ՀՀ կառավարությունը պաշտոնական վիճակագրության մեջ արցախցիներին համարում է ՀՀ անձնագրեր ունեցող անձինք։ Չնայած կառավարության անդամները բազմիցս փորձել են հիմնավորել, թե իբր արցախցիները ՀՀ քաղաքացի չեն, եւ նրանց անձնագրերը ոչ թե ՀՀ անձնագրեր են, այլ ճամփորդական փաստաթղթեր, սակայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ սահմանահատումների մասին վիճակագրությունը չի տարանջատում արցախցիներին ՀՀ անձնագրեր ունեցող մյուս անձանցից։
Այսպես, «ՀՀ պետական սահմանի անցման կետերով իրականացված մուտքերի ու ելքերի սահմանային գրանցումներն ըստ անձանց կողմից ներկայացված փաստաթղթերի տրման երկրների» բաժնում նշվում է, որ 2023-ին ՀՀ մուտք է գործել 4 մլն 764 հազար 272 մարդ, նրանցից 1 մլն 972 հազար 133 մարդ Հայաստանի անձնագրերով են եղել, 1 մլն 652 հազար 340 մարդ՝ ՌԴ անձնագրերով, մնացածը՝ այլ երկրների անձնագրերով։ ԼՂ անձնագրերով սահմանահատման մասին որեւէ հիշատակում չկա պաշտոնական վիճակագրության մեջ։ Այսինքն՝ կամ 2023-ին բռնի տեղահանված արցախցիները հաշվառված են Հայաստան մուտք գործած ՀՀ անձնագրեր ունեցող 1 մլն 972 հազար 133 մարդկանց թվում, կամ Արցախից ՀՀ տեղափոխումը ներհանրապետական տեղաշարժ է դիտարկվել, ոչ թե սահմանահատում։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2023 թվականին ՀՀ քաղաքացիություն է ստացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 22 անձ։ 2023 թվականին Հայաստանում հաշվառված անձանց 79.5 տոկոսը Արցախի բնակիչներն են կազմել։ Հայաստանում 2023 թվականի հաշվառվել է 77 687 մարդ, նրանցից 69 287 մարդ հաշվառվել են քաղաքային բնակավայրերում, 8 400-ը՝ գյուղական։
Հատկանշական է, որ փախստականի կարգավիճակ ստացած անձանց մասին վիճակագրության մեջ եւս ԼՂ-ից բռնի տեղահանվածների մասին առանձին հիշատակում չկա, թեպետ կառավարության անդամները հայտարարել են, որ 2023 թվականի հոկտեմբերի 26-ի 1864-Ն որոշմամբ՝ Արցախի բնակչությանը փախստականի կարգավիճակ է տրամադրվել է։ Ըստ վիճակագրության՝ 2023 թվականին Հայաստանում փախստականի կարգավիճակ է շնորհվել 372 անձի։ Նրանցից 218-ը Ուկրաինայի քաղաքացի են, մնացածը՝ Իրաքի, Հայիթիի, Սիրիայի, Իրան, Թուրքիայի, Պակիստանի, Եգիպտոսի եւ մի քանի այլ երկրների քաղաքացիներ են։
Միգրացիոն հոսքերի մասին վիճակագրության մեջ Արցախի հետ տեղաշարժերը առանձին տողով ներկայացված են։ 2021-2023 ժամանակահատվածում արտաքին եւ ներքին միգրացիոն տեղաշարժերում ընդգրկված տնային տնտեսությունների անդամներից 24.0 տոկոսի տեղաշարժերի բնույթը 2023թ.-ին եղել է ներհանրապետական՝ Երևան քաղաքի/ՀՀ մարզերի միջև, 20.7 տոկոսինը` ԼՂ-ի հետ, իսկ մնացած 55.3 տոկոսինը՝ միջպետական, որի գերակշիռ մեծամասնության` 88.2 տոկոսի տեղաշարժերն իրականացվել են Ռուսաստանի Դաշնության հետ:
2023թ.-ին վերադարձած տնային տնտեսության անդամների 14.6 տոկոսը վերադարձել են ներհանրապետական տեղաշարժերից, 7.8 տոկոսը՝ ԼՂ-ից, 66.9 տոկոսը՝ Ռուսաստանի Դաշնությունից, 2.6 տոկոսը՝ Ուկրաինայից, 0.8 տոկոսը՝ ԱՊՀ այլ երկրներից, 4.4 տոկոսը՝ եվրոպական երկրներից, 2.8%-ը՝ ԱՄՆ-ից։
Ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2021-2023թթ.-երին միգրացիոն գործընթացներում ներգրավված` տվյալ բնակավայր նոր ժամանած միգրանտների կեսից ավելին՝ 50.2 տոկոսը տեղափոխվել է ԼՂ-ից, 19 տոկոսի տեղաշարժը եղել է երկրի ներսում, այսինքն՝ ՀՀ բնակավայրերի միջեւ, իսկ շուրջ 30.8 տոկոսինը՝ միջպետական է, որից՝ 21.4 տոկոսը՝ ՌԴ-ից:
Ռոզա Հովհաննիսյան
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: