Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը այցելել է Բաքու և Երևան այն բանից հետո, երբ Ալիևը սպառնացել է Հայաստանին ուղղակի ագրեսիայով։ Միևնույն ժամանակ, Հարավային Կովկասում ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է Բաքու և Երևան։ Նրանք երկուսն էլ հանդիպել են Փաշինյանի և այլ պաշտոնյաների հետ։
Մինչ Իրանի և ԵՄ-ի ներկայացուցիչները զբաղված էին «դիվանագիտությամբ», Փաշինյանը մեկ օրվա մեջ ընդունեց Ալիևի վերջնագրի մի քանի պահանջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, միջազգային և տեղական ատյաններում փոխադարձ պահանջներից հրաժարում, Ղարաբաղն ու Նախիջևանն էլ դարձյալ Ադրբեջանի մաս անվանեց։ Բաքվի ներկայացուցիչը Փաշինյանի հայտարարությունից հինգ րոպե հետո կոչ արեց Փաշինյանին գործնական քայլեր ձեռնարկել՝ Սահմանադրությունը փոխել և «հրաժարվել Ադրբեջանի դեմ պահանջներից»։ Ի պատասխան՝ Փաշինյանը հրապարակեց «Արմենպրես»-ին տված իր դեկտեմբերյան հարցազրույցը, որտեղ ասել էր, թե ՀՀ Սահմանադրությունը որևէ պահանջ չի պարունակում Բաքվի և Անգորայի նկատմամբ։ Նա առաջարկել է Բաքվին ստորագրել «խաղաղության պայմանագիր», քանի որ դրանից հետո միայն ինքը կարող է փոխել Սահմանադրությունը «եթե դա հակասի խաղաղության պայմանագրին»։
«Դիվանագիտական փոխհրաձգություններն» ուղեկցվեցին ՀՀ կառավարության կողմից ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի հավանությամբ, որն անթաքույց զայրույթ առաջացրեց Ռուսաստանում և զրոյական արձագանք ԵՄ-ում։ Մոսկվան ասաց, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև՝ սպառնալով ցրտով և սովով։ Ռուսաստանի ղեկավարությունը միաժամանակ չի հայտարարել, որ Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում կկատարեն իրենց դաշնակցային պարտավորությունները։
Ի՞նչ են մտադիր անել Իրանն ու ԵՄ-ն։
Երևանում Ահմադիանը կրկնել է Իրանի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների անթույլատրելիության վերաբերյալ։ Միաժամանակ Փաշինյանը իրանցի պաշտոնյային ակնարկել է, որ կայունության երաշխիքը՝ Իրանի և Հայաստանի ընդհանուր շահերն են։
Հայտնի չէ՝ Փաշինյանը նկատի ուներ տարածաշրջանում թուրքական գերակայությունը կանխե՞լը, թե՞ այլ բան։ Սակայն այս անգամ Իրանը ոչ մի վճռական հայտարարություն չարեց տարածաշրջանում էսկալացիան կանխելու վերաբերյալ եւ զորքեր չտեղափոխեց դեպի Հայաստանի սահման։
Ինչ վերաբերում է ԵՄ ներկայացուցչին, ապա Մագդալենա Գրոնոն չի ոգեւորվել «եվրաինտեգրման մասին» օրենքի հաստատման մասին Փաշինյանի տեղեկատվությամբ։ Նա միայն ասաց, որ ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները պետք է հետևողականորեն զարգանան, այդ թվում՝ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների բարեփոխման և զարգացման ոլորտում։ Այսինքն՝ ԵՄ-ն հասկանում է, որ սա պարզապես քաղաքական հնարք է։
Ո՛չ Իրանի, ո՛չ Եվրոպայի ներկայացուցիչները հրապարակայնորեն չարձագանքեցին Ալիևի գլխավոր պահանջին՝ փոխել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, այլ կերպ ասած՝ լուծարել Հայաստանի Հանրապետությունը։ Նրանք նաև հայտարարություններ չեն արել այն մասին, թե ինչ կարող են անել Իրանը և ԵՄ-ն, եթե Ալիևը որոշի էսկալացիայի գնալ։ Նրանք հայտարարեցին իրենց աջակցությունը «խաղաղության բանակցություններին»՝ անուղղակիորեն հաստատելով, որ Հայաստանի կողմից զիջումներին «այլընտրանք» չկա։
Չնայած միջազգային ցանկացած օգնությունից Հայաստանի ներկայիս կառավարության հրաժարվելուն, հայկական պետությունը մինչ այժմ գոյատևել է Իրանի և Եվրամիության հետ իր «ընդհանուր շահերի և արժեքների» շնորհիվ: Բայց պատկերն արագորեն փոխվում է. ԵՄ-ին և Իրանին պետք չէ մի երկիր տարածաշրջանում, որը պատրաստ չէ իրեն պաշտպանել և ուզում է «խաչմերուկ» դառնալ ուրիշների համար։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: