Step1.am–ի զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանը։
-Պարոն Գալստյան, նախորդ տարեվերջին ՀՀ կառավարությունը մեկ տարով երկարաձգեց Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլի դիմումների ներկայացման վերջնաժամկետը։ Այսինքն՝ սա ցույց է տալիս, որ այս ծրագիրը ձախողվե՞լ է։
– Երբ ՀՀ քաղաքացիություն ստանալը պարտադիր պայման դրվեց այս իշխանությունների կողմից, մենք բազմիցս խոսում էինք, որ դա արհեստական խոչընդոտ է, որ արցախցիները չկարողանան օգտվել այդ ծրագրից։ Բնակապահովման ծրագրի պայմանների վերաբերյալ մենք մեր դիրքորոշումը նեկայացրել ենք, որ դա բավարար չէ, որպեսզի արցախցիները տուն ձեռք բերեն։ Մենք հիմնավորել ենք, որ այն գումարը, որը տրվում է այդ ծրագրով, չի բավականացնում, իսկ բանկերը հավելյալ գումար չեն տալիս։ Մենք գիտենք, որ արցախցիների մեծ մասն այսօր չունեն կայուն եկամուտ, եւ դրա պատճառով բանկերը հիմնականում մերժում են մնացած գումարների տրամադրումը։ ՀՀ իշխանությունները գիտակցաբար են այդ ամենին գնացել, որպեսզի արտագաղթի ճանապարհով ձերբազատվեն արցախցիներից։ Երբ իրենք այդ ծրագիրը ներկայացրել ենք, մենք այդ օրվանից սկսած ասել ենք, որ սա արցախցիների անուղղակի արտագաղթի ծրագիր է, ոչ թե բնակապահովման։
–Եվ ի՞նչ են ցույց տալիս ձեր դիտարկումները՝ մարդիկ չեն օգտվում այս ծրագրից եւ գերադասում են արտագաղթե՞լ։
-Ոչ թե գերադասում են արտագաղթել, այլ ելնելով այն հանգամանքից, որ բնակարանային հարցը չի լուծվում, աշխատանքով ապահովելու որեւէ լուրջ ծրագիր չի ներդրվել այս կառավարության կողմից, հետեւաբար, այո, այս իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի արցախցիները համախմբված արտագաղթեն։ Այս իշխանությունների խնդիրը հենց Արցախի թեման փակելն է, արցախցիներից ձերբազատվելն է, որպեսզի չխոսեն վերադարձի մասին։ Դա թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջն է, որին տրվել է եւ այդ ճանապարհով գնում է ՀՀ իշխանության պարագլուխ Նիկոլ Փաշինյանը։
-Իսկ Արցախի իշխանություններն ի՞նչ են անում՝ իրավիճակ փոխելու համար, կանխելու արցախցիների արտագաղթը։
-Հայաստանի այս իշխանությունները ոչ մի ձեւ չեն համագործակցում Արցախի իշխանությունների հետ։ Իսկ օրենսդիր մարմնում միայն ընդդիմադիր գործընկերներն են իրենց նեղ հնարավորությունների չափով համագործակցում։ Այն առաջարկները, դժգոհությունները, որոնք ներկայացվել են ՀՀ կառավարությանը՝ թե Արցախի իշխանությունների, թե հասարակական կազմակերպությունների կողմից, դրանց ականջալուր չեն եղել։ Եվ ես համոզված եմ, որ մինչեւ արցախցիները ոտքի չկագնեն եւ պահանջատեր չլինեն, այս իշխանությունները նույն ձեռագրով շարունակելու են նմանատիպ ծրագրեր ընդունել, որոնք հասանելի չեն լինի արցախցուն։ Եվ արցախցին աշխատանքի փնտրտուքի ու բնակարանային խնդրի պատճառով կշարունակի արտագաղթել Հայաստանից։
-Արցախի հասարակական կազմակերպությունները, հասարակությունը մեղադրում են նաեւ Արցախի իշխանությանը։ Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ են անում Արցախի իշխանությունները՝ հավաքական իրավունքի հարցերը բարձրաձայնելու ու հողի վրա աշխատանք իրականացնելու ուղղությամբ։
-Ցավոք սրտի, կան նաեւ մի շարք ՀԿ-ներ, որոնք ստեղծվել են օրվա իշխանության հովանու ներքո եւ մեղադրանքներ են հնչեցնում Արցախի՝ առանց այն էլ թույլ ինստիտուտների նկատմամբ, փոխանակ կանգնեն պետական ինստիտուտների կողքին։ Իրենք շատ լավ գիտեն, որ Արցախի թե օրենսդիր, թե գործադիր մարմինները տարբեր ճանապարհներով, այդ թվում՝ գրավոր, փորձել են ՀՀ այս իշխանություններին բերել կառուցողական քննարկումների դաշտ, բայց այս իշխանությունները միշտ հեռու են մնացել եւ փորձել են Արցախի պետական ինստիտուտները վերացնելու ճանապարհով գնալ։
–Բայց արդյոք արդարացի՞ չէ արցախցիների դժգոհությունը։ Մարդիկ ասում են՝ Արցախի իշխանությունը պարտավոր է զբաղվել արցախցիների խնդիրներով, ոչ թե կաշկանդվել կամ վախենալ Հայաստանի իշխանություններից։
– Քանի որ գործիքակազմ չկա, ՀՀ իշխանության կողմից որեւէ օժանդակություն չկա, եւ հնարավորությունները շատ սուղ են, Արցախի օրենսդիր իշխանությունն իր հանրային խոսքում միշտ էլ բարձրաձայնում է այն խնդիրների մասին, որոնք հուզում են արցախցիներին։ Ցավոք սրտի, այսօր բացի բարձրաձայնելուց, այս իշխանությունն այլ գործիքակազմ չի թողել, որով մենք կարող ենք շարժվել։ Ինչ վերաբերում է Արցախի գործադիր մարմնին, ես կխնդրեի, որ նմանատիպ հարց ուղղեք նաեւ գործադիրին, թե իրենք ինչ են արել, քանի գրություն են գրել Հայաստանի գործադիր իշխանությանը, ինչ ճանապարհներով են փորձել իրենց հետ կառուցողական դաշտում որոշակի աշխատանք կառուցել, եւ դա ինչ արդյունք է տվել։ Բոլոր փորձերը ապարդյուն են եղել։
Ռոզա Հովհաննիսյան
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: