Ազատությունը հայտնում է, որ առայժմ հստակ ժամկետներ չկան, թե երբ տեղի կունենան անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցութամբ խորհրդարանական փակ լսումները։ Պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ խորհրդարանում դեկտեմբերին հանդիպած Արսեն Ղուկասյանը, որը 44-օրյա պատերազմում ահետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրն է, սպասում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրած քննիչ հանձնաժողովի զեկույցին, շեշտելով՝ լսումների ընթացքում փորձելու է հասկանալ՝ ինչո՞ւ են հանրությունից գաղտնի պահում զեկույցի ադյունքները։
Ավելի քան 4 տարի անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը հիշեցնում է՝ հենց իշխանություններն են պնդում, թե պատերազմը պարտվել են դավաճանների պատճառով, և այժմ իրենք ուզում են իմանալ՝ ովքեր են այդ դավաճանները, ում պատճառով են հազարավոր զինվորներ զոհվել ու անհետ կորել։
Ի՞նչ է թաքցնում Անդրանիկ Քոչարյանը եւ ինչ է ուզում լսել հանրությունը։ “Դավաճանների”մասին զեկո՞ւյց, կոնկրետ անուննե՞ր, թե վերլուծություն աշխարհաքաղաքական գործընթացներում Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իսրայելի եւ այլ երկրների ղեկավարների դերի մասին։
Հայաստանի հասարակության մեջ թյուր կարծիք է ձեւավորվում, այդ թվում ՀՀ իշխանամետ եւ ընդդիմադիր շրջանակների կողմից, որ պարտության մեղավորները ներքին “դավաճաններն են”, “11 հազար դասալիքները”, չկռված արցախցիները, չկրակող իսկանդերները։ Տպավորությունն այնպիսին է, որ Ալիեւը չէ Էրդողանի եւ Պուտինի օգնությամբ օկուպացրել եւ հայաթափել Արցախը, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը չէ չդիմադրելու հրաման տվել եւ ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Տպավորություն է, որ ընդդիմությունը, պահանջելով Փաշինյանի հրաժարականը, պահանջում է նաեւ հետ կանչել նոյեմբերի 9-ի հայտարարության տակ Հայաստանի ստորագրությունը, վերսկսել բանակցությունները Մինսկի խմբի շրջնակներում։
Սակայն ինչպես երեւում է, իշխանությունները եւ ընդդիմությունը միակարծիք են՝ նրանք բոլորը մեղավոր են փնտրում, որպեսզի օրինականացնեն ահաբեկչական պատերազմի արդյունքները եւ հայկական իրավունքներից հրաժարվելը։ Իսկ “մեղավոր” են հայտարարվելու կռված տղաները, որոնք դեռ պատերազմում էին, երբ թիկունքից ինչ-որ մարդիկ հետ քաշվելու հրամաններ էին տալիս եւ “գործարքներ” կնքում։ Հազարավոր կռված տղաներ հիմա ենթարկվում են հետապնդման՝ շինծու մեղադրանքներով։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: