ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման Հայաստանի որոշումը Երեւանի ինքնիշխան որոշումն է, ՌԴ-ն ոչ մեկին չի թելադրում, թե ում հետ պետք է համագործակցել, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում։
«Երեկ ես լսեցի, որ [ՀՀ արտաքին գործերի նախարար] Արարատ Միրզոյանը [ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի] Բլինքենի հետ ստորագրել է համաձայնագիր՝ ռազմավարական գործընկերության պայմանագիր։ Բայց սա երկու պետությունների ինքնիշխան որոշումն է»,- համոզված է Լավրովը։
Նրա խոսքով՝ գլխավորը ոչ թե այն է, թե ով ինչ է ստորագրել եւ ինչ է կոչվում փաստաթուղթը, այլ այն, թե ինչ է բխում դրանից։ «Մենք օգտագործել ենք «ռազմավարական գործընկերություն» տերմինաբանությունը արեւմտյան երկրների հետ մի շարք համաձայնագրերում, սակայն դրանք՝ այդ պայմանագրերը, երբեք, ռազմավարական գործընկերություն հռչակելով, չեն պահանջել այս կամ այն մասնակցից գործել երրորդ երկրի դեմ»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը։
Միաժամանակ Լավրովն ասել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը, որին ձգտելու մասին հայտարարել է Երեւանը, անհամատեղելի է ԵԱՏՄ-ի հետ միաժամանակյա մասնակցության հետ։
«Որովհետեւ դրանք երկու տարբեր ազատ առեւտրի գոտիներ են, տուրքերից եւ սակագներից հրաժարվելու կամ նվազեցնելու երկու տարբեր համակարգեր, դրանք չեն համընկնում»,- ասել է նա։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: