Հունվարի 14-ից 15-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում:
Ըստ Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության՝ նախատեսված են հանդիպումներ ԱՄՆ գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
«Տարվա ընթացքում ՀՀ-ԱՄՆ փոխգործակցությունն ակտիվ է եղել տարբեր մակարդակներում և հարթակներում՝ ներառյալ նախարար Միրզոյանի և պետքարտուղար Բլինքենի երկկողմ հանդիպումների ձևաչափով», – նշված է հաղորդագրությունում:
«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը “Ազատության” հետ հարցազրույցում պնդում է, որ խոսքը գնում է հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հնարավոր համաձայնագրի մասին։
«Այն, ինչ մեկնարկել էր նախորդ տարի հունիս ամսին, երբ ազդարարվեց մեկ մակարդակով բարձրացնելու վերաբերյալ մեր հարաբերությունների խորությունը, փաստաթղթի ստորագրման ամերիկյան մասը տեղի կունենա Վաշինգտոնում», – հայտնեց Արման Բաբաջանյանը։
Վաշինգտոնն «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունի» Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ, հունվարի 9-ին հայտարարել էին ԱՄՆ պետքարտուղարությունից։
Ըստ Բաբաջանյանի՝ ամենակարևորը այս պահին քննարկումն է, թե որքանով կարող է հաջորդ ադմինիստրացիայի համար այս փաստաթուղթը շարունակելի լինել։
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին նախագահ Թրամփը կստանձնի երկրի կառավարումը։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: