«Ալիեւն ասում է՝ Հայաստանը ֆաշիստական պետություն է, պետք է վերանա»

  • 17:25 17.01.2025

«Մեր ընկերներները չեն հայտնվել Բաքվի բանտերում որպես պարզապես Ղարաբաղի քաղաքացի, նրանց տարել են այնտեղ, որպեսզի եւ Արցախի Հանրապետության դեմ, եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի դեմ դատական շինծու գործեր սարքելով՝ մեզ թուլացնեն, ոչնչացնեն։ Այս մարդիկ դատվում են որպես հայ, հետեւաբար, սա պետք է վերաբերի բոլոր հայերին, եւ այս հարցում բոլոր հայերը պետք է լինեն միահամուռ»,- ԱԳՆ շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ այսօր ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը։

Նշենք, որ Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ անցկացվեցին բողոքի ակցիաներ՝ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների ազատ արձակման պահանջով։ Բաքվում այսօր մեկնարկում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով դատավարությունները։

Լեւոն Հայրյանը նշեց՝ բանը հասել է նրան, որ ֆաշիստը խաղաղ մարդկանց անվանում է «ֆաշիստ», իսկ Հայաստանից չկա համարժեք պատասխան։ «Ընդ որում, Ալիեւը ֆաշիստ անվանում է ոչ միայն Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այլ ամբողջ հայ ժողովրդին։ Բայց մենք ոչ Հայաստանի իշխանություններից, ոչ հայ ժողովրդից չենք տեսնում ադեկվատ պատասխան Ալիեւի ֆաշիստական հայտարարություններին։ Այդ պատճառով մենք ոչ կարողանալու ենք մեր գերիներին այնտեղից ազատել, ոչ էլ կարողանալու ենք մեր ապագայի հարցը լուծել։ Ես կրկնում եմ՝ այսօր Ղարաբաղի հարցը չի լուծվում, այսօր Ալիեւը Հայաստանի պետականության հարցն է լուծում, ասում է՝ Հայաստանը ֆաշիստական պետություն է, պետք է վերանա, իսկ մենք լուռ ենք, չենք խոսում»,- հավելեց Հայրյանը։ Նա կոչ արեց համախմբվել ու չկրկնել անցյալի սխալները։

 

f