Մոսկվան շահագրգռված է Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Բաքվի և Երևանի հետ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք լավ հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ։ Մենք գնահատում ենք այդ հարաբերությունները և մտադիր ենք անել ամեն ինչ, որպեսզի մեր հարաբերություններն էլ ավելի զարգանան», – ասել է Պեսկովը լրագրողներին։
Ալիևի այն հայտարարությունների ֆոնին, որ եթե Հայաստանի ղեկավարությունը «քայլեր չանի» և չուղղվի, ապա դա կանի Բաքուն, Հայաստանի պաշտոնական դաշնակից Ռուսաստանը չի հայտարարում, որ Մոսկվան թույլ չի տա ռազմական էքսպանսիա Հայաստանի դեմ։ Ընդհակառակը, Մոսկվան ասում է, որ Ռուսաստանը մտադիր չէ Հայաստանի պատճառով փչացնել հարաբերությունները Բաքվի հետ։
Մոսկվան 2020-2023թթ հրաժարվել է Ղարաբաղի «պաշտպանությունից»՝ իբր համարելով, որ այն Հայաստանի մաս չէ, թեև ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Արցախը վերամիավորվել է Հայաստանին 1989թ.։ Բայց Ռուսաստանը հայտարարել էր, որ պաշտպանելու է «ինքնիշխան Հայաստանը»: Եվ այդ նպատակով, ենթադրաբար, Գյումրիում ռուսական զորքեր կան, իսկ Էրեբունի օդանավակայանում ռուսական ռազմական ինքնաթիռներ։
Բայց հիմա, երբ Ալիևն ուղղակիորեն սպառնում է «ինքնիշխան Հայաստանին», և Էրդողանը զանգահարում է Ալիևին և հայտարարում իր ամբողջական աջակցության մասին, Մոսկվայից հայտարարություններ են հնչում, որոնց իմաստն այն է, որ Մոսկվան չի կռվելու Հայաստանի համար։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ «մորուքը սափրած Փաշինյանը կհիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Կամ մեկ այլ տարբերակ՝ Հայաստանի ղեկավարների՝ Եվրամիության հետ ամուսնանալու մտադրության լույսի ներքո: Կարող եք ուղղակիորեն կապվել ԵՄ-ի հետ, նրանք սիրում են փողով և զենքով օգնել դրախտի թեկնածուներին: Եվրամիությունը ունի ուկրաինական հիանալի փորձ»,- ասել է նա ՌԻԱ Նովոստիին։
Նախօրեին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու մասին խոսք չկա։ Մյուս կողմից, թեև ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության ընթացակարգը սկսելու մասին օրենքին, Փաշինյանն ասել է, որ առանց հանրաքվեի անդամակցություն չի լինելու, և դեռ հայտնի չէ, թե ԵՄ-ն ինչպես կարձագանքի։
Բայց Մոսկվային նույնիսկ պատճառ պետք չէ անհապաղ հրաժարվել իր «դաշնակցից» և հանձնել Հայաստանը։ Պարզապես, ի տարբերություն Ասադի, ով չէր մտածում համաձայնության գալ իր թուրք «ընդդիմախոսների» հետ, Փաշինյանը փորձում է նախապես կապեր հաստատել հայկական պետականությունը վերացնել ցանկացողների հետ։ Նա չի ցանկանում գնալ Մոսկվա, ավելի հուսալի ապաստան է պետք։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: