«Ավետիս Պուլուզյան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2021 թվականին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Ավետիս Պուլուզյանի ծնողների կողմից։ Կազմակերպության նպատակն է իրականացնել բարեգործական ծրագրեր։ Մասնավորապես, 2021 թվականից կազմակերպությունը միջոցներ է հատկացրել Երևանի բժշկական ինստիտուտի արցախցի ուսանողներին կրթաթոշակ վճարելու համար։ Վերջերս կազմակերպությունը արտաքսումից հետո առաջին անգամ հայտարարեց Հայաստանում իր գործունեությունը վերսկսելու մասին։
«Հարգելի դոնորներ, սիրելի ընկերներ և հարազատներ: 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախ թշնամու ներխուժման և բնակչության տեղահանության ողբերգական ու դաժան օրերից հետո, «Ավետիս Պուլուզյան» բարեգործական հասարակական կազմակերպությունը դադարեցրեց իր գործունեությունը։ Ավելի ուշ, իրավական դժվարությունները հաղթահարելուց հետո, կազմակերպությանը հաջողվել է վերագրանցվել։ Իրականացված բարեգործական ծրագրերն ուղղված են եղել կրթաթոշակների փոխհատուցմանը, սակայն 2023-24 և 2024-25 ուսումնական տարիներին Արցախից բռնի տեղահանված ուսանողների կրթաթոշակները վճարվել են ՀՀ կառավարության միջոցների հաշվին։
«Ավետիս Պուլուզյան» բարեգործական հասարակական կազմակերպության բանկային հաշվեհամարին մոտ 10 մլն դրամ է։ Կազմակերպությանը մի քանի բարեգործական ծրագրեր են առաջարկվել, որոնցից ընտրեցինք և անհրաժեշտ համարեցինք որոշակի գումար հատկացնել Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին աջակցելու համար, որը 1998 թվականից աշխատում էր Արցախում և շարունակում է գործել Հայաստանում բռնի տեղահանումից հետո։
Պուլուզյան ընտանիքի անունից ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել բոլոր մասնակից նվիրատուներին։
Խնդրում ենք ձեր ներդրումով աջակցել այս կարևոր նախաձեռնությանը։ Թող որ մեր որդու հոգին ուրախությամբ լցվի, երբ նա երկնքից տեսնի իր անունով կատարվող բարեգործությունը։ Սա նրա հիշատակը պահպանելու ճիշտ ճանապարհն է։
Նվիրատվությունները կարող են կատարվել անձամբ կամ «Ավետիս Պուլուզյան» Արցախբանկ ՓԲԸ բարեգործական հասարակական կազմակերպության հետևյալ բանկային հաշվեհամարներին կատարելով.
ՀՀ դրամ 22314008346801
ԱՄՆ դոլար՝ 22314008346802»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնն արդեն 25 տարի զբաղվում է Արցախի բնակչության առավել խոցելի խմբերի վերականգնմամբ՝ մատուցելով ծառայությունների լայն շրջանակ։ Բռնի տեղահանությունից հետո կենտրոնը շարունակում է իր գործունեությունը հասարակական կազմակերպության ձևաչափով՝ օգտագործելով հովանավորչական միջոցները՝ նույն նպատակներին միտված մի շարք ծրագրեր իրականացնելու համար։
Արսեն Աղաջանյան