Մինսկի խմբի լուծարումը մեզ համար մահաբեր քայլ կլինի

  • 22:51 10.01.2025

Step1.am-ի զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

-Պարոն Խզմալյան, տեղեկություն եղավ, որ Հայաստանում Եվրամիության դիտորդների առաքելության ժամկերտը կերակարաձգվի երկու տարով։ Սա սպասելի՞ էր եւ ի՞նչ խնդիր կլուծի։

-Ես կարծում եմ՝ դա սպասված նորություն էր։ Մենք պետք է հասկանանք, որ ԵՄ դիտորդների ներկայությունը 2022 թվականի հոկտեմբերից ապահովում է մեր երկրի անվտանգությունը եւ պաշտպանում է Հայաստանի Հանրապետությունն արդեն անխուսափելի թվացող պատերազմից։ Դա փաստորեն մեր անվտանգության միակ իրական ու լուրջ երաշխիքն է, թեեւ ես կարծում եմ, որ սա արդեն բավարար չէ, մենք պետք է մտածենք ու աշխատենք այդ առաքելությունը ՆԱՏՕ-ի ռազմաբազայի վերածելու մասին։ Համենայնդեպս Հայաստանի Եվրոպական կուսակցության օրակարգային նպատակներից մեկը հենց դա է։

-Այս զարգացումներին զուգահեռ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը կատարում է Ալիեւի պահանջները, մասնավորապես, նա երեկ առաջարկեց լուծարել Արցախյան հակամարտության լուծման նպատակով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այս պահանջը ավելի վաղ ներկայացրել էր Ալիեւը։ Ինչպե՞ս եք սա գնահատում, ի՞նչ հետեւանքներ կունենան Մինսկի խմբի լուծարումը։

-Նախ մենք ամեն ինչ պետք է անենք, որ թույլ չտանք դա։ Սա անպատասխանատու, արկածախնդիր եւ մեզ համար մահաբեր քայլ կլինի։ Ես ապշած եմ, որ սա ընդհանրապես կարելի է լուրջ քննարկել, հատկապես կառավարության ղեկավարի մակարդակով։ Բանն այն է, որ Մինսկի խումբը դա ՄԱԿ-ի որոշմամբ ԵԱՀԿ-ին առաջադրված մի ձեւաչափ էր, որի մեջ մտնում են ԱՄՆ-ն, ԵՄ մի շարք երկրներ՝ Ֆրանիսայի գլխավորությամբ, մտնում էր նաեւ Ռուսաստանը, որը փաստորեն պայթեցրեց այդ ձեւաչափը եւ դուրս եկավ՝ 2020 թվականի սեպտեմբերին փաստացի դառնալով Արցախի դեմ պատերազմի կողմ։ Այս ամենից հետո խոսել Մինսկի խմբի լուծարման մասին, այն էլ այն ենթատեքստում, երբ դա պահանջում է Ալիեւը, անհեթեթություն է, եւ դա ամենամեղմ բնորոշումն է, որը ես տալիս եմ։ Հայաստանի Եվորոպական կուսակցության ու մեր համախոհների համար սա անթույլատրելի մի բան է, որը մենք պետք է բեկանանք, կանխենք բոլոր հնարավոր միջոցներով՝ բողոքներով, ցույցերով, այլ միջոցներով։

-Մինսկի խմբի գոյությունն Արցախի հարցի լուծման ի՞նչ հնարավորություն է տալիս ներկա պայմաններում։

-Մինսկի խումբը միակ միջազգային ատյանն է, որն ի սկզբանե ձեւավորված է եղել Արցախի հարցի լուծման նպատակով։ Եվ Մինսկի խմբի լուծարումը մեր քաղաքական իրականության մեջ հավասարազոր է 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի ստորագրմանը։ Լուծարել Մինսկի խումբը նշանակում է համաձայնել Արցախի հարցի չգոյությանը։ Եվ սա պետական հանցանք է, ավելի ծանր մեղադրանք այստեղ դժվար է պատկերացնել, սա պետական-քաղաքական հանցանք է։ Եվ սա կնշանակի, որ Հայաստանը, ժամանակին համաձայնվելով Արցախը դուրս բերել բանակցային գործընթացից եւ իր վրա վերցնելով պատասխանատվությունը, հիմա իրենից էլ է հանում այդ պատասպանատվությունը։ Հիմա ո՞վ պետք է լինի հազարավոր մարդանց՝ փախստականների, զոհերի, բռնաբարվածների իրավական ներկայացուցիչը։ Մենք չստեղծեցինք որեւէ լուրջ ձեւաչափ, ՀՀ-ն այս տարիներին չկարողացավ ստեղծել անգամ վտարանդի խորհրդան ու կառավարություն, որ գոնե որեւէ ներկայացուցչություն ունենայինք միջազգային ատյաններում։ Ըստ իս՝ սա նշանակում է, որ Փաշինյանի կառավարությունը համաձայն է հաժարվել ոչ միայն պատասխանատվությունից, այլ նաեւ իր իրավունքից ու պարտքից Արցախից բռնագաղթած, հայրենազրկման ենթարկված 150 հազար մարդկանց առաջ։ Մենք սա չենք կարող ընդունել։

Ռոզա Հովհաննիսյան

f