Ֆինլանդիայում հետաքննում են Estlink 2 ստորջրյա մալուխի վնասման հանգամանքը, որը երկիրը կապում է Էստոնիայի հետ: Fingrid ընկերությունը հայց է ներկայացրել Հելսինկիի շրջանային դատարան՝ պահանջելով կալանավորել Eagle S տանկերը, որը կասկածվում է միջադեպի մեջ։
Դեկտեմբերի 25-ին այս ռազմավարական նշանակություն ունեցող մալուխը կտրվել է՝ խաթարելով Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև հաղորդակցությունը։ Ֆինգրիդը պնդում է, որ նավի կալանավորումն անհրաժեշտ է՝ կրած կորուստների փոխհատուցումն ապահովելու համար։ Eagle S տանկերը գտնվում է Պորվու նավահանգստում, և Ֆինլանդիայի իշխանությունները ստուգում են այն։
Միջադեպի ժամանակ Eagle S տանկերը, որը Ռուսաստանից Եգիպտոս էր մեկնում, զգալիորեն դանդաղեցրել է ընթացքը մալուխի վնասման ժամանակ։ Ֆինլանդիայի ոստիկանության տվյալներով՝ վնասման պատճառը կարող էր լինել խարիսխը, որը նավը քարշ էր տալիս ծովի հատակով։
Նշենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Բալթիկ ծովում վնասվել էր Լիտվայի և Շվեդիայի միջև ստորջրյա մալուխը։ 2024 թվականի նոյեմբերին կտրվել էր Ֆինլանդիայի և Գերմանիայի միջև ստորջրյա կապի C-Lion-1 մալուխը։
Քաղաքական մեկնաբանները այս իրադարձությունները համարում են Արեւմուտքի դեմ Ռուսաստանի հիբրիդային պատերազմի մաս։ Eagle S տանկերի շուրջ պատմության մեջ ուշագրավ մի հանգամանք առանձնապես չի լուսաբանվել մամուլում։ Բանն այն է, որ նավի վրա եղել են «կողմնակի անձինք», ովքեր նավ են տեղափոխել գաղտնալսող սարքեր եւ լրտեսության համար անհրաժեշտ այլ հատուկ տեխնիկա, համակարգիչներ ռուսերեն եւ թուրքերեն լեզուներով ստեղնաշարերով։ Մամուլին այս տեղեկությունները դեռեւս հունիսին փոխանցած աղբյուրի պնդմամբ, տեխնիկան օգտագործվել է ՆԱՏՕ-ի ավիացիայի եւ նավատորմի շարժերին հետեւելու համար։ Թուրքիան լիարժեք ներգրավված է Ռուսաստանի ահաբեկչական-հիբրիդային ծրագրերում՝ Արցախից մինչեւ Բալթիկ ծով։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: