Արցախի տեղահանումից հետո կյանքի անիվը Լաուրա Աթայանին հասցրել է Ռուսաստանի Դաշնության հեռավոր Խաբարովսկ քաղաքը։ Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդի Ներքին Կալերում է ծնվել, ապա տեղափոխվել Կարմիր շուկա ավան։ Մինչև տեղահանումը նրա ընտանիքն ապրում էր Ասկերան քաղաքում։ Բազմավաստակ մանկավարժն իր թողարկած սերունդներով ու հիշողություններով է ապրում․ ոչ մի րոպե նա չի դադարում վերապրել անցածը և տունդարձ երազել․․․
Հայրենիքի կորուստը դաջված է սրտում
-Կրտսեր որդուս ընտանիքի հետ 2023-ի սեպտեմբերի վերջին ենք դուրս եկել Արցախից։ Դա մի դաժան օր էր իմ ողջ ընտանիքի համար։ Մինչև վերջին պահը հույս ունեինք, որ կմնանք մեր տներում, մեր հողում, սակայն իրադարձությունները բոլորովին այլ ճակատագրի արժանացրին մեզ։ Մենք ևս բռնեցինք գաղթի դաժանակիր ճանապարհը։ Դուրս գալուց առաջ հետ նայեցի․ տունս մենակ էր ու անօգնական։ Հոգիս միանգամից դատարկվեց։ Ամբողջ կյանքս մնաց հետևում։ 90-ականներին մեր տունը լրիվությամբ այրվել էր, սակայն պատերազմի ավարտից հետո կրկին տուն ենք կառուցել, այգիներ հիմնել, հողագործությամբ զբաղվել։ Երջանիկ ապրում էինք մեր հողում, մեր ժողովրդի մեջ։ Վերստին կորցրինք ամեն ինչ։ Ո՞վ կմտածեր, որ կհայտնվենք Խաբարովսկում՝ հայրենի հողից հազարավոր կիլոմետրեր հեռու։ Որտեղ էլ լինենք, միևնույն է՝ մեր ցավն անցնող ցավ չի։ Հայրենիքի կորստի հետ մենք կորցրինք լավագույն տղաներին։ Մարդկային կորուստներն ամենադաժանն են, որոնց հետ համակերպվել երբեք հնարավոր չի լինելու։ Մենք կարոտ մնացինք մեր գերեզմաններին, եկեղեցիներին։
Հայաստանից Լաուրա Աթայանն ամուսնու՝ վաստակաշատ մանկավարժ Վլադիմիր Ալլահվերդյանի հետ է մեկնել Ռուսաստան, որտեղ նրանց սպասվում էին նոր միջավայրում ինտեգրվելու դժվարություններ։ Մի քանի ամիս հետո ամուսնինն անսպասելի հրաժեշտ է տվել կյանքին։ Դա մի նոր հարված էր, որի հետ չի կարողանում հարմարվել։
-Իմ ապրած կյանքի ամենամեծ ձեռքբերումն իմ ընտանիքն է։ Ես կազմել եմ գեղեցիկ ընտանիք: Ամուսնուս հետ, ով միշտ ինձ համար թիկունք էր, դաստիարակել ենք երեք զավակների։ Հպարտ եմ իմ երեխաներով, թոռներով։ Արցախից տեղահանվելուց հետո որոշել ենք միանալ ավագ որդուս՝ Արայի ընտանիքին։ Նա ամբողջ կյանքում ծառայում էր ԱՀ ՊԲ-ում։ Զինվորական թոշակի անցնելուց հետո կնոջ հետ, ով բժշկուհի է, որոշել են աշխատանքային ծրագրով մեկնել Ռուսաստան ու աշխատել այնտեղ։ Բարեբախտաբար, նրանց հաջողվել է ինտեգրվել, աշխատել ու անուն ձեռք բերել նոր միջավայրում։ Հարսս պահանջված մասնագետ է, տղաս զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով։ Թոռնիկներս լավ են սովորում։ Անին մեդալով է ավարտել դպրոցը։ Աղջկաս ու կրտսեր որդուս ընտանիքները մնացել են Հայաստանում։ Դժվարությամբ, բայց փորձում են հարմարվել, աշխատանք գտնել մասնագիտությամբ։ Աղջիկս մանկավարժ է, տղաս՝ բժիշկ։ Իրենց ընտանիքները պահելու համար առայժմ աշխատում են ոչ իրենց մասնագիտություններով։
Ամուսնուս անսպասելի մահը մեծ հարված էր ինձ համար։ Ծանր եմ տանում, որ վերջին հանգրվանն օտար հողում է գտել։ Նա ոչ միայն ամուսին էր ինձ համար, այլև տարիների հավատարիմ ընկեր, ում հետ երկար ճանապարհ եմ անցել։ Մեր համատեղ կյանքում շատ դժվարություններ ենք հաղթահարել, ապրել տարբեր բնակավայրերում, միշտ պայքարել հանուն մեր երեխաների բարեկեցության։ Ինձ սփոփում և ուժ է տալիս, որ օրինակելի զավակներ ենք դաստիարակել՝ լինելով նաև բազում սերունդների դաստիարակողներ։
2000 թվականին տարվա լավագույն դասվար է ճանաչվել․ սերունդներ կրթած մանկավարժն ապրում է իր սաներով, անմոռանալի հիշողություններով
-Իմ թողարկած սերունդներն իմ հպարտությունն են։ Ամեն օր ու ժամ ես վերապրումների մեջ եմ։ Իմ աչքի առաջ միշտ աշակերտներս են։ Նրանց հետ կապված ամեն մի դրվագ իմ հիշողության մեջ է։ Այսօրվա նման հիշում եմ, երբ առաջին անգամ Ամարասի վանքի պատերի ներքո այբուբենի տոն կազմակերպվեց, և այդ երջանիկ փոքրիկներն իմ դասարանի սաներն էին։ Հայկական ոգու այդ կրթատանն իմ աշակերտները պատիվ ունեցան հնչեցնել այբուբենի տառերը։ Հիշում եմ՝ ինչպես էին երեխաները զարմացած ու հիացած լսում Արցախում հայալեզու առաջին դպրոցի մասին։ Միջոցառումը կազմակերպվել էր Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Ռոմելա Գրիգորյանի նախաձեռնությամբ և մեծ արձագանք գտել ամբողջ Արցախում։ Ինչքա՜ն միջոցառումներ էինք կազմակերպում, որոնցից յուրաքանչյուրը մի հայրենասիրական դաս էր։ Թեկուզ ապրում եմ բոլորից հեռու, սակայն հոգով ու սրտով յուրաքանչյուր արցախցու հետ եմ։
Երբ զանգեր կամ հաղորդակցություններ եմ ստանում իմ գործընկերներից, հարևաններից ու աշակերտներից, հպարտանում եմ և հասկանում, որ ճիշտ եմ ապրել։
Լաուրա Աթայանը չի կարողանում կանխատեսել, թե ինչ է սպասում աշխարհով մեկ սփռված արցախահայությանը, սակայն հոգու խորքում հրաշքի է սպասում
-Ցավոք, կյանքը շատ է անկանխատեսելի։ Արցախի հայաթափումը մի արհավիրք էր մեզ համար։ Ո՞վ կպատկերացներ, որ կարոտ կմնանք մեր հող ու ջրին։ Թե վաղն ի՞նչ կլինի, դժվարանում եմ ասել, սակայն ուզում եմ հավատալ, որ մի գեղեցիկ օր վերադարձի մասին բարի լուր կլսենք։
Գնահատում եմ <<Բերդ թերթ>> ֆեյսբուքյան էջի աշխատանքը, որի միջոցով տեղեկանում ենք մեր ժողովրդի հետ կապված նորությունների մասին։ Ուրախալի է, որ սոցիալական այդ հարթակում երևում են մեր միասնականությունն ու սրտացավությունն իրար հանդեպ։ Դրանից մենք ուժ ենք հավաքում։ Ցանկանում եմ, որ մեր ժողովուրդը կարողանա հնարավորինս հաղթահարել պատուհասած բոլոր դժվարությունները։ Հայի ճակատագիրն է՝ միշտ պայքարել, սակայն երբեք չկորցնել հույսն ու հավատը։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, haynaira@gmail.com
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: