Հաջորդ առաջարկը՝ Զանգեզուրի միջանցքի “մատաղ” անելը

  • 14:07 13.01.2025

Հայաստանի սուվերեն տարածքով անցնող բոլոր ճանապարհները վերահսկվելու են միայն և միայն Հայաստանի Հանրապետության կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

«Ալիևի հայտարարություններից ոգևորված՝ «ազգափրկիչ» ընդդիմադիրներն առաջարկում են երրորդ կողմի վերահսկողությամբ անհապաղ Սյունիքով ճանապարհ տալ Ադրբեջանին։ Կայսրության շահերը սպասարկող սույն գործիչները այսկերպ զարգացնում են նաև ադրբեջանական խոսույթը միջանցքի մասին։ Հայաստանի տարածքով որևէ միջանցքի կամ որևէ կողմի վերահսկողությամբ ճանապարհի մասին քննարկում անգամ չի կարող լինել, Հայաստանում ճանապարհները վերահսկվելու են միայն և միայն Հայաստանի Հանրապետության կողմից»,- գրել է նա։

Տարոն Չախոյանը կարծես պատասխանում է ՀՀ ռուսամետ ընդդիմությանը, սակայն իրականում այս պատասխանը խոսում է Հայաստանի վրա ուժեղացած ճնշման եւ կառավարությունում որոշ “անխուսափելի” քայլերի նախապատրաստման մասին։ Ռուս-թուրքական համակարգված քայլերը՝ Արցախից, Ուկրաինայից մինչեւ Սիրիա, հասել են վերջին կետին, եւ այդ կետը՝ Հայաստանի հարավն է։ 

Մի քանի օր առաջ Փաշինյանը 12 “առաջարկ” է արել Ալիեւին, այդ թվում՝ Ղարաբաղի ու Նախիջեւանի վերջնական “օտարում”, Մինսկի խմբի “լուծարում” եւ դատական հայցերի հետ կանչում, թեկուզ Փաշինյանը դա հնարավոր էր համարում միայն “խաղաղության պայմանագրի” կնքումից հետո։

Բայց դա վերջը չէր․ Սահմանադրությունը փոխեք, ասել են ի պատասխան Բաքվի ԱԳՆ-ից։ Փաշինյանը դա էլ էր խոստանում “պայմանագիրը” ստորագրելուց հետո, սակայն նախորդ փորձը ցույց է տալիս, որ Ալիեւի հաջորդ սպառնալիքներից հետո կհնչի նաեւ Սահմանադրությունը փոխելու “առաջարկուը”, եւ դա արդեն համաձայնեցված է։

Մնում է միայն մեկ հարց՝ եւ ռեգիոնալ լրտվամիջոցներում ակտիվ քննարկվում է, որ Հայաստանը կարող է եւս մեկ “կոնստրուկտիվ եւ խիզախ առաջարկ անել”՝ “Զանգեզուրի միջանցքը” որպես “խաղաղության խաչմերուկում” առաջին ներդրում անելու մասին։ Չախոյանի գրառումը վկայում է, որ այդ հարցը դեռ քննարկվում է, սակայն արդեն հող է նախապատրաստվում։ 

Հատկապես, որ նախորդ բոլոր առաջարկները ոչ մի բողոք, միտինգներ եւ հակարակ առաջարկներ չեն առաջացրել։ Մի քանի մտահոգ մարդ խոսել են Մինսկի խմբի լուծարման եւ հայցերի հետկանչման անթույլատրելիության մասին, ու վերջ։ Բողոքի ակցիաների համար այլ թեմաներ են “մեյդան” գցվել՝ հարկերի բարձրացումը եւ տրանսպորտի թանգացումը։

Այնպես որ․ Հայաստանի հարավի “դեսուվերենիզացիան” ոչ ոք չի էլ նկատի։