Ակտաուում Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռ է կործանվել, 28 մարդ ողջ է մնացել

Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ղազախստանի Ակտաու քաղաքի օդանավակայանում, հայտնում է Orda-ն՝ վկայակոչելով ականատեսներին և Ղազախստանի Արտակարգ իրավիճակների վարչությանը։ Տեղեկությունը հաստատում է Tengrinews-ը։

Ինքնաթիռը պատկանել է «Ադրբեջանական ավիաուղիներ»-ին։ Գրոզնիի օդանավակայանի վարչության տվյալներով՝ Բաքվից J2 8243 չվերթը Չեչնիա պետք է հասներ Մոսկվայի ժամանակով 8:20-ին։

Ինչպես ՌԻԱ Նովոստիին պարզաբանել է Գրոզնիի օդանավակայանի մամուլի ծառայությունը, Չեչնիայի մայրաքաղաքում մառախուղի պատճառով Բաքվից ինքնաթիռը վերահղվել է Մախաչկալա, այնուհետև Ակտաու։

Կործանված ինքնաթիռում ողջ մնացածներ կան. РИА Новости-ն՝ հղում անելով Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը, հայտնում է 28 ողջ մնացածների մասին։

«Ադրբեջանական ավիաուղիներ»-ը հայտնել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, միջադեպի պատճառը եղել է ինքնաթիռի և թռչունների երամի բախումը։

Ադրբեջան կոչվածը այդպես էլ սահմաններ ձեռք չի բերել․ բոլոր ձեւակերպումներն անհեթեթ են

Step1.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

-Պարոն Մանասյան, Նիկոլ Փաշինյանը շարունակում է խեղաթյուրել Արցախի հիմնախնդիրը՝ հայտարարելով, թե «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»։ Արդյոք այդ մասի՞ն էր բանակցային գործընթացը։

-Ցավն այն է, որ ոչ միայն պատասխանատու անձինք, այլ նաեւ մեր փորձագիտական շրջանակները հարցը ճիշտ չեն պատկերացնում։ Մենք բոլոր փաստաթղթերի խորքային, գիտական հետազոտության կարիք ունենք։ Դրանց թվում նաեւ այն է, ինչի մասին հիմա խոսվում է, թե իբր 30 տարի շարունակ հայկական կողմը բանակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն Ադրբեջանի կազմում թողնելու մասին։ Այդպիսի բան չի եղել, եթե մենք ճիշտ ուսումնասիրենք փաստաթղթերը, ապա կտեսնենք, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին, երբ արցախցիները հռչակել են ԼՂՀ-ն, այդ հանրապետությունը հիմնել են մի տարածքում, որն արդեն Սովետական միության տարածք չէր, որովհետեւ ԽՍՀՄ-ն իր գոյությունը դադարել էր 1991 թվականի դեկտեմբերի 8-ին։ Դեկտեմբերի 10-ին արցախցիները հռչակել են անկախություն՝ արդեն Սովետական միությանը չպատկանող տարածքում եւ Ադրբեջանին չպատկանող տարածքում, որովհետեւ Ադրբեջանը տարածքներ չէր հռչակել, վերկանգնել էր ադրբեջանական դեմոկրտական հանրապետություն կոչվածը, որը չգիտես՝ ով է հռչակել եւ որտեղ։ Հռչակել է Ադրբեջանի մուսուլմանների ազգային խորհուրդ կոչվածը, որը գոյություն ունենալ չէր կարող, այդ խորհուրդը կարող էր կամ լինել ազգային խորհուրդ, կամ մուսուլմանների խորհուրդ։ Եվ այդ մուսուլմանների ազգային խորհուրդ կոչվածը «հռչակել է հանրապետությունը» Անդրկովկասի արեւելյան եւ հարավային տարածքներում։

Շատ փորձագտեներ ասում են՝ էս ինչ խելոք են եղել նրանք, իրենց շահերը պաշտպանել են։ Բայց մեր մասնագետները չեն նկատում, որ իրավունքի տեսանկյունից դա անհեթեթություն է, որովհետեւ այդպես տարածք չեն հռչակում։ Ի տարբերություն մուսուլմանների կամ կովկասյան թաթարների (չեմ ասում ադրբեջանցիներ, որովհետեւ Ադրբեջան չի եղել) Հայաստանը հռչակվել է հայկական գավառներում, այսինքն՝ էթնիկական սկզբունքով։ Իրենցը չես հասկանում՝ որտե՞ղ է վերջանում արեւելյան Անդրկովկասը, մանավանդ, որ Արցախն ու Հայաստանը գտնվում են կնետրոնական Անդրկովկասում։ Ազգերի լիգան, նաեւ դա նկատի ունենալով, ասել է՝ հնարավոր չէ այդ պետության սահմանները գծել, եւ Ադրբեջանը չի ճանաչել որպես պետություն։

1991 թվականին Բաքուն հրապարակել է «ադրբեջանական հանրապետության անկախության մասին սահմանադրական ակտ», որտեղ փոխել են «Անդրկովկասի հարավային եւ արեւելյան տարածքներ» հասկացությունը՝ հասկանալով, որ դա իրավունքի տեսնակյունից նոնսենս է։ Եվ գրել են, որ «ադրբեջանական հանրապետության տարածքները պատմականորեն ձեւավորված սահմաններում անբաժանելի են, անօտարելի են»։ Բայց դա ավելի անհեթեթ է, քան նախկինը, որովհետեւ ի՞նչ է նշանակում՝ «պատմականորեն ձեւավորված սահմաններում», ոչ մի կերպ չես կարող ասել՝ դա որտեղ է։ Մինչեւ օրս էլ նրանք չեն կարողանում դա բացատրել, դրա համար են մտցրել «Արեւմտյան Ադրբեջան» հասկացությունը։

Այս անհեթեթ ձեւակերպումներով այսօրվա ադրբեջանական հանրապետությունը մտել է ԽՍՀՄ լուծարման ընթացքի մեջ։ Եվ շատ գնահատականներ կախված են եղել Արեւմուտքից, առաջին հերթին Եվրոպայից։ Եվ Եվրոպական միությունը, որն այն ժամանակ 12 պետություն է եղել, Բելովեժյան բացատի հայտարարությունից հետո, դեկտեմբերի 9-10-ին որոշել են քննարկել այդ հարցը, իսկ դեկտեմբերի 16-ին ընդունել են այսպես կոչված «12-ի հայտարարությունը»։ Այսինքն՝ Եվրոպան ԽՍՀՄ լուծարման ընթացքում հայտարարել է, որ ինքը նորանկախ պետությունները ճանաչելու է նախկին միութենական հանրապետությունների սահմաններում։ Իհարկե, Բաքվում ուրախացել են եւ գնացել են Ալմա-Աթա։ Այնտեղ նրանք միացել են Ռուսաստանի, Բելառուսի եւ Ուկրաինայի կողմից հռչակված ԱՊՀ-ին։ Եվ դեկտեմբերի 23-ին Եվրոպան ողջունել է դա։

Իմ համոզմամբ՝ Բաքվին համոզել են, որ ոչ ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը, ոչ խորհրդային Ադրբեջանը, ոչ էլ դուք չեք կայացել անկախության հանրաքվեով, գոնե մի հանրաքվե արեք, որ օրինական դառնաք։ Ալմա-Աթայից հետո միայն դեկտեմբերի 29-ին Բաքուն կազմակերպել է անկախության հանրաքվե, բայց դա էլ չի տվել նրան սահմաններ։ Ինչո՞ւ, որովհետեւ հանրաքվեում դրել են մի հարց, որը պետք է քվեարկեին՝ «համաձա՞յն եք արդյոք սահմանադրական ակտի հետ, որտեղ գրված է, որ պատմականորեն ձեւավորված սահմաններում է կայացել»։ Այսինքն՝ նորից սահմաններ ձեռք չի բերել։

Բայց Եվրոպայի մոտեցումը դարձել է հիմք, որ Եվրոպան ճանաչի նախկին միութենական հանրապետություններին, այդ թվում՝ Ադրբեջանին։ Հարց է ծագում՝ Եվրոպա դու ո՞նց ես ճանաչում, երբ Ադրբեջան անվամբ պետությունների մեջ դա առաջին հանրաքվեն է եղել, որին Արցախը չի մասնակցել, որովհետեւ օրինաբար հռչակել էր իր անկախությունը։ Ուրեմն Ադրբեջանն առնվազն պետք է կայանար առանց Արցախի։ Եվրոպան թքել է բոլորի վրա եւ ճանաչել է Ադրբեջանը Արցախով հանդերձ։ Արցախի հարցը մտել է ուրիշ փուլ՝ Եվրոպայի մեղքով՝ եթե ուզում ես անկախանալ, ուրեմն ինքնորոշվիր։

Եվ Հայաստանի առաջին նախագահը, որի օրոք այս ամենը եղել է, եւ հաջորդած քաղաքական միտքը ադեկվատ չի գնահատել այս իրողությունը։ Մեզ քաղաքագիտական, իրավագիտական միտք էր պետք, որ այս իրողություններում ճիշտ կողմնորոշվեինք, բայց չենք ունեցել։ Եվ մենք գերի ենք դարձել սխալ բանաձեւերի։ Երբ մենք ինքներս ենք արդեն մտել ինքնորոշման դաշտ, այսինքն՝ պայքարել ենք ինքնորոշման իրավունքի համար, դա իր հիմքում ունեցել է այն միտքը, որ Արցախը պետք է պոկվի Ադրբեջանից, որովհետեւ Եվրոպան եւ աշխարհն այդպես ճանաչել են։ Երկրորդ եւ երրորդ նախագահները պայքարել են, որ ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Միայն առաջին նախագահն է ասել, որ միջազգային հանրությունը չի հանդուրժելու, վաղ թե ուշ մենք Ղարաբաղը տալու ենք։

Եվ մերօրյա ղեկավարությունը նույնպես այդ մտքին է։ Պարոն վարչապետը, երբ դեռ լրագրող էր, բազմաթիվ հոդվածներ ունի, որտեղ ասում էր՝ «Արցախը Ադրբեջան է»։ Հիմա հարց է ծագում՝ մենք այսօր ունե՞նք այն դիվանագիտական, քաղաքագիտական, իրավագտական, միջազգային իրավական հարաբերությունների խորը իմացությունը, որպեսզի ճիշտ բանաձեւերով գնանք ու աշխարհին ասենք։ Կարողանո՞ւմ ենք մենք հենց հիմա հարցը տեղափոխել իրավական դաշտ։ Այստեղ գլուխ գովելու տեղ չէ, պետք է հիմնվել գիտության վրա եւ ոչ թե ինքնուրույն տնային վերլուծություններ անել։

-Իշխանությունները փորձում են ներկայացնել, որ Արցախի հարցը փակված է։ Այս տարբերակով հարցի լուծումը համարվո՞ւմ է օրինական։

-Ո՞նց կարող է Արցախի հարցը լուծված լինել, եթե ցեղասպանություն է եղել, եւ այդ ցեղասպանության զոհերը հայտնվել են իրենց հայրենիքից դուրս։ Դա փակ հարց չէ, նույնիսկ միջազգային հանրությունը չի փակում այդ հարցը։ Եվրոպական կազմակերոպությունները բազմաթիվ որոշումներով ասում են, որ հարցը փակ չէ։ Մենք չպիտի փակենք, գոնե պիտի ասենք, որ պայքարելու ենք, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն իրավունքի հողի վրա։ Եվ ոչ ոք դրա դեմ խոսել չի կարող։

 Ռոզա Հովհաննիսյան

Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին․ Ղարաբաղի հարցով գլոբալ կոնսենսուս չկա

Երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել:  Այս մասին իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Մինչեւ օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ”:

Հիշեցնենք, որ ԱՊՀ գագաթնաժողովին կմասնակցի նաեւ Ալիեւը, եւ խոսվում էր Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիպման մասին՝ Պուտինի հովանո ներքո։

Փաշինյանը մինչեւ Ռուսաստան գնալը, նախկին նախագահներին բանավեճի իբր հրավիրելու միջոցով, մի քանի անգամ կրկնեց, որ “1994-ից բանակցությունները Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին էր”, կարծես պատրաստվելով Ալիեւի հետ հանդիպմանը։

Սակայն Սանկտ-Պետերբուրգ չգնալու որոշումը խոսում է այն մասին, որ Ղարաբաղի հարցով գլոբալ կոնսենսուս չկա։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ը կնվազի 4-6 աստիճանով

Հիդրոօդերեւութաբանության և մոնիտորինգի կենտրոնից հայտնում են, որ մինչև դեկտեմբերի 26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 27-ից կլինեն տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Օդի ջերմաստիճանը Շիրակում դեկտեմբերի 25-ին կլինի +4, Կոտայքում և Գեղարքունիքում +8, Լոռիում +12, Տավուշում +15, Արագածոտնում +9, Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորում +10, Սյունիքում՝ +17։

Երևանում մինչև դեկտեմբերի 26-ը եւս սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր մայրաքաղաքում օդի առավելագույն ջերմաստիճանը կլինի +9։

Շնորհավոր երկնային ծնունդդ, Վահե

Վահե Ավագյանն Արցախյան 44-օրյա պատերազմի կամավորականներից էր։ Մի երիտասարդ, ով պատերազմի հենց առաջին օրվանից գիտեր՝ Հայրենիքի համար օրհասական այս պահին իր տեղը մարտական դիրքում է։ Սեպտեմբերի 27-ին նա մեկնեց պատերազմ ու այլևս չվերադաձավ։

Երեք քույրերի մինուճար եղբայր էր Վահեն երկար սպասված արու զավակ՝ Ավագյանների ընտանիքում։ Ծնվել է 1989-ի դեկտեմբերի 12-ին Ստեփանակերտ քաղաքում։ 1992-ին նրանց ընտանիքը ժամանակավոր տեղափոխվել է Երևան։ Առաջին դասարանը Վահեն հաճախել է Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան հ 196 հիմնական դպրոցում։ Ուսումնական տարին ավարտելուց հետո ընտանիքը վերադարձել է Արցախ։ Վահեն ուսումը շարունակել է Ստեփանակերտի Հովհաննես Թումանյանի անվան հ 9 միջնակարգ դպրոցում։ Տաղանդաշատ երեխա էր, փոքրուց աչքի էր ընկնում կավագործության և նկարչության հանդեպ սիրով։ Հաճախակի էր հոր հետ նկարում, կամ կավից հետաքրքիր իրեր պատրաստում։ 2001-ին սովորել է ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղում։ 2006-ին ընդունվել է ԱրՊՀ-ի տնտեսաիրավաբանական ֆակուլտետը։ 2014-ին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ 2020-ին Վահեն, որպես իրավաբան, աշխատում էր Արցախի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ում։

44-օրյա պատերազմի ժամանակ Վահեն Արցախի Վարանդայի շրջանի «Ջուվառլու» կոչվող տեղամասում էր, որտեղ ծանր ու անհավասար մարտեր էին մղվում։ Վահեն ՑՈՐ-ի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի հրետանավորների հետ էր։ 44-օրյա պատերազմը դաժան էր։ Հարյուրավոր տղաներ էին ընկնում, Արցախը շաղախվում էր նրանց արյամբ։ Օրերն անցնում էին, պատերազմը չէր ավարտվում։ Մոր՝ Սուսաննայի հետ Վահեի վերջին զանգը հոկտեմբերի 12-ին էր, որից հետո հաջորդեցին լռության ծանր ու դաժան օրերը։ Կապը կտրվել էր դիվիզիոնի տղաների հետ։ Օրեր անց հարազատներին էին հասնում գույժերը․ կատարվել է աղետալին․․․ Վահեն չէր գտնվում։ Միայն 75 օր հետո Վարանդայի շրջանում կատարված որոնողական աշխատանքների արդյունքում գտնվեց Վահեի մարմինը։

Դիվիզիոնի 35 տղաներից ընդամենը 14-ը վերադարձան տուն։ 11 տղաների աճյուններ հողին հանձնվեցին մոտ 1․2 տարի անց։

Քույրը՝ Նարեն, ցավով ու կարոտով է խոսում մինուճար եղբոր մասին։ Դեկտեմբերի 12-ին Վահեի ծննդյան տարեդարձն է, սակայն հարազատները չեն կարողանում այցի գնալ ու ծաղիկ խոնարհել նրա հիշատակին

-Առատաձեռն էր, մեծահոգի, և այդ էր պատճառը, որ միշտ շրջապատված էր լավ ընկերներով ու բարեկամներով, որոնք անվերապահորեն վստահում էին նրան։ Նրանից հետո մենք ապրում ենք Աստծո մխիթարությամբ և հուշերով։ 75 օր շարունակ փնտրում էինք Վահեին, նրա մարմինը գտանք Աստծո ողորմածությամբ ու հողին հանձնեցինք։ Հայրս, չկարողանալով դիմանալ որդու կորստի ցավին, կյանքից հեռացավ Վահեի զոհվելուց մեկ տարի հետո։ Այսօր հայր ու որդի՝ իրար փարված, հավերժված են Արցախի հողին։ Ծանր է հեռու գտնվել ամենահարազատ մարդկանց շիրիմներից, զրկված լինել նրանց գերեզմաններին ծաղիկ խոնարհելու և խնկարկելու հնարավորությունից։ Բայց մենք փարատվում ենք նրանով, որ Վահեն ու հայրս երկնային արքայությունում են, Աստծո լույսերի մեջ,- ասում է քույրը, ապա շարունակում,- առանց Վահեի մեր կյանքը թերի է, այժմ էլ մնացինք առանց Արցախի ու չգիտենք՝ ինչպես ապրել։

Ավերիչ պատերազմն իր հետքն է թողել Ավագյանների գերդաստանի վրա՝ զրկելով նրանց մինուճար զավակից։ Վահեն նշանված էր նա հասցրել էր զգալ սիրելու և սիրված լինելու ջերմությունը։ 

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

“Արցախ” կամերային նվագախմբի երկար սպասված համերգը կայացավ

Արցախի կամերային պետական երգչախումբը վերսկսել է իր աշխատանքները Հայաստանում։

Դեկտեմբերի 23-ին կայացել է “Արցախ” կամերային նվագախմբի առաջին և երկար սպասված համերգը։ Ինչպես ասում է նվագախմբի գլխավոր դիրիժոր, գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը, տրվել է նվագախմբի նոր կյանքի սկիզբը։

Համերգի ընթացքում հնչել են Մոցարտի, Չայկովսկու, Կոմիտասի ստեղծագործությունները։ Նվագախմբի նպատակներից ամենակարևորը հայկական երաժշտության և տարբեր ժամանակաշրջանների հայ երգահանների ստեղծագործությունների տարածումն ու աշխարհին ցույց տալն է։ Նվագախումբը նախապատրաստվում է հանդես գալ նաև Հայաստանից դուրս։

“Արցախ” կամերային նվագախմբի գործունեությանը շարունակում է աջակցել ՀԲԸՄ-ն։

Վաշինգտոնն արձագանքեց Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին

Ազատություն

Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին՝ «Ազատությանը» հայտնելով, որ Միացյալ Նահանգների անվտանգային աջակցությունը և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին ուղղված է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցության ամրապնդմանը՝ բարելավելու բանակի պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաև Իրանի հետ երկու երկրների սահմանի ամրապնդմանը։

Ռուսական պետական հեռուստաալիքներին տված իր վերջին հարցազրույցում Իլհամ Ալիևը պնդել էր, թե Հայաստանին զենքի մատակարարման հարցում առաջատարը Ֆրանսիան է, երկրորդ տեղում Հնդկաստանն է, երրորդում՝ ԱՄՆ-ը։

«Ֆրանսիան ու Հնդկաստանը չեն թաքցնում, որ Հայաստանին մահաբեր զենք են մատակարարում, ԱՄՆ-ը չի խոստովանում, բայց մենք հետևել ենք [ամերիկյան] ռազմական բեռնատար ինքնաթիռներին, որոնք վայրէջք են կատարել հայկական օդանավակայաններում ու զինամթերք տարել», – ասել էր Ալիևը։

Ո՛չ Երևանը, ո՛չ Վաշինգտոնը երբևէ չեն հայտարարել զինամթերքի մատակարարման մասին։ Ի՞նչ զինամթերքի մասին է խոսում Ալիևը, և արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է նրա պնդումը. «Ազատության» այս հարցին Պետդեպարտամենտի խոսնակն ուղիղ չի պատասխանել, միայն նշել է. – «Միացյալ Նահանգներն Հայաստանին ու Ադրբեջանին իր անվտանգային աջակցությունն այնպես է հաշվարկում, որպեսզի վստահ լինի, որ այն հարձակողական նպատակներով կիրառելի չէ ու չի խաթարում կամ խոչընդոտում կայուն և արժանապատիվ խաղաղության շուրջ բանակցությունների շարունակական ջանքերին»։

Մեթյու Միլլերը նաև շեշտել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև շարունակական շփումներին՝ աշխատելու կոնֆլիկտի խաղաղ կարգավորման ուղղությամբ։

Թուրքիան իշխանափոխություն է սկսել Եգիպտոսում

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել։ Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ իրենց վրդովմունքն արտահայտելով նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի գործողությունների կապակցությամբ։

Վրդովմունքի պատճառ է դարձել նախագահական նոր պալատի և վարչական մայրաքաղաքի կառուցման մասին հայտարարությունը, որի արժեքը գնահատվում է 45 միլիարդ դոլար։

Լրացուցիչ լարվածություն են ստեղծում իշխանությունից հեռացված «Մուսուլման եղբայրներ» շարժման կողմնակիցները, որոնք ակտիվորեն մասնակցում են ցույցերին։ Քաղաքագետները մատնանշում են Թուրքիայի և Կատարի հնարավոր ազդեցությունը, որոնք ավանդաբար աջակցում են այս շարժմանը։

Թուրքիայի պայթուցիկ նյութերի գործարանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 12 մարդ է զոհվել

Երեքշաբթի օրը պայթյուն է որոտացել Թուրքիայի Բալիքեշիր նահանգի պայթուցիկ նյութերի արտադրամասում։ Այս մասին հայտարարել է նահանգի նահանգապետ Իսմայիլ Ուստաօղլուն։

Նրա խոսքով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 12 մարդ, երեքը՝ վիրավորվել։

«Կարեսի շրջանի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեր քաղաքացիներից 12-ը զոհվել են, երեքը՝ վիրավորվել»,- ասել է նահանգապետը։

Նա նաեւ բացառել է դիվերսիայի հնարավորությունը։

Փաշինյանը և երեք նախագահները Շուշի հրավիրված չեն

Նիկոլ Փաշինյանի երեկվա «առաջարկը» նախկին նախագահներին՝ քննարկել 1994 թվականից հետո Ղարաբաղի շուրջ բանակցությունները, աղմկոտ, երբեմն էլ հեգնական արձագանք առաջացրեց։ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչն, օրինակ, կոչ արեց Փաշինյանին բանավիճել… Փաշինյանի հետ. Իսկ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները նույնիսկ հայտարարեցին, որ հնարավոր չէ բանավճել ակնհայտի շուրջ։

Երեք նախագահների ներկայացուցիչները վերահրապարակեցին մի շարք փաստեր և փաստաթղթեր, որոնք ի սպառ հերքում են Փաշինյանի այն հայտարարությունները, թե 1994 թվականից հետո բանակցությունները վերաբերում էին Ղարաբաղը Ադրբեջանին «վերադարձնելու» հարցին։ Սակայն քննարկման «ֆորմատը» սահմանված է՝ Փաշինյանը երեք նախագահներին է մեղադրում Ղարաբաղի հանձնման մեջ, իսկ երեք նախագահներ՝ Փաշինյանին։

Կարծես Ալիևի զորքերը չէին մտել Ղարաբաղ, 2020-ից հետո Շուշիի մոտ թուրք զինվորները չէին կանգնած, Ակնայում ռուս-թուրքական «մոնիթորինգային» կենտրոնը չէր, ռուսականխաղաղապահները» չէին գնդացիրներով ստուգում Արցախ մեկնող հայերին, իսրայելցի զինվորականները չէին, որ վերահսկում էին անօդաչու սարքերը Ֆուզուլիի օդանավակայանից։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Կոստանդնուպոլսում հավաքվել էին ոչ թե ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները՝ Արցախի բռնազավթումը հաստատելու համար, այլ Հայաստանի նախկին նախագահները։ Փաշինյանը մեղադրում է նախկին նախագահներին՝ թաքցնելու համաշխարհային դավադրությունը, որի անդամն է, և սադրելու նախագահներին՝ «բացահայտելու» համաշխարհային մեղավորներին եւ “վատամար” դառնալ։

Բայց նախկին նախագահները “վատիկներ” դուրս եկան ու սխալ պատասխաններ տվեցին, քանի որ նրանք էլ էին այս դավադրության մաս, ուղղակի տարբեր փուլերում։ Նրանք իրենց «փաստարկներում» չեն նշում ո՛չ 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերը, ո՛չ Ղարաբաղը հանձնելու Ստալինի որոշումը, ո՛չ էլ Կարսի պայմանագրի ընդլայնման Ռուսաստանի և Թուրքիայի ծրագրերը։ Սա նշանակում է, որ նրանք էլ են թաքցնում ճշմարտությունը։

Քանի դեռ Կարսի պայմանագիրը, որպես Հայաստանի սահմանների իրավական հիմք, խորը տաբուի տակ է Հայաստանում, Հայաստանի նախագահներն ու վարչապետները պինգ-պոնգ են խաղալու՝ կեղտոտելով հասարակության ուղեղը և չխանգարելով Թուրքիային և Ռուսաստանին ամրապնդել իրենց սահմանները։ նոր պայմանագիրը խորհրդանշականորեն կամփոփեն Շուշիում՝ անձամբ Պուտինն ու Էրդողանը։ Փաշինյանն ու երեք նախագահները հրավիրված չեն։

Բազմակնության մասին ֆեթվան հետ է կանչվել․ սա Աստծո կամքն է

Ռուսաստանի Դաշնության մահմեդականների հոգևոր վարչության (DUM) Ուլեմայի խորհուրդը հետ է կանչել «Բազմակնության խնդիրները Ռուսաստանի մահմեդական համայնքում» աստվածաբանական եզրակացությունը (ֆաթվա), որը թույլատրում է կրոնական բազմակնությունը: Այս մասին երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, Telegram-ի իր ալիքում հայտնել է խորհրդի նախագահ Շամիլ Ալյաուտդինովը։

«Ռուսաստանի Դաշնության մահմեդական համայնքի ուլեմայի խորհուրդը, կապված ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվության հետ, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը կոչ է արել չեղյալ համարել «Բազմակնության խնդիրները Ռուսաստանի մահմեդական համայնքում» ֆեթվան, և նաև ռուսական հանրության արձագանքի կապակցությամբ հետ է կանչում ֆեթվան։ Սա Աստծո կամքն է, և Ռուսաստանի Դաշնության Մուսուլմանների հոգևոր տնօրինության Ուլեմայի խորհուրդը վեճի մեջ մտնելու իմաստ չի տեսնում»,- ասվում է նրա հրապարակած գրառման մեջ։

Դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի Դաշնության մահմեդականների հոգևոր տնօրինության Ուլեմայի խորհուրդը ֆեթվա է հրապարակել, որում ասվում է, որ մահմեդական տղամարդիկ կարող են մինչև չորս կրոնական ամուսնություն կնքել: Այն սահմանում էր պատճառների ցանկ, թե ինչու կարող է լրացուցիչ ամուսնություն կնքվել, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում թույլատրվում է կրոնական բազմակնությունը։

Արտակ Մկրտչյան. Արցախցիները պետք է համախմբվեն իրենց իրավունքները պաշտպանելու համար

Մարտունեցի հասարակական գործիչ Արտակ Մկրտչյանը Հայաստանում ներկայացնում է «Հավասար հնարավորություններ» սոցիալական երիտասարդական կազմակերպությունը։

Մկրտչյանը կարծում է, որ սոցիալական խնդիրները դրդում են արցախցիներին արտագաղթի, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ Արցախի վերադարձի գործընթացի վրա։ Մկրտչյանն իր կարծիքն է հայտնել, որ նոր տարում, հաշվի առնելով անցնող տարվա սխալները՝ Արցախի ժողովուրդը պետք է համախմբվի իր իրավունքները պաշտպանելու համար։

Ալվարդ Գրիգորյան