Ռուսները Սիրիայում իրենց զինանոցները «հանձնում են» թուրքամետ ուժերին՝ ի հեճուկս Իրանին

Սիրիայում թուրքամետ ուժերը գրավել են առանցքային օբյեկտներ և ռազմավարական նշանակության զենքեր: Ապստամբների ցուցադրած գավաթներից էին ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերը, այդ թվում՝ ռուսական «Պանցիր-Ս1» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգը։

Մինչ այս պահը թուրքամետ զինյալները գործնականում չունեին արդյունավետ հակաօդային պաշտպանության համակարգեր և ենթարկվում էին մշտական ​​ավիահարվածների սիրիական և ռուսական օդանավերի կողմից։ Այժմ գրավված համակարգերը կարող են դառնալ ուժերի հարաբերակցությունը փոխող գործոն, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։

Պուտինը ձևացնում է, թե դեռ պաշտպանում է Ասադին, բայց թուրքամետ ուժերի կողմից մի քանի օրում միլիոնանոց քաղաք և մի ամբողջ շրջան գրավելը խոսում է Պուտինի և Էրդողանի պայմանավորվածության մասին։ Այս պայմանավորվածությունների շրջանակում Մոսկվան ոչ միայն չի օգնում Ասադին ու Սիրիայում իրանամետ ուժերին, այլեւ Սիրիայում իր զինանոցները փոխանցում է թուրքամետ ուժերին։

Նույն պատմությունը եղավ Արցախում, որտեղ ռուս «խաղաղապահները» օգնեցին կազմակերպել Արցախի շրջափակումը, զինաթափել հայկական բանակը և տեղահանել բնիկ բնակչությանը։ Դաշնակիցների «հանձնումը» ռուսական բռենդն է, և այժմ Սիրիայի և Իրանի հերթն է:

Ուկրաինացի «վերլուծաբանները» ուրախանում են Սիրիայում թուրքամետ ուժերի հաջողություններով և Ռուսաստանի «պարտությամբ», թեև հասկանում են նաև, որ «ի պատասխան» Թուրքիան Ռուսաստանին «կհանձնի» Ուկրաինայի հարավը և Անդրկովկասը։ Գիտեն նաեւ, որ ռուսներն Արցախից զենք են տեղափոխել հենց ուկրաինական ճակատ։

Այս գործընթացները սկսվել են 2020 թվականին՝ Արցախի օկուպացիայից։ Իրանը, ճանաչելով Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» և Արցախում ռուսական զորքերի անօրինական ներկայությունը, ճանապարհ հարթեց օկուպացված Արցախի հետ սահմանին իր նախագահի սպանության և Ռուսաստանի կողմից հայկական և իրանական շահերի ավանդական դավաճանության համար։

Երկրաշարժ Հայաստանի հյուսիսում

Սույն թվականի դեկտեմբերին 2-ին` տեղական ժամանակով ժամը 08:38-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 04։38-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․06⁰ և արևելյան երկայնության 44.27⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3․4 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր քաղաքներում և Մեծավան, Կաթնառատ, Պրիվոլնոյե գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Ավտոբուսներում և տրոլեյբուսներում այսօրվանից գործելու է բանկային քարտով վճարման եղանակը

Արդեն իսկ վերգետնյա շարժակազմում, այսինքն բոլոր ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հնարավոր է վճարումը իրականացնել ֆիզիկական բանկային քարտերի միջոցով՝  ՀՀ բանկերի կողմից թողարկված: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Նրա խոսքով, այս գործարքները միջնորդավճար չեն ենթադրում քաղաքացիների կողմից. «Այսինքն ծրագիրը իրականացնող «Թելսել» կազմակերպության կողմից այս միջնորդավճարները վճարվում են: Ամեն դեպքում կհորդորեմ քաղաքացիներին, եթե ցանկանում են, եթե վստահ չեն, որ ամբողջությամբ գիտեն իրենց և բանկի միջև պայմանները, մի հատ էլ լրացուցիչ ճշտում կատարեն կոնկրետ իրենց քարտի թողարկման պայմանների մասով, որպեսզի վստահ լինեն, որ ինչ-որ լրացուցիչ վճարներ գանձման ենթակա չեն:

Նաեւ նախատեսում ենք այս շաբաթվա ընթացքում այս գործարկումից հետո, եթե ինչ-որ խնդիրներ ի հայտ գան, խնդրում ենք քաղաքացիներին իրենց մասին հայտնել և դրանք կստանան շուտափույթ լուծում, որից հետո նաև վճարման հնարավորությունը կնախատեսվի նաև մետրոպոլիտենում»,-ասաց նա:

Արցախցի հրուշակագործը մասնակցել է ցուցահանդես-վաճառքին

Այսօր Երևանի <<Մարիոթ>> հյուրանոցում կազմակերպված Christmas շուկա ցուցահանդեսվաճառքին իր արտադրանքն է ներկայացրել նաև արցախցի հրուշակագործ Լիանա Իսրայելյանը։

Լիանային ճանաչում են գրեթե բոլորը։ Ով գոնե մեկ անգամ համտեսել է նրա պատրաստած փխրուն բամդամբուրին ու արցախյան փախլավան, չի կարող երբեք մոռանալ դրանց անմահական համը։ Ավելի քան 24 տարի Լիանան զբաղվում է հրուշակագործությամբ և իր գործն այնքան է սիրում, որ առանց դրա չի պատկերացնում իր կյանքը։ Արցախից տեղահանվելուց հետո Լիանայի ընտանիքը հաստատվել է Էջմիածին քաղաքում։ Նա հրուշակեղենի արտադրամաս է բացել և շարունակում է իր քաղցր ու անուշահամ գործունեությունը։ Աշխատում է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի <<Ագապե>> սեղանատանը։

-Իմ պատրաստած առաջին խմորեղենը բադամբուրին էր։ Տարիներ առաջ, երբ որոշեցի զբաղվել հրուշակեղենի պատրաստմամբ, դեռևս չէի պատկերացնում, որ այն կդառնա իմ հիմնական աշխատանքը։ Իմ բադամբուրիների միջոցով հայտնի դարձա Ստեփանակերտում ու հետզհետե սկսեցի ավելացնել տեսականին։ Արցախում ունեի քաղցրավենիքի արտադրության անհատական ձեռնարկություն, որտեղ աշխատում էինք թիմով։ Ինչպես այնտեղ, այստեղ ևս ինձ ուժ են տալիս իմ հավատարիմ հաճախորդները և ընտանիքս։ Տեղահանվելուց հետո վերսկսեցի գործս, մասնակցեցի բիզնես ծրագրի ու ստացա դրամական աջակցություն, որն ինձ օգնեց բացելու հրուշակեղենի արտադրամաս։ Նպատակս Էջմիածին քաղաքում արցախյան խմորեղենը ճանաչելի դարձնելն է։  Չնայած բիզնեսս Հայաստանում նոր է, սակայն կարճ ժամկետում ես կարողացա ձեռք բերել հաճախորդներ, իհարկե, հույս ունեմ, որ այն կընդլայնվի ու ավելի կբարգավաճի։ Ունեմ երկու աշխատող՝ Զոյան և աղջիկս՝ Ռիտան։

Շատ եմ սիրում իմ գործը և ամեն անգամ ավելի եմ համոզվում, որ այն ինչ անում ես սիրով, անպայման լավ արդյունք է ունենում։ Իմ աշխատանքն ինձ կյանք է տալիս։ Մեծ սիրով մասնակցում եմ նաև փառատոնների, ցուցահանդես-վաճառքների,-ասում է Լիանան։

Լիանան համեստորեն լռում է, բայց մենք գիտենք, որ իր գործն անելուց բացի նա նաև շատ-շատերին է օգնում, խորհուրդներ տալիս։ Սրտացավ ու պատրաստակամ հրուշակագործը Արցախից տեղահանվելուց հետո շատերին է սովորեցնում խմորեղեն պատրաստելու նրբությունները և ներքուստ հպարտանում, որ իր աշակերտներն իրենից պակաս չեն թխում և, որ ամենակարևորն է, կարողանում են դրանով վաստակել օրվա հացը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Այսօր Արցախի և Հայաստանի վերամիավորման 35-րդ տարեդարձն է

1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և ԼՂԻՄ Ազգային խորհուրդը համատեղ որոշում ընդունեցին Արցախը Հայաստանին վերամիավորելու մասին։

Այս բանաձեւը հիշատակվում է 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Անկախության հռչակագրում որպես հիմնարար փաստաթղթերից մեկը։ 1991թ. սեպտեմբերի 2-ին ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության հռչակագրում դեկտեմբերի 1-ի որոշումը նշված չէ, սակայն Հայաստանին վերամիավորվելու Արցախի ցանկությունը եւ փաստացի վերամիավորումը միշտ եղել են Արցախի ժողովրդի քաղաքական կուրսի հիմքում։ Արցախը երբեք Հայաստանին «այլ պետություն» չի համարել՝ դրա դիմաց ստանալով նույն վերաբերմունքը։ Հայաստանը չէր կարող ճանաչել Արցախի անկախությունը, քանի որ Արցախն արդեն Հայաստանի մաս էր։

Այժմ, երբ Արցախը ֆիզիկապես օկուպացված է, իսկ ԼՂՀ-ն դե ֆակտո լուծարված, Արցախի կարգավիճակը մատնանշող միակ փաստաթուղթը 1989թ. որոշումն է։

Ռուսաստանը, որը 1990-ի սկզբին պաշտոնապես ճանաչեց հետխորհրդային հանրապետությունների անկախությունը և նույնիսկ Արցախի ինքնորոշման իրավունքը (տե՛ս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները, որտեղ Ռուսաստանը դեռևս համանախագահ է), գործնականում ամեն ինչ արեց թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի քաղաքականությունը կառավարելու համար։ Ռուսաստանը տիրել է Հայաստանի տնտեսական ակտիվների մեծ մասը, հաղորդակցությունները, ռուս սահմանապահները պահպանում են Հայաստանի սահմանները Թուրքիայի և Իրանի հետ՝ որպես «ԽՍՀՄ արտաքին սահմաններ», Ռուսաստանը պահպանել է Հայաստանում 102-րդ ռազմակայանը և 2020 թվականին իր զորքերը անօրեն ուղարկել է Արցախ։ Լրտեսների և ազդեցության գործակալների ընդարձակ ցանցը թույլ է տալիս Մոսկվային մինչ օրս տիկնիկավարի պես կառավարել Հայաստանը, ներառյալ Արցախը։ Ռուսաստանի քաղաքականությունն էր, որ բերեց նրան, որ վերամիավորման որոշումը չիրականացվեց և ընտրվեց «անկախ» Արցախի ի սկզբանե պարտվող տարբերակը։

2020-2024 թթ Ռուսաստանը, հիմնվելով Թուրքիայի հետ պայմանավորվածությունների վրա, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ կոնսենսուսի շրջանակներում (հիշենք ԵՄ-ՌԴ-ԱՄՆ գաղտնի հանդիպումը 2023թ. սեպտեմբերի 17-ին Պոլսում, որտեղ տրվել է Արցախի օկուպացման կանաչ լույսը), «զիջում է» Արցախը և Հայաստանի հարավը Թուրքիային՝ հետխորհրդային երկրներում ազդեցությունը պահպանելու դիմաց։

1989 թվականի որոշման հիշատակումը Հայաստանի Անկախության Հռչակագրում և, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ անհաղթահարելի խոչընդոտ է 2020-2023 թվականների ահաբեկչական պատերազմի արդյունքների օրինականացման ծրագրերի համար։ Զուր չէ, որ Ալիեւը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն անհրաժեշտ պայման է համարում «խաղաղության պայմանագիր» կնքելու համար։ Քանի դեռ Հայաստանը չի փոխել Սահմանադրությունը, քանի դեռ գործում է Հայաստանի Անկախության հռչակագիրը և 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը, Արցախը կհամարվի Հայաստանի օկուպացված տարածք։ Ալիեւը, Էրդողանը եւ մյուս պուտինները դա հասկանում են։

Կարևոր չէ, թե ինչ են ասում Ալիևը, Պուտինը, Փաշինյանը, կարևորն այն է, որ փաստաթղթավորված և փաստորեն Արցախը Հայաստանն է։ Կարևոր չէ, որ Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը չեն հիշում 1989թ որոշումը։ Ոչ մի երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, չի դիմել Հայաստանին՝ Սահմանադրությունը փոխելու և Միացումի մասին որոշումը այնտեղից հանելու կոչով։ Այդ մասին չեն խոսում եւ Հայաստանի քաղաքական ուժերը։