Նախարար․ 2024 թվականին 58,5 մլրդ դրամի աջակցություն է ցուցաբերվել արցախցիներին

  • 14:48 15.01.2025

«Պետք է ուրախությամբ փաստեմ, որ տարեվերջին արդեն ակտիվություն սկսվեց բնակապահովման ծրագրի շուրջ, եւ Լեռնայի Ղարաբաղից բռնի տեղահանված 440 ընտանիք արդեն իսկ ստացել է հավաստագիր, որով մեր հայրենակիցներն արդեն կարող են սկսել իրենց տների կառուցումը ու բնակարանների ձեռքբերումը»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նա նշեց, որ բնակապահովման ծրագիրը փոփոխությունների է ենթարկվում․ «Մեր բոլոր ծրագրերի մասով մենք հընթացս ունեցել ենք լավարկումների, փոփոխությունների անհրաժեշտություն եւ գրեթե միշտ վերադարձել ենք կրկին այդ նախագծերին, որը բնական գործընթաց է»։

Հիշեցնենք, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը step1.am-ին օրերս ասել է, որ 440 հավաստագրերից դեռեւս իրացված են ընդամենը 13-ը։

Նարեկ Մկրտչյանը նշեց, որ 2024 թվականին 58,5 մլրդ դրամի աջակցություն է ցուցաբերվել արցախցիներին, իսկ երեք աջակցության ծրագրերով ընդհանուր առմամբ ՀՀ կառավարությունը շուրջ 89 մլրդ 370մ մլն դրամի աջակցություն է հատկացրել։ «Այս ձմռան ընթացքում ֆինանսական աջակցություն կստանան բոլոր հայրենակիցները, իսկ ապրիլ ամիսից աջակցությունն ավելի թիրախային կդառնա։ Սրա նպատակը աշխատանքն ու զբաղվածությունը խթանելն է, ինչպես նաեւ մարդկանց դեպի բնակապահովության ծրագիր ուղղորդելը»,- հավելեց նա։

Անդրադառնալով արցախցիների զբաղվածության խնդրին՝ Նարեկ Մկրտչյանն ասաց, որ այսօրվա դրությամբ զբաղված է 25 հազար արցախցի, նրանց մեծ մասը աշխատանք են գտել ինքնուրուն, իսկ մի մասն էլ աշխատանքի են տեղավորվել պետական զբաղվածության ծրագրերով։

 

f