Իրանի մասնատման հեռանկարը

  • 14:57 11.01.2025

Ռուսաստանը միտումնավոր հրաժարվեց պաշտպանել Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգը՝ խաբելով նաեւ Իրանին։ Նման հայտարարություններ է արել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Բեհրուզ Էսբաթին։ Նա հայտարարել է, որ Ասադի վարչակարգի տապալման եւ Իրանի սիրիական քաղաքականության ձախողման մեղավորը Կրեմլն է, հաղորդում է The New York Times-ը։

Գեներալը պատմել է, թե ինչպես է տուսական կողմը խաբել իրանական կողմին, թե իբր օդային հարվածներ են հասցնում «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման շտաբին, որի առաջնորդները ղեկավարում էին հարձակումը Հալեպի և Դամասկոսի վրա։ Իրականում, ըստ Էսբաթիի, ռուսները «ռմբակոծում էին անապատը»։ Բացի այդ, գեներալի խոսքով, Ռուսաստանն անջատել է որոշ ռադարներ, ինչը թույլ է տվել Իսրայելին հարձակվել Սիրիայում իրանական ռազմական օբյեկտների վրա։ Ըստ նրա, ռուսներն իրենք են Իսրայելին փոխանցել իրանական ուժերի եւ Ասադի զինանոցի տեղակայման վայրերի վերաբերյալ տեղեկությունները, ինչի շնորհիվ Իսրայելին հաջողվել է փաստացի ոչնչացնել իրանական հակաօդային պաշտպանության համակարգը այդ թվում Իրանի տարածքում։ Նշենք, որ իրանական գրեթե ողջ ՀՕՊ-ը ռուսական արտադրության է։

Սիրիայում իրագործվել է Իսրայել-ՌԴ-Թուրքիա գործարքը, ինչը ներկայում հաստատվում է արդեն պաշտոնապես, այս եռյակի բարձր ներկայացուցիչների բերանով։ Իսրայելն ու Թուրքիան ընդլայնում են իրենց ռազմաքաղաքական ներկայությունը Սիրիայում, վերահսկողության տակ վերցնելով զգալի տարածքներ։ Թուքիան ռազմական գործողություններ է վարում քրդական ուժերի դեմ Սիրիայի հյուսիսում, փորձելով դուրս մղել քրդերին իր սահմանակից շրջաններից։ Իր հերթին, Մոսկվան իր ուժերի զգալի մասը տեղափոխում է ուկրաինական ճակատ եւ այլ շրջաններ, եռակողմ պայմանավորվածությամբ պահպանելով իր հիմնական երկու բազաները Սիրիայի տարածքում։

Սիրիայում որեւէ «նոր բան» տեղի չի ունեցել, Իսրայել-ՌԴ-Թուրքիա հերթական գործարքը Հայաստանի դեմ Արցախում եռյակ ահաբեկչական գործարքի շարունակությունն է։ Ինչպես նկատում ենք իրանցի գեներալի բացահայտումներից, իրագործման մեխանիզմները, մեթոդներն ու ոճը նույնն են թե Արցախում, թե Սիրիայում, թե Ուկրաինայում։ Գործարքի նախաձեռնողն ու գետնի վրա օպերատիվ երաշխավորը Մոսկվան է, առանց Մոսկվայի այդ դերակատարման գործարքի իրագործումն անհնար է։

Քաղաքական մեղսունակության նվազագույն առկայությունը թույլ կտար տեսնել այս գործընթացների կապը։ Եվ եթե հայկական մեդիա-քաղաքական-քաղաքագիտական համույթի պարագային գործ ունենք դրա դեգեներատիվ ու ծախու բնույթի, իսկ Ուկրաինայի պարագային՝ դրա քարոզչական դաշտը զավթած շրջանակների իրական մոտիվացիայի հետ, ենթադրվում էր, որ Իրանի պետական հազարամյա ավանդույթը թույլ կտար հստակ տեսնել պատճառահետեւանքային կապերը եւ մասնավորաբար այն իրողությունը, որ այս զարգացումների թիրախը Իրանն է։ Եվ Հայաստանի դեմ Արցախում ռուս-թուրք-իսրայելական ահաբեկչական արշավին դիմակայեր հենց ռազմական միջամտությամբ, ոչ թե «ադրբեջանի տարածքային ամբողջականության աջակցության» եւ «աշխարհքաղաքական հազարամյա սահմանների փոփոխության անթույլատրելիության» մասին մանթրաներ երգելով։

Ինչ տարածքային ամբոջկանություն, ինչ աշխարհքաղաքական հազարամյա սահմաններ։ Այդ հայերին կարելի էր մոլորեցնել «Արցախը հանձնենք՝ Զանգեզուրի միջանցքը թույլ չտալու եւ Հայաստանը փրկելու» մասին ապուշություններով, իսկ Իրանի համար պետք է պարզ լիներ, որ Արցախի ռուս-թուրքական օկուպացիան վերացնում է բոլոր տեսակի «տաբուները» եւ պայմանավորվածությունները Մեծ Մերձավոր Արեւելքի շրջանում, իսկ մասնավորաբար ՀՀ հարավի օտարումը, այսինքն «աշխարհքաղաքական հազարամյա սահմանի» վերացումն ընդամենը տեխնիկական խնդիր է։

Եվ ահա, Սիրիայի իրադարձությունների ֆոնին իսրայելական քարոզչական շրջանակները շրջանառության մեջ են դրել ոչ միայն Իրանի իշխող ռեժիմի փոփոխության, այլեւ այդ երկրի մասնատման հնարավորության թեման։ Նշվում է, որ Սիրիայում, Լիբանանում, Եմենում, Իրաքում այսպես կոչված «դիմադրության շիա առանցքի (որն, ի դեպ, Իրանը ձեւավորել էր Արեւմուտքի ուղիղ եւ անուղղակի աջակցությամբ, այդպիսով զգալիորեն ուժեղացնելով իր ազդեցությունը Մեծ Մերձավոր Արեւելքում) ոչնչացման, ինչպես նաեւ Իրանի տարածքին հասցվելիք իսրայելական նոր հնարավոր հարվածների արդյունքում Թուրքիան ու ադրբեջանը կարող են ներխուժել Իրանի հյուսիսային շրջաններ «բնակչության 30 տոկոսը կազմող հայրենակիցների իրավունքները պաշտպանելու համար»։

Լիովին հնարավոր սցենար է, նկատի առնելով «նոր աշխարհակարգի» ձեւավորման տրամաբանությունը, որը ենթադրում է նաեւ, մեղմ ասենք, սահմանների փոփոխություններ։ Այս գործընթացում շահելու են այն միավորումները, որոնք դրան մասնակցության հայտ են ներկայացրել։ Ինչ վերաբերում է «խաղաղության օրակարգում» դեգերող երկրներին, դրանց ճակատագիրը թերեւս պարզ է բոլորին։

 

f