Միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ Ադրբեջանի պահանջներին՝ միջազգային դատարաններից ՀՀ կողմից Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը հետ վերցնելու մասին։ Նա նշեց, որ Բաքվի բոլոր պահանջների նպատակը մեկն է՝ առնվազն վերացնել Հայաստանը՝ որպես տարածաշրջանային գործոն, իսկ առավելագույնը՝ որպես պետություն՝ հասնելու իրենց վերջնական «հաղթանակին»՝ կապիտուլյացիոն պայմաններով։
Այս պարագայում պետք է հասկանալ, որ Հայաստանը դրա դեմ կարող է պաշտպանվել միայն մի շարք միջոցների եւ մեթոդների համադրությամբ։ Դրանցից մեկը սեփական զինված ուժերի պաշտպանական ռեսուրսի հզորացումն է, իսկ մյուսը դիվանագիտական-իրավական դաշտն է։ Դրա շրջանակներում այս պահին ամենաուժեղ գործոննեից մեկը հենց դատական հայցերն են։
Ըստ Խզմալյանի՝ այդ հայցերն ինքնանպատակ չեն, Հայաստանի համար դրական դատական ակտ ունենալը միջոց է, որը կարող է թույլ տալ վերկանգնել Արցախի բնակչության իրավունքները։
«Դա այլ քայլերի հետ զուգընթաց կարող է ստեղծել հնարավորություն վերադարձի համար։ Իհարկե, պետք է հասկանալ, որ դա չի կարող լինել վերադարձ Ադրբեջանի կողմից ակտիվ վերահսկողության ներքո։ Բայց եթե մենք երկարաժամկետ ենք նայում խնդրին, բավական է ուղղակի հետադարձ հայացքով նայել, թե ինչ է արել Ադրբեջանը։ Ադրբեջանը վերցրել է Խոջալուի միջադեպը, դրա շուրջ ստեղծել է հստակ նարատիվ եւ մեծածավալ ջանքեր է գործադրել այդ նարատիվը աշխարհով մեկ տարածելու համար։ Դա արել է, որպեսզի կառուցի հիմքեր իր կողից Արցախի դեմ ռազմական գործողությունների համար։ Դա կարեւոր քայլերից մեկն էր՝ Հայաստանին ներկայացնել որպես իրավախախտ, որպես մարդու իրավունքները խախտող, որպես ոճրագործություն իրականացրած պետություն։ Հիմա կա իրական հնարավորություն՝ համարժեք գնահատական տալու Ադրբեջանի գորոծղություններին, ընդ որում, միջազգային դատարանների կողմից։ Այդ հնարավորությունից հրաժարվելը նշանակում է շատ-շատ թուլացնել ցանկացած հնարավորություն՝ ապահովելու իրավունքների վերականգնումն ու վերադարձը»,- ասաց նա։
Արա Խզմալյանը նշեց, որ խաղաղության պայմանագրերը երաշխիք չեն տալիս ոչ իրավունքների վերականգնման, ոչ վերադարձի, ոչ էլ բուն խաղաղության համար։ Խաղաղության պայմանագիրը թուղթ է, որը խախտվում է, իսկ Ադրբեջանը քիչ միջազգային պայմանագրեր չի խախտել մինչ օրս։ Եվ միջազգային դատական այս գործընթացները հենց այն մասին են, որ Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքի բազմաթիվ նորմեր, այդ թվում՝ իմպերատիվ նորմեր։ Եվ այդ խախտումների մասով պահանջներից հրաժարվելն ընդամենը ավելի հեշտ է դարձնում նոր խախտումներ իրականացնելը։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: