Բաքվի հայերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ այսօր տեղի ունեցավ ակցիա։ Այս օրերին լրանում է Բաքվի հայերի նկատմամբ ցեղասպանական գործողությունների տարելիցը։ Ակցիայի կազմակերպիչները նշում են, որ 1990 թվականի հունվարի 13֊ը Բաքվի հայության ցեղասպանության պիկն էր, իսկ հայերի կոտորածը Բաքվում անթաքույց սկսվել էր 1988֊ի մարտին՝ Սումգայիթից անմիջապես հետո։ Բաքվի 500 000 հայերը կոտորվեցին, փախան ու ցրվեցին, իսկ խորհրդային ուժերը խառնվեցին միայն 1990 թվականի հունվարի 20֊ին, երբ թափի մեջ մտավ ռուսների կոտորածը։
«Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանն ասաց, որ Հայաստանի իշխանությունները մեղավոր են ոչ միայն Արցախի հայերի ցեղասպանության համար, այլ նաեւ մտավախություն կա, որ ցեղասպանությունը շատ փափուկ, սահուն կմտնի Հայաստանից ներս, եւ մենք որեւէ պաշտպանական համակարգ չենք ունենա ժողովրդին պաշտպանելու համար։ «Ցեղասպանությունից պաշտպանվելու միակ գործիքը պետությունն ու պետականությունն է։ Ես չեմ ուզում կասկածել, որ մենք պետություն կամ պետականություն չունենք, ես գիտեմ, որ ունենք, բայց այդ գործիքը լիաժեք կիրառող կամ հանրությանն ի պաշտպան օգտագործող ուժեր ես չեմ տեսնում։ Եվ սա է պատճառը, որ թե Անիի, թե Արարատի կողմից մենք չունենք խրամատներ, զենք ու զինամթերք։ Այսօր սելավ է մեզ սպասվում, իսկ մեր քաղաքական ղեկավարությունը ոչինչ չի անում՝ հայությանը փրկելու համար»,- ասաց Մարիամ Ավագյանը։
Նա նշեց, որ պատահական չէ, որ Բաքվում հենց այս օրերին են մեկնարկել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու մյուս գերիների նկատմամբ շինծու գործերով դատական նիստերը։ «Բաքուն ամեն ինչ անում է, որ ցույց տա՝ ինքը կարողանում է հայությանը ոչ միայն ֆիզիկապես վերացնել, այլ նաեւ նսեմացնել։ Եվ պատանդառված հայերի կեղծ դատական պրոցեսով այսօր մեզ այնտեղից նորից ուղարկում են ազդակներ, որ՝ տեսեք, Բաքուն արել ենք, չենք պատժվել, էլի ենք անելու, Արցախ ենք ցեղասպանել, հիմա էլ այս թատերական բեմականացումը կանենք, որպեսզի ապացուցենք, որ Հայաստանը ֆաշիստական պետություն է։ Հայ փախստականների վերադարձի հետ կապված ամեն անգամ ասել ենք՝ այո, մենք ունենք իրավունք վերադառնալու Ադրբեջան, բայց քանի որ այն ֆաշիստական պետություն է, մինչեւ դենացիֆիկացիա չկատարվի, մենք չենք վերադառնա։ Այսօր Իլհամը օգտագործում է մեր բառամթերքը։ Այսինքն՝ մեր իշխանությունները մեր բարձրացրած թեզերը բացարձակ չեն կիրառել երբեւէ, իսկ Իլհամը մեր բարձրաձայնած թեզն այսօր արդեն հակադարձում է Հայաստանի նկատմամբ»,- նշեց նա։
Մարիամ Ավագյանն ասաց, որ 1988 թվականի մարտից Ադրբեջանում սկսվեց հայերի կոտորածը, մեծ ալիք էր 1988 նթվականի նոյեմբերին, հաջորդ ալիքներից մեկը 1989 թվականի օգոստոսից հետո էր, մյուս ալիքը սկսվեց 1989 թվականի դեկտեմբերին եւ վերջացաց 1990 թվականի հունվարի 19-ին։
«Երբ թուրք ցեղասպանն արդեն հստակ իր թիրախի տակ առավ Բաքվի ռուսական ազգաբնակչությունը, միայն այդ ժամանակ խորհրդային այսպես կոչված իշխանությունները տեղից շարժվեցն եւ տանկերով կասեցրին ռուսների կոտորածը։ 1988 թվականի փետրվարից մինչեւ 1992 թվական Ադրբեջանից փախել են ավելի քան 820 հազար հայեր, 300 հազար ռուսներ, 140 հազար հերաներ, 70 հազար պարսկական ժողովուրդ։ Այսօր Ադրբեջանը բացարձակ չի պատժվել իր արարքի համար։ Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես խորհրդային միության իրավահաջորդ եւ շարունակող չի պատժվել, որ թույլ է տվել ու հովանավորել է Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի հայերի ցեղասպանությունը։ Նույնը շարունակվեց Արցախում։ Այո, այսօր Բաքվում գերեվարված հայերը միաժամանակ Մոսկվայի գերիներն են»,- հայտարարեցն Մարիամ Ավագյանը։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: