Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը e-draft.am կայքում https://www.e-draft.am/projects/8192 հանրային քննարկման է դրել Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի փոփոխված տարբերակը։ Ծրագրում մի շարք փոփոխություններ են կատարվելու, սակայն ՀՀ քաղաքացիություն ստանալու պարտադիր նորմը չի վերացվելու։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը step1.am-ի հետ զրույցում ասել է, որ քաղաքացիության դրույթի վերանայման մասով քննարկում անգամ չկա, դա վերջնական որոշում է, որը ենթակա չէ փոփոխման։
Այնինչ, հայտնի է, որ ի թիվս այլ խնդիրների, արցախցիների մեծ մասը բաձրացնում են ՀՀ քաղաքացիություն ստանալու պարտադիր պահանջը չեղարկելու հարցը։ Մարդիկ հարցադրում են անում՝ ինչո՞ւ են իրենց պարտադրում բնակապահովման ծրագրից օգտվելու համար ՀՀ քաղաքացիություն ստանալ այն դեպքում, երբ իրենք արդեն ունեն ՀՀ անձնագրեր։
Արցախցի գործիչ Լիաննա Պետրոսյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ ի սկզբանե մարդկանց ամենակարեւոր պահանջներից մեկն այն է եղել, որ քաղաքացիության պարտադիր պահանջը ծրագրի դրույթներից հանվի։ Դրանից բացի, որպես կարեւոր հարց՝ նաեւ բազային գումարի վերանայման հարցն են մարդիկ բարձրացրել։ Առաջարկվող փոփոխություններով բազային գումարը որոշ բնակավայրերի մասով վերանայվել է։
Ինչ վերաբերում է քաղաքացիության հարցին, Լիաննա Պետրոսյանի խոսքով, ենթադրվում է, որ մարդկանց մի մասը չեն դիմելու ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, հետեւաբար, բնակապահովման ծրագրից չեն օգտվելու։ «Բայց պետք է այնպես անել, որ նաեւ այս մարդկանց իրավունքները հարգվեն, քանի որ այս ծրագիրը բոլորի համար է։ Այն բոլորի համար պետք է երկարաժամկետ լուծում լինի, եւ այս հանգամանքը հաշվի առնելով՝ ինչ-որ լուծում պետք է տրվի այս հարցին»,- ասաց Լիաննա Պետրոսյանը։
Ռոզա Հովհաննիսյան
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: