Ֆրանսիան նոր աշխարհակարգում. Ռուսաստանը դավաճանեց Հայաստանին Ղարաբաղում

  • 13:38 07.01.2025

«Շնորհավոր Սուրբ Ծնունդ` հատուկ մտքերով Լեռնային Ղարաբաղից փախստականների մասին, ովքեր այս տարի կրկին նշում են տոնը տնից հեռու»: Այս մասին X-ում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին։

Ֆրանսիայի դեսպանը դարձավ միակ պաշտոնյան Հայաստանում, ընդ որում օտարերկրացի, ով հիշատակեց Արցախի ժողովրդին և նրա իրավունքները։

Իսկ հունվարի 6-ին Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ավանդական ելույթով հանդես եկավ ֆրանսիացի դեսպանների առջեւ, որում նախանշեց ընթացիկ տարվա արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։ Մակրոնն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին ու դրանում Ռուսաստանի դերին։

Նա ասել է, որ Ռուսաստանը «փոխել է դաշնակցին» և աջակցել է Ադրբեջանի գործողություններին Ղարաբաղում, որը «ագրեսիա է իրականացրել Հայաստանի դեմ։ Եվ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ հայերը չեն ենթարկվել նրան»,- ասաց նա։

Հայաստանի և Ռուսաստանի միջև արատավոր կապը շարունակում է մնալ հիմնական փաստարկը, որը համաշխարհային իսթեբլիշմենտն առաջ է քաշում Հայաստանի դեմ։ Ռուսաստանից հեռանալու Փաշինյանի իշխանության «փորձերը» վստահություն չեն ներշնչում որևէ մեկին։ Փարիզը հասկանում է, որ քանի դեռ Հայաստանը միջազգային ընկալմամբ չի անջատվել Ռուսաստանից, այն համարվում է «չարիքի առանցքի» մաս եւ ենթակա է կործանման։

Մակրոնն ասել է, որ վերջին տարիներին Ռուսաստանը մեծացրել է իր ագրեսիան եվրոպացիների և մոլորակի մեծ մասի նկատմամբ։ Նա նաև նշել է, որ Ֆրանսիան վերջին ամիսներին ենթարկվել է անընդունելի միջամտության Ադրբեջանի կողմից իր անդրծովյան տարածքների մեծ մասում և հատկապես Նոր Կալեդոնիայում՝ միջազգային իրավունքի և Հայաստանի իրավունքների պահպանման պատճառով։

Բաքվի ԱԳՆ մամուլի ծառայությունը պատասխանել է, որ «այժմ, երբ տարածաշրջանում խաղաղության իրական պայմաններ են ստեղծվել, մենք խստորեն դատապարտում ենք ֆրանսիականների նման սադրիչ հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի ինքնիշխանությունը սեփական տարածքների նկատմամբ, նախապատրաստում են Հայաստանին ռեւանշիզմի և զինում այս երկիրը»։

Բաքուն և Անկարան Ֆրանսիան ընկալում են որպես իրական խոչընդոտ «թուրքական աղեղի» ստեղծման համար, որը ներառում է Հայաստանն ու քրդերով բնակեցված տարածքները։

Մակրոնը նույն հանդիպմանը կոչ է արել «սթափ տեսակետ» ունենալ Սիրիայում իշխանափոխության վերաբերյալ և խոստացել աջակցություն քրդական ուժերին, որոնք Արևմուտքի դաշնակիցներն են ահաբեկչության դեմ պայքարում։

«Ֆրանսիան կուղեկցի Սիրիայում իշխանության անցումը` աջակցելով անկախությանը, ազատությանը և հարգելով երկրի էթնիկ, քաղաքական և կրոնական բազմազանությունը», – ասաց նա՝ ընդգծելով ահաբեկչության դեմ պայքարող սիրիական քրդական ուժերին աջակցությունը:

Ի՞նչ է պատրաստում Ֆրանսիան և ի՞նչ ներուժ ունի՝ մասնակցելու աշխարհի նոր «բաժանմանը»։ Ֆրանսիան ակնհայտորեն չի աջակցում տարածաշրջանում Թուրքիայի հզորացմանը և Ռուսաստանի տեղը գրավելու նրա փորձերին։ Թուրքիան և Ռուսաստանը մի քանի դար շարունակ «փոխվում են» տեղերով՝ պահպանելով համատեղ իշխանությունը Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Ֆրանսիան չի թաքցնում, որ դեմ է լինելու թուրքական «հրեշի» ծնունդին՝ աջակցելով թե՛ հայերի, թե՛ քրդերի իրավունքներին։ Թուրքիան չպետք է զբաղեցնի Ռուսաստանի տեղը տարածաշրջանում։

Միաժամանակ, դեռ պարզ չէ, թե որքանով են Մակրոնի ու Թրամփի տեսակետները համընկնում Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում։ Ի՞նչ կարող է Փարիզը հակադրել թուրքական էքսպանսիային։

f