IPHR նոր զեկույցը մերկացնում է Արցախում էթնիկ զտումների միտումնավոր արշավը

aparaj.am-ը գրում է․

Հալեպի հայերին օգնություն է բաժանվում

Հալեպում սկսվել է նյութական օգնության բաշխումը հայ ընտանիքներին։ Այս մասին հայտնում է հայկական «Գանձասար» թերթը։

Նշվում է, որ օգնությունը հավաքագրվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հովանավորությամբ։

Հրատարակության համաձայն՝ օգնություն կստանան առանց բացառության բոլոր հայ ընտանիքները։

Ավելի վաղ ՀՀ կառավարությանն առընթեր սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտնել էր, որ Հալեպում զինյալների կողմից վերահսկվող տարածքում մոտ 10 հազար հայ է մնում։ Հիմա քաղաքից դուրս գալու հնարավորություն չունեն, փորձում են տնից դուրս չգալ։

ՌԴ և ԱՄՆ ԳՇ պետերն «անսովոր զրույց» են ունեցել». Գերասիմովը զգուշացրել է փորձարկման մասին

ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն անցած շաբաթ «չափազանց արտասովոր» հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ (համապատասխանում է ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնին), գեներալ Չարլզ Բրաունի հետ, հաղորդում են ABC-ին և The New York Times-ը։

Ըստ ABC-ի՝ Գերասիմովը նոյեմբերի 27-ին է զանգահարել Բրաունին և զգուշացրել Միջերկրական ծովում ռուսական նավերից հիպերձայնային հրթիռների առաջիկա փորձարկումների մասին։

Դեկտեմբերի 3-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ փորձարկումը տեղի է ունեցել Միջերկրական ծովի արևելյան հատվածում։

Ըստ New York Times-ի՝ Գերասիմովն իր ամերիկացի գործընկերոջն ասել է, որ նոր՝ «Օրեշնիկ», հրթիռի փորձարկումը ծրագրվել է շատ ավելի վաղ, քան Բայդենի վարչակազմը թույլատրել է Ուկրաինային ATACMS հեռահար հրթիռներն օգտագործել ՌԴ տարածքի թիրախները խոցելու համար։ Իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն «Օրեշնիկ»-ի արձակումը ներկայացրել էր որպես պատասխան հարված ռուսական տարածքում Ուկրաինայի կողմից ամերիկյան ATACMS-ի կիրառման։

The New York Times-ը նշում է, որ Բրաունի մամուլի քարտուղար Ջերիլ Դորսին հաստատել է Գերասիմովի հետ հեռախոսազրույցը, միևնույն ժամանակ շեշտել, որ Գերասիմովի խնդրանքով զրույցի բովանդակությունը Պենտագոնը չի հրապարակում։

ABC-ն և New York Times-ը զրույցից մանրամասներ են հայտնում՝ վկայակոչելով Պենտագոնի անանուն աղբյուրները։

Մոսկվան հեռախոսազրույցի մասին ոչինչ դեռ չի հաղորդել, նշում է BBC-ն։

1500 ղարաբաղցի փախստականներ պատրաստ են ՄԻԵԴ հայց ներկայացնել Ադրբեջանի դեմ

Մի խումբ իրավաբաններ կամավորական հիմունքներով «Արդար խոսք» կուսակցության աջակցությամբ Արցախից բռնի տեղահանվածների հայցն են նախապատրաստում Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի իշխանություններից փոխհատուցման պահանջով։

ՄԻԵԴ հավաքականորեն դիմելու նախաձեռնությամբ հանդես է եկել փաստաբան, Լեռնային Ղարաբաղի փաստաբանների պալատի անդամ Ժաննա Արզումանյանը։ Նա նաև ղեկավարում է դիմումների և այլ անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման աշխատանքային խումբը։ Փաստաթղթերը հաստատում են արցախցիների մինչև բռնի տեղահանումը ունեցվածքը (անշարժ և շարժական)։

Արզումանյանի խոսքով, ինքը կապ է հաստատել բազմաթիվ կազմակերպությունների, կառույցների, միավորումների ու գերատեսչությունների հետ, սակայն աջակցություն է ստացել միայն «ԱՐԴԱՐ ԽՈՍՔ» կուսակցությունից։

«Առաջին փուլում շուրջ 1500 արցախցիների կողմից հայտեր են հավաքվել, փաստաթղթեր են ներկայացվել։ Ստեղծված աշխատանքային խումբը կզբաղվի Արցախից բռնի վերաբնակեցված մեր հայրենակիցների սեփականության իրավունքի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բարոյական վնասի փոխհատուցման հարցերով։ Այս պահին մենք ստուգում ենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, գործերի նախապատրաստումը՝ օտար լեզուներով թարգմանությամբ»։

Ալվարդ Գրիգորյան

Հարթելով լսողության ուղին

«Արցախում ծանրալսություն ունեցող երեխաների համար դժվարությունները շատ էին, այդ թեման մի տեսակ փակ էր, տեղեկացվածությունը ցածր եւ ծանրալսություն ունեցող երեխաների մասին կա՛մ չէր խոսվում կա՛մ վարպետորեն թաքցնում էին այդ փաստը»,- ասում է Անտոնինան: Նա եւս բախվել է ծանրալսության խնդրին։

«Մեր բախտը շատ է բերել, երբ տղաս ծնվեց, Ստեփանակերտի ծննդատանը դեռ գործում էր նորածնային լսողական սքրինինգը, եւ առաջին անգամ հենց այնտեղ իմացա, որ որդիս ծանրալսություն ունի»,- ասում է նա եւ նշում, որ ծնողների կյանքը փոխվում է այս փաստից հետո եւ սկսվում է լսողության ճանապարհի հարթումը։

Ըստ Արցախի առողջապահության նախարարության տվյալների՝ վերջին տարիներին, սակայն, Արցախում նորածնային լսողական սքրինինգ չէր արվում:

Անտոնինայի եւ լսողական խանգարումներ ունեցող երեխաների դիսպանսերում գրանցված շուրջ 1500 երեխաների ծնողների համար ուղի է հարթում վատ լսող երեխաների մայրերի «Հավատ» հասարակական կազմակերպությունը, որը գրեթե 30 տարի է կանգնած է ծանրալսություն կամ խլություն ունեցող երեխաների կողքին։

Դեկտեմբերի 3-ին՝ հաշմանդամների միջազգային օրվա առթիվ, «Հավատ» հասարակական կազմակերպությունն ու Յունիսեֆի հայաստանյան գրասենյակն «Արաբկիր» բժշկական համալիրում ամփոփեցին համատեղ իրականացրած ծրագիրը, որն ուղղված էր լսողական խանգարումներ ունեցող երեխաների, ներառյալ փախստականների, կարիքներին արձագանքմանն ու նրանց սոցիալական ներառման խթանմանը: «Արաբկիր» բժշկական կենտրոնի հետ համատեղ ամփոփվեց Յունիսեֆի աջակցությամբ իրականացրած մի ծրագիր, որը միտված էր Արցախից բռնի տեղահանված երեխաների շարքերում բացահայտել լսողության խանգարում ունեցող երեխաներին։

Միջոցառման ընթացքում «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, ով կանգնած է Հայաստանում լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար իրականացվող բազմաթիվ ծրագրերի, այդ թվում եւ նորածնային սկրինինգի, դիսպանսեր հսկողության, խոսքի զարգացման կենտրոնի ակունքներում, նշեց, որ 20 տարի առաջ հեշտ չէր բացատրել, համոզել կառավարությանն ու ֆինանսավորող կազմակերպություններին, թե որքան կարեւոր է նորածնային սքրինինգն ու վաղ միջամտությունն:

«2007 թվականից  Հայաստանում կատարվում է լսողության սքրինինգ եւ այն օգնում է լսողական խնդիրների վաղ հայտնաբերմանը, միջամտությունների վաղ կիրառմանն ու ըստ այդմ՝ ավելի լավ արդյունքների: Պտուղներն ակնհայտ են, դուք տեսնում եք, որ դահլիճում բազմաթիվ երեխաներ կան, որոնց զարգացումը հետ չի մնացել տարեկիցներից` շնորհիվ վաղ բացահայտման ու միջամտության»,- նշել է Արա Բաբլոյանը:

Կարինեի որդին՝ Արամը, 9 ամսական էր, երբ բացահայտվել է, որ ունի լսողության ծանր կորուստ: Դժվարին ճանապարհ հարթած Կարինեի ու Արամի օրինակը վառ ապացույց է դարձել, որ ուշադիր, հետեւողական ծնողն ու պրոֆեսիոնալների թիմը կարող են լավագույնն անել  երեխայի համար։ Արամն այսօր սովորում է ԱՄՆ-ում եւ անձամբ է մշակել «Ձայնիր» փաթեթը, որը «Հավատ»-ի եւ Յունիսեֆի համատեղ ծրագրի բաղկացուցիչ մասն  է` լրամշակված տարբերակ։

«Երբ բացահայտում ես, որ երեխադ լսողական խնդիր ունի, իսկ դու դեռ ոչինչ չգիտես այդ խնդրի մասին, սկսվում է որոնումների մի մեծ ճանապարհ եւ առաջինն այդ ճանապարհին ինձ շատ օգնեց «Հավատ»-ի ծնողական դպրոցը»,- նշում է Անտոնինան, որի երեխան արդեն 4 տարեկան է եւ հրաշալի խոսում է։

Կարինե Հարությունյանը 2 տասնամյակ առաջ է միացել կազմակերպությանն ու օրինակ դարձել շատ այլ  մայրերի համար: Հիմա կազմակերպության ղեկավարումը հենց նրան են վստահել համահիմնադիրներն ու խորհրդի անդամները: Սերտորեն համագործակցելով «Արաբկիր» բժշկական համալիրի, այս ծրագրի շրջանակում նաեւ Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի հետ` հետ  «Հավատն» աջակցում է այն ծնողներին, ովքեր դեռ նոր են բացահայտում իրենց երեխայի խնդիրը։

Ծրագիրը տեւել է 4 ամիս, ունեցել 4 բաղադրիչ:

«Առաջին բաղադրիչը՝  Երեխաների տվյալների հավաքագրում, նրանց լսողության ստուգում, լսողական կարիքների գնահատում և անհրաժեշտության դեպքում՝ ուղղորդում նաև կրթական և սոցիալական ծառայություններ։

Արցախից տեղահանված 41 երեխա է հիմա գրանցված մեզ մոտ, որոնք ապրում են ՀՀ տարբեր մարզերում եւ Երեւանում», -նշում է Կարինեն ու ավելացնում, որ եղել են երեխաներ, որոնց ընտանիքներն այժմ Հայաստանում չեն ապրում:

Երկրորդ բաղադրիչը երեխաներին` ըստ լսողական կարիքների լսողական սարքեր եւ ներդիրներ հատկացնելն էր: 14 երեխայի 28 լսողական սարք է հատկացվել` բարձրակարգ, թվային սարքեր, որոնց ազդեցությունը ծնողները եւ երեխաները զգացել են կրելու պահից:

Երրորդ բաղադրիչը՝ «Ձայնիր» փաթեթն է, որը Արամն է մշակել «Սերունդ առանց սահմանների 2020» թվականի մրցույթի շրջանակում եւ հաղթող ճանաչվել: Նա, թերեւս, ավելի լավ գիտի, թե ինչ է անհրաժեշտ վատ լսող երեխային։ Խորհրդատուները եղել են «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մասնագետները: Այս ծրագրով լրամշակվել է «Ձայնիրի» առաջին փաթեթը եւ ստեղծվել են փաթեթներ տարիքային 3 խմբի համար` 0-2, 2-4 եւ 4-7 տարեկանների համար: Փաթեթները պարունակում են երաժշտական գործիք-խաղալիքներ, դիդակտիկ խաղերի եւ խաղալքների հավաքածուներ, քարտեր եւ ծնողներին ուղղորդող գրքույկ:

«Խաղալիքների այս փաթեթը հրաշալի նվեր է երեխաների համար, որովհետեւ հաճախ ծնողները հնարավորություն չունեն խաղալիքներ գնելու եւ հատկապես հասկանալու, թե ինչը կարող է օգնել երեխային»,- նշում է Անտոնինան, ով իր երեխային օգնելու համար սովորեց նոր մասնագիտություն՝ սուրդոմանկավարժություն եւ Արցախում օգնում էր ոչ միայն իր երեխային, այլեւ լսողական խանգարում ունեցող այլ երեխաների:

Եւ 4-րդ բաղադրիչը Ծնողների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով 1,5 րոպեանոց կարճատև տեսանյութերի պատրաստում՝ հետևյալ թեմաներով՝ երեխաների նորածնային սկրինինգից մինչեւ երեխաների դպրոցական տարիքը: Տեսանյութերը կարճ են, բայց համապարփակ:

Միջոցառումը համեմված էր մշակութային ելույթներով, ներկաները հնարավորություն ունեցան լսելու  Հայստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, որն արդեն 2 տարի է համագործակցում է «Հավատի» հետ եւ նպատակ ունի  երաժշտության հանդեպ սեր սերմանել եւ դասական երաժշտությունն ավելի հասանելի դարձնել երեխաներին:

Իսկ տարիների գործունեության լավագույն ապացույցը՝ ոչ միայն խոսող, այլեւ փոքրիկ հեքիաթներ բեմադրությամբ ներկայացնող ու երգող երեխաներն են, որոնք լսելու ճանապարհը սկսվել է նորածնային սկրինինգից, անցնել սուրդոկենտրոնով եւ խոսքի զարգացման կենտրոնով, հետո մանկապարտեզ, դպրոց եւ բազում նախասիրություններ` անգամ ռեպի կատարումներով:

Մարիամ Սարգսյան

Փաշինյան․ ՀՀ պարտավոր չէ՞, թե՞ չի կարող պահպանել հայկական հուշարձանները Արցախում, Երուսաղեմում

ՀՀ կառավարության պարտականությունների մեջ է մտնում պատմամշակութային բոլոր հուշարձանների պահպանությունը, պաշտպանությունը, հանրահռչակումը և զարգացումը, բայց ես չեմ կարող ասել, որ ՀՀ-ից դուրս որեւէ օբյեկտի, հուշարձանի պաշտպանությունը ՀՀ պարտականությունն է։ Այս մասին այսօր՝ դեկտոմբերի 4-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Արծվիկ Մինասյանի հացրին։

«Պարտականությունը կատարելու համար պետք է նաև որոշակի հնարավորություն լինի, հասանելիություն և լծակ։ Այս առումով ես չեմ կարող ասել, որ ՀՀ տարածքից դուրս որևէ օբյեկտի, հուշարձանի պաշտպանությունը Հայաստանի պարտականությունն է»,–հավելեց Փաշինյանը։

Պետության պարտականությունների համար պայմաններ եւ լծակներ ստեղծելը՝ իշխանության գլխավոր գործառույթն է։ Եթե կառավարությունը ի վիճակի չէ դա անել, սովորաբար հրաժարական է տալիս, ոչ թե փորձում կրճատել պետության պարտավորությունները։  

Խոսքը միայն հուշարձանների պահպանության մասին չէ, այլեւ տարածքային ամբողջականության, առաջին հերթին՝ Արցախի մասին։  

Ինչ վերաբերվում է հուշարձաններին, ապա Արցախում, Երուսաղեմում, նախկին Օսմանյան կայսրությունում եւ այլ տեղերում հայկական պատմական եւ մշակութային հուշարձանների հարցը բարձրացնելու համար Հայաստանի կառավարությունն ունի բոլոր լծակները։ Կառավարությունը չունի քաղաքական կամք եւ ցանկություն, եթե չասենք,որ դա հակասում է նրա ապազգայնացման քաղաքական գծին։ Փաշինյանն անձամբ է ասել՝ ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցին պետք է Հայաստանից դուրս կալվածքներ ունենա։  

Փաշինյանը հայտարարեց նոր հատվածում «սահմանազատման» մոտալուտ մեկնարկի մասին

Հայաստանի իշխանություններին ընդհանրապես պետք չէ որևէ պատերազմ Ադրբեջանի հետ, ասել է Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների այն հրապարակումները, թե իբր Հայաստանի իշխանությունները ցանկանում են կարճ պատերազմ սկսել՝ սեփական ներքաղաքական դիրքերն ամրապնդելու համար։

Այս հրապարակումները մեկ բան են ցույց տալիս՝ կան ուժեր, որոնք շահագրգռված են տարածաշրջանային իրավիճակի ապակայունացմամբ։ Հայաստանի խնդիրն է չտրվել որևէ սադրանքների և անխոնջ բացատրել իր դիրքորոշումը, ասաց Փաշինյանը։

«Մենք, ըստ էության, քաղաքական մակարդակով և նույնիսկ որոշ չափով իրավական մակարդակով, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա հայտարարել ենք տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին… Շուտով մենք պետք է սկսենք սահմանազատման գործընթացը սահմանի հաջորդ հատվածում»,- ասաց նա՝ չնշելով կոնկրետ տարածքը։

Նա ակնկալում է ակտիվացնել ջանքերը՝ համաձայնեցնելու խաղաղ պայմանագրի նախագիծը՝ ասելով, որ աշխատանքի 90%-ն արդեն արված է։ Մնում է միայն վերջին ջանք գործադրել:

ԱՄՆ-ը նոր մոբիլիզացիայի կոչ է անում Ուկրաինային, Բրիտանիան ասում է, որ թագավորության զորքերը չեն դիմանա նման մասշտաբի կորուստների

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի կադրային քաղաքականության և վետերանների գծով տեղակալ Ալիստեր Կարնեսն ասել է, որ ուկրաինական պատերազմի հետ համեմատած կորուստների դեպքում բրիտանական ցամաքային ուժերը կկորցնեն իրենց ողջ անձնակազմը վեց ամսից մինչև մեկ տարվա ընթացքում:

Այս մասին Կարնեսն ասել է՝ ելույթ ունենալով RUSI վերլուծական կենտրոնի կոնֆերանսում։ Նա օրինակ բերեց Ռուսաստանը, որը, ըստ նրա, այժմ օրական կորցնում է միջինը 1500 սպանված ու վիրավոր։ Նման կորուստներ կրելով՝ Ռուսաստանն արդեն գրեթե ամբողջությամբ կորցրել է ոչ միայն այն բանակը, որով սկսել է պատերազմը, այլև նույն չափի ևս մեկ բանակ, և շուտով կանցնի երրորդին, մեջբերում է Sky News-ը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Reuters-ին տված հարցազրույցում ասել է, որ Կիևը պետք է «բարդ որոշումներ կայացնի հետագա մոբիլիզացիայի վերաբերյալ»:

«Օրինակ, երիտասարդներին կռվի մեջ ներգրավելը, կարծում ենք, ինչպես շատերս ենք կարծում, անհրաժեշտ է։ Հենց հիմա 18-25 տարեկանները պայքարի մեջ չեն»,- հավելեց նա։

«Սա չափազանց կարևոր է, քանի որ նույնիսկ փողի և զինամթերքի առկայության դեպքում առաջին գծում պետք է լինեն մարդիկ, ովքեր կարող են դիմակայել ռուսական ագրեսիային: «Ուկրաինան ստիպված կլինի բարդ որոշումներ կայացնել հետագա մոբիլիզացիայի վերաբերյալ, սակայն դրանք անհրաժեշտ քայլեր են»,- ասել է Բլինքենը։ «Մենք հանձնառու ենք ապահովելու, որ յուրաքանչյուր մոբիլիզացված զինվոր ստանա անհրաժեշտ ուսուցում և սարքավորումներ՝ արդյունավետ պաշտպանելու իր երկիրը»:

Ուկրաինական պատերազմում զոհվածների թիվն արդեն հարյուր հազարավոր է։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարի խոսքերը վկայում են այն մասին, որ Արևմուտքը պատրաստ չէ նման մասշտաբի կորուստների՝ միաժամանակ խրախուսելով Ուկրաինային նոր մոբիլիզացիայի։

Ալվինան “Մի կտոր երջանկություն” բրենդով

Արցախում Ալվինա Գաբրիելյանը վարկային գործակալ էր։ Հիմնական աշխատանքի հետ մեկտեղ զբաղվում էր նաև հրուշակագործությամբ։ 2020-ից հետո Ստեփանակերտում հրուշակեղենի իր արտադրամասն էր հիմնել։ Նրա ընտանիքն Արցախում ուներ նաև հագուստի խանութ, սրճարան, ինչպես նաև զբաղվում էին գյուղատնտեսական աշխատանքներով։ Արցախից տեղահանվելուց հետո Ալվինան որոշել է շարունակել հրուշակեղենի իր բիզնեսը Երևանում։ Այսօր նրա հիմնական եկամտի աղբյուրը հրուշակագործությունն է։ Ինչպես և Արցախում, այստեղ ևս նա ներկայանում է  “Մի կտոր երջանկություn” բրենդով։

-Երբ հաստատվեցինք Երևանում, մտածեցի զբաղվել որևէ գործով, որ կարողանամ հաղթահարել այն արհավիրքը, որի միջով անցել ենք բոլոր արցախցիներս։ Մասնակցեցի հրուշակեղենի վերապատրաստման դասընթացների, միաժամանակ սկսեցի սովորել շոկոլադ պատրաստել։ Դեռևս ճանապարհին էի մտածել, որ բիզնեսս անպայման կշարունակեմ Հայաստանում։ Սոցիալական ցանցերից իմացա բիզնես-ծրագրերի մասին։ Դիմեցի՝ իմ պատրաստած կոնֆետներով նախապես մասնակցելով ցուցահանդես-վաճառքի։ Իմ բիզնեսը հաղթողների շարքում էր։ Ստացա դրամաշնորհ և որոշեցի այն լրիվությամբ օգտագործել նպատակային։ Երևանում տարածք վարձակալեցի, հիմնեցի արտադրամաս, ձեռք բերեցի համապատասխան սարքավորումներ՝ երկու վառարան, հարիչ, սառնարան, կահույք։

Ստեփանակերտի իմ արտադրամասից բերել եմ ընդամենը մի քանի իրեր, որոնք իմ մեջ մշտարթուն են պահում Արցախն ու իմ առաջին արտադրամասը։

Կարճ ժամկետում ձեռք բերեցի հաճախորդներ, որոնք հետզհետե ավելանում են։ Ինձ համար հաճելի է, որ մարդիկ հավանում են իմ խմորեղենն ու շոկոլադները։ Ես այն մեծ սիրով եմ պատրաստում։ Մեծ նշանակություն եմ տալիս թե՛ համին, և թե՛ տեսքին։ Շոկոլադը պատրաստում եմ բելգիական հումքով, բնական չրերով, տարբեր միջուկներով, իսկ թխվածքներն առանց կոնսերվանտների, տնական բաղադրատոմսով, մրգային միջուկներով:

Ունեմ նաև աշխատողներ։ Ցանկանում եմ մեծացնել արտադրամասիս տարածքը, որպեսզի հնարավորություն լինի պատրաստելու նաև արցախյան ժենգյալով հացը։ Մոտ օրերս կսկսենք թխել, – ասում է Ալվինան և ավելացնում, որ ցանկացած գործ ունի իր դժվարությունները, սակայն, երբ ունես հստակ նպատակ և գնում ես դրա հետևից, ապա հաջողությունդ ապահովված է։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Փափուկ աշուն

Դեկտեմբերի 5-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ հաջորդ շաբաթվա սկիզբ էապես չի փոխվի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝– +7+9։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ 0+4,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +1+4,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +5+8,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ 0+4,

Լոռիում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +5+8,

Տավուշում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +7+10,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -7-10, ցերեկը՝ -1+2,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +4+8,

Արարատում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +8+10,

Արմավիրում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +8+10,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ 0+2,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +7+10,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +9+13,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +4+8։

Մի խումբ արցախցիներ շեշտադրում են 1989 թվականի Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշումը․ այսօր դատական նիստ է

Երեւանի Վարչական դատարանում այսօր նախատեսված է արցախցիների քաղաքացիության վերաբերյալ գործով հերթական դատական նիստը։ Արցախցի Մարատ Եգանյանը կոչ է անում արցախցիներին միավորվել այս հայցի շուրջը եւ անհամաձայնություն հայտնել արցախցիների իրավունքների զանգվածային խախտման դեպքերին։ «Մենք պետք է եւս մեկ անգամ վերահաստատենք մեր պատրաստակամությունը՝ մնալ, արարել եւ գործել ի շահ Հայաստանի Հանրապետության։ Արցախը նույնպես Հայաստան է, մենք պետք է վերահաստատենք դա, անընդհատ ներկայացնենք մեր պահանջը դրա վերաբերյալ եւ թույլ չտանք մարդկանց իրավունքների զանգվածային խախտումը։ Եկեք եւ ներկա գտնվեք դատական նիստին, ինձ թվում է, դա ձեզանից մեծ բան չի պահանջում»,- արցախցիներին դիմել է Մարատ Եգանյանը։

Այս գործի հիմքում Արցախի բնակիչ Մերի Ղարայանի հայցն է, որով նա պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը՝ ժամանակավոր պաշտպանության տակ վերցնել իրեն։  2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ընթացքում մոտ 120 հազար արցախցի բռնի տեղահանվել եւ տեղափոխվել է Հայաստան, որոնց թվում է եղել նաեւ Մերի Ղարայանը։ 2023 թվականի հոկտեմբերի 26-ին կառավարությունը որոշում է ընդունել, որով սահմանվել է, որ բռնի տեղահանված անձինք պետք է ստանան ժամանակավոր պաշտպանություն ու դրանից բխող փախստականի կարգավիճակ։ Արցախի բնակիչ Մերի Ղարայանը եւս դիմել է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար, բայց ստացել է մերժում։ Մերժման հիմքն այն է, որ Մերի Ղարայանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, եւ կառավարության որոշման շրջանակներում նրան ժամանակավոր պաշտպանություն տրամադրելու իրավական հիմքերը բացակայում են։

Բռնի տեղահանված Մերի Ղարայանն ու նրա փաստաբանը պնդում են, որ բոլոր արցախցիները Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, ունեն ՀՀ քաղաքացու անձնագրեր, այդ դեպքում ինչո՞ւ է արցախցիների մեծամասնությանը տրամադրվել փախստականի կարգավիճակ, իսկ Մերի Ղարայանի նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերվել։

Այս գործըի շրջանակներում մի խումբ արցախցիներ միավորվել են եւ դատարանում շեշտադրում են 1989 թվականի Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշումը։ Ըստ արցախցիների՝ 1989 թվականի որոշումը չեղարկված չէ, մինչ օրս ուժի մեջ է, եւ ըստ այդ որոշման՝ արցախցիները ՀՀ քաղաքացի են։

Ռոզա Հովհաննիսյան

Առաջին քայլը կարող է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի վերակենդանացումը եւ իրագործումը

Դեկտեմբերի 5-6-ին Վալետայում (Մալթա) կկայանա ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 31-րդ նիստը։ Նիստն անցկացվում է յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում։ 

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ինչպես նաև ԵԱՀԿ անդամ 57 երկրների արտգործնախարարներ, բարձրաստիճան ներկայացուցիչներ կմասնակցեն նիստին։ 

ԵԱՀԿ-ն՝ միջազգային միակ կազմակերպությունն է, որը լեգիտիմ մանդատ ունի Ղարաբաղյան խնդրի լուծման ճանապարհներ որոնելու համար։ Չնայած Բաքվի եւ Մոսկվայի ջանքերին եւ Հայաստանի կրավորական լռությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը պահպանվում է եւ կարող է աշխարհակարգի համար փրկօղակ լինել։

2020-2023 թվականին Արցախում կատարված ահաբեկչական պատերազմը, շրջափակումը, օկուպացիան, 150 հազ․ բնիկ բնակչության տեղահանությունը հիմնովին խաթարել է ԵԱՀԿ պատասխանատվության գոտու անվտանգության համակարգը։

Այդ համակարգի փլուզման ճաքերը հասել են աշխարհի բոլոր կետեր՝ Ուկրաինան արդեն խոսում է տարածքներ զիջելու մասին, Գերմանիայում եւ Ֆրանսիայում կառավարական ճգնաժամ է, ԱՄՆ-ում իշխանության են եկել ռադիկալ ուժեր, Վրաստանում եւ կից Աբխազիայում սահմանադրական կազուս է, Ռուսաստանը տնտեսական քայքայման եզրին է, Մերձավոր Արեւելքում գիշատիչները վերաբաժանում են սկսել, Հարավային Կորեյաի նախագահը ռազմական դրություն է հայտարարում, հետո չեղարկում։

Այս մեծ խաթարումը տեղի է ունեցել փոքր Արցախում միջազգային բոլոր նորմերն ու իրավունքները խախտելու “կոնսենսուսի” պատճառով։ ԵԱՀԿ-ն եւ կազմակերպության “գրանդ”-անդամները թույլ են տվել ռուս-թուրք-իսրաելական հանցավոր համաձայնություն Արցախում, ջախջախելով այն հենասյուները, որոնց վրա ներկայիս աշխարհակարգն է կառուցված։

Դեռ շատ պետություններ են փլվելու, եթե միջազգային իրավունքը չվերականգնվի։ Իսկ դրա առաջին քայլը կարող է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի վերակենդանացումը եւ իրագործումը։ Դրան պետք է նախորդեն ռուս-թուրքական հանցավոր համաձայնությունների եւ ահաբեկչական պատերզմի արդյունքների չեղարկումը։

Այլապես Արցախը կմնա աշխարհի կենտրոնում, իսկ տասնյակ պետություններ կդադարեն գոյություն ունենալ։