Փարիզի Աստվածամոր տաճարի բացման արարողությունը. «սև կարապը» կհեռանա՞

RFI

Փարիզի Աստվածամոր տաճարի բացման համար Օլիմպիական խաղերից հետո ստեղծված անվտանգության «բացառիկ» համակարգ կգործի, կիրակի օրը հայտարարել է Փարիզի ոստիկանության պրեֆեկտ Լորան Նունյեսը: Արարողությունը կտևի երկու օր՝ դեկտեմբերի 7-ին և 8-ին, որին կմասնակցեն տասնյակ ֆրանսիացի և արտասահմանցի արվեստագետներ, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Բացմանը հրավիրված են արտասահմանյան երկրների ղեկավարներ։

Բացման արարողության առաջին օրը կսկսվի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթով տաճարի դիմացի հրապարակում, որին կհաջորդի պատարագի արարողությունը՝ չբացահայտված օտարերկրյա պետությունների ղեկավարների ներկայությամբ:

Կիրակի, դեկտեմբեր 8-ին, առավոտյան ժամը 10:30-ին, առաջին պատարագը տեղի պիտի ունենա 150 ֆրանսացի եւ օտար եպիսկոպոսների, ինչպէս նաեւ նախագահ Մակրոնի ներկայութեամբ։ Այդ օրը ժամը 18:30-ին կկատարվի հանրության համար բաց պատարագ։ Դեկտեմբերի 9-ից 15-ը Նոտր Դամում ծառայությունները նվիրված կլինեն բարերարներին և արվեստի հովանավորներին, ովքեր նվիրատվություն են արել տաճարի վերականգնմանը, ինչպես նաև Աստվածամոր տաճարի շրջանի բնակիչներին:

Սպասվում է, որ տաճարի բացմանը ներկա կլինեն մոտ հիսուն պետությունների ղեկավարներ։ Միայն հատուկ հրավիրված հյուրերը կկարողանան մուտք գործել հրապարակ և շենք՝ առավելագույնը 3000 մարդ։

2019 թվականի ապրիլի 15-ին տաճարը մասամբ ավերած հրդեհը, որի պատճառը դեռևս պարզված չէ, կարեկցանքի արձագանքներ է առաջացրել ամբողջ աշխարհում։ Շուրջ 700 միլիոն եվրո արժողությամբ հսկայական վերանորոգումից հետո գոթական արվեստի այս գլուխգործոցը վերականգնվել է, իսկ տանիքն ու գագաթը վերադարձվել են նույն վիճակոի:

Նոտր Դամի հրդեհն ամբողջ աշխարհում դիտվել էր որպես վատ նշան՝ սև կարապ: Իրոք, այդպես էր. կորոնավիրուսի համաճարակ բռնկվեց, Արցախում տեղի ունեցավ 2020-2023 թվականների ահաբեկչական պատերազմը, որն ավարտվեց բնիկ քրիստոնյա բնակչության տեղահանությամբ, Ուկրաինայի պատերազմը, որը շարունակվում է մինչ օրս, Մերձավոր Արևելքը գտնվում է արյունոտ «մասնատման» շեմին։ Արդյո՞ք Աստվածամոր տաճարի բացումը կքշի սև կարապին:

Ավերիչ երկրաշարժի 36-րդ տարելիցն է

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 36 տարի առաջ տեղի ունեցավ խոշոր բնական աղետ, որը լուրջ մարտահրավեր դարձավ երկրի համար: Հաշված վայրկյանների ընթացքում ավերիչ երկրաշարժը հազարավոր շինությունների փլուզման, տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձավ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11-ն անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:

Սպիտակի երկրաշարժը պատկանում է, այսպես կոչված, լրիվ ցիկլի երկրաշարժերին` նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում: Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը: Տուժեցին 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր:

Անօթեւան մնաց 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացավ մոտ 20 հազարը, զոհերի թիվը կազմեց 25 հազար: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում՝մոտ 15-17 հազար եւ Սպիտակում՝ 4 հազար մարդ:

Ավերիչ երկրաշարժի հետևանքով ավերվեց ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17 տոկոսը, դադարեց գործել 100-ից ավելի արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս հասավ նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին:

 

Թուրքամետ ուժերը գրավեցին Դարաան, Էրդողանը հայտարարում է Դամասկոսի գրավման մասին. Մոսկվան հրաժարվեց փրկել Ասադին

Սիրիայի կառավարությունը կորցրել է վերահսկողությունը Դարաա քաղաքի նկատմամբ, որը խորհրդանշական նշանակություն ունի իսլամիստ գրոհայինների համար։ Սա արդեն երրորդ քաղաքն է Սիրիայում, որը գրավել են թուրքամետ ուժերը՝ Հալեպից և Համայից հետո։

Միևնույն ժամանակ, սիրիական արաբական բանակի հինգերորդ կամավորական գրոհային կորպուսը, որը մինչև վերջերս ծառայում էր Բաշար ալ-Ասադի ռեժիմին, անցել է ընդդիմադիր ուժերի կողմը։ Հատկանշական է, որ այն իրականում զրոյից ստեղծվել և զինվել է Ռուսաստանի Դաշնության կողմից, հայտնում է Անաթոլյան գործակալությունը։

Դամասկոսի հասկացրել են, որ Ռուսաստանն այժմ այլ առաջնահերթություններ ունի, և նրա միջամտությունը կարող է միայն սահմանափակ լինել։ Կրեմլին մոտ կանգնած աղբյուրները հաստատել են, որ Մոսկվան Բաշար Ասադին փրկելու ծրագիր չունի։

Սիրիական ընդդիմությունը շարունակում է հարձակումը Դամասկոսի ուղղությամբ. Այս մասին երեկ խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Իդլիբը, Համան, Հոմսը և, իհարկե, նպատակը Դամասկոսն է։ Այս հարձակումը շարունակվում է։ Մենք հուսով ենք, որ Սիրիայում այս առաջխաղացումը տեղի կունենա առանց միջադեպերի»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Էրդողանը հիշեցրել է Ասադին ուղղված իր առաջարկը՝ բանակցել Սիրիայի ապագայի շուրջ, որը մնացել է անպատասխան։ «Ցավոք, մենք Ասադից դրական պատասխան չստացանք։ Այս պահին Իդլիբից հետո Հոմսը նույնպես ընդդիմության ձեռքում է, և առաջընթաց կա դեպի Դամասկոս»,- նշել է նա։

Աղազարյանը վերջին խոչընդոտն է․ օպերացիան սկսված է

Վերջին շաբաթների՝ ՔՊ նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ կապված պատմությունը մամուլը լուսաբանում է երկու հիմնական տեսանկյունից․ Աղազարյանի նամակների “հանրայնացման” օրինականության եւ պատգամավորի ինտիմ կյանքի կեխտոտ մանրամասների։

Սակայն Հովիկ Աղազարյանի հարցը, ինչպես երեւում է, շատ ավելի խոր արմատներ ունի, եթե նկատի առնենք, որ ՔՊ-ն 2021-ի ընտրություններում թեկուզ սահմանադրական մեծամասնություն ստացավ, բայց այն շատ փխրուն է։ Հիմա այդ մեծամասնությունը կարող է փլվել Աղազարյանի պատճառով։ Պատահական չէ, որ նրան ստիպում են ոչ միայն դուրս գալ ֆրակցիայից, այլեւ վայր դնել մանդատը։

Սահմանադրական մեծամասնություն ՔՊ-ին պետք է մի քանի կարեւոր հարցի համար․ Բաքվի հետ “խաղաղության պայմանագիրը” վավերացնելու՝ ադրբեջանցիների վերադարձով հանդերձ, Սահմանադրությունը փոխելու, Անկախության հռչակագիրը օրենքից դուրս հայտարարելու եւ պետությունը լուծարելու համար։

Իսկ Աղազարյանը հայտարարել է, որ «այն տեսքով, որ հիմա կա /Բաքվի հետ/ պայմանագիրը՝ ես խնդիր չեմ տեսնում, բայց եթե պայմանագիրը որոշակի փոփոխվի՝ իմ որոշումը կարող չհամընկնել ՔՊ-ի դիրքորոշման հետ”։ “Սա վերաբերում է նաև Անկախության հռչակագրի, Սահմանադրության և Ապահովագրության համապարփակ համակարգի ներդրմանը։ Սրանք այն սկզբունքային պահերն են, որոնց վերաբերյալ ես իմ դիրքորոշումը պետք է ունենամ։ Բոլոր այլ դեպքերում, այդ թվում՝ ինձ անձեռմխելիությունից զրկելուն, ես քվեարկելու եմ այնպես, ինչպես ՔՊ-ն»,-ասաց Աղազարյանը։

Այսինքն՝ Աղազարյանը խաթարում է ՔՊ սահմանադրական մեծամասնությունը եւ հանրապետությունը լուծարելու պլանները, նրան պետք է շտապ զրկել մանդատից եւ փոխարինել ավելի պատրաստակամ մեկով։ Գուցե նույնիսկ այլ անկախ պատգամավորով։

Օպերացիան սկսված է։

 

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար դարձավ Թուրքիայի նախկին արտգործնախարարը

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նոր գլխավոր քարտուղար է դարձել Թուրքիայի ԱԳՆ նախկին ղեկավար, ՄԱԿ-ում Թուրքիայի նախկին մշտական ​​ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն։ Դրա մասին դեկտեմբերի 6-ին հայտարարել է կազմակերպության գործող նախագահ, Մալթայի արտգործնախարար Յան Բորգը։

Թուրքիան ամեն կերպ իր ներկայացուցիչներին “բրդում” է միջազգային կառույցների ղեկավարների պաշտոններին, եւ նրանք բացահայտ թուրքամետ քաղաքականություն են վարում, առանց ամաչելու եւ չվախենալով “հետադեմ” լինելու մեղադրանքներից։

Եթե նկատի առնենք, որ Արցախյան հիմնախնդրի լուծման միակ լեգիտիմ մանդատն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը, կարելի է ենթադրել, որ Սինիրօղլուի առաջին “դեկրետը” կլինի Միինսկի խմբի մանդատի չեղարկումը։ Այդ մանդատը մինչ օրս տարածաշրջանի ռուս-թուրքական նոր բաժանման գլխավոր խոչընդոտներից է։

Նման ընթացքը ապացուցում է այն, որ Մալթայում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի իր ելույթում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկ անգամ նույնիսկ չհիշատակեց Մինսկի խումբը։

Հայաստանի կառավարությունը ի տարբերություն այլոց չի վարում ազգային քաղաքականություն, ցանկացած նման դրսեվորում անվանելով “հետադեմ ազգայնականություն” եւ “սպառնալիք պետական անվտանգությանը”։

Թեկուզ “թուրք” ազգ որպես այդպիսին գոյություն չունի, Թուրքիան քայլ առ քայլ կերտում է այն, իսկ պաշտոնական Երեւանը քայլ առ քայլ ոչնչացնում է հազարամյակներ գոյություն ունեցող հայ ագը։

 

Չկա ոչ մի միջպետական պայմանագիր, ուղղակի տեղում զիջումներով սյուները խփում են

«Այս քաղաքականությունը կհանգեցնի մեր բոլոր շահերի հանձնմանը Ադրբեջանին։ Նիկոլ Փաշինյանը դելիմիտացիա է կոչում մի բան, որը միջազգային իրավունքով այդպես չէ»,- step1.am-ի հետ զրույցում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ առաջիկայում նոր հատվածում է իրականացվելու դելիմիտացիա։

«Դելիմիտացիան, ըստ միջազգային իրավունքի, այն է, երբ միջպետական պայմանագրով որոշվում է, նկարագրվում է սահմանը, հետո տեղում դեմարկացիա է արվում՝ սահմանանշում։ Մեր դեպքում չկա ոչ մի միջպետական պայմանագիր, ոչինչ գոյություն չունի, ուղղակի գնում են, տեղում զիջումներով սյուները խփում են։ Առավել եւս սկզբունքները համաձայնեցված չեն, որովհետեւ այն հատվածում, որտեղ ձեռնտու է Ադրբեջանին, ինքն ասում է՝ ես ՍՍՀՄ քարտեզն եմ օգտագործում, մեկ ուրիշ հատվածում ասում է՝ ուրիշ բան եմ օգտագործում։ Եվ Նիկոլը նրանց բոլոր պահանջներին համաձայնում է։ Սա ըստ էության պետական եւ ազգային շահերի մեծ աճուրդ է, եւ երկրի ղեկավարը, որը տարածքային ամբողջականության երաշխավորն է, ըստ էության հանդես է գալիս դրա դեմ»,- ասաց Արա Պապյանը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ստում է, երբ ասում է, թե իր վարած այս քաղաքականությունը, Արցախը հանձնելը «Հայաստանի պետականությունը փրկելու միակ շանսն է»։

«Ինքը սուտ է խոսում, որովհետեւ սա բնավ փրկություն չէ, երբ դու քո անվտանգության աստիճանը մի քանի աստիճանով իջեցնում ես։ Ուղղակի իր խարդախ եւ խաբեբա քաղաքականությունն է, ինքն ամեն ինչ անում է, որ վատ լինի, ոչ մի քայլ չի անում, որպեսզի մեզ այլ հնարավորություններ տրվեն, եւ ասում է՝ սա միակն է։ Իհարկե, եթե դու քեզ մեկնած ձեռքը չսեղմես, եթե քեզ առաջարկվող զենքը չգնես կամ նվեր չստանաս, եթե երկրում ռազմարադյունաբերությունը ոչ թե զարգացնես, այլ խեղդես, տնտեսությունդ խեղդես, վերջում կկանգնես, կասես՝ դե ուրիշ հնարավորություն չկա։ Եթե ինքն ուրիշ այլ հնարավորություն չի տեսնում, թող հրաժարական տա ու գնա, ես գամ, շատ ավելի լավ հնարավորություններ կստեղծեմ ու կես տարի հետո կասեմ՝ ձեր նախկին ղեկավարը ձեզ խաբում էր»,- ասաց Պապյանը։

Ռոզա Հովհաննիսյան

Պարզվում է, 270 արցախցի ընտանիքի արդեն տրվել է բնակապահովման հավաստագիր

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում արդեն իսկ 270 ընտանիքի տրվել է հավաստագիր՝ բնակարանի ձեռքբերման, կառուցման և գործող հիփոթեքային վարկերի մարման համար․ գործընթացը շարունակվում է։

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 2-ից 5 մլն դրամի շրջանակում։

Միջոցառման շահառու կարող են դառնալ ԼՂ այն հայրենակիցները, ովքեր՝

  • տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո,
  • ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • չունեն սեփականություն,
  • չեն հանդիսանում ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման և Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու։

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն իրականացվում է 3 փուլով։

1-ին փուլում կարող են ընդգրկվել՝

  • 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն,
  • 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն,
  • զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն կամ կառուցել այն,
  • գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, որի դեպքում աջակցությունը կուղղվի տվյալ հիփոթեքի մարմանը,
  • ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ։

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել հարթակում։

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող գերիներին

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աշխատակիցները դեկտեմբերին այցելել են Բաքվում պահվող 23 հայերին, այդ թվում` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Ամատունին նշեց, որ նրանց են փոխանցվել անձնական իրեր և հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքների հետ։
«Ամեն այցելության ժամանակ նման հնարավորություն չի լինում, սակայն ժամանակ առ ժամանակ նրանց տրվում է նման հնարավորություն` ստանալու անձնական իրերով փաթեթներ»,– ավելացրեց Ամատունին։

“Պայմանագրում կարող է լինի ադրբեջանցիների “վերադարձը”՝ ինքնավարությամբ հանդերձ”

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց, որ իր կածիքով՝ այսպես կոչված «ադրբեջանցի փախստականների» հարցը կա ՀՀ իշխանության օրակարգում։

«Ինֆորմացիոն հոսքերը վերլուծելով, այո, ձեւավորվում է այդ համոզմունքը, որ այդ հարցը կա։ Ալիեւը նույնիսկ ասել է՝ Երեւանի կենտրոնում ադրբեջանցիներ էին ապրում, պետք է վերադառնան, նկատի ունի Կոնդը։ Եթե Նիկոլ Փաշինայնը համարում է, որ Կիրանցի երեխաներն ավելի ապահով են, որ թուրքերն իրենցից մի 20 մետրի վրա են, հավանաբար ինքն էլ ուզում է իրեն ավելի ապահով զգալ, որ իր դաչայից 20 մետրի վրա էլի թուրքեր գան ապրեն»,- նշեց Խաչատրյանը։

Նա ասաց, որ Բաքվի հետ բանակցվող փաստաթուղթը իշխանությունները թաքնում են ժողովրդից, քանի որ դրանում ոչ հայանպաստ այլ կետեր կարող են մտցվել։ «Օրինակ՝ ադրբեջանցիները վերադառնան «Արեւմտյան Ադրբեջան» եւ ենթադրաբար ինքնավարություն ստանան։ Իսկ Հայաստանը պահանջ ներկայացնո՞ւմ է, Ադրբեջանը պատրա՞ստ է ասել, որ, այո, հայերը եթե վերադառնան Նախիջեւան՝ ինքնավար հանրապետության կարգավիճակով կվերադառնան, Լեռնային Ղարաբաղ՝ ինքնավար մարզի կարգավիճակով։ Ինքը միակողմանի պահանջների մասին է խոսում, այս իշխանությունները չեն ասում՝ դե լավ, եթե ադրբեջանցիները գալու են Կապան կամ Ջերմուկ ու Վարդենիս, մերոնք էլ պետք է վերադառնան Բաքու, Նախիջեւան, Շամխոր, Գանձակ։ Չկա, Հայաստանի իշխանության կողմից հայկական շահի պաշտպանությանն ուղղված որեւէ քայլ չենք տեսնում»,- ասաց Խաչատրյանը։

Տարբերակը՝ մեռած ձեւանալ, ինչպես անում են փաշինյանենք, չի աշխատելու․ Մամիջանյան

Հայաստանից գնացած ադրբեջանցիների եւ Ադրբեջանից բռնի տեղահանված հայ փախստականների հարցը չպետք է նույն հարթության վրա դնել։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ արձագանքելով Ադրբեջանում տեղի ուենցած այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» անցկացրած համաժողովում հնչած հայտարարություններին։

«Հիշենք կամ ծանոթանանք առկա նյութերից, թե ինչպես է իրականացվել Խորհդրային միության տարիներին Հայաստանում բնակվող ադրբեջանցների հեռացումը խորհրդային Հայաստանից։ Կան փաստաթղթեր, երբ իրենց փոխհատուցումներ են տվել, կան փաստաթղթեր, երբ իրենց տրամադրվել է տրանսպորտ, անվտանգություն, իրենք իրենց գույքը հետները տարել են։ Համեմատե՞նք, թե խորհդրային Ադրբեջանում ինչպես են իրականացվել հրահրված բախումները եւ մնացախ գործողությունները, որեւէ զուգահեռ չկա»,- ասաց նա։

Հայկ Մամիջանյանը հավելեց, որ այստեղ կա մի շատ կարեւոր խորքային խնդիր․ «2020 թվականի աղետալի պատերազմից հետո անդադար մենք խոսում էինք այն մասին, որ Ադրբեջանի քաղաքականության եւ Փաշինյանի թիմի ապիկարության ու անգործության հետեւանքով մի տեսակ հավասարության նշան դրվեց համաշխարհային հանրության համար Լաչինի միջանցքի եւ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջեւ, որն էլի անընդունելի էր՝ եւ միջազգային իրավուքնի, եւ միջազգային հարաբերությունների տեսանկյունից, որովհետեւ դրանք բացարձակ նույն բաները չէին։ Բայց դա արվեց, որը բերեց այն հետեւանքներին, որոնք ունենք այսօր։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը մասնակցում է այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» ինչ-որ միջոցառման ու այնտեղից էլի ինչ-որ պայմաններ հնչեցնում Հայաստանին։ Հայաստանից հակադարձում չկա։ Տարբերակը՝ մեռած ձեւանալ, ինչպես անում են փաշինյանենք, չի աշխատելու, մեռած ձեւանալով՝ Ադրբեջանի հետ չեն բանակցում։ Դու պիտի հստակ քո կարմիր գծերն ու պահանջները նշես»։

Ասում են, դոնորները հրաժարվում են միջոցներ հատկացնել արցախցիներին օգնելու համար և հարցնում են՝ արդյո՞ք արցախցիները ներգրավված են

Երեկ տեղի է ունեցել Տարածքային կառավարման նախարարությանը կից ստեղծված Արցախի հիմնախնդիրներով զբաղվող հանրային խորհրդի հերթական նիստը, որը վարել է նոր նախարարը։

Պաշտոնական տեղեկատվությունը ոչինչ չի ասում, թե ինչ է քննարկվել, ինչ եզրակացությունների են հանգել մասնակիցները և որտեղ են արցախցիները։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ քննարկվել են Արցախի բնակիչների զբաղվածության ապահովմանն ուղղված կառավարության ծրագրերն ու բնակարանաշինության ծրագրի փոփոխությունները։

Ինչպես ասում են՝ Հանրային խորհրդում արցախյան համայնքի 40 ներկայացուցիչ կա։ Ովքե՞ր են նրանք, ինչպես են ընտրվել, ում են ներկայացնում՝ գաղտնիք է։ Բայց ամենակարեւորն այն է, որ ոչ ոք չգիտի, թե ինչ առաջարկներ ու մեկնաբանություններ են նրանք ներկայացնում, ինչպես է իշխանությունը վերաբերվում արցախցիների առաջարկներին։ Եթե ​​այս հարցերի պատասխանները չկան, նշանակում է արցախցիները խորհրդում են միայն դոնորների աչքին թոզ փչելու համար։

Ի վերջո, դոնորները, որոնք, ինչպես ասում են, այժմ հրաժարվում են միջոցներ հատկացնել Արցախի ժողովրդին օգնելու համար, հետաքրքրվում են, թե արցախցիները արդյո՞ք ներգրավված են ծրագրերի մշակման, որոշումների կայացման և ծրագրերի արդյունավետության մոնիտորինգի մեջ։

Միջազգային դոնորները մինչ այժմ չեն ստացել այս հարցերի, ինչպես նաև հիմնական հարցի պատասխանը՝ ով, ինչ մարմին, կառույց կամ անձ է ներկայացնում Արցախի ժողովրդի սոցիալական շահերն ու քաղաքական իրավունքները։

Ըստ երևույթին, այս հարցերն ավելի ու ավելի հաճախ են ուղղվում կառավարությանը դոնորների կողմից, ուստի նրանք որոշեցին ստեղծել ֆասադ՝ խորհուրդ արցախցիների մասնակցությամբ։

Փաստորեն, արցախցիների մասնակցություն չկա. բոլոր ծրագրերը մշակվում են իշխանության ներսում, և դրանց ձախողումը վկայում է այն մասին, որ կա՛մ այս ծրագրերը ի սկզբանե նախատեսված են եղել զրոյական արդյունքով, կա՛մ նախագծերը ախաշնորհ են մշակվել։

Միակ նախագիծը, որտեղ արցախցիներին տրամադրվել է 50 հազար դրամի ուղիղ աջակցություն եւ որն իսկապես էկզիստենցիալ է արցախցիների համար, կրճատվում է և կավարտվի մինչև 2025 թվականի վերջ։ Ասում են՝ դրա համար փող չեն տալիս։ Բայց ահռելի գումար է հատկացվում այլ ծրագրերի՝ զբաղվածության ու բնակարանաշինության համար, որոնք ոչ մի արդյունք չեն տվել։

Սոցիալական ապահովության նախարարությունը հայտնում է, որ Արցախի 25000 բնակիչ գրանցված է որպես աշխատող, սակայն չի նշում, թե քանի հոգի է աշխատանք գտել կառավարության զբաղվածության ծրագրով։ Մենք արդեն գրել ենք, որ այս ծրագիրն ավելի շատ նման է բազմաթիվ լեվելներով համակարգչային խաղի, բացի այդ, ծրագրի միջոցներն ուղղվում են հիմնականում գործատուներին, ոչ թե ուղղակիորեն արցախցիներին։ Հայտնի չէ, թե այս ծրագրով քանի հոգի է ընդունվել աշխատանքի։

Ինչ վերաբերում է բնակարանաշինության ծրագրին, ապա այն չի ստացվում նույնիսկ հավուր պատշաճի գործարկվել. քաղաքացիություն ստացածներն էլ չգիտեն, թե որ ծայրից մոտենան այս ծրագրին և որն է դրա իմաստը, եթե անհնար է բնակարան գնել։

Վերջին շրջանում արցախցիների ակտիվության աճը, որը եղավ ՀՀ կառավարության՝ 50 հազար դրամի չափով աջակցությունը նվազեցնելու որոշումից հետո, կարծես թե մարել է։ Նոյեմբերի 30-ին նախատեսված հանդիպումը չկայացավ, բնակարանային ծրագրում խոստացված փոփոխությունների վերաբերյալ առարկայական քննարկումներ չեղան, արցախցիների իրավունքներն ու շահերը ներկայացնող օրինական կառույց չստեղծվեց։

Այդուհանդերձ, ինքնակազմակերպման գործընթացը սկսվել է, և կան հավաքական շահերի հիման վրա համախմբման նշաններ։ Կոլեկտիվ աշխատանքի առաջին նշանը՝ կոչն էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին՝ Արցախ առաքելություն ուղարկելու պահանջով, որը կարող է փաստել հայկական ժառանգության ոչնչացումը և կանխել հետագա վանդալիզմը։

Մինչ այս դիմումներ են եղել ԵԱՀԿ գործող նախագահին, Հայաստանի արտաքին գործերի նախարարություն, որոնք ստորագրել են նաեւ Արցախի տասնյակ հասարակական կազմակերպություններ, սակայն դիմումներին պատասխան չեն ստացել։

Պետք է ենթադրել, որ քանի դեռ Հայաստանի կառավարությունը չի սկսել արձագանքել Արցախի ժողովրդի պահանջներին, միջազգային կառույցները լուրջ չեն վերաբերվի արցախցիների խնդրանքներին, իսկ միջազգային դոնորները կդադարեն գումար հատկացնել փախստականներին աջակցելու համար։ Չէ՞ որ Հայաստանի կառավարությանը, նույնիսկ առանց փողի, հաջողվում է ամուր սանձել արցախցիներին և թույլ չտալ, որ նրանք դառնան պոտենցիալ միգրանտներ դեպի Եվրոպա:

Նաիրա Հայրումյան

Ինչպես են փոխվել բնակարանների գները Հայաստանում. հակառակ կանխատեսումների՝ դրանք աճում են

ARKA  Հայաստանի անշարժ գույքի շուկայում սեպտեմբերին գները շարունակել են աճել, սակայն օգոստոսի համեմատ աճը դանդաղել է։ Այս մասին ասվում է Հայաստանի ֆինանսների նախարարության «Մակրոտնտեսական զարգացումների ակնարկ. հոկտեմբեր 2024» հետազոտության մեջ։

Նշվում է, որ Երևանի բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին շուկայական գների աճը օգոստոսի համեմատ վարչական շրջանից կախված տատանվել է 0,4-1,2%-ի սահմաններում, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 5,6-9,8%-ի սահմաններում։

«Ամենաբարձր գները գրանցվել են մայրաքաղաքի «Կենտրոն» վարչական շրջանում (908100 դրամ 1քմ-ի դիմաց, օգոստոսին աճել է 0.6%, իսկ նախորդ տարվա սեպտեմբերին՝ 5.6%), իսկ ամենացածրը՝ Նուբարաշեն վարչական շրջանում՝ (1քմ-ի դիմաց 231100 դրամ, օգոստոսին աճը՝ 0,4%, նախորդ տարվա սեպտեմբերին՝ 6%)»,- ասվում է հետազոտության մեջ։

Մարզերում օգոստոսի համեմատ միջին շուկայական գների աճը տատանվել է մինուս 2,3%-ից մինչև 4,4%, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ մինուս 1,1%-ից մինչև 20,7%:

«Ամենաբարձր գները գրանցվել են Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում (1քմ-ի դիմաց 453000 դրամ, օգոստոսին աճը՝ 1,1%, իսկ նախորդ տարվա սեպտեմբերին՝ 7,9%), իսկ ամենացածրը՝ Լոռու մարզի Թումանյան քաղաքում (1քմ-ի համար 27100 դրամ, օգոստոսին աճը՝ 2,3%, իսկ նախորդ տարվա սեպտեմբերին՝ 8,4%)»,- նշվում է զեկույցում։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականի սեպտեմբերին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 19494 գործարք՝ 2024 թվականի սեպտեմբերի 17253 գործարքի և նույն տարվա օգոստոսի 20178 գործարքի դիմաց։