«Իսլամական սպառնալիք» ԱՄՆ-ում. Մերձավոր Արևելքում «վճռական գործողությունների» նախապատրաստում

  • 11:27 03.01.2025

42-ամյա Շամսուդ-Դին Ջաբբարը ամենագնացով մխրճվել է Նոր Օռլեանում Ամանորը տոնող մարդկանց ամբոխի մեջ: Նա ծնվել և մեծացել է Տեխասում, ծառայել է ԱՄՆ բանակում և հետաքրքրվել իսլամով։

Ամանորի գիշերը ամենագնացով տղամարդը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, որոնք տոնում էին Նոր Օռլեանի Բուրբոն փողոցում՝ քաղաքի ամենաբանուկ փողոցներից մեկում: Այնուհետև վարորդը դուրս է եկել մեքենայից և սկսել կրակել։ Ոստիկանները պատասխան կրակ են բացել՝ սպանելով տղամարդուն։

Վերջին տվյալներով՝ զոհվել է 14, վիրավորվել՝ առնվազն 35 մարդ։ Հարձակվողը սպանվել է։

Հետաքննությունների դաշնային բյուրոն միջադեպը հետաքննում է որպես ահաբեկչություն՝ մեքենայում հայտնաբերվել է «Իսլամական պետության» դրոշը, և փնտրում է հնարավոր հանցակիցներին։

Նոր Օռլեանի ֆրանսիական թաղամասում, որտեղ գտնվում է Բուրբոն փողոցը, հայտնաբերվել և վնասազերծվել են երկու ինքնաշեն պայթուցիկ սարքեր։

Սակայն ոչ «Իսլամական պետությունը», ոչ էլ որևէ այլ կազմակերպություն դեռևս չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

Ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցել նաև Լաս Վեգասում՝ Trump Tower-ի մոտ։ Ինքը՝ Թրամփը, զայրացած ելույթ է ունեցել դեմոկրատների դեմ, որոնք երկիրը հասցրել են անապահովության եզրին։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թրամփը կստանձնի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը։ «Իսլամական սպառնալիքի» ի հայտ գալը ԱՄՆ-ում նրա պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ առաջ դիտվում է որպես Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի հնարավոր հարձակումների նախերգանք: