Ավետարանոցի համայնքի ղեկավար․ Եռաբլուրում զգացինք իրար թիկունք լինելը

  • 16:09 03.01.2025

Հարգանքի տուրք է մատուցվել Եռաբլուրում, ինչպես նաև կազմակերպվել է այցելություններ զոհվածների ընտանիքներ

Ավետարանոց համայնքի ղեկավար Սմբատ Մադաթյանի գլխավորությամբ հարգանքի տուրք է մատուցվել Արցախյան պատերազմներում զոհված ավետարանոցցիների և բոլոր նահատակների հիշատակին։ Մոտ 100 համագյուղացիներ էին հավաքվել Երևանի Եռաբլուր պանթեոնում։

Արդեն 4-րդ տարին է, ինչ նման միջոցառում է կազմակերպվում համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ, ով ավանդույթը չխախտելու համար, մի քանի օրով եկել է ՌԴ-ից։

Արցախյան առաջին պատերազմում զոհվել է 32, 44-օրյա պատերազմում՝ 10, իսկ 2023-ի սեպտեմբերի 19-ին՝ 2 ավետարանոցցի։ Մեկ համագյուղացի զոհ է դարձել սեպտեմբերի 25-ի պայթյունին։ Ներկաները ծաղիկներ են խոնարհել ինչպես գյուղի, այնպես էլ Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի զոհվածների հիշատակին։

Այնուհետև համայնքի ղեկավարը գյուղի զոհվածների ընտանիքներին նվիրել է վերջերս լույս տեսած  “Ավետարանոցի դպրոց-150” գիրքը, ինչպես նաև ամանորյա նվերներ է տվել զոհվածների երեխաներին։ Սմբատ Մադաթյանը մի խումբ երիտասարդների հետ այցելել է նաև զոհվածերի ընտանիքները, շնորհավորել նրանց Ամանորը։ Նման ամանորյա այցելություններ նա ունեցել է նաև ՌԴ-ի Ինոզեմցովո քաղաքում, որտեղ ապաստան են գտել մի շարք համագյուղացիներ։

-Կարծում եմ՝ այս ավանդույթը շարունակական է լինելու։ Մենք պարտավոր ենք հիշել ու արժևորել զոհերի հիշատակը, և այն փոխանցել սերնդեսերունդ։ Մեր պայքարը դեռ առջևում է։ Տղաների թափած արյունը պետք է արժանվույնս գնահատենք և հանուն նրանց հիշատակի ու կիսատ թողածի, մենք պետք է համերաշխ ու համախմբված լինենք։ Եռաբլուրում զգացինք մեր միասնական, իրար թիկունք լինելը։ Համագյուղացիների հետ կապը հնարավորինս կայուն լինելու համար կանեմ հնարավորը և միշտ պատրաստ եմ յուրաքանչյուրի կողքին լինել։

Հույս ունեմ, որ 2025-ը արցախցիներիս համար բարեբեր տարի կլինի, և Արցախ վերադառնալու հավատը երբեք չի մարի,-ասում է Սմբատ Մադաթյանը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f