Նոր կյանք տալով Արցախում մնացած կատուներին․ այսպես ծնվեց «Կատու» բրենդը

  • 12:39 10.01.2025

Իր հիշողության մեջ մնացած կատուներին Թամարիկը կյանք է տալիս՝ նորովի ապրեցնում։

Թամարա Սարգսյանը տաս տարեկան է, իր կյանքի յոթ տարիները լիարժեք ապրել է Ասկերանում։ Տատիկի տան կատուներն իր լավագույն ընկերներն էին։

Թամարան արդեն մի քանի տարի է ինչ ապրում է Ռուսաստանի դաշնության Պյատիգորսկ քաղաքում։

Երբ սկսվեց Արցախի հայաթափումը, սպասում էր, որ սիրելի տատիկի հետ Ասկերանից նաեւ կատուները կգան, բայց տատիկը չկարողացավ բերել կատուներին։

Նկարել սիրող աղջիկն անընդհատ իր նկարներում պատկերում էր Արցախում մնացած կատուներին, եւ մի օր մայրը որոշեց կյանք տալ կատուներին, այսպես ծնվեց «Կատու» բրենդը։

Արդեն մի քանի ամիս է, ինչ Ելենան  տասնամյա աղջկա պատկերացումները վերածել է  գիշերանոցների արտադրության։

Մայր ու աղջիկ նկարում, թղթից գրաֆիկայի են վերածում նկարը, գույներ ընտրում եւ նկարը դարձնում գիշերանոց։

Ելենան ասում է, որ Թամարայի մոտ կարեւոր ցանկություն կար՝ օգնել իր երեք տարեկան քրոջը պահպանել Արցախի մասին հիշողությունները։

«Երեխաների հետ աշխատելը շատ կարեւոր է։ Մենք վերապրում ենք, երեխաները շուտ են մոռանում։ Թամարան իր հուշերում մնացած կատուներին տարբեր իրավիճակներում է նկարում, այպես կատուներին նոր կյանք է տալիս»,-ասում է Ելենան։

«Կատու»-ն դեռեւս երկու գույնի գիշերանոցներ են՝ տարբեր չափերի, նկարը՝ մեջքով կանգնած աղջիկ կատվի հետ, որ բացում է պատուհանն ու երեւում է պապ ու տատը։

«Թամարան այդ նկարում իրեն է նկարել, ես՝ ինձ եմ տեսնում եւ նկարը կարեւոր է նրանով, որ ամեն մեկն իրեն է պատկերացնում այդ վայրում։ Բոլորս քնում ենք ոչ մեր տանը եւ արթնանալիս շատ ենք երազում, որ սա ընդամենը չար երազ լինի, որ բացենք պատուհանն ու տեսնենք մեզ ծանոթ, հարազատ տեսարաններ, հասկանանք՝ տանն ենք»,- ասում է Ելենան ու ավելացնում, որ գուցե երազի ունենալու համար է հենց ստեղծվել գիշերանոցներ եւ ոչ թե այլ արտադրանք։

Այս պահին Ռուասաստանում ապրելով, որովհետեւ ինչպես նշում է՝ բնակվարձերն այնտեղ ավելի ցածր է եւ ապրելն ավելի հեշտ, Ելենան ու Թամարը արտադրանքն իրացնում են միայն Հայաստանում։

Երազում են, որ արտադրության ողջ պրոցեսը իրենք կազմակերպեն, բայց այս պահին միայն դիզայնն ու տպագրությունն են կարողանում անել։

Նպատակ ունեն ընդլայնել արտադրանքը եւ նկարները ու տղաների համար եւս պատրաստել գիշերանոցներ։

«Կատու»-ն աղջիկ երեխաների համար կարող է լավագույն նվեր լինել՝ տանը զգալու, երազի հետեւից գնալու, քո իսկ անկյունում կատուների հետ արթնանալու պարզ ու ցանկալի երազանք։

Բրենդին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.facebook.com/profile.php?id=61570038944298:

Դեռեւս փորձնական փուլում են, բայց հավատում են, որ իրենց նպատակը հաջողության կհասնի՝ Արցախում թողած մեր սիրելի կենդանիների «պատվին» կամ ի հիշատակ ստեղծված բրենդը մանկական, ջերմ հուշերը պահելու մեծ առաքելություն ունի եւ երազ՝ մի օր իսկապես բացելու մեզ համար փակված դուռը։

Մարիամ Սարգսյան

f