Մարիան պատրաստ է գնալ դեպի մեծ նպատակ. մոմագործությունն արդեն հոբբի չէ

  • 12:12 06.01.2025

Մարիա Բաբայանն Արցախի Ասկերան քաղաքից է տեղահանվել և բնակություն հաստատել Երևան քաղաքում։ Ծննդով հինավուրց Նախիջևանիկ գյուղից է։ Արցախի կորստից հետո 12-րդ դասարանում սովորող աղջիկն ուսմանը զուգընթաց զբաղվում է նաև սիրած աշխատանքով՝ մոմագործությամբ։ Այն նրա համար հոբբի էր, իսկ այժմ՝ եկամտի աղբյուր։

Դեռևս Արցախում էր զբաղվում մոմագործությամբ և իր վառ երևակայության արդյունքում ստեղծում յուրահատուկ մոմեր։ Շրջափակման ժամանակ սիրած աշխատանքը նրա օրը դարձնում էր հագեցած և հաճելի։

Մարիան միշտ երազում էր սեփական բիզնես ունենալ և օգնել ընտանիքին

-Եթե նպատակ ունես, պետք է անպայման գնաս դրա հետևից։ Կարծում եմ՝ ցանկացած նպատակ իրականություն է դառնում, երբ նվիրվում ես ամբողջ հոգով, անմնացորդ սիրով։ Աշխատելու համար տարիքը նշանակություն չունի, կարևորը՝ ցանկությունն է։ Արցախից տեղահանվելուց հետո հասկացա, որ պետք է այստեղ շարունակեմ իմ սիրած գործը, և այն վերածեմ բիզնեսի։ Դասերից հետո ազատ ժամանակ էի ունենում և մտածեցի, որ պետք է պարապ ժամանակս հատկացնեմ օգտակար գործի։ Մոմագործությունը շատ հոգեհարազատ է ինձ, և ես սկսեցի աշխատել։ Իհարկե, սկզբից դժվարանում էի, որովհետև այստեղ մրցակցությունը մեծ է, պահանջարկը՝ անհատական։ Ես սկսեցի նոր գաղափարներով աշխատել, ուսումնասիրել մասնագիտական գրականություն, որպեսզի կարողանամ իմ փորձն ու ճաշակը համատեղեմ տեսական գիտելիքների հետ։ Հետզհետե ավելի հմտացա, ստեղծեցի նոր ու յուրահատիպ գործեր՝ սկսելով իմ առաջին քայլերը նոր միջավայրում։

18-ամյա աղջնակը ժպիտով է հիշում Հայաստանում իր առաջին գործն ու պատվիրատուին

 -Առաջին մոմերն ինձ պատվիրել է մեծահասակ մի կին՝ ցանկանալով, որ պատրաստեմ վարդ ու տոնածառ։ Իհարկե, ես շատ էի մտահոգվում․ կկարողանա՞մ արդյոք բավարարել նրա ցանկությունը։ Մի փոքր էլ վախենում էի, սակայն իմ պատվիրատուին դուր եկավ իմ աշխատանքը։ Դրանից ես շատ ոգևորվեցի ու իմ մոտ բարձրացավ սեփական ուժերիս հանդեպ վստահությունը և պատասխանատվությանս զգացումը։ Մեկ տարուց ավելի է, որ այստեղ զբաղվում եմ մոմագործությամբ ու օրեցօր ավելի եմ կատարելագործվում։ Միաժամանակ, սկսել եմ ավելի արագ աշխատել՝ դիզայն ստեղծելով գրեթե ամեն օր։ Ինձ թևեր են տալիս հաճախորդներիս հիացական խոսքերն ու գնահատականները։

Հայաստանում Մարիան միացել էԱսկերան համայնքի զարգացման կենտրոն” ՀԿին՝ դառնալով նրա ամենակրտսեր անդամը

 -Երևանում մի քանի անգամ մասնակցեցի ՀԿ-ի կազմակերպած միջոցառումներին և իմ մոտ ցանկություն առաջացավ դառնալ այդ մեծ ու համերաշխ ընտանիքի անդամը։ “Վերածնունդ” ծրագրի շրջանակներում ձեռք բերեցի արդիական սարքավորումներ, որոնք ինձ հնարավորություն տվեցին աշխատանքս ավելի պրոֆեսիոնալ դարձնել։ Եթե նախկինում մեկ մոմ պատրաստելու համար մեկ ժամ էի ծախսում, ապա նոր սարքավորումներով ընդամենը կես ժամում իմ մոմն, իր կոկիկ տեսքով, արդեն պատրաստ է ։

Իմ առջև հնարավորություններ բացվեցին նաև մասնակցելու տարբեր տոնավաճառ-ցուցահանդեսների։ Կարևորը ոչ միայն վաճառքն էր, այլ նոր ծանոթություններն ու փորձի փոխանակումը։ “Ասկերան համայնքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունն ինձ օգնեց մի շարք հարցերում։

Մարիան պատրաստ է քայլ առ քայլ գնալ դեպի մեծ նպատակ

-Ներկա դրությամբ համագործակցում եմ տարբեր հարսանյաց սրահների հետ։ Տարոսիկներ եմ պատրաստում հարսանիքների, կնունքների համար։ Բացի մոմերից, պատրաստում եմ շոկոլադներ, շոկոլադապատ ելակներ, ինչպես նաև դիզայներական աշխատանք եմ կատարում գինու շշերի ու բաժակների վրա։ Ունեմ բավականաչափ պատվերներ։ Իմ “Mommaryy” բրենդով հանդես եմ գալիս օնլյան հարթակում։ Դպրոցն ավարտելուց հետո մտադիր եմ բացել իմ սեփական խանութը, որտեղ կկարողանամ և՛ աշխատել, և՛ վաճառել իմ արտադրանքը։ Ինձ օգնում և աջակցում է մայրս, ով ունի գեղագիտական բարձր ճաշակ, հրաշագործ ձեռքեր։ Նա հրուշակագործ է։ Իմ մանկությունն անցել է մորս պատրաստած հրուշակեղենի ու դրանց ձևավորումների ներքո և պատահական չէ, որ ինքս էլ դարձել եմ գեղեցիկի ստեղծող։ Թեկուզ փոքր քայլերով, բայց ես կանցնեմ դեպի իմ նպատակ տանող ճանապարհը․․․

Արցախցի Մարիան իր նպատակի հետ ունի նաև մեծագույն երազանք

-Այս ընթացքում բազմաթիվ փորձությունների, դժվարությունների և հաջողությունների միջով եմ անցել։ Ես հաղթահարել եմ սկսնակ ու չճանաչված լինելու առաջնային խնդիրը։ Փորձում եմ հաղթահարել հայրենիքից հեռու ապրելու ցավը, նոր միջավայրում հաստատվելու խնդիրները և Արցախն իմ հոգում պինդ պահած, վստահ քայլերով առաջ եմ շարժվում դեպի իմ նպատակ․․․ Բայց իմ մեծագույն երազանքը կապված չէ այս ամենի հետ։ Իմ երազանքը Արցախ վերադառնալն ու իմ հարազատ հողում ապրելն է․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ