Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ անցկացվում է հանրային ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով, որից հետո տեղի կունենա երթ դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարության շենք:
Նշենք, որ Բաքվում այսօր մեկնարկում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով դատավարությունները։
Ադրբեջանում գտնվող 16 գերիների ապօրինի ու ձևական դատավարության մեկնարկի առթիվ կազմակերպվող ակցիայի միջոցով պահանջներ կուղղվեն թե՛ ՀՀ իշխանություններին և թե՛ միջազգային հանրության տարբեր անդամների՝ ազատելու հայ գերիներին և երաշխավորելու նրանց իրավունքների պաշտպանությունը:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը լրագրողներին ասաց, որ միջազգային բազմաթիվ ճնշման միջոցներ կան, որոնցից որեւէ մեկն այս պահին կիրառված չէ Ադրբեջանի նկատմամբ։
Ստեփանյանը նշեց, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի երեկվա ուղերձը Բաքվի բանտից բացահայտեց ողջ ճշմարտությունը, որ Ադրբեջանում արդարադատություն չկա, եւ մարդիկ խոշտանգվում են Բաքվի բանտերում։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: