայերը փոքրամասնություն են լինելու Հայաստանում

Ծնելիության անկում, արտագաղթ, ուղեղների արտահոսք, վաղաժամ մահեր, ծերացող հասարակություն. սա Հայաստանի ժողովրդագրական պատկերն է:

Ինչպես գրում է Ազատությունը, անցած տարի Հայաստանից ավելի շատ քաղաքացի է մեկնել, քան՝ ժամանել։ Բացասական հաշվեկշիռն ավելի քան 36 հազար է։ Մեկնողների և չվերադարձողների թիվը 10 տարվա կտրվածքով արդեն գրեթե 300 հազարի է հասել։ Վերջին տասնամյակում միայն 2020 թվականին է ժամանողների թիվը գերազանցել մեկնողներինը։

Հայաստանում ծնելիության գործակիցը տատանվում է 1.6–1.7 շրջանակներում, այն տարիներ շարունակ չի փոխվում։ Իսկ բնակչության բնական աճի համար անհրաժեշտ է, որ այդ գործակիցը հասնի առնվազն 2.2-ի։ Հայաստանում միայն այս տարվա հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 7.2 տոկոսով։

Բնակչության 39 տոկոսը վերաբերում է տարեց սերնդին՝ 65 տարեկանից մեծ, իսկ երիտասարդ սերնդին հասնում է միայն 61 տոկոսը, այս տեմպերով 2050 թվականին 60 տոկոսը մեր ռեսուրսների վերաբաշխվելու է տարեց սերնդի համար, և միայն 40 տոկոսն է հասնելու երեխաներին՝ մինչև 15 տարեկան սերնդին:

Համաձայն ՄԱԿ-ի 2019-ի հետազոտությանը՝ Հայաստանի մշտական բնակչությունը 2050-ին կկազմի 2.5 միլիոն: Հայաստանում այժմ մշտական բնակչության թիվը 2.9 միլիոն է։

Սակայն կառավարությունը համարում է, որ 300 հազարից 1.5 մլն դրամ երեխայի ծննդի համար միանվագ նպաստը  պետք է վերանայվի, որպեսզի վերացվի «փող տանք, որ երեխա ունենաք» սկզբունքը: Արդյո՞ք դա նշանակում է, որ երեխա ունենալու միակ քիչ թե շատ խթանող ծրագիրը միտումնավոր վերացվում է։

Հայաստանում բազմաթիվ այլազգի աշխատանքային միգրանտների առկայության, “ադրբեջանցիների վերադարձի” մասին խոսակցության ֆոնին կարելի է ենթադրել, որ մի քանի տարի հետո հայերը փոքրամասնություն են լինելու Հայաստանում։  

«Մեր հայրենակիցներից շատերը խոսում են Արցախ վերադառնալու մասին։ Ես իմ կարծիքն ունեմ այս հարցում»

Արցախյան ազգային-ազատագրական պայքարը հայ ժողովրդի պատմության ամենակարեւոր էջերից է։ Շատերն իրենց կյանքն ու առողջությունը տվեցին հանուն դարավոր Արցախի ազատության և անկախության։

Գարիկ Ասկարյանը Արցախյան առաջին պատերազմի վետերաններից է։ Մարտական ​​գործողությունների ընթացքում նա ստացել է երեք կոնտուզիա, ինչը հետագայում դարձել է ավելի լուրջ առողջական խնդիրների պատճառ։ 2013 թվականին նա ինսուլտ է տարել։ Երկարատև բուժումից հետո նրան ուղարկել են Ստեփանակերտի Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոն՝ վերականգնողական նպատակով։

«Կենտրոնում ինձ շատ ջերմ ընդունեցին, անձնակազմն այնքան պրոֆեսիոնալ էր աշխատում, որ երբեմն ինձ թվում էր, թե եվրոպական առաջատար կլինիկաներից մեկում եմ: Բացի պրոցեդուրաներից, այնտեղ անցկացրեցի հիանալի ժամանց։ Բուժումը դրական արդյունքներ տվեց թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես, թե՛ հոգեբանական առումով։ Եթե ​​չլինեին 44-օրյա պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները, որոնց պատճառով ես ստիպված էի ընդհատել բուժումը, մենք ավելի լավ արդյունքների կհասնեինք։

44-օրյա պատերազմի ավարտին ընտանիքով վերադարձանք հայրենիք Արցախ՝ խաղաղ ապագայի հույսով։ Մենք, ինչպես ողջ արցախցիները, կարծում էինք, որ ռուս խաղաղապահների առկայությունը անվտանգության անվերապահ երաշխիք է, բայց, ցավոք, մեր հույսերը չարդարացան։ Ռուսների ներկայությամբ Բաքվի իշխանությունները, փակելով Բերձորի միջանցքը, 9 ամիս սովի են մատնել 120 հազար բնակչությանը՝ երեխաներին, ծերերին, հիվանդներին։ Սնունդ չկար, գազ չկար, լույս չկար։ Հիվանդանոցներում ու դեղատներում դեղեր չկային, ինչի պատճառով էլ հիվանդների վիճակն ամեն օր վատանում էր։

Անցնելով այս բոլոր տանջանքներն ու փորձությունները՝ արցախցիները չկորցրին լավատեսությունը։ Մենք շարունակեցինք արժանապատիվ ապրել՝ հաղթահարելով բոլոր դժվարությունները։ Բայց նման շրջադարձ ոչ ոք չէր սպասում. Արցախը, որը դարեր շարունակ հայաբնակ էր, էթնիկ զտումների արդյունքում մաքրվեց հայ բնակչությունից։

Արցախից բռնագաղթվելուց հետո տեղափոխվեցինք Գյումրի, որտեղ մեզ շատ ջերմ ընդունեցին։ Այնտեղ ապրեցինք վեց ամիս, որից հետո իմ առողջության վրա բացասաբար ազդող բնակլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով ստիպված եղանք տեղափոխվել Երևան։

Վարձել ենք բնակարան չորրորդ հարկում։ Բնակարանը և շենքն ամբողջությամբ պիտանի չեն ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար, սակայն դժվարությունները հաղթահարելի են․ իմ ընտանիքի շնորհիվ ես կարող եմ դա անել:

Ես երազում եմ միայն մեկ բանի մասին՝ վերսկսել վերականգնողական գործընթացը, քանի որ առանց դրա իմ վիճակն օրեցօր վատանում է։ Այս առումով կցանկանայի, որ Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնը հնարավորինս շուտ վերսկսի իր գործունեությունը։

Մեր հայրենակիցներից շատերը խոսում են Արցախ վերադառնալու մասին. ես իմ կարծիքն ունեմ այս հարցում։ Անիծյալ պատերազմների պատճառով ես կորցրի իմ եղբորը, առողջությունս և երկար տարիների աշխատանքի արդյունքում ձեռք բերված ունեցվածքը: Եվ վստահաբար կարող եմ ասել՝ Արցախ կվերադառնամ միայն այն դեպքում, եթե այն դե ֆակտո և դե յուրե պատկանի Հայաստանին։ Հակառակ դեպքում նա միշտ կռվախնձոր կմնա, և ես մտադիր չեմ նորից վերադառնալ հակամարտության գոտի, ապրել վախի մեջ և կորցնել հարազատներիս»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց Գարիկը։

Արսեն Աղաջանյան

Գյումրիում վերաօծվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Գյումրիում կատարվել է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը։

Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տաճար բերվեց Սուրբ Խաչի մասունքը։

ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապանյանը նշեց, որ երկար տարիներ դեկտեմբերի 7-ը սգո օր էր. «Տաճարի բացումով, վերականգնումով, վերաօծմամբ փաստում ենք, որ Գյումրին վերածնվում է։ Քաղաքը հողից չհավասարեցվեց, չկործանվեց, քանի որ նրա բնակիչները հավատացին հարության հրաշքին»,- ասաց սրբազանը։

Գարեգին Բ Կաթողիկոսն իր հերթին նշել է, որ 1988 թվականին ավերված 150-ամյա տաճարը վերաբացում է իր դռները երկրաշարժից 36 տարի անց։

Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 7-ի և 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 8-ի և 12-ի ցերեկը, 9-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին հյուսիսարևելյան 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետում», Երեւանում դեկտեմբերի 7-ի և 9-ի ցերեկը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 8-ի երեկոյան ժամերին, 9-ի գիշերը, 12-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -2 -4, վաղը ցերեկը՝ +4+6։

“Ջուլի հանդմեյդ”՝ ձեռագործ իրեր Արցախի կարոտով

Գործելիս մտովի ճանապարհորդում եմ իմ կյանքի օրերով՝ Արցախում

«Ցանկացած արցախցու ճակատագիր լի է ուրախ ու ողբերգական իրադարձություններով: Մեզանից յուրաքանչյուրը կարող է խոսել պատերազմի սարսափների, կորցրած հարազատների ու ընկերների, շրջափակումների մասին։ Բայց այնուամենայնիվ բոլորս հիշում և կարոտում ենք հետպատերազմյան երջանիկ տարիները»։

Մոնիկա Գրիգորյանը ծնվել և ամբողջ կյանքը ապրել է Արցախում` Ստեփանակերտում, իսկ ամառային արձակուրդները ինչպես շատ շատերը, անց էր կացնում հայրենի` Մարտունու շրջանի Հերհեր և Կարմիր Շուկա գյուղերում:

Հիմա չի հիշում, վերջին անգամ երբ էր եղել հայրենի գյուղերում, շարունակվող հյուծիչ շրջափակումը և հետագա դաժան տեղահանումը թույլ չտվեցին նույնիսկ վերջին անգամ հրաժեշտ տալ:

«Հենց ամառային արձակուրդները սկսվում էին, հաջորդ օրը գնում էինք գյուղ, ու այդպես մինչև սեպտեմբեր: Մեզ գյուղում «դաչնիկ էին» անվանում, բայց մինչ այժմ հիշում ենք այդ երանելի օրերը: Դե հետո ամեն ինչ փոխվեց` պատերազմ էր սկսվել»:

Հենց 90-ականնարի պատերազմի ժամանակ նա սկսեց ձեռագործությամբ զբաղվել:

«Մութ և ցուրտ տարիներն էին, մի օր տանը, մի օր ապաստարանում, հավաքվում էինք ու տարբեր ձեռագործ իրեր էինք գործում: Այդ ժամանակ կանայք հիմնականում գործում էին պատերազմում գտնվող  տղամարդկանց համար` գուլպաներ, գլխարկներ»:

90-ակաների այդքան սպասված հաղթանակին փոխարինեց 2020 թ. դաժան պատերազմը և 2023թ. Արցախի հայաթափումը, որը ուղեկցվում էր մարդկանց ընդմիշտ խեղաթյուրված ճակատագրերով:

«90-ականերից հետո մինչ քառօրյա պատերազմը թվում էր թե ամեն ինչ ետևում էր, բայց հետո տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ… որդուցս  50 օրից ավել տեղեկություն չկար, չգիտեինք, ողջ է, թե չէ: Ծնողի համար աննկարագրելի զգացողություն է, երբ գիտակցում ես, որ երեխադ պատերազմում է, իսկ դրսում արդեն 21-րդ դարն է: Ամուսինս էլ իր զինակից ընկերներով այդպես էլ դուրս չի եկել Արցախից, ասում էր, որ ինչ էլ որ լինի, առանց իր երեխայի դուրս չի գալու: Փառք Աստծո, այդքան սպասումից հետո մեր ամուսնության օրը` նոյեմբերի 14-ին զանգեց»:

Տիկին Մոնիկան տեղահանումից հետո ընտանիքով հաստատվել է Չարենցավանում և այժմ փորձում է իր փոքրիկ գործը սկսել, ինչպես արցախցի շատ կանայք, որոնք փորձում եմ մի փոքր մեղմացնել իրենց ընտանիքի հոգսը:

«Ամբողջ կյանքս հաշվապահ եմ աշխատել, բայց միշտ հեռու եմ եղել առևտրից, միևնույն ժամանակ մոտ արվեստին: Այնպես է ստացվել, որ գրեթե ոչ մեկս այլևս մեր մասնագիտությամբ չենք աշխատում, բայց պետք է ոտքի կանգնել, դրա համար փորձում ենք ինչ-որ բանից սկել՝ մեկը ժենգյալով հաց է պատաստում, մյուսը հրուշակեղեն, իսկ ես ձեռագործ իրեր: Իմ բոլոր աշխատանքները մեծ սիրով եմ գործում, միշտ փորձում եմ յուրահատուկ լուծումներ գտնել»:

Ձեռագործ աշխատանքների բրենդի համար երկար են անուն փնտրել և վերջապես որոշվեց, որ այն պետք է կրի տիկին Մոնիկայի մայրիկի անունը, որը նույնպես ժամանակին ձեռագործությամբ էր զբաղվում:

«Հիշում եմ մայրիկս ինչպես էր մեզ համար յուրահատուկ շորեր կարում, մենք էլ ահավոր ուրախանում էինք: Ի դեպ, իմ տատիկը նույնպես կար ու ձևով էր զբաղվում` գյուղի դերձակն էր: Երևի հենց իրանց շնորհիվ է, որ այդպիսի շնորք ունենք»:

Սկզբում չէր պատկերացրել, որ իր աշխատանքներով կարող են հետաքրքրվել և նույնիսկ գնել: Սկզբում միայն գործում էր հարազատների համար:

«Սկզբում ուղղակի հարազատներիս համար էի գործում, որ գոնե օրս անցնի, քանի որ ամբողջ կյանքս աշխատել եմ և հիմա առանց աշխատանք շատ դժվար է»:

Տիկին Մոնիկան փաստում է, որ մեծ սիրով է ստեղծում իր աշխատանքները ու ամեն օր փորձում է ավելի կատարելագործվել:

Ինչպես շատ շատերը, երազներում Արցախում է: Հիմա չգիտի, կվերադառնան մի օր, թե ոչ:

«Ավելի քան մեկ տարի է անցել այն պահից, երբ մեզ ստիպեցին լքել մեր տները։ Հայաստանում ասում են, որ պետք է համակերպվել, բայց արդյո՞ք դա հնարավոր է: Ամեն օր մտքերով Արցախում եմ: Ցավը նույնիսկ մեկ գրամով չի պակասել, ընդհակառակը մի քանի անգամ ավելի է սաստկացել:

Ալվարդ Գրիգորյան

«44-օրյա պատերազմն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել է, որ ամեն ինչ կոծկի, պարտակի»

Թեեւ սպասվում էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը պետք է հրապարակեր ամփոփիչ զեկույց, բայց մինչ օրս հանրությանը ներկայացված չէ այդ զեկույցը։ Իշխանության կողմից չկա բացատրություն, թե ինչո՞ւ է ձգձգվում զեկույցի հրապարակումը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ գործող հանձնաժողովը ձգձգում զեկույցի հրապարակումը։

«44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաքելությունը ոչ թե պատերազմը, դրան նախորդող իրադարձությունները, պատերազմի կառավարումը, պատերազմի դադարը կարգավորող փաստաթղթի ստորագրումը օբյեկտիվ քննելն էր, այլ այդ հանձնախմբի միակ նպատակը Նիկոլ Փաշինյանին անմեղ հանել էր, մաքրագործելն էր։ Հավանաբար իրենք քննել են եւ այնքան նյութ են տեսել, որոնք խոսում ենք այս իշխանությունների սխալների, եթե ոչ գիտակցված գործողությունների մասին, որ հիմա իրենց ավելի շատ ժամանակ է պետք՝ այս բոլոր հետքերը կորցնելու համար։ Այդ հանձնաժողովը չի ստեղծվել, որպեսզի օբյեկտիվ քննություն իրականացնի եւ ճշմարտությունը ներկայացնի՝ նախապատերազմյան զարգացումների, բանակցային գործընթացի վիժեցման, դիվանագիտական մեկուսացման մեջ հայտնվելու մասին, Նիկոլ Փաշինյանի գրառումների մասին, որ՝ հեսա հուժկու հարձակում ենք ստեղծում, այլ ստեղծվել է, որ այդ ամենը կոծկի, պարտակի»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի հասարակությունը տեղյակ չլինի, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ «Դա է պատճառը, որ մենք լրիվ այլ մոտեցում էինք առաջարկում, որը հնարավորության սահմաններում կապահովեր օբյեկտիվությունը։ Հիմա ես վստահ եմ, որ քանի այս իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է, որեւէ շանս չկա դրա մասին ճշմարտությունն իմանալու։ Ավելին ասեմ, որպեսզի հետագայում համեմատելու եզրեր էլ չլինեն, իրենք նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի մասին ոչինչ չեն հրապարակել։ Այն, ինչում այն ժամանակվա ընդդիմությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, մեղադրում էր իշխանություններին, տասնապատիկ, հարյուրապատիկ ավելի վատ իր իշխանության ժամանակ է»,- հավելեց Արթուր Խաչատրյանը։

Ռոզա Հովհաննիսյան

«Փողոցում ենք հայտնվելու»․ արցախցի յոթ հոգանոց ընտանիքում չորսը զրկվելու են պետական աջակցությունից

Forrights

«Ես հիմա այդ նկարներով եմ ապրում»,-Forrights.am-ի հետ զրույցում Արցախից բռնի տեղահանված Ալինա Հովսեփյաը թերթում է հեռախոսի լուսանկարներն ու ցույց տալիս Ստեփանակերտի իր տունը, որոնք հիմա հիշողությունների միակ փաստական ապացույցն են դարձել։  «Նկարել եմ իմ տունը, բակը, ծաղիկները, ինչով զբաղվել եմ, հաճախ եմ նայում՝ օրը մի քանի անգամ։ Ես ֆիզիկապես այստեղ եմ, բայց կյանքը այնտեղ է մնացել»,-ասում է բազմանդամ ընտանիքի մայրը։

Ալինա Հովսեփյանի ընտանիքը բաղկացած է յոթ հոգուց։ Արցախի բլոկադայի պայմաններում, իսկ հետո արդեն սեպտեմբերի 19-ին սկսված ռազմական գործողությունների հետևանքով ընտանիքի անդամները ստիպված միմյանցից հեռու են ապրել։ Որդիներից մեկը դիրքերում է եղել։

«Իմ ընտանիքը հիմա էլ է կիսված։ Տղաս մեր հետ է ապրում, իսկ հարսս ու երկու տարեկան թոռնիկս՝ հարսիս ծնողների հետ։ Տղաս աշխատանք չունի, չի կարողանում տուն վարձի, իսկ այս տանը չենք կարող յոթ հոգով ապրենք»,-տիկին Ալինան ամուսնու և երեք տղաների հետ բնակվում է Էջմիածինում՝ երկուս սենյականոց բնակարանում։

Տունը չի բավարարում բազմանդամ ընտանիքի համար, թոռնիկը և հարսն ապրում են Գավառում։ Ընտանիքի երեք անդամ դիմել են քաղաքացիության համար, անցել է վեց ամիս, բայց նորություն չկա։  Հովսեփյանների ծանր սոցիալական կենցաղն էլ ավելի է դժվարանալու, երբ գարնանը ուժի մեջ մտնի կառավարության նոր որոշումը, որով արցախցիների մի մասը զրկվելու է պետության տված բնակվարձի և կոմունալ վճարների աջակցությունից։ Հիմա յոթ հոգանոց ընտանիքը ստանում է 350 հազար դրամ, իսկ մարտից աջակցությունը, որը դառնալու է 50-ի փոխարեն 40 հազար դրամ, ստանալու են տան անչափահաս երկու երեխաները և տիկին Ալինայի հաշմանդամություն ունեցող ամուսինը։ Աջակցությունը մարտից այս ընտանիքի համար կրճատվելու է դառնալով 120 հազար դրամ։

«Այս տանը մենք տալիս ենք 150 հազար դրամ, այն էլ տերն է մեզ ընդառաջել, որ այս գնով տա, էժան տուն չկա։ Մենք փողոցում ենք հայտնվելու, այդ գումարով չենք կարող բնակարան գտնել»,-ասում է տիկին Ալինան ու նշում, թե ինչ դժվարությունների միջով են անցնում ամեն օր՝ աշխատանք չգտնելու պատճառով։

«Հարսս չի կարող աշխատել, երեխան երկու տարեկան է։ Տղաս մի քանի տեղ աշխատել է, բայց մշտական աշխատանք չի գտնում։ Ես պատմության ուսուցչուհի եմ, մեկ ամիս խանութում եմ աշխատել, ոտքերի հետ կապված խնդիրներ եմ ձեռք բերել։ Գրանցված եմ որպես գործազուրկ, բայց դեռ ոչ մի բան չեն առաջարկել։ Նույնիսկ երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող տղաս է աշխատանք փնտրում, բայց չեն տալիս։ Եկեղեցում պահակի տեղ կար, գնաց, մերժեցին, Ստեփանակերտում աշխատում էր պահակ»,-պատմում է մայրը։

Ընտանիքը մինչև 2017 Ստեփանակերտում վարձով է ապրել, այդ թվականից սկսած տուն են ստացել, որի մի մասը հագուստի խանութ են դարձրել ու կարողացել ապրել։ Հիմա ամեն ինչ կորցրել են։ Աշխատանք չի գտնում նաև Արցախում դիրքեր պաշտպանած մյուս որդին։

Սեպտեմբերի 19-ին տիկին Ալինան անհանգիստ բազմաթիվ դժվարությունների միջով է անցել, հիմա ցանկանում է երեխաների համար անվտանգ կյանք ապահովել։

«Այդ օրը մեծ տղաս զանգեց ասաց՝ Գոռին դպրոց չտանես, վատ բաներ են խոսում, կարող ա պատերազմ լինի, բայց ես երեխային տարա դպրոց։ Ճանապարհին Գոռը՝ փոքր տղաս, հարցնում է՝ մամ, եթե հիմա պատերազմ սկսվի ի՞նչ ենք անելու, ճանապարհի կեսն էինք անցել, պատասխանեցի՝ արագ հետ ենք գնալու տուն։ Արդեն հասել էինք դպրոցի մոտ էլ նույն հարցը տվեց, պատասխանեցի՝ վազելու ենք դպրոցի ապաստարան։ Այդպես էլ եղավ, երկու ժամ հետ սկսվեց։ Գժվեցի մինչև երեխային տուն բերեցին։

Զինադատարից հետո խուճապային իրավիճակ էր, բոլորը փախչում էին, բայց՝ ո՞ւր, չգիտես։ Թշնամին, որ առաջ էր եկել, Մարտակերտի գյուղերը վերցրել էին, այդ գյուղերի բնակիչները օդանավակայանում էին, մենք մեզ պաշտպանված չէինք զգում, չկար իշխանության ներկայությունը, չգիտեինք, թե ինչ անեինք, հայտարարություն չկար, որ հետևեինք։ Ամեն մեկը պետք է իր գլխի ճարը տեսներ։ Ստեփանակերտը ծխի մեջ էր, մարդիկ այրում էին զինվորական հագուստները, մեզ համար աշխարհի վերջն էր այդ օրը։ Գալիս էինք Հակարի կամուրջ, բայց հույս չունեինք, որ այնտեղից դուրս ենք գալու»,-ասաց նա։

Նարեկ Կիրակոսյան