Հունվարի 17-ին Բաքվում կսկսվի ռուսների թեթեւ ձերքով պատանդ վերցված և ահաբեկչության, ռազմական հանցագործությունների և այլ մահացու մեղքերի մեջ «մեղադրվող» Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների դատավարությունը։
Միաժամանակ Երեւանում դատում են հայ բարձրաստիճան զինվորականներին։ Օրինակ՝ հենց երեկ հայկական դատարանը մեղավոր է ճանաչել Արցախի պաշտպանության նախկին նախարար (44-օրյա պատերազմի առաջին կեսին) Ջալալ Հարությունյանին ՑՕՐ-ի 20 զինծառայողների մահվան մեջ, ովքեր, պայմանավորված ոչ ճիշտ հրամանով, հոկտեմբերի 12-ին Ֆիզուլիի ուղղությամբ հայտնվել են ադրբեջանական զինուժի կողմից շրջապատված և սպանվել։
Այս պաշտոնում Ջալալ Հարությունյանին փոխարինած Միքայել Արզումանյանն արդեն մի քանի տարի է՝ նստած է, և նրա գործը դեռ դատարան չի ուղարկվել։ Նա մեղադրվում է այն բանի համար, որ իր անփութության պատճառով հանձնվել են Շուշիի մերձակայքում գտնվող ռազմավարական բարձունքները։
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մի քանի տարի անցկացրել է բանտում (նա այժմ տնային կալանքի տակ է), և իր ցուցմունքներից մեկում ասել է, որ Ռուսաստանի կողմից վերահսկվող հայկական հակաօդային պաշտպանությունը չի գործել, երբ թուրքական F-16-ները հարվածներ են հասցրել հայկական ուժերին։
Իսկ օրերս ձերբակալվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, ով մեղադրվում է 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ը որոշակի գործողությունների մեջ։ Հիշեցնենք, որ հենց հոկտեմբերի 17-ին Բաքուն հայտարարեց Գանձակի ուղղությամբ իբր Հայաստանից հրթիռային հարված հասցնելու մասին։
Հայաստանի ընդդիմության կոչերում և Արցախի Ազգային ժողովի այսօրվա հայտարարությունում ակնարկվում է, որ Բաքվի դատավարությանը կարող են հնչել մեկ տարուց ավելի Բաքվի բանտերում գտնվող մարդկանց որոշ «խոստովանություններ»։ Նրանք կոչ են անում չընդունել խոշտանգումների արդյունքում ձեռք բերված “ապացույցները”:
Հայաստանի իշխանությունը ոչ մի կերպ չի արձագանքում վաղը Բաքվում կայանալիք դատավարությանը, ոչ էլ որոշ «բացահայտումների» հնարավորությանը։
Ո՞ւմ դեմ կարող էին ուղղվել Բաքվի պատանդներից, հավանաբար, խոշտանգումներով կորզված «ցուցմունքները»։ Բաքվի դատավարությունները և Հայաստանում բարձրաստիճան զինվորականների ձերբակալությունները կապվա՞ծ են իրար հետ։
Հայաստանի կառավարության քաղաքականությունը ծայրաստիճան շփոթեցնող է. Հայաստանի վարչապետն մեկ ասում է, որ Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, մեկ հայ զինվորներին մեղադրում է դասալքության և դավաճանության մեջ, միաժամանակ հայ գեներալներին դատում են Ղարաբաղում բարձունքները հանձնելու համար։ Կեղտոտ ջրերում ավելի հեշտ է ձուկ որսալ, և երաշխիք չկա, որ թե՛ Երևանում, թե՛ Բաքվում հայ զինվորականներին կմեղադրեն դիմադրելու մեջ։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: