Վրաստանի ընդդիմությունը փակուղում է. Թրամփը լռում է

Վրացական ընդդիմությունը համատեղ հայտարարությամբ է դիմել իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին, որում երկու պահանջ է հնչեցրել, նշելով, որ դրանց կատարումն անհրաժեշտ է երկրում խորհրդարանական ընտրություններից հետո ծագած քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար։

Կոչը ստորագրել են չորս բլոկեր, որոնք խորհրդարան են մտել հոկտեմբերի վերջին քվեարկության արդյունքներով, հաղորդում է «Էխո Կավկազա»-ն:

Ընդդիմության առաջին պահանջը վերաբերում է անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են ընտրությունների արդյունքների դեմ փողոցային ցույցերի և Վրաստանի կառավարության որոշման՝ սառեցնել ԵՄ անդամակցության բանակցությունները: Երկրորդը՝ երկրում նոր խորհրդարանական ընտրությունների նշանակումն է, որոնց անցկացումը պետք է իրականացնի անկախ ընտրական մարմինը։

Այն, որ ընդդիմությունը ներկայացրել է ոչ թե վերջնագիր, այլ պահանջ, հուշում է, որ ընդդիմությանը իշխանությունների վրա ճնշում գործադրելու գործիքներ չեն մնացել։ Եթե ​​պահանջ ես դնում ու չես ասում, թե ինչ ես մտադիր անել, եթե պահանջը չկատարվի, ուրեմն հասկանում ես սեփական անզորությունը։

Իր հերթին, վարչապետ Կոբախիձեն, մեկնաբանելով Բայդենի վարչակազմի կոշտ արձագանքը Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին և ռազմավարական գործընկերության դադարեցմանը, ասել է, որ դա ժամանակավոր է, և «ինչպես կասի Թրամփը, այդպես էլ կլինի»։

Թրամփը դեռ ոչինչ չի ասել, իսկ ռուսական լրատվամիջոցներն արդեն գրում են, որ Թրամփի պաշտոնավարումից հետո ԱՄՆ-ի ու Վրաստանի հարաբերությունները կբարելավվեն։

Պապիկյան․ ԱՄՆ պաշտպանության նախարարն իմ այցը պատմական է որակել

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 5-ին Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։

Պապիկյանն Օսթինին է ներկայացրել ՀՀ զինված ուժերում բարեփոխումների ընթացքը, նշել համագործակցության առաջնային ուղղությունները՝ ռազմական կրթություն, մարտական պատրաստություն, միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում վարժանքներ, արհեստավարժ սերժանտական և հրահանգչական ինստիտուտների զարգացում, ՀՀ զինված ուժերի ուսումնավարժական կարողությունների ստեղծում և այլն:

Պապիկյանը Ֆեյսբուքում գրել է, որ Օսթինն իր այցը պատմական է որակել։

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի՝ Պենտագոնի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանն ու բարեկեցությանը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև համագործակցությունը շարունակում է ընդլայնվել:

Օսթինն ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել ՀՀ ԶՈՒ բարեփոխումներին աջակցությունը շարունակելու հարցում։ Քննարկվել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցեր:

«Հաստատել եմ տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու Հայաստանի ձգտումը։ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն իր հերթին հայտնել է ԱՄՆ աջակցությունն այդ նպատակին», – Ֆեյսբուքում գրել է Պապիկյանը:

Հալեպից հայերի առաջին խումբը Հայաստան կժամանի դեկտեմբերի 14-ին

Հալեպից հայերի առաջին խումբը Հայաստան կժամանի դեկտեմբերի 14-ին Դամասկոս-Երևան չվերթով։ Այս մասին ասել է կառավարությանն առընթեր սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Հովհաննես Ալեքսանյանը։

Պաշտոնյան նշել է, որ Հալեպում մնում է 10-12 հազար հայ, նրանց տարհանումը կկազմակերպվի աստիճանաբար և հնարավորության սահմաններում։

Նրա խոսքով՝ հակակառավարական ուժերի կողմից Հալեպի գրավումից հետո որոշ հայ ընտանիքներ կարողացել են հեռանալ, մի մասը հաստատվել է Դամասկոսում, մնացածը՝ Լաթաքիայում ու Քեսաբում։

Հալեպում մնացած հայերն այժմ օգնություն են ստանում Կիլիկիո կաթողիկոսության Բերիական թեմից։

Համայնքային այլ կազմակերպություններ նույնպես բարեգործական գործունեություն են ծավալում։

Միաժամանակ, հացի և ջրի պաշարների սակավության պատճառով Հալեպում նկատվում է այդ ապրանքների գների որոշակի աճ։

«Այժմ մենք չենք կարող կազմակերպել տարհանում և օգնություն ցուցաբերել։ Դա կարվի առաջին իսկ հնարավորության դեպքում։ Հալեպի օդանավակայանը և արդյունաբերական գոտին այժմ վերահսկվում են արմատական ​​խմբավորումների կողմից, և երաշխիքներ չկան, որ հնարավոր կլինի անվտանգ տարհանել նման թվով մարդկանց»,- հավելեց Ալեքսանյանը։

Արցախցիների հարցերով հասարակական խորհրդի նիստ․ ովքե՞ր են

Այսօր տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը։ Խորհրդի նիստը վարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նիստի օրակարգում ընդգրկված էր 2 հարց։ Զեկուցվող առաջին հարցը վերաբերում էր զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրերին։ Հարցը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։

Երկրորդ հարցը վերաբերել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացիկ իրավիճակին, որը զեկուցել է Աննա Ժամակոչյանը։

ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը տեղեկացրել է, որ այս պահին, ըստ ՊԵԿ-ի փոխանցած տվյալների, 25000 տեղահանված գրանցված աշխատանք ունի։

«ՄՍԾ-ի միջոցով այս պահին աշխատանքի ապահովման երկու ձև է գործում՝ ուղիղ գործատուի միջոցով և աշխատանքային պրակտիկայի, ուսուցման տեսքով»,- նշել է ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալը։

ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը՝ խոսելով ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մասին, նշել է, որ այս պահին մի քանի ուղղություններով փորձում են այն լավարկել։ Դրանք վերաբերում են ձեռք բերվող, կառուցվող բնակելի տարածքների մակերեսներին, տուն կառուցելու համար ձեռք բերվող հողատարածքի գումարի շեմի բարձրացմանը, հողամասի նվազագույն մակերեսի սահմանմանը: Երկրորդ փուլի շահառուներին ևս հնարավորություն կընձեռնվի դիմել ծրագրին, եթե վճարունակ ճանաչվեն։

Խորհրդում, ինչպես ավելի վախ տեղեկացրել են, ընդգրկված է 40 արցախցի։ Ովքեր են նրանք, ինչ սկզբունքներով են ընտրվել, հայտնի չէ։ Գաղտնիք է նաեւ այն, թե ինչ հարցեր են բարձրացնում արցախցիները խորհուրդի ժամանակ եւ արդյո՞ք ուշադրության են արժանանում։   

Թրամփին սպասելիս. Միրզոյանը ԵԱՀԿ նիստում լռել է Մինսկի խմբի մանդատի մասին

«Այս տարի երկկողմ բանակցությունները հանգեցրին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման կանոնակարգի ստորագրմանը, որով սահմանազատման հիմք ընդունվեց 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։ Տեղում մեզ հաջողվեց սահմանազատել ավելի քան 12 կմ սահման, և հուսով ենք, որ այս փաստաթուղթը ճանապարհ կհարթի գործընթացի արդյունավետ շարունակման համար և այդպիսով էապես կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- ասել է Արարատ Միրզոյանը այսօր Մալթայում ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպմանը։

Հանդիպման ժամանակ նա խոսեց ԵԱՀԿ դերի, նրա պատասխանատվության գոտու և անվտանգության անպտուղ մեխանիզմների մասին, սակայն այդպես էլ չխոսեց ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին։ Չնայած դա միակ միջազգային կառույցն է, որն ունի արցախյան հիմնախնդրի լուծման լեգիտիմ մանդատ։

Սա ընդհանրապես դառնում է Հայաստանի ներկայիս իշխանության բրենդը՝ խոսել ԵԱՀԿ մեխանիզմների մասին և չհիշատակել Մինսկի խումբը, հրավիրել ցեղասպանությունների կանխարգելման կոնֆերանս, բայց չխոսել Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության մասին, հայտարարել, որ «մենք այլևս ՀԱՊԿ-ում չենք», բայց հեռանալու հայտ չներկայացնել։

Հայաստանի կառավարությունը դեռ փորձում է ստորագրել տխրահռչակ «խաղաղության պայմանագիրը», մինչդեռ Բաքուն բացահայտ ասում է, որ իրեն պետք չէ այդ պայմանագիրը։ Բաքուն հասավ իր ուզածին՝ սահմանազատման համաձայնագրի ստորագրմանը։ Եվ այն կիրականացվի առանց խաղաղության պայմանագրի, առանց քարտեզների և այլ «ձևականությունների»։

Օրերս Փաշինյանը հայտարարեց սահմանի նոր հատվածի սահմանազատման մոտալուտ մեկնարկի մասին։ Էլ ինչի՞ է պետք պայմանագիրը։

Բաքվի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպման ժամանակ ասել է, որ երկու երկրներն էլ ուղիղ երկխոսության շրջանակներում ավարտել են իրենց սահմանների մի մասի սահմանազատումը։

«Համապատասխան սահմանային հանձնաժողովների համատեղ գործունեության մասին վերջերս ուժի մեջ մտած կանոնակարգը կապահովի սահմանազատման հաջորդ փուլերի իրականացումը»,- ընդգծեց նա։

Ելնելով դրանից՝ Բայրամովը գործընկերների հետ զրույցում խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը վերացնելու անհրաժեշտության մասին։ Հայաստանն, ըստ ամենայնի, չի առարկել։ Ինչի՞ է պետք Մինսկի խումբը, եթե կա Ալմա-Աթայի հռչակագիրը։

Բացի այդ, Բաքուն, սպասելով Թրամփին, մերժել է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի առաջարկը՝ Մալթայում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին՝ պատճառաբանելով «Բայդենի վարչակազմի կողմնակալ և անարդար վերաբերմունքը»։

Ալիեւին պետք է հիշեցնել, որ հայերի հանդեպ բարոյական եւ գույքային վնասը կազմում է մոտ 100 մլրդ դոլար

«Այս զարգացումները բավական վտանգավոր են, Ադրբեջանը անթաքույց հող է նախապատրաստում նոր ռազմական ագրեսիայի ու հանցագործության համար, այս պարագայում արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում»,- step1.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը՝ անդրադառնալով Բաքվում այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» համայնքի կազմակերպած համաժողովին։  Ըստ Այվազյանի՝ Հայաստանում այս ամենին պետական մակարդակով պետք է լինի հակազդեցություն, ինչը տեսանելի չէ։

«Հայատյացությունը ներկայիս Ադրբեջանի պետականության հիմքն է հանդիսանում, բավականաչափ վտանգավոր իրավիճակ է ստեղծված, եւ դա պահանջում է կոնկրետ արձագանք։ Հայկական կողմը շատ ավելի հիմնավոր, պատճառաբանված արգումենտներ ունի՝ ներկայացնելու նաեւ Ադրբեջանի հանդեպ պահանջատիրական դիրքերից հանդես գալու։ Դա նախ եւ առաջ կապված է արցախցիների օրինական իրավունքների պաշտպանության, միջազգային անվտանգության երաշխիքների ներքո վերադարձի հարցի հետ։ Պետք է ապահովել արցախցիների ինչպես կյանքի, այնպես էլ գույքի անվտանգությունը։ Եթե Ադրբեջանը շատ է խոսում իրենց կողմից հորինված ադրբեջանական համայնքի մասին, թող Ալիեւին հիշեցնեն, որ գոյություն ունի նաեւ ադրբեջանահայության խնդիրը, իրենք պարտք ունեն Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի հանդեպ՝ բարոյական եւ գույքային վնասը կազմում է մոտ 100 մլրդ դոլար։ Եվ այդ հարցն անընդհատ պետք է շրջանառության մեջ դնել, որպեսզի բռնապետն իրեն թուլացած վիճակում չզգա եւ որպեսզի նրա զառանցանքը ժամանակի ընթացքում չգրավի այլ ամբիոններ»,- ասաց Գրիգորի Այվազյանը։

Նրա խոսքով՝ պատմական տեսանկյունից Ադրբեջանը կարելի է կոչել Արեւմտյան Հայաստան․ «Մենք պետք է հիշեցնենք մեր պատմական հողերի մասին, այն է՝ Արցախը, Ուտիքը, Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքը, ինչո՞ւ չէ, նաեւ բուն Աղվանքի մասին պետք է հիշենք։ Հիշենք նաեւ Ադրբեջանի մայրաքաղաքի հայկական ծագման ու հայերի դերակատարման մասին այս քաղաքի կառուցման ու զարգացման հարցում»։

Ըստ Այվազյանի՝ դիվանագիտական դաշտում համաշխարհային հանրության ուշադրությունը պետք է հրավիրել Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ նախապատրաստվող նոր հնարավոր ագրեսիայի, հայկական պատմամշակութային ժառանգության դեմ ուղղված գործողությունների վրա։ Ինչպես Ադրբեջանը չի հոգնում անընդհատ նոր ստեր հորինել, հայակական կողմն էլ, Գրիգորի Այվազյանի խոսքով, չպետք է հոգնի ճշմատությունը ջրի երես հանել ամբողջ համաշխարհային հանրության աչքի առաջ։ «Համաշխարհային հանրությանը պետք է ցուցադրենք հակամարտության պատմական հենքերը։ Իհարկե, այստեղ գիտական համայնքի դերակատարությունը մեծ է, բայց դա պետք է արվի պետական ամենաբարձր մակարդակով։ Հասարարական ցանկացած նախաձեռնություն  չի կարող լինել շատ հաջողված»,- հավելեց նա։

Ռոզա Հովհաննիսյան

Փաշինյան. Հայ ժողովուրդը պետք է երախտապարտ լինի իշխանությանը, որ Հայաստանը դեռ կա

Կոնդը, որը ադրբեջանցիներն իրենցն են համարում

Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների էությունը՝ Ալեն Սիմոնյանի «ձայնակցմամբ», հանգում է նրան, որ հայ ժողովուրդը պետք է խորապես երախտապարտ լինի Փաշինյանի կառավարությանը, որ Հայաստանը դեռ գոյություն ունի որպես պետություն։ Ավելին, երախտապարտ հայ ժողովուրդը պետք է Փաշինյանի կառավարությանը մանդատ տա շարունակելու կառավարել։

Փաշինյան-Սիմոնյանի հայեցակարգը, սակայն, կառուցված է եթեական թեզերի վրա, որոնք չեն կարող ապացուցվել։ Եթե ​​մենք չհրաժարվեինք Ղարաբաղից, Տավուշի գյուղերից, Սև լճից, չճանաչեինք Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը», եթե չհամաձայնեինք ստորագրել «խաղաղության պայմանագիր», ապա հիմա պետություն չէինք ունենա՝ ասում է իշխանությունը։

Պատմությունը հետ չի կարելի շրջել, և անիմաստ է անգամ պատկերացնել, թե ինչպես կդասավորվեր ամեն ինչ, եթե Հայաստանի իշխանությունը վարեր ազգային քաղաքականություն և դավադրության մեջ չմտներ Հայաստանի վերացումը ձգտող ուժերի հետ։

Բայց նույնիսկ Փաշինյանն է ընդունում, որ պետականության ֆորմալ պահպանումը դեռ վերջը չէ, կան բազմաթիվ “մարտահրավերներ և վտանգներ”, այսինքն, դեռ շարունակություն կլինի։ Այդ վտանգների դեմ պայքարելու համար նա կարևոր է համարում ոչ թե բանակը եւ դիվանագիտությունը, այլ Ալիևի և Էրդողանի հետ սեպարատ պայմանավորվածությունների ձեռքբերումը, որը, իբր, կարող է դառնալ հայկական պետականության գոյության երաշխիք։

Ալիեւը չի առարկում “հայկական պետության դեմ”, նա միայն ասում է, որ պետք է վերադառնան Հայաստանում ապրած իր ցեղակիցները, այն էլ՝ այնքան, որքան ցանկանում է ինքը՝ Ալիեւը։ Ֆորմալ առումով հայկական պետությունը գոյություն կունենա, բայց նրա բնակչության կեսն այլևս հայեր չեն լինի, այլ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» համարող մարդիկ։

Փաշինյանի իշխանությունն արդեն այնքան է խախտել Սահմանադրությունը, հատել կարմիր գծերը, որ հաջորդ «խախտումը» ոչ ոք չի նկատի, դատող էլ չի լինի։ Մարզպետներին հաստատ արդեն հանձնարարվել է «ադրբեջանցիների վերադարձի» նախօրեին գույքագրում իրականացնել։

Վրաստանում սկսվեց «հակահեղափոխությունը» և ընդդիմության հալածանքները

Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 5-ի երեկոյան, Թբիլիսիում հանրահավաքի ժամանակ ձերբակալվել է «Ուժեղ Վրաստան» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդներից Ալեքսանդր Էլիսաշվիլին, ինչպես նաև Ախալի ընդդիմադիր կուսակցության անդամ Զուրաբ Դաթունաշվիլին։ Ըստ լրատվամիջոցների՝ ընդդիմադիրներին բերման են ենթարկել հյուրանոցի ելքի մոտ՝ խորհրդարանի շենքից ոչ հեռու, որտեղ ընթանում է բողոքի ակցիան։

Դրանից մի քանի ժամ առաջ անվտանգության ուժերը ձերբակալել էին ընդդիմադիր «Հանուն փոփոխությունների վրացական կոալիցիայի» առաջնորդ Նիկա Գվարամիային՝ մանր խուլիգանության և ոստիկանության պահանջները չկատարելու վարչական գործով։ Նա գտնվում է ժամանակավոր մեկուսարանում, ծեծի է ենթարկվել, ասել է քաղաքական գործչի փաստաբան Դիտո Սաձաղիշվիլին։ «Նրա որովայնին հարված է հասցվել, և հարվածներից մեկի ժամանակ օդի բացակայության պատճառով մի քանի վայրկյան ուշագնաց է եղել։ Ընդհանուր առմամբ, նրա առողջական վիճակը բավարար է»,- փաստաբանի խոսքը մեջբերում է թբիլիսյան SOVA հրատարակությունը։ Նրա պաշտպանյալի դատավարությունը պետք է տեղի ունենա 48 ժամվա ընթացքում։ «Այս կամ այն ​​առաջնորդի ձերբակալությունը չպետք է ազդի վրաց ժողովրդի ռուսական ռեժիմի դեմ բողոքի վրա»,- հայտնել է փաստաբանը Գվարամիայի խոսքերը։

Դեկտեմբերի 4-ի կեսօրին Թբիլիսիում խուզարկվել են մի շարք ընդդիմադիր կուսակցությունների, այդ թվում՝ նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակները՝ «խմբակային բռնություն կազմակերպելու վերաբերյալ» քրեական գործի շրջանակներում։ Ներքին գործերի նախարարության Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության պետ Թեյմուրազ Կուպատաձեն հայտարարել է յոթ մարդու բերման ենթարկելու մասին։

Վրաստանում բողոքի ցույցերը չեն հանդարտվում արդեն յոթ օր, բայց իշխանություններն արդեն սկսել են “հակահեղափոխությունը”։

Արցախյան ՀԿ-ները ՄԱԿ-ին և ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված կոչով պահանջում են առաքելություն ուղարկել Արցախ

Արցախյան հասարակական կազմակերպությունները ՄԱԿ-ին և ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված կոչով պահանջում են առաքելություն ուղարկել Ղարաբաղ՝ դադարեցնելու ադրբեջանական կողմից հայկական մշակութային ժառանգության օբյեկտների ոչնչացումը։

Արցախի 62 հասարակական կազմակերպություններ դիմում են հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին։ Դրանում նրանք մատնանշել են հայկական մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման և յուրացման դեպքերը։ Ղարաբաղյան հասարակական կազմակերպությունները պահանջում էին առաքելություն ուղարկել Ղարաբաղ՝ արձանագրելու նման դեպքերը, ինչպես նաև ստեղծել մեխանիզմներ դրանք կանխելու համար։

Արձանագրվել են հայոց ժառանգության դեմ բազմաթիվ հանցագործություններ՝ ամբողջությամբ վերացվել են Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Մոխրենեսի Սուրբ Սարգիս, Բերձորի Սուրբ Համբարձում և Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։ Ավերվել եւ պղծվել են հայոց հոգեւոր կենտրոնները, ավերվել հարյուրավոր խաչքարեր։ Ավելի քան 30 արվեստի և թանգարանային հավաքածուներ, ներառյալ հազարավոր ցուցանմուշներ թալանվել են Ադրբեջանի կողմից, ասվում է կոչում։

Ներկայացնում ենք նամակը ստորեւ․

Հարգելի տիկին Ազուլեյ,

Հարգելի պարոն Գուտերեշ,

Ստորագրյալ ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք ներկայացնում են 2020 թ․ պատերազմից և 2023 թ․ հարկադրական արտաքսումից հետո Արցախից (Լեռնային Ղարաբաղ) տեղահանված անձանց, գրում են Ձեզ՝ նշելու Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության դիտավորյալ և նպատակային ոչնչացման ու յուրացման դեպքերը։

Կան մշակութային ցեղասպանության ծանր օրինակներ, որոնք իրականացվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից ինչպես 2020 թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո։

Հայկական ժառանգության դեմ հանցագործությունների բազմաթիվ դեպքեր են արձանագրվել․ ամբողջությամբ ոչնչացվել են Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին, Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին և Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։ Հայկական հոգևոր կենտրոնները պղծվել են, և հարյուրավոր խաչքարեր՝ ոչնչացվել։ Ավելի քան 30 արվեստի և թանգարանային հավաքածուներ՝ բաղկացած հազարավոր ցուցանմուշներից, կողոպտվել են Ադրբեջանի կողմից։

Եկեղեցիների ոչնչացումը ցեղասպանական գործողություն է համարվում ըստ  Հռոմի կանոնադրության մշակութային ժառանգության դրույթների քննման ձեռնարկի, որտեղ  նշված է․ «Մշակութային ժառանգության դեմ կամ դրա վրա ազդող հանցագործությունները հաճախ կապված են ցեղասպանության հետ կամ կատարվում են որպես դրա մի մաս։ են ցեղասպանության հետ կամ իրականացվում են դրա շրջանակներում»։

Ոչնչացվել են Հայոց ցեղասպանության, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախի պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրները, ինչպես նաև անհատների նվիրված հուշաքարերը, պատմական նշանակության կամուրջներ, մշակութային կենտրոններ, գրադարաններ, դպրոցներ և այլ վայրեր։ Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղը, Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը և Հադրութ քաղաքի պատմական թաղամասը ամբողջությամբ քանդվել են։

Վերջերս Ստեփանակերտի ողջ թաղամասեր, ներառյալ 19-րդ դարի պատմական թաղամասը, հողին են հավասարեցվել։ Քաղաքի, նրա պատմական շինությունների և ժառանգության դիտավորյալ ոչնչացումը խախտում է Հռոմի կանոնադրության 8-րդ հոդվածը և համարվում է մարդկության դեմ ծանր հանցագործություն։

Մշակութային արժեքների ոչնչացման գործողությունները արգելված են 1949 թ․ ընդունված չորս Ժնևյան կոնվենցիաներով՝ պատերազմի զոհերի պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների, դրանց արձանագրությունների, ինչպես նաև համապատասխան ՄԱԿ-ի բանաձևերի և մարդու իրավունքների պաշտպանության համաձայնագրերի համաձայն։

Ադրբեջանցիների կողմից այս ոչնչացումները պատկերող տեսանյութերի լայն տարածումը դարձել է հոգեբանական ճնշման միջոց Արցախի հայերի նկատմամբ։

Ադրբեջանցիների կողմից ոչնչացվել են Մեծ Թաղեր գյուղի (Հադրութի շրջան), Սղնախ գյուղի (Ասկերանի շրջան), Հաթերքի (Մարտակերտի շրջան) և Շուշի քաղաքի գերեզմանատները։ Գերեզմանատների ոչնչացումը համարվում է անձնական արժանապատվության և մարդկային հիշողության դեմ հանցագործություն։

 

Համաձայն՝ 1954 թ․ Հաագայի կոնվենցիայի՝ 4-րդ հոդվածի, Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ, ցանկացած վանդալիզմի, յուրացման, կողոպուտի, ատելության կամ վրեժխնդրության գործողություններ մշակութային ժառանգության դեմ արգելվում են։

Համաձայն 1954 թ․ Հաագայի առաջին արձանագրության՝ արգելվում է օկուպացված տարածքներում մշակութային կամ հոգևոր արժեքների ոչնչացումը։ Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման քաղաքականությունը դատապարտվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ․ Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման վերաբերյալ հռչակագրով։

Այնուամենայնիվ, 2020-2024 թվականներին ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի իրականացրել ՄԱԿ-ի կողմից իրեն վերապահված՝ համաշխարհային մշակութային ժառանգությունը պահպանելու լիազորությունը և առաքելություն չի ուղարկել Արցախ՝ տարածաշրջանի ժառանգության ներկա վիճակը փաստագրելու և այդպիսով կանխելու Ադրբեջանի կողմից հետագա ոչնչացումները։ Փոխարենը սահմանափակվել է հայտարարություններ անելով և մտահոգություն արտահայտելով։

Մենք՝ ստորագրյալները, որոնք տեղահանված ենք Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներից, խնդրում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու համար, որ Ձեր կազմակերպությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կողմից մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ իր մանդատի, ուղարկի առաքելություն Արցախ՝ փաստագրելու մարդկության դեմ իրականացված մշակութային հանցագործությունները և կիրառելու մեխանիզմներ հետագա խախտումները կանխելու համար։

Մանվել Սարգսյան. 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը հայոց պետականության կայացման գործում հիմնարար փաստաթուղթ է

Այս մասին հայտարարել է քաղաքագետ, Ղարաբաղյան շարժման կազմակերպիչներիցներից Մանվել Սարգսյանը։

«1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» որոշումը ընդունվեց այն ժամանակ, երբ Խորհրդային Միությունը թեւակոխում էր փլուզման փուլ։ Հայ ժողովրդի ինքնորոշման գործընթացը սկսվեց ԽՍՀՄ փլուզման ֆոնին։ Ավելին, 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումն այնքան հիմնարար է, որ բոլոր հետագա որոշումները հեշտությամբ կարող են վիճարկվել։

Հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի վերամիավորման մասին հրամանագրի վրա՝ 1990 թվականին Հայաստանի նորընտիր խորհրդարանն ընդունեց հռչակագիր Հանրապետության կազմավորման մասին, ապա՝ Անկախության հռչակագիրը։

Այսօր շատ է խոսվում այն ​​մասին, որ Ադրբեջանը պահանջում է որոշակի փոփոխություններ հայկական պետական ​​փաստաթղթերում։ Բայց իրականում ոչ ոք ցանկություն չունի որևէ բան փոխելու, քանի որ սա է պետության հիմքը»։

Նշենք, որ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի հռչակագիրը բաղկացած է վեց կետից. Դրանում ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման փաստը, հայտարարեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին, ինչպես նաև հայտարարեց, որ Հայկական ԽՍՀ քաղաքացիության իրավունքները տարածվում են Լեռնային Ղարաբաղի բնակիչների վրա։

Ալվարդ Գրիգորյան

Որոշման տեքստը

«Հիմնվելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրա և արձագանքելով հայ ժողովրդի` բռնի ուժով բաժանված երկու հատվածների վերամիավորման օրինական ձգտմանը, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը որոշում են.

  1. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման փաստը` հաստատված ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի 1988 թվականի փետրվարի 20-ի և հուլիսի 12-ի նստաշրջանների, ինչպես նաև մարզի բնակչության լիազոր-ներկայացուցիչների 1989 թվականի օգոստոսի 16-ի համագումարի և Ազգային խորհրդի հոկտեմբերի 19-ի նիստի որոշումներում:
  2. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի լիազոր-ներկայացուցիչների համագումարը և նրա ընտրած Ազգային խորհուրդը որպես մարզի ներկայումս գործող միակ օրինական իշխանություն:
  3. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը հռչակում են Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը: Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները:
  4. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը ստեղծում են համատեղ հանձնաժողով (իր աշխատանքային ապարատով)` Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումն իրագործելու ուղղությամբ գործնական քայլեր մշակելու համար:
  5. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը պարտավորվում են ներկայացնել Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի հայ բնակչության ազգային շահերը:
  6. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությանը, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին և ԼՂԻՄ-ի Ազգային խորհրդի նախագահությանը հանձնարարվում է գործադրել սույն որոշումից բխող բոլոր անհրաժեշտ միջոցառումները` իրականացնելու համար Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի քաղաքական, տնտեսական և մշակութային կառուցվածքների իրական միաձուլումը միասնական պետական-քաղաքական համակարգում»:

Բիթքոինի գինն առաջին անգամ գերազանցել է 100 հազար դոլարը

Bitcoin կրիպտոարժույթի գինն առաջին անգամ պատմության մեջ գերազանցել է 100 հազար դոլարը։ Բիթքոինի գինը բարձրանում է այն ակնկալիքով, որ Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնում կրիպտոարժույթի համար նպաստավոր քաղաքականություն կվարի։

Բիթքոինը նոր ռեկորդ է սահմանել այն բանից մի քանի ժամ անց, երբ Դոնալդ Թրամփը հայտնել է Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովի (Securities and Exchange Commission, SEC) ապագա ղեկավարի՝ նրա ներկայիս անդամ Փոլ Աթքինսի անունը։

Ընդունված է կարծել, որ Աթքինսը անհամեմատ ավելի «բարյացակամ» է կրիպտոարժույթների հանդեպ, քան SEC-ի ներկայիս ղեկավար Հերի Հենսլերը։

Թրամփի հռետորաբանության այս փոփոխությունը հանգեցրել է այն բանին, որ նախագահական ընտրություններից մեկ ամիս հետո բիթքոինի գինը բարձրացել է 40 տոկոսով, իսկ 2024թ, սկզբից՝ ավելի քան կրկնակի։

Վլադիմիր Հակոբջանյան․Դեռ ճանապարհին էի որոշել․ եթե ոչ Արցախում, ապա՝ Գյումրիում պետք է ապրեմ

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում է հաստատվել Արցախից տեղահանված Վլադիմիր Հակոբջանյանի բազմանդամ ընտանիքը։ Մինչև 2020-ի 44-օրյա պատերազմը Ասկերանի շրջանի վերաբնակեցված Ուղտասարի Մ Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենն էր և աշխարհագրության ուսուցիչը։

Հանգամանքներից ելնելով՝ բանիմաց մասնագետն այսօր տաքսու վարորդ է։

Ինչպե՞ս է դասավորվել Ձեր կյանքը 2020-ից հետո։

-Շատ արցախցիների պես հիմնական աշխատանքիս հետ զբաղվում էի նաև հողագործությամբ։ Իմ արդար քրտինքով կարողացա Ասկերան քաղաքում տուն կառուցել։ Կնոջս ու երեխաներիս հետ վայելում էինք մեր ստեղծածը, մտածում ապագայի մասին։ Սակայն 2020-ին ամեն ինչ փոխվեց։ Ուղտասարի հանձնումը ինձ համար շատ ծանր էր։ Մարդիկ մնացին առանց տանիքի, կորցրին տարիների վաստակը։ Դպրոցը, որն ինձ համար հարազատ օջախ էր, մնաց թշնամուն։ Որոշ ժամանակ անց աշխատանքի անցա ԱՀ ՏԿԵ նախարարությունում՝ որպես գլխավոր մասնագետ։ Համատեղությամբ զբաղվում էի նաև մանկավարժությամբ, առանց որի իմ կյանքը կիսատ կլիներ։ Հետո մենք հայտնվեցինք շրջափակման մեջ, որը կարողացանք հաղթահարել, քանի որ մեր տանն էինք։ Պատրաստ էինք ապրել որոշակի զրկանքներով, միայն թե Արցախում լինեինք։ Սեպտեմբերի 19-ի պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները ստիպեցին բոլորիս բռնել տեղահանության ճանապարհը՝ մեր սրտում կրելով դրանց աղետալի հետևանքները։

Ինչո՞ւ հենց Գյումրիում որոշեցիք բնակություն հաստատել և հաջողվո՞ւմ է ձեր ընտանիքին հարմարվել նոր բնակավայրին․․․

-Դեռ ճանապարհին էի որոշել․ եթե ոչ Արցախում, ապա՝ Գյումրիում պետք է ապրեմ։ Ինչո՞ւ, որովհետև գյումրեցիները ևս անցել են “դժոխքի” մրջով և ավելի լավ կհասկանան մեր ապրումներն ու ցավը։ Փառք Աստծո, չենք սխալվել։ Մեր ընտանիքը բազմանդամ է՝ կինս, 4 զավակներս, թոշակառու ծնողներս և տարեց տատիկս։ Այստեղ գրեթե բոլորը կարեկցանքով են մեզ ընդունել, փորձել օգնել հնարավորությունների չափով։ Տեղահանվելուց մեկ ամիս հետո կինս՝ Նոյեմը, աշխատանքի անցավ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի դպրոցում՝ որպես աշխարհագրության և ֆիզիկայի ուսուցչուհի։ Իսկ ես, համապատասխան աշխատանք չգտնելով, արցախցի շատ տղամարդկանց նման սկսեցի տաքսի վարել։ Սկզբից, իհարկե, դժվարություններ կային։ Հաճախորդներս գիտեին, որ քաղաքին ծանոթ չեմ և հենց իրենց համբերատարության շնորհիվ կարճ ժամկետում ճանաչեցի քաղաքը։ Ավագ երեխաներս հաճախում են դպրոց, իսկ փոքրերը՝ մանկապարտեզ։ Ծնողներս ու տատիկս շատ են նեղվում, որ չեն կարողանում զբաղվել հողագործությամբ։ Դժվար են հարմարվում, որ արտադրողից հանկարծ դարձել են սպառող։ Նրանց համար դա շատ ծանր է, որովհետև ամբողջ կայնքում հողի հետ կռիվ էին տալիս, ստեղծում և վաճառում իրենց բերքը։ Մեր բազմանդամ ընտանիքն Արցախով է ապրում, մեր ամեն մի օրը հիշողություններով է ավարտվում։ Արթնանում ենք Արցախ վերադառնալու հույսով, բայց քանի որ դա միայն մեր ցանկությունից չէ կախված, գերադասում ենք մնալ Մայր Հայրենիքի այս հատվածում։

Ի՞նչ եք կասեք ՀՀ կառավարության կողմից  Արցախի տեղահանված բնակչությանը տրամադրվող 2025-ի հունվարից նորացված սոցիալական աջակցության ծրագրի մասին։

-Միանշանակ կասեմ, որ առանց պետության կողմից տրամադրվող աջակցության, արցախցիները կկանգնեն մեծ դժվարությունների առաջ, քանի որ մեծամասնությունն ապրում է վարձակալած տներում։ Առաջարկված բնակարանային ծրագիրը, իստ իս, արտագաղթ խթանող ծրագիր է՝ իր բազմաթիվ բացերով։ Ինձ համար ցավալի է, որ իմ իսկ տեսակը պարտադրում է հրաժարվել իմ ինքնությունից՝ Արցախի Հանրապետության քաղաքացիությունից։ Այն հավասարազոր է ազգանունից կամ հայրանունից հրաժարվելուն։ Միևնույն ժամանակ, որպես հայ, չեմ հրաժարվում ՀՀ քաղաքացու պարտականություններից։

Կարծում եմ՝ արցախցիները պետք է ապրեն կոմպակտ տարածքում, որպեսզի չկորցնեն իրենց ավանդույթները, սովորույթները, մշակույթը։ Այս ամենով հանդերձ, ինչքանով էլ անթերի ծրագիր մեզ առաջարկվի, առաջին իսկ հնարավորության դեպքում մենք կվերադառնանք Արցախ, մեր Ասկերան։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ