Ռուսաստանը «գցում» է Մերձդնեստրը՝ Արցախից և Աբխազիայից հետո

  • 12:00 03.01.2025

Մերձդնեստրում՝ Մոլդովայի ռուսամետ անկլավում, ջեռուցումն ու տաք ջուրը դադարեցվել են հունվարի 1-ից՝ Ուկրաինայի տարածքով դեպի Արևելյան Եվրոպայի երկրներ ռուսական գազի տարանցման դադարեցման և կուտակված պարտքի պատճառով Մոլդովա մատակարարումներից Ռուսաստանի հրաժարվելու պատճառով։

Մերձդնեստրյան Tiraspoltransgaz ընկերության տվյալներով՝ նոր տարվա առաջին օրը գրեթե 75 հազար տնային տնտեսություն մնացել է առանց գազի։ Եվս 116 հազար բաժանորդ գազ կստանա կրճատված ծավալներով։ Խոսքը հիմնականում բազմահարկ շենքերի բնակիչների մասին է։

Մերձդնեստրի ընդհանուր բնակչությունը կազմում է մոտ 450 հազար մարդ։

Մերձդնեստրում հարյուրավոր ձեռնարկություններ են փակվել, հազարավոր մարդիկ մնացել են առանց աշխատանքի։ Նրանց աշխատանքային պայմանագրերը մնում են ուժի մեջ, սակայն դեռ պարզ չէ, թե ինչպես են աշխատողներին փոխհատուցելու հարկադիր պարապուրդը։

«Ուկրաինայի «Նավթոգազ» NJSC-ի և ռուսական «Գազպրոմի» միջև գազի մատակարարման տարանցիկ համաձայնագիրը, որը կնքվել էր 2019 թվականի դեկտեմբերին, ավարտվել է 2024 թվականի դեկտեմբերի 31-ին, և Կիևը նախապես հայտարարել է, որ այն չի երկարաձգելու։

Այս ֆոնին, դեկտեմբերի կեսերին Մոլդովայի իշխանությունները արտակարգ դրություն մտցրին երկրի էներգետիկայի ոլորտում։

Կիևի որոշումը որոշակի խնդիրներ առաջացրեց այնպիսի երկրներին, ինչպիսիք են Մոլդովան, Սլովակիան, Հունգարիան և այլ երկրներ գազ մատակարարելու հարցում, սակայն մատակարարման այլընտրանքային տարբերակները պահպանվեցին։

Սակայն Մոլդովայի դեպքում Ռուսաստանն ինքը որոշեց ամբողջությամբ դադարեցնել մատակարարումները, իմանալով, որ ամենաշատը կտուժի հենց ռուսամետ Մերձդնեստրը։

Տարեվերջին Ռուսաստանը դադարեցրեց էլեկտրաէներգիայի մատակարարումը նաեւ Աբխազիա, այնուհետև վերականգնեց մատակարարումները այն բանից հետո, երբ Աբխազիայի նոր ղեկավարությունը հավատարմություն հայտնեց Ռուսաստանին:

2022 թվականի դեկտեմբերից Ռուսաստանն ուղղակիորեն ներգրավված էր Արցախի շրջափակման մեջ, որն ընկավ 10-ամսյա դաժան պաշարումից հետո։ Ռուս «խաղաղապահների» դերն Արցախի շրջափակման մեջ ի սկզբանե ակնհայտ էր. 2022-ի դեկտեմբերի 12-ին, երբ ադրբեջանցի «էկոլոգները» փակել էին ճանապարհը Շուշիի մոտ, ռուս զնիվորները Հայաստանի Տեղ գյուղի մոտից արգելափակեցին մեքենաների մուտքն Արցախ։ Դա բացատրվում էր «անվտանգության» նկատառումներով, սակայն պարզ էր, որ Բաքուն և Մոսկվան գործում էին համատեղ պլանի համաձայն։

Ադրբեջանական անցակետը Կոռնիձորում հայտնվել է միայն 2023 թվականի ապրիլին, իսկ մինչ այդ Արցախի շրջափակումը Հայաստանի կողմից իրականացրել են ռուսական զորքերը, որոնք, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, պարտավոր էին ապահովել միջանցքը։

Շրջափակումը, սովը, ագրեսիան շարունակվեցին այնքան ժամանակ, մինչև Արցախի իշխանությունները հայտարարեցին հանրապետության ինքնալուծարման մասին, իսկ բնակչությունը տեղահանվեց։ Ռուսաստանը Արցախում հայտնվեց 2020 թվականին, որպեսզի 4 տարի անց “գցի” Արցախը։

Նույն ճակատագիրն է սպասվում Աբխազիայի և Մերձդնեստրի բնակչությանը, և այդ հանրապետություններում ռուսամետ ուժերը բութ գործիք են Մոսկվայի ձեռքում։ Նրանք կարժանանան նույն ճակատագրին, ինչ Արցախի ղեկավարությունը։