Արցախի մայրիկների ակումբ ֆեյսբուքյան հարթակը տարիների ընթացքում վերածվել է մեծ համայնքի՝ 15 հազարից ավելի անդամ, որն իր գործունեությունը շարունակում է նաեւ Հայաստանում։
Օրերս ակումբի ակտիվ մայրերն ու կանայք կազմակերպեցին իրական հանդիպում՝ նպատակ ունենալով ամփոփել մայրական համայնքի համար 2024թ․ եւ ուղենշել ծրագրեր, որ պիտի իրականացնեն այս տարվա ընթացքում։
Տեղահանությունից անմիջապես հետո վերաբացվեց մայրիկների ակումբի հիման վրա ստեղծված «Արցախի մայրերի աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որի ստացված ծրագրերից է` երկու անգամ կազմակերպված «Վըսկե ծերքէր» փառատոնը։
Ինչպես նշում է կազմակերպության ներկայացուցիչ Լիլիթ Պետրոսյանը․
«Հանդիպման հիմնական նպատակներից է արցախցի կանանց համայնքի պահպանությունը։ Այսպիսի միջոցառումների հաճախակի կազմակերպումը խթան կհանդիսանա նոր ծխրագրերի իրականացման համար։ Կանայք ունեն նաեւ պարզ մարդկային հաղորդակցման կարիք»։
Միջոցառմանը ներկա էին թե՛ Երեւանում բնակվող եւ թե՛ մարզերում ապրող տեղահանված արցախցիներ, բժիշկներ, որոնք ակումբի հետ են արդեն տարիներ։
Կազմակերպիչների ուշադրության կենտրոնում են պատերազմի եւ պայթյունի պատճառով այրիացած կանաք, մայրեր, ովքեր ունեն հատուկ խնամքի անհրաժեշտություն ունեցող երեխաներ։
Արցախի տարբեր շրջաններից եկած կանայք փորձում են փորձով փոխանակվել՝ նոր մարտահրավերների հաղթահարման, նոր մասնագիտությունների ուսուցման եւ տարաբնույթ ծրագրերում ընգրկվելու իրենց փորձով։
Կանանց մի մասն այստեղ փոքրիկ բիզնես է հիմնել, իրար օգնելու եւ իրար համար գնորդ ու բիզնեսի աջակից դառնալու հարթակ է նաեւ այսպիսի հանդիպումները։
Ներկա էին նաեւ այլ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ եւ կանանց համախմբումը կարեւոր համարվեց հետագայում համատեղ կազմակերխվելիք միջոցառումների համար։
Մարիամ Սարգսյան