2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի օրերին ՀՀ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը ասել էր, որ Ջերմուկի բարձունքներն օկուպացրած ադրբեջանցիները շրջափակման մեջ են, կսովածանան կգնան։ Մինչ օրս, սակայն, ադրբեջանցիները շարունակում են օկուպացրած պահել ՀՀ տարածքները։
Այսօր հրավիրած ասուլիսում լրագրողները հարց տվեցին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ ադրբեջանիցները շարունակում են մնալ նույն դիրքերո՞ւմ, եւ ի՞նչ քայլեր է ձեռնարկում ռազմական ղեկավարությունը, արդյոք չպե՞տք է պաշտոնանկ արվեր ԳՇ պետը՝ իր պարտականությունները չկատարելու համար։
«ԳՇ պետը խոսել է ռազմական գործողությունների ընթացքի ժամանակ, այնուհետեւ դադարել են ռազմական գործողությունները, եւ այսօր Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության մոտ կա որոշում, որ ՀՀ օկուպացված շուրջ 200 քկմ տարածքը, որի մաս է կազմում նաեւ Ջերմուկի մերձակա բարձունքը, դրանք պետք է խաղաղ բանակցությունների միջոցով լուծվեն, որը հասցեագրված է սահմանազատման, սահմանագծման եւ սահմանների անվտանգության հանձնաժողովին։ Կարծում եմ՝ հարցի լուծումը սրա շրջանակներում է, եւ պատճառ չեմ տեսնում ռազմական գործողությունների ընթացքում բաց հարցազրույց տված ԳՇ պետի պաշտոնանկության մասին խոսել»,- ասաց Պապիկյանը։
Նա հավելեց․ «Այո, ադրբեջանիցները աշխարհագրորեն այդ տարածքում են, եւ մենք հարցի լուծումը հասցեագրել ենք սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի շրջանակներում խաղաղ ճանապարհով լուծմանը»։
Լրագրողները նաեւ հարց ուղղեցին Սուրեն Պապիկյանին, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո դեկտեմբեր ամսին ի՞նչ փաստաթղթի հիման վրա Ադրբեջանին հանձնվեցին ՀՀ ռազմավարական բարձունքները՝ Սյունիքում, Գեղարքունիքում եւ Գորիս-Կապան ճանապարհի մի մասը։
Պապիկյանն ի պատասխան ասաց․ «Ես չգիտեմ՝ ինչի մասին եք խոսում։ Ես նմանատիպ հուշագրի չեմ տիրապետում եւ չգիտեմ՝ ի՞նչ բարձունքների մասին եք խոսում»։ Լրագրողները կրկնեցին, որ Սյունիքի բարձրունքները, Գորիս-Կապան ավտոճանապարհի մի մասը, Շուռնուխ գյուղի մի մասը այդ շրջանում հանձնվել են հակառակորդին։ Ի՞նչ իրավական հիմքով է դար արվել։ Պապիկյան ի պատասխան արձագանքեց․ «Դա իմ պաշտոնավարման ժամանակահատվածին չի վերաբերում»։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: