Ֆրանսիան և ԱՄՆ-ը չեն մեկնաբանել Փաշինյանի՝ Մինսկի խումբը վերացնելու «առաջարկը»

  • 11:58 14.01.2025

Ֆրանսիան և ԱՄՆ-ը, որոնք Ռուսաստանի հետ միասին դեռևս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են, չեն մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի «առաջարկը»՝ դիմել ԵԱՀԿ-ին վերացնել Մինսկի խումբը։

Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում առավել քան պարզ է. այն բանից հետո, երբ 2020 թվականին Մոսկվան զորք մտցրեց Արցախ և տորպեդահարեց Արցախի վերաբերյալ բոլոր միջազգային քննարկումները, Ռուսաստանը բազմիցս հայտարարել է Մինսկի խումբը վերացնելու անհրաժեշտության մասին։ Մոսկվան հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Ղարաբաղը «Ադրբեջանի մաս» բանավոր «ճանաչելուց» հետո Մինսկի խումբն անելիք չունի։ Միևնույն ժամանակ, Մոսկվան չի հիշել, որ հենց խորհրդային իշխանության անօրինական որոշմամբ է Ղարաբաղը հայտնվել «Ադրբեջանի» կազմում։ Եւ Մոսկվան կարող էր հեշտ «կարգավորել» հարցը՝ չեղարկելով 1921թ. Կավբյուրոյի որոշումը։

Իր հերթին Ալիևը հայտարարում է, որ Մինսկի խումբը պետք է վերացվի, քանի որ դա ուղղակի վկայությունն է, որ Արցախի հարցը չի լուծվել՝ չնայած «ռազմական կարգավորմանը»եւ օկուպացիյին։

Վերլուծաբաններն ասում են, որ ո՛չ Պուտինը, ո՛չ Ալիևն ու Փաշինյանը ի վիճակի չեն վերացնել Մինսկի խումբը՝ առանց ԵԱՀԿ-ում կոնսենսուսի։ Փարիզի և Վաշինգտոնի լռությունը հուշում է, որ կոնսենսուս չկա։

Մյուս կողմից, Փարիզն ու Վաշինգտոնը հրապարակայնորեն չաջակցեցին Ալիևի պահանջին՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և Հայաստանի և Արցախի վերամիավորման 1989 թվականի որոշումից հրաժարվելու։ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան երբեք կասկածի տակ չեն դրել այս որոշումը։

ԵԱՀԿ Մինսկի խումբը ռուս-թուրքական պայմանավորվածություններից դուրս գալու և տարածաշրջանային խնդիրները միջազգային մակարդակով լուծելու հնարավորություն է։

f