“Փաշինյանն իր հայտարարությամբ վերախմբագրում է Զինված ուժերի գործառույթները եւ ոչնչացնում հայոց պետականությունը”

Նիկոլ Փաշինյանը ազգային եւ պետական ինքնիշխանության դեմ ուղղված ծանր հանցագործություն է կատարել։ Այս մասին ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Նիկոլ Փաշինյանն այս ամբոինից կատարեց հայտարարություններ, որոնք ուղղված էին ՀՀ ազգային եւ պետական ինքնիշխանության դեմ, կատարեց հայտարարություններ, որոնք ուղղակիորեն հակասում են ՀՀ Սահմանադրուդրությանը եւ հրապարակային հրաժարվեց Սահմանադրությամբ պետությանը վերապահված պարտավորություններին։ Մասնավորապես, ՀՀ քաղաքացիները ՀՀ սահմաներից դուրս ՀՀ պաշտպանության ներքո են։ Նիկոլ Փաշինյանն այս ամբոինից հայատարարում էր՝ պետությունը պարտավորություն է կրում միայն ՀՀ տարածքում բնակվող քաղաքացիների նկատմամբ։

Մյուսը, նա հրաժարվեց նաեւ Սահմանադրությամբ ամրագրված մեկ այլ կարեւոր պահանջից՝ ՀՀ-ն միջազգային իրավունքի հիման վրա պարտավորվում է ապահովել հայկական պատմական եւ մշակութային արժեքների պահպանությունը։ Նա այս ամբիոնից հայատարարում է, որ պատասխանատու է միայն ՀՀ տարածքում իրականացվող գործողությունների համար։ Եվ հպարտորեն հայտարարում է, որ Արցախի հանձնումը միակ փրկությունն է հայոց պետականությունը պահպանելու համար։ Սա ազգային եւ պետական ինքնիշխանության դեմ ուղղված ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը վաղ թե ուշ վրա է հասնելու»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությամբ վերախմբագրում է Զինված ուժերի գործառույթները եւ ըստ էության ոչնչացնում է հայոց պետականությունը։

Ռուսական ռազմանավերը լքել են սիրիական Տարտուսի իրենց բազան

BBC

Բոլոր ռազմանավերը լքել են սիրիական Տարտուսում գտնվող ռուսական ռազմածովային բազան։ Դատելով «Planet Labs»-ի արբանյակային պատկերներից, որոնք ուսումնասիրել է BBC-ի ռուսական ծառայությունը, նրանք այնտեղ են եղել երկու օր առաջ։

Պաշտոնապես այս օբյեկտը կոչվում է Սիրիայում ռուսական նավատորմի նյութատեխնիկական ապահովման կետ. ռուս զինվորականները պնդում են, որ դա լիարժեք ռազմաբազա չէ:

Սիրիայում ՌԴ ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կետը կարևոր է առաջին հերթին այն պատճառով, որ դա Միջերկրական ծովում Ռուսաստանի միակ ռազմածովային օբյեկտն է։

Նրա արժեքն աճել է 2022 թվականին՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո։

Այժմ ռուսական նավատորմը չի կարող իր նավերը ուղարկել Սև ծով, քանի որ Թուրքիան պատերազմի պատճառով փակել է նեղուցները ռազմանավերի համար։

Մեկ այլ կարևոր օբյեկտ է Խմեյմիմ ավիաբազան։

Ռազմական փորձագետները նշում են, որ Տարտուսից նավերի և օժանդակ նավերի դուրսբերումը կարող է նշանակել, որ ռուսական հրամանատարությունը վստահ չէ դրանց անվտանգությունն ապահովելու ունակության մեջ։

«Սյունիքն էլ տանք` հանգիստ ապրենք…»

Այլեւս անիմաստ է Երեւանի Կիլիկիա ավտոկայան գնալ: «Ստեփանակերտ գնացող… Բրատ, մի հոգի ա մնացալ, կյա` շարժվինք» ասող տաքսիստներ չկան: Ղարաբաղին մոտիկանալու համար պետք է Կայարան գնալ եւ սպասել ժամը իննին եւ երեքին Գորիս գնացող մարշրուտկային, կամ եթե շտապում եք` տաքսիներ լինում են: Հինգ հազար դրամ ուղեվարձ:

Տաքսու հետեւում կողքս մի պարկեշտ երիտասարդ է նստած, վարորդին մոտ մի օրիօրդ: Երիտասարդը Կրասնոդարից է գալիս` հայրենի քաղաքում Նոր տարին հարազատների հետ անցկացնելու համար: Դեռ Երեւան մի եկեղեցու մոտով անցնելիս, երիտասարդը “թաքուն” երեք անգամ խաչակնքվում էր, կիսաբաց պատուանից քաղաքի օդը քիթը քաշում, ապա բարձրաձայնում ժպիտով. “Հայաստանի օդը…” Նա տաքսու վարորդի եւ օրիօրդի հարցերին պատասխանում եւ պատմում էր Կրասնոդարի մասին: Նկարագրում, որ շատ սիրուն քաղաք է եւ անգամ մոսկվիչներն են տեղափոխվում այնտեղ ապրելու համար: Խոսակցություն է գնում քաղաքացիության, ռուսի հետ ЗАГС-ով անցնելու եւ այլնի մասին…

Մեր ճանապարհը շարունակվում է դեպի Գորիս: Ամեն ինչ նույնն է, ինչպես նախորդ անգամ: Որքան մոտենում ես Գորիսին, այնքան սակավանում են մեքենաները: Եղեգնաձոր հասնելով տաքսու վարորդը զիջում է ՊԲ բեռնատարներին, ԵՄ դիտորդական առաքելության մեքենաներին, որոնք լիցքավորում են ճանապարհին: Նրանց ցեխոտ մեքենաները ապացուցում են, թե որտեղից են գալիս: Իրանական համարանիշելով հրավտանգ բեռնատարը գնում է դատարկ ճանապարհով: Մենք նույնն ենք անում շարունակելով Կրասնոդարի թեման:

Ռուսների վրա հեչ չես ասի, որ իրենց երկիրը պատերազմի մեջ է, պատմում է երիտասարդը, իրենց համար ուրախ ապրում են, ասես ոչինչ տեղի չի ունենում:

Իսկ Հայաստանում այդպե՞ս չէ, – միանգամից բորբոքվեց դիմացը նստած օրիօրդը, փորձելով որքան հնարավոր է հետ` դեպի մեզ շրջվել:

Էն օրվա Ղափանի դեքերից հետո էր… Երեւան սրճարանում նստած էի, երկու հոգի զրուցում են կողքի սեղանին: Մեկ էլ մեկը թե …լավ է, Սյունիքն էլ տանք հանգիստ ապրենք: Զոռով ինձ պահել եմ, որ բան չասեմ, ասում է օրիօրդն ու փորձում ավելի հարմար նստել իր տեղը: Այո, այդպես է, Երեւան չգիտեն, թե ինչպես են ապրում շրջանները, ավելացնում է տաքսու վարորդը:

Զգայուն այս թեման աշխատանքի մասին խոսակցությունները միայն մեղմացրեց:

Հորս ու մորս թոշակը միասին 80 հազար դրամ է: Միայն հորս դեղերի փողը 112 հազար է ամսական, ասում է բարետես օրիօրդը: Ինքն էլ 75 հազար դրամ է վաստակում ամեն ամիս` 8 ժամ աշխատելով: Սա զարմացրեց երիտասարդին, ով մեկ ու կես տարի Հայաստանում չի եղել, եւ նա ասաց, որ ինքն էլ մի 300 հազար դրամ է վաստակում, ավելացնելով, որ ռուբլին զիբիլ է դառել: Տաքսու վարորդն էլ ասաց, որ դրամն էլ նույնն է. Երկու բան ես գնում` տասհազարանոցը չկա, ասում է վարորդը: Դե դու էլ վարձ ես տալիս էլի, ասում է օրիորդը երիտասարդին:

Պարեկների շատությունից, հարկայինի դաժանություններից, ապրանքների առանձին վաճառքի, շտրիխ կոդերի, առգրավված համակարգչի մասին խոսակցություններով հասնում ենք Զանգերի մոտ:

Չնայած երիտասարդը հենց իմ կողքին էր նստած, բայց մեջքով նստած օրիօրդը դա տեսավ, գգաց: Կարոտել ես չէ՞ երեւի, հարցրեց նա երիտասարդին: Ես շրջվեցի, երիտասարդի աչքերը լցվել էին…

Ոչ ոքի չեմ ասել, որ գալիս եմ: Միայն Ռուսաստանի ընկերս գիտի եւ մի ուրիշ ընկերոջ եմ ասել Երեւանում…

Ի՞նչ անել, իմ լացը չի գալիս Գորիս մտնելիս: Շուշիին մոտենալիս ոչ մի արտառոց բան չէր լինում: Պարզապես շնչում էիր, հասկանալով որ տուն ես հասնում: Կարող ես բանալիները նետել սեղանին ու փորի վրա փռվել մահճակալին: Այդքան բան:

Պատկերացնում եմ, ինչ հյուսիսկորեական լացի տեսարան կլինի ղարաբաղցիների մոտ, եթե մի հրաշքով հնարավոր լինի նրանք Գորիսից երկու ժամ ճանապարհ շարունակեն: Ոչ, մեզ չեն ստիպի, մենք ինքներս կլացենք:

Մարութ Վանյան

44-օրյա պատերազմի զեկույցով Անդրանիկ Քոչարյանը շանտաժ է անում ՔՊ-ին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ-ական իրազեկ աղբյուրները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը իրեն օրենքից վեր է դասում. նա օրենքի կոպտագույն խախտումներով ձգձգում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքը ու դրա միջոցով շանտաժ է անում իր թիմակիցներին։ ՔՊ-ականներն էլ լուռումունջ աչք են փակում Քոչարյանի ապօրինությունների վրա, չեն համարձակվում նրա դեմ դուրս գալ։

Սկսենք սկզբից. 44-օրյա պատերազմից մեկ ու կես տարի անց՝ 2022 թվականի փետրվարին, ԱԺ-ում ստեղծվեց քննիչ հանձնաժողով, որը պետք է զբաղվեր պատերազմի հանգամանքների ուսումնասիրությամբ։ Քննիչ հանձնաժողովի ստեղծումից 4 տարի անց, սակայն, ո՛չ դրա զեկույցը կա, ո՛չ էլ անգամ` նշույլ։ Միայն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է ամեն ամիս հայտարարում, թե զեկույցը պատրաստ է, շուտով կհրապարակվի, բայց այդպես էլ չի հրապարակվում։

«ԱԺ կանոնակարգ» օրենքի 20-րդ հոդվածում սեւով սպիտակի վրա գրված է՝ «Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչեւ վեց ամիս է, որը կարող է հանձնաժողովի առաջարկությամբ, Ազգային ժողովի որոշմամբ, երկու անգամ երկարաձգվել մինչեւ վեցական ամսով»: Քննիչ հանձնաժողովի գործունեությունը շուրջ երկու անգամ երկարաձգվել է. առաջին անգամ 2022 թվականի սեպտեմբերին՝ 6 ամսով, երկրորդ անգամ 2023 թվականի մայիսի 3-ի նիստում՝ 6 ամսով՝ մինչեւ սույն թվականի նոյեմբերի 3-ը։ Բայց, արի ու տես, որ Քոչարյանը օրենքից դուրս է իրեն հայտարարել եւ արդեն 2 տարի է մատի փաթաթան է դարձրել հանձնաժողովի զեկույցը:

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանը դեռ սեպտեմբերին հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ավարտել է աշխատանքները, եզրակացությունը պատրաստ է, արդեն հոկտեմբերին նամակով դիմելու է ԱԺ նախագահին: Բայց չարեց: Իսկ նոյեմբերի 11-ին էլ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ, հայտարարել էր. «Զեկույցը, որպես այդպիսին, պատրաստ է։ Շատ էջեր կան, միայն տեսաձայնագրությունները վերծանելը հսկայական աշխատանք է, որը նույնպես ավարտված է, Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում այն ամբողջությամբ կհրապարակվի», – նշել էր Քոչարյանը:

Բայց զեկույցը մինչ օրս չի հրապարակվել: Եվ, ըստ ՔՊ-ականների, Քոչարյանը շանտաժի է ենթարկում թե՛ ընդդիմադիրներին, թե՛ իր թիմակիցներին։ Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի մյուս անդամներին` այդ թվում եւ ՔՊ-ական անդամներին, թույլ չի տալիս ծանոթանալ զեկույցին։ Երբ հանձնաժողովների անդամները պահանջում են Անդրանիկ Քոչարյանից հրապարակել զեկույցը, վերջինս արդարանում է, թե զեկույցը դեռ վերջնական չէ, սեւագիր տարբերակով է, սպասում է՝ փորձագետները վերջնական տարբերակը տան իրեն, եւ երբ տան՝ կփոխանցի: Ի դեպ, զեկույցի մի մասը բաց է, որը պետք է հրապարակվի, իսկ մյուս մասը, ասել է, որ փոխանցելու է ԱԺ նախագահին, որ վերջինս որոշի՝ հանրայնացվելո՞ւ է այն թե՞ ոչ, եւ երբ կհրապարակվի։

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Անդրանիկ Քոչարյանը միտումնավոր չի հրապարակում զեկույցը, պահում է այն, որպեսզի հասկանա՝ ինչ որոշում են ՔՊ-ում իր պաշտոնանկության կապակցությամբ կայացնում: Իսկ քանի դեռ զեկույցը չի հրապարակել, որոշում չեն կայացնի: Կարճ ասած՝ նա զեկույցի շանտաժով երկարաձգում է իր պաշտոնավարումը ԱԺ հանձաժողովում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Եթե ես պետք է պատվիրակության կազմում լինեմ, եւ որեւէ մեկը ասի՝ «Արցախը Ադրբեջանի մաս է», ես անմիջապես կթողնեմ ու դուրս կգամ

Step1.am-ի զրուցակիցն է Գերմանիայի «Հայ ակադեմիականների միության» նախագահ, պատմաբան Ազատ Օրդուխանյանը։

-Պարոն Օրդուխանյան, վերջին ամիսներին մենք ակտիվություն ենք նկատում Եվրոպայում Արցախի հարցով Եվրոպական խորհրդարանը հերթական բանաձեւն ընդունեց, որով կոչ էր արվում ապահովել արցախցիների անվտանգ վերադարձը, նաեւ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության հարցն էր բարձրացվում։ Հնարավո՞ր է գործադիր իշխանությունը քայլեր անի՞՝ իրագործելու այդ բանաձեւերն ու որոշումները։

-Ես կարծում եմ, որ շատ բան կախված կլիներ ՀՀ իշխանական դասի ներկայացուցիչներից։ Եթե նրանք վերջապես գիտակցեն Եվրոպայի արժեքը, կարողանան այդ կամքը ցուցաբերել եւ ընդառաջ գնալ Եվրոպային, պարզված ձեռքը չմնա օդում, կարծում եմ, որ Եվրոպան կրկին կակտիվացնի իր գործունեությունը։ Գոնե այդ տրամադրությունները մեզ համար շոշափելի են այնտեղ, բայց ամեն ինչ կախված է հայկական իշխանությունների կամքից, համարձակությունից, արժեքների վերաարժեւորումից։ Չէի ցանկանա գուշակություններ անել, բայց ակնհայտ է, որ մթնոլորտը հասուն է Եվրոպայում, կա նաեւ ԱՄՆ գործոնը, որն ազդում է Եվրոպայի վրա՝ հայկական շրջանակների հետ կապերի ակտիվացման կամ այս տարածշրաջնում իրենց վերադիրքավորման հարցումէ։ Եթե մի 10 տարի առաջվա հետ համեմատենք, Եվրոպայի դիրքն այսպիսին չէր։

Ես համոզված եմ, որ մեր լավ աշխատանքի դեպքում, եթե լուրջ քաղաքական, ռազմավարական կոնցեպտներ մշակենք ու քայլ առ քայլ իրականանցենք, շատ ավելի շահեկան դիրքերում կհայտնվենք։ Բայց մենք չենք աշխատում, միայն պահանջում ենք։ Մենք սիրում ենք, որ իրենք ընդառաջ գան եւ քննադատում ենք, թե ինչո՞ւ Եվրոպան սա չարեց, Արեւմուտքը սա չարեց։ Շատ բան կախված է մեր տնային աշատանքների կատարումից։ Եկեք լրջանանք, աշխատենք եվրոպացիների հետ ամեն բնագավառում՝ գիտական, մշակութային, ռազմական, տնտեսական, քաղաքական։ Սա ընդհանուր քաղաքական օրիենտացիայի հարց է։ Եվրոպական օրիենտացիայի հարց է, որը, ցավոք սրտի, դեռ թույլ զարգացած է։ Մենք պատմության մեջ 1700 տարի ունեցել ենք արեւմտյան օրիենտացիա, բայց վերջին շրջանում ռուսական օրիենտացիան կարողացել է դոմինանտ դառնալ։

Վերջերս նաեւ Շվեյցարիայի խորհրդարանը կառավարությանը առաջարկել էր հնարավորինս արագ կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ միջազգային խաղաղության ֆորում։ Որոշման տեքստում նշվում է, որ «նման առաջարկի նպատակն է դյուրացնել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների բաց երկխոսությունը, որը կանցկացվի միջազգային հսկողության ներքո կամ միջազգային համապատասխան դերակատարների ներկայությամբ՝ պատմականորեն այնտեղ բնակվող հայ բնակչության անվտանգ եւ հավաքական վերադարձի շուրջ բանակցելու համար»։ Մենք տեսանում ենք, որ Հայաստանի իշխանությունն այս եւ նմանօրինակ որոշումներին չի արձագանքում, քայլեր չի անում։ Ինչպե՞ս եք սա գնահատում։

-Եթե ես կառավարության անդամ լինեի, գիշեր-ցերեկ կաշխատեի մասնագետների հետ, ովքեր աշխատում են շվեյցարական քաղաքականության, մշակույթի դաշտում կամ լավ ծանոթ են այդ երկրին։ Անմիջապես պատվիրակություն կստեղծեի, կուղարկեի Շվեյցարիա՝ ընդառաջ։ Ոչ միայն բանավոր հայտարարություններ պետք է արվեն, այլ պետք է գնան, տեղում ընդգրկեն նաեւ սփյուռքյան ուժերին եւ աշխատեն։ Մենք շատ զայրանում ենք, որ հայկական պատվիրակությունները գալիս են Գերմանիա բանակցությունների, եւ տեղի Սփյուռքը չի աջակցում, չի իմանում, թերթերից ենք իմանում։ Իրենք շրջանցում են մեզ, արհամարհում են կամ մեծամտություն են ցուցաբերում։ Եթե հայկական Սփյուռքին չներգրավեն այս հարցում եւ չաշխատեն պատվիրակություններով, մենք նորից դոփելու ենք նույն տեղում։ Չի կարող եվրոպական մի երկիր լինել, որտեղ հայկական Սփյուռքը չունենա իր մասնագիտական ռեսուրսները, որոնք, ցավոք սրտի, չեն ընդգրկվում այս աշխատանքների մեջ։

-Կան տեսակետներ, որ Սփյուռքի ներկայացուցիչներն իրենք են հրաժարվում աշխատել Հայաստանի այսօրվա իշխանությունների հետ։ Կա՞ն այդպիսի տրամադրություններ Սփյուռքում։

-Դա էլ կա, բայց իրենք են հասցրել դրան։ Սփյուռք ասածը հարաբերական է, բայց Սփյուռքի որոշ սկզբունքային շրջանակներ, այո, հրաժարվում են։ Եթե ես պետք է պատվիրակության կազմում լինեմ, եւ որեւէ մեկը ասի՝ «Արցախը Ադրբեջանի մաս է», ես անմիջապես կթողնեմ ու դուրս կգամ։ Ես այդպիսի նախադասություն չեմ կարող մեկ սենյակում հանդուրժել։ Արցախը մեր հայրենիքն է եղել, կա եւ պետք է լինի։ Կարսը, Էրզրումը, Վանը մեր հայրենիքն են եղել, կան եւ պետք է լինեն։ Եթե իրենք պետք է գան ու այդպիսի արտահայտություններ անեն, իհարկե, պետք է խուսափենք, ի՞նչ պետք է անենք, իրենց հետ պետք է նույն երգը երգե՞նք։

Ռոզա Հովհաննիսյան

Հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է

Հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է. շարժակազմները դուրս են եկել երթուղիներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Դեռ հայտնի չէ, թե ինչ են պայմանավորվել քաղաքապետարանում վարորդների հետ։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 3-ի առավոտյան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ հրաժարվել են դուրս գալ երթուղիներ։ Նրանք բողոքում էին իրենց աշխատանքային պայմաններից եւ աշխատավարձից:

 

Հարավային Կորեայի նախագահը ռազմական դրություն է հայտարարել

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը հեռուստատեսային ուղերձի ժամանակ հայտարարել է ռազմական դրություն մտցնելու մասին։ Նա այդ միջոցը որակեց որպես անհրաժեշտ՝ ազատական ​​սահմանադրական կարգը «կոմունիստական ​​ուժերից» պաշտպանելու համար։

Նրա խոսքով՝ սպառնալիքը գալիս է ինչպես Հյուսիսային Կորեայից, այնպես էլ տեղական «հակապետական ​​տարրերից», որոնք պետք է «վերացվեն»։

YTN հեռուստաալիքի կայքը հրապարակել է նախագահի ուղերձը ժողովրդին, որում նա ընդդիմությանը մեղադրում է պետության աշխատանքը կաթվածահար անելու մեջ՝ փորձելով իմպիչմենտի ենթարկել կառավարության հիմնական գործիչներին։

«Սա ակնհայտ հակապետական ​​գործողություն է, որը խախտում է ազատ Կորեայի սահմանադրական կարգը և ոչնչացնում է Սահմանադրությամբ և օրենքներով ստեղծված օրինական պետական ​​ինստիտուտները՝ փորձելով քաղաքացիական պատերազմ հրահրել», – ասել է Յուն Սեոկ Յոլը:

Ֆրանսիան Մուրադ Փափազյանին պարգևատրել է Պատվո լեգեոնի ասպետի մեդալով

Դեկտեմբերի 2-ին Ֆրանսիայի նախկին վարչապետ Գաբրիել Ատալը Պատվո լեգեոնի շքանշան է հանձնել ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանկ Մուրադ Փափազյանին: Շքանշանը շնորհվել է Փափազյանի ավելի քան քառասուն տավա գործունեության, ինչպես նաև մասնագիտական ​​հաջողությունների համար, գրում է armenews.com-ը:

Միջոցառմանը ներկա է եղել շուրջ 300 հյուր, այդ թվում՝ բազմաթիվ քաղաքական գործիչներ, գործարարներ և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ: Հյուրերի շարքում էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին, Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանին, ինչպես նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Պատվո լեգեոնի շքանշանը ազգային շքանշան է, որը սահմանվել է Նապոլեոն Բոնապարտի կողմից 1802 թ. մայիսի 19-ին։ Շքանշանով պարգևատրվում են Ֆրանսիայի համար տարբեր ոլորտներում մեծ ավանդ ունեցող անձինք։

Փափազյանը ՀՅԴ Բյուրոյի անդամ է եւ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ: Երկար ժամանակ նրա մուտքը Հայաստան արգելված էր ներկայիս կառավարության կողմից։

Սեպտեմբերի 19-ը․ Սամվելը, որին բոլորը որպես Շիմիր են ճանաչում, պայմանագրային զինծառայող էր

Ալիսա Մինասյանն իր երկու զավակների հետ Արցախից տեղահանվելուց հետո հաստատվել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։ Նրա ընտանիքն ապրում էր Ստեփանակերտում։ Ամուսինը՝ Սամվելը, որին բոլորը որպես Շիմիր են ճանաչում, պայմանագրային զինծառայող էր, որդին՝ Արմենը, սովորում էր Ստեփանակերտի բժշկական քոլեջում, իսկ աղջիկը՝ Էլինան, դպրոցում։ 2023-ի սեպտեմբերի 19-ը ճակատագրական օր դարձավ այս ընտանիքի համար։ Ալիսան կորցրեց ամենաթանկը՝ ամուսնուն, իսկ օրեր հետո՝ հայրենիքը։

Ալիսան պատմում է

-Սամվելը պայմանագրային ծառայող էր Ասկերանի տանկային զորամասում։ Նա գրեթե ամեն օր էր գնում հերթապահության։ Սեպտեմբերի 19-ին ազատ օր էր վերցրել․ պետք է գնար կաթնամթերք բերելու։ Առավոտ շուտ գնաց “Ցեխ ձոր” կոչվող տեղամասից կաթ գնեց ու հետ դառավ։ 45 լիտր կաթ էր բերել, և միասին սկսեցինք կարագ պատրաստել․ օգնում էր ինձ։ Պատմեց, որ փոքր մեքենայով 9 հոգու է բերել այդ տեղամասի գյուղերից։ Անգամ հղի կին կար։

Այդպես խոսում էինք ու հանկարծ Հարավի կողմից հրետանակոծության ձայներ լսեցինք։ Այդ պահին նրա հեռախոսը զանգեց․ զորամասից կանչում էին, թշնամին պատերազմ էր սկսել։ Անմիջապես դուրս եկավ տանից ու գնաց զորամաս։ Այնտեղից զանգեց ու ասաց, որ չանհանգստանամ՝ ամեն ինչ շուտով կհանդարտվի։ Սակայն քիչ հետո սկսեցին հրետակոծել նաև Ստեփանակերտը, աղջկաս հետ իջա մեր շենքի նկուղը։ Քիչ հետո մեզ միացավ նաև տղաս։ Ասաց, որ հայրն է զանգել ու ասել, որ տիրություն անի մեզ։ Դա վերջին խոսակցությունն էր Շիմիրի հետ, դրանից հետո կապը լրիվությամբ կտրվեց։

Հաջորդ օրը պատերազմն ավարտվեց, տղամարդիկ տուն էին վերադառնում։ Շիմիրից լուր չկար։ Զարմանում էի, որ չի զանգում։ Սկսել էի մտածել, որ բան է պատահել։ Այդ ժամանակ մեր տուն եկավ նրա եղբայրը՝ Գարիկն ու ասաց, որ Շիմիրը վիրավորվել ու հոսպիտալում է։ Եկել էր մեզ տանելու Ստեփանակերտի օդանավակայան, որտեղ ավելի անվտանգ էր։ Ամբողջ ճանապարհին լուռ էինք, ես զգում էի, բայց ձայն չէի հանում՝ խնայելով երեխաներիս։ Տղաս խնդրեց հորեղբորը, որ հոսպիտալից զանգի, որ կարողանա լսել հոր ձայնը։ Գարիկը լուռ էր։

Օդանավակայանում ինձ մոտենում էին ծանոթ մարդիկ, կարեկցանքով նայում և հորդորում ուժեղ լինել։ Չգիտեի ինչ անել, ինչ ասել երեխաներիս։

Ամուսնուս ծնողների հետ վերադարձանք Ստեփանակերտ։ Սեպտեմբերի 22-ին նրա աճյունը հողին հանձնեցինք իր հարազատ Խնապատի գերեզմանատանը։ Սեպտեմբերի 25-ի առավոտյան ամուսնուս ծնողների հետ բռնեցինք տեղահանության ճանապարհը։

Ալիսան իր մեջ ուժ է հավաքել ու շարունակում է պայքարել

 -Սկզբից չափազանց ծանր էր։ Առանց ամուսնուս ես կիսատ ու դատարկ էի։ Նրանից ու երեխաներիցս բացի ես ոչ ոք չունեի։ Եղբայրս զոհվել է Արցախյան առաջին պատերազմում։ Հայրս չկարողացավ դիմանալ այդ ցավին և միացավ որդուն։ Նրանք հուղարկավորված են մեր հարազատ գյուղում՝ Ակնաղբյուրում։ 2020-ի պատերազմի հետևանքով, երբ կորցրինք նաև մեր գյուղը, մայրս չհաղթահարեց կորստի ցավը։ 2021-ին կորցրի նաև նրան։

Իմ ամենահարազատ մարդկանց գերեզմաններն եմ թողել Արցախում։ Ինձ հետ բերել եմ  մահվան 4 վկայական, ամուսնուս մեդալները, պատվոգրերը և հեռախոսս, որոնց մեջ մնացել են մեր նկարները։

Դիլիջանում հաստատվելուց որոշ ժամանակ հետո հասկացել եմ, որ պետք է ուժ հավաքեմ։ Ամուսնուս և հարազատներիս հիշատակը ինձ պարտադրում է պայքարել ու ապրելու փորձեր անել։ Անկախ ամեն ինչից, արցախցին միշտ էլ ուժեղ է եղել, ապրել է արժանապատիվ կյանքվ և օրվա հացն իր քրտինքով վաստակել։ Պատրաստվում եմ մտնել ՀՀ ՊԲ-ում ծառայելու։ Արդեն հանձնել եմ փաստաթղթերս։ Ընդառաջել են, երևի շուտով կանցնեմ ծառայության։ Պարտավոր եմ երեխաներիս ոտքի կանգնեցնել ու թիկունք լինել։

 -Տղաս՝ Արմենը, բժշկական քոլեջի 2-րդ կուրսի ուսանող է։ Սովորում է գերազանց և քոլեջն ավարտելուց հետո պատրաստվում է բարձրագույն ուսում ստանալ ու բժիշկ դառնալ։ Նա նպատակ է դրել իրականացնել հոր երազանքը՝ դառնալ լավ մասնագետ ու մարդկանց կյանքեր փրկել։ Ամուսինս Արմենին փոքրուց մեքենա վարել էր սովորեցրել։ 15-ամյա որդիս էր վարում մեքենան, երբ դուրս եկանք Արցախից։

Աղջիկս՝ Էլինան, սովորում է 10-րդ դասարանում։ Փոքրուց սիրում էր ստեղծել գեղեցիկ իրեր․ ասում էր՝ կվաճառեմ և կօգնեմ ընտանիքիս։ Ստեփանակերտում թողեցինք նրա բոլոր աշխատանքները։ Դասերին զուգընթաց նա ուլունքներով պայուսակներ և այլ իրեր է պատրաստում։ Կարողանում է նաև վաճառքի հանել իր արտադրանքը, ունի հաճախորդներ։

Ալիսան չի կորցնում հույսը, որ մի օր կվերադառնա տուն

-Չեմ կարողանում հարմարվել հայրենազրկված լինելու մեջ։ Ամեն գիշեր մտքով Արցախում եմ, իմ տանը, երբ դեռ բացակա մարդ չկար։ Այդ հիշողություններն են ապրեցնում ինձ և հետդարձի հույս տալիս։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Փաշինյան․ մենք ընտրել ենք “ուտելիք լինելու” տարբերակը

Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը փորձել է «ապաշխարվել» եւ վերջակետ դնել 6 տարվա իր քաղաքականության այս փուլին։ Սակայն ինչպես այլ բաները, ապաշխարումը նույնպես կեղծ էր եւ թատերական՝ ենթատեքստով։ Էլ Արցախի հարցը 9-ամսեկան հղիության հետ համեմատել, էլ հայերին «ազգ-նահատակ» անվանել, էլ բանակի նշանակության զրույացում։ Ապաշխարության տեղ ստացվեց «мы старый мир разрушили», սակայն «мы свой, мы новый мир не построим»։

Չէ, Փաշինյանը իհարկե փորձել է ձեւացնել, որ եղածը քանդելու, Արցախը հանձնելու, Հայաստանը 29,8 ք/կմ-ի մեջ խցկելու փոխարեն ինչ-որ բան է կառուցել։ Բայց այդպես էլ չասաց, արդյո՞ք արտաքին միջավայրը ջունգլիներից վերածվել է վեգանների պարտեզի, եւ Հայաստանն առանց Արցախի կարող է գոյատեւել որպես «խոտակեր» պետություն եւ հետապնդել տնտեսական շահ։ Յա, իրո՞ք։ Գայլերն անհետացել են, իսկմնացածին կարելի է խափել։

Այն քաղաքականությունը, որն ինքը վարել է և վարում է, Փաշինյանի համոզմամբ, ոչ թե ճիշտ է կամ սխալ, այլ միակ հնարավոր տարբերակն էր, որը պետություն ունենալու շանս է տալիս։

«Ես 2 տարի առաջ այս ամբիոնից հայտարարել եմ, որ եթե մեզ հաջողվի 1-2 տարի պահել մեր պետականությունը, դա նշանակում է, որ մենք առաջիկա հարյուրամյակում պետություն ունենալու իրական հնարավորություն ենք ստեղծում։ Ահա 2 տարի անց ես կանգնած եմ խորհրդանում որպես վարչապետ և պետք է արձանագրեմ, որ միջնաժամկետում մեր դարավոր և ռազմավարան խնդիրը լուծված է։ Բայց մեզ չի կարելի ոչ մի վայրկյան թուլացնել մեր զգոնությունը», – հայտարարեց Փաշինյանը։

Նա համարում է, որ «պետությունը ունի կոնկրետ տարածք, պատասխանատվության կոնկրետ գոտի և գործում է միայն ու միայն այդ տարածքի, միայն ու միայն այդ սեփական պատասխանատվության տարածքի շահերին համապատասխան։ Իսկ այդ շահը տնտեսական զարգացումն է»:

Փաշինյանի ներկայացմամբ, պետք է ստեղծել անվտանգային մի համակարգ, որի առաջին գծում բանակը չէ. «Բանակից առաջ կան բուֆերներ, որո՞նք են այդ բուֆերները, օրինակ, տնտեսական փոխկախվածությունները, որից առաջ կա ուրիշ բուֆեր՝ միջազգային կանոնները, որի ոտնահարումներից այսօր բողոքում են բոլորը»:

Այս 2 տարվա մեջ աշխարհակարգում ոչինչ չի փոխվել՝ նույն գիշատիչ բարքերը, եւ այդ պայմաններում կամ պաշտպանվում ես՝ դիվանագիտությամբ, զենքով, ազգային ղեկավարությամբ, կամ ուտելիք ես դառնում։

Փաշինյանի այսօրվա հայտարարության ենթատեքստ այն մասին է, որ հայերը իր ղեկավարությամբ ընտրել են «խժռվելու» տարբերակը։ Եթե նախկին պաշտպանության համակարգով, Արցախով, «ազգ-բանակով» չի հաջողվել դիմակայել գիշատիչներին, հիմա շանսերը գրեթե զրոյացել են։

Դա է Փաշինյանի ասացի տրամաբանությունը։

“Այս պահին կազմակերպված տարհանումը Հալեպից անհնարին է”․ ՀՀ դեսպանատուն

Սիրիայում ՀՀ դեսպանությունն ու Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարում են՝ կազմակերպված տարհանումն այս պահին անհնարին է, բայց հայրենակիցներին օժանդակելու նպատակով ստեղծվել է թեժ գիծ (+ 963 96 000 36 22)։ Տեղեկությունը հայտնում է Սիրիայում ՀՀ դեսպանությունը։
«Այս պահին կազմակերպված տարհանումն անհնարին է: Հորդորում ենք Հալեպում և շրջակայքում բնակվող մեր հայրենակիցներին հնարավորինս զերծ մնալ տեղաշարժերից (միայն անհրաժեշտության դեպքում), իսկ քաղաքից դուրս գալու փորձերը այս պահին լիովին բացառել»,- ասված է դեսպանության հաղորդագրությունում:
Հայտնում են, որ ճշտվում են ցուցակները, թե ում անձնագրերն են պատրաստ, կան անձնագրային գործեր, որոնք դեռ գտվում են պատրաստման փուլում և Հայաստանում են: Փնտրվում են հնարավորություններ առկա անձնագրերը իրենց հասցեատերերին հանձնելու ուղղությամբ: Դիվանագիտական կառույցից ընդգծում են՝ իրավիճակի փոքր-ինչ կայունանացումից հետո կկապվեն հասցեատերերի հետ և կտեղեկացնեն, թե որտեղ և ինչպես կարող են ստանալ իրենց անձնագրերը:
Սիրիայում ՀՀ դեսպանությունից նշում են՝ այն հայրենակիցները, ովքեր դիմել են ՀՀ քաղաքացիության, բայց դեռ չեն ստացել անձնագրերը և հայազգի Սիրիայի քաղաքացիները, ովքեր ցանկանում են մեկնել Հայաստան՝ կարող են դիմել Դամասկոսում կամ Բեյրութում ՀՀ դեսպանություններ և հեշտացված կարգով ստանալ ՀՀ մուտքի արտոնագրեր (վիզաներ):
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը ներկայում արտակարգ ռեժիմով շարունակում է իր աշխատանքները Դամասկոսում ՀՀ դեսպանությունում։

Աբխազիայի խորհրդարանը դեմ է քվեարկել. Ռուսաստանը կշրջափակի՞ Սուխումը

Աբխազիայի խորհրդարանը դեմ է քվեարկել հանրապետությունում ռուսաստանյան իրավաբանական անձանց ներդրումային գործունեության մասին համաձայնագրի վավերացմանը։

Այս համաձայնագիրը հոկտեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրել են Աբխազիայի փոխվարչապետ Օզգանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։

Նոյեմբերի 15-ին Աբխազիայի խորհրդարանում պետք է տեղի ունենար պայմանագրի վավերացումը, սակայն այս համաձայնագրին դեմ հանդես եկող ընդդիմությունը բողոքի ցույցեր է կազմակերպել։ Արդյունքում հրաժարական են տվել Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան և վարչապետ Ալեքսանդր Անկվաբը։

Ինչպե՞ս կարձագանքի Մոսկվան Աբխազիայի՝ Ռուսաստանին «տնտեսապես» ինտեգրվելու դժկամությանը։ Մոսկվան արդեն խոստացել է դադարեցնել Աբխազիայի բնակիչներին կենսաթոշակների վճարումը, էներգետիկ աջակցությունը և այլն։ Մնույմ է ճանապարհների փակումն ու շրջափակումը։

Աբխազիայում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2025 թվականի փետրվարին, սակայն Արցախի Հանրապետության “սովի մատնելուց” եւ «լուծարմամբ» սկսված գործընթացների համատեքստում ընտրությունները կարող են չկայանալ։ Մոսկվան կփորձի «վերացնել» Աբխազիան որպես հանրապետություն՝ աբխազներին թողնելով ընտրություն՝ կա՛մ Վրաստան, կա՛մ Ռուսաստան։

Իսկ Վրաստանում տեղի ունեցող գործընթացների ֆոնին չի բացառվում, որ Մոսկվան ու Թբիլիսին համատեղ ջանքերով «կլուծարեն» Աբխազիան։ Էրդողանն էլ քավոր։