Բնակապահովման ծրագիր․ քաղաքացիության մասին դրույթը չի վերանայվելու

  • 18:05 07.01.2025

Նախորդ տարեվերջին ՀՀ կառավարությունը մեկ տարով երկարաձգեց Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլի դիմումների ներկայացման վերջնաժամկետը։ Ըստ այդմ՝ դիմումների ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում  2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ Բռնի տեղահանված արցախցիներն այս ծրագիրն արդյունավետ չեն համարում եւ պահանջում են, որ կառավարությունը փոփոխի այն։ Նշենք, որ ծրագրին դիմելության ցուցանիշը շատ ցածր է, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանն ասել է, որ ավելի քան 300 ընտանիք ստացել է բնակարաններ ձեռք բերելու վկայագիր։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօրվա դրությամբ բնակարաններ ձեռք բերելու ավելի քան 390 վկայագիր է տրամադրվել արցախցիներին։ Հարցին, թե քանի՞ արցախցի է արդեն բնակարան ձեռք բերել այդ վկայագրերով, Զառա Մանուչարյանը խոստացավ ավելի ուշ պատասխանել։

Հարցին, թե ծրագրում փոփոխություններ նախատեսվո՞ւմ են առաջիկայում, արցախցիները սպասում են փոփոխությունների, Զառա Մանուչարյանը պատասխանեց․ «Այդ ծրագրում բավական փոփոխություններ իրականացվել են՝ հաշվի առնելով նաեւ տեղահանված հայրենակիցների առաջարկություններն ու դիտարկումներ։ Կոնկրետ ո՞ր փոփոխությունը չի իրականացվել»։ Մեր դիտարկմանը, որ արցախցիները պահանջում են, օրինակ, չեղարկել ծրագրի հիմքում դրված ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու պարտադիր պահանջը, Զառա Մանուչարյանը պատասխանեց․ «Ոչ, այդ պայմանի վերանայում չի նախատեսում։ Բայց այլ փոփոխություններ ունենք, որոնք առաջիկայում կիրականացվեն ու դրանք կներկայացվեն նաեւ հայրենակիցներին»։

Նա հավելեց, որ բոլոր փոփոխությունները նախապես քննարկվում են արցախցիների ներկայացուցիչների հետ։ Նախատեսվող փոփոխությունները եւս կներկայացվեն նրանց, որից հետո միայն կառավարությունը կհաստատի։

Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին արցախցիները նախատեսում էինք հանրահավաք անել, սակայն արցախցիների ներկայացուցիչների մասնակցությամբ ՀՀ կառավարությունում անցկացված քննարկումների արդյունքում որոշվեց հետաձգել հանրահավաքի անցկացումը։ Արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը տեղեկացրել էր, որ եթե նախատեսվող քննարկումները վերջնական իրատեսական արդյունքներ չունենան, Արցախից տեղահանված անձանց հարցերով զբաղվող բոլոր անձանց եւ միավորումների հետ համատեղ ուժերով կկազմակերպվի հանրահավաք։ Իսկ մինչ այդ գործընթացները տեղափոխվում են լայն հանրային քննարկման դաշտ, նշվել էր, որ քննարկումների արդյունքում նախատեսվում է եւ բնակապահովման, եւ սոցիալական ծրագրերի վերանայում։

Լիաննա Պետրոսյանը step1am-ի հետ զրույցում https://step1.am/blog/2024/12/26/27367/?fbclid=IwY2xjawHqB5xleHRuA2FlbQIxMQABHQuj7Qv51bO6GvelRccJ-9Aru8IUo2zWAdALMlSngFKYLpvnkfylXQLpkA_aem_EQbIWxszd9HX-EsiqwlnFw ավելի վաղ ասել էր, որ բնակապահովման ծրագրից չօգտվելու բազմաթիվ պատճառներ կան, որոնք ներկայացվել են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի։ Նախորդ տարեվերջին արցախցիները հանդիպում էին ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, ՀՀ ՏԿԵՆ նախարարի տեղակալ Նարեկ Մակարյանի ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ։ Լիաննա Պետրոսյանը տեղեկացրել էր, https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid029WuD6tmyaXTDQQWqqGxkoEwLP7qehbuidJtVKEy5NQwnj8TZ4mPNhws6SfdWEeisl&id=100064982056531 որ հանդիպման ժամանակ իր կողմից բնակապահովման ծրագրի շրջանակում հետեւյալ առաջարկություններն են արվել ՀՀ կառավարությանը․

  1. Բազային գումարի վերանայում, այդ թվում՝ հաշվարկների հիմքում դնելով անշարժ գույքի շուկայի գները, ոչ՝ կատարված գործարքների չափերը:
  2. Քաղաքացիությունը չդիտարկել որպես պարտադիր պայման ծրագրին դիմելու պահին։
  3. Լրացուցիչ վարկ ձևակերպելու պարագայում նախատեսել որոշակի արտոնություններ՝ կանխավճարի հետ կապված, ինչպես նաև հաշվի չառնել վատ վարկային պատմությունը։
  4. Անհատական բնակելի տան կառուցման դեպքում սահմանել որոշակի արտոնություններ, ինչպես, օրինակ՝ հողամասի առավելագույն չափի վերանայում, հրապարակվածից բացի այլ՝ լիցենզավորված նախագծերի ներկայացում։
  5. Հնարավորություն տալ զոհված և կերակրողին կորցրած անձանց ընտանիքներին՝ օգտվելու առավելագույն գումարի սահմանաչափից՝ անկախ բնակավայրի ընտրությունից։
  6. Մինչև չորս անձից բաղկացած ընտանիքների համար նախատեսել հատուկ պայմաններ։
  7. Հստակեցնել սոցիալական բնակարանների տրամադրման կարգը և ժամկետները։
  8. 2022 և 2024թթ հավաստագրի շահառու, բայց մեկ ընտանիք համարվող անձանց հնարավորություն տալ միավորել հավաստագրերը։
  9. ՀՀ-ում անշարժ գույք ունեցող շահառուներին՝ այլ ընտանիք համարվելու կամ դիմելու օրվա դրությամբ տվյալ բնակարանի իր մասնաբաժնից օբյեկտիվ պատճառներով հրաժարվելու դեպքում տեղահանվածին համարել Բնակապահովման ծրագրի շահառու։
  10. Բանկերը չեն համագործակցում 2024թ ծրագրի շրջանակում։

 

Ռոզա Հովհաննիսյան

 

f