“Մենք ուզում էինք, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը կարողանա ապրել ԼՂ-ում եւ օժտված լինի որոշակի իրավունքներով”

  • 17:47 08.01.2025

Այսօր հրավիրած ասուլիսում հարց ուղղվեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ Արցախի էթնիկ զտումից ու բռնի հայաթափոիմից հետո ի՞նչ աշխատանք է տարվել ՀՀ կողմից, ի՞նչ բանակցություններ են տարվել արցախցիների վերադարձի հարցով։

«Մեր իշխանությունները 2020 թվականից, մեր գնահատմամբ, իրատեսական բոլոր ջանքերը գործադրեցին, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայությունը կարողանա շարունակել ապրել ԼՂ-ում եւ օժտված լինի որոշակի իրավունքներով։ Կարծում եմ՝ այս ջանքերը ճիշտ վերաբերմունքի չարժանացան ԼՂ գործող, գուցե նաեւ նախկին իշխանությունների կողմից։ Եվ ինչ-որ առումով նաեւ այդ պատճառով հիմա ունենք այն, ինչ ունենք։ Հիմա դուք ինձ հարցնում եք՝ որպես ԱԳ նախարար դուք բանակցո՞ւմ եք ԼՂ հայերի վերադարձի մասին։ Լեռնային Ղարաբաղի հայերի՝ այնտեղ ապրելու մասին մենք խոսում էինք այն ժամանակ, երբ ԼՂ-ում հայեր ապրում էին։ Ի՞նչ պայմաններով վերադարձ, որեւէ ինքնորոշված ինքնավարությա՞ն կազմում, թե՞ ուղղակի որպես Ադրբեջանի քաղաքացիներ, թե՞ Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք դպրոցում հայերեն սովորելու իրավունք ունենք։ Մի հատ, որ ամբողջական պատկերացում ձեւավորվի, ավելի համապարփակ կկարողանամ ես այդ հարցին պատասխանել։ Բայց Լեռնային Ղարաբաղ վերադարձը դարձել է շուտասելուկի պես մի բան, որը երբեմն քաղաքական այս կամ այն ուժի ներկայացուցիչները կրկնում են։ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձ՝ ո՞ւր, ի՞նչ պայմաններով, կարա՞ք մի հատ ասեք, ուղղակի որպես Ադրբեջանի քաղաքացինե՞ր, կա այդ հնարավորությունը։ Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք դպրոցում հայերեն սովորելու հնարավորությո՞ւն ունենք, կա այդ հնարավորությունը, ուրի՞շ»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ ՀՀ կառավարության քաղաքականությունն է այնպես անել, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարողանան հոգալ իրենց առաջին անհրաժեշտության կարիքները։ Կարճաժամկետ կտրվածքով դա տեղի է ունեցել է, այժմ աշխատանք է տարվում նրանց միջնաժամկետ եւ երկարաժամկետ կարիքները հոգալու ուղղությամբ։ «Մենք կանենք մեզնից հասնող ամեն ինչ, որպեսզի այդ մարդիկ այստեղ՝ ՀՀ-ում իրենց լիարժեք ինտեգրված զգան, ապրեն, արարեն ու օգտվեն բոլոր իրավունքներից»,- հավելեց Միրզոյանը։

Հարցին, որ Ադրբեջանը հավասարության նշան է դնում արցախցիների վերադարձի ու այսպես կոչված «ադրբեջանցի փախստականների» հարցի միջեւ, Միրոզյանը պատասխանեց․ «Ես գիտեմ ադրբեջանցիներ, ովքեր հեռացել են Հայաստանից եւ ստացել են փոխհատուցումներ, գիտեմ ադրբեջանցիներ, ովքեր վաճառել են իրենց գույքը, ովքեր փոխանակել են իրենց գույքը։ Եվ դրան զուգահեռ գիտենք հայերի ճակատագիրը Ադրբեջանում՝ Բաքվում, Սումգայիթում եւ այլն։ Չեմ կարծում, որ իրավիճակները նույնական են, չեմ կարծում, որ վերաբերմունքը նրանց նկատմամբ երկու երկրներում նույնական են»։

f