Մովսես Սարգսյանը ցանկանում է տրամադրված հավաստագրով բնակարան ձեռք բերել․ առաջացել են խնդիրներ

  • 10:21 21.01.2025

Այսօր արցախահայության համար առաջնային է շարունակում մնալ բնակապահովման խնդիրը։ ՀՀ կառավարության Արցախից բռնի տեղահանվածների բնակարանաշինության, բնակարանային ապահովման ծրագիրը 2024 թվականի հունիսի 15-ից է մեկնարկել։ Ծրագրին մասնկացելու գլխավոր պայմանը ՀՀ քաղաքացիություն ունենալը և ծրագրի շահառու լինելն է։ Ծրագիրն իրականացվում է 3 փուլով։

Մովսես Սարգսյանն Արցախից է տեղահանվել։ Նրա ընտանիքը ծրագրի շահառու է հանդիսանում։ Տեղահանությունից հետո, ստանալով ՀՀ քաղաքացիություն, ընտանիքի 2 անձի կազմով ստացել է բնակարան ձեռք բերելու հավաստագիր։

 -2020 թվականին եմ Հայաստանից տեղափոխվել Արցախ և ծնողներիս հետ հաստատվել Ստեփանակերտ քաղաքում՝ հաշվառվելով Արցախում։ Արցախյան վերջին երեք պատերազմների մասնակից եմ։ Քառօրյա պատերազմից հետո ծառայում էի ՀՀ ՊՆ Ջերմուկի զորամասում։ 2022-ին տեղափոխվել եմ ԱՀ ՊԲ՝ ծառայությունս շարունակելով Ասկերանի զորամասում։ Այդ ընթացքում արդեն բնակություն էի հաստատել Ասկերանի շրջանի Շոշ համայնքում, որտեղ ինձ բնակելի տուն էր հատկացվել։

Մինչև շրջափակումը հորս առողջական վիճակի վատթարացման պատճառով նրան տեղափոխել եմ քաղաք Երևան, իսկ ինքս ռուս խաղաղապահների միջոցով վերադարձել Արցախ ու անցել իմ ծառայությանը։ 2023-ի սեպտեմբերի 19-ին մարտական դիրքերում էի։ Պատերազմի ավարտից հետո, երբ ցանկանում էի գնալ գյուղ, ասացին, որ այն արդեն թշնամու ձեռքին է։ Այդպես էլ ոչինչ չկարողացա վերցնել տանից։ Համագյուղացիներից լսեցի, որ ռմբակոծության հետևանքով իմ տունը լրիվությամբ այրվել է։ Սեպտեմբերի 23-ին դուրս եկա Արցախից և հասնելով Հայաստան՝ հաստատվեցի Էջմիածին քաղաքում։ Այնտեղ մեզ տրամադրվեց փոքրիկ տնակ,- պատմում է Մովսեսը և ավելացնում, – ապրում ենք 5 հոգով՝ հայրս, մայրս, եղբայրս և կինս։ Ամուսնացել եմ տեղահանությունից հետո։

Հայաստանում հաստատվելուց հետո Մովսեսը կրկին անցել է ծառայության և այժմ ծառայում է ՀՀ ՊՆ շարքերում։ Զորամասն Արտաշատում է, որտեղ ծառայության են անցել մի շարք արցախցի սպաներ՝ հիմնականում Ներքին Հոռաթաղի և Ասկերանի զորամասերի նախկին զինծառայողներից։ Մովսեսը, աշխատանքի բերումով, ստիպված բնակարան է վարձակալել Արտաշատում, սակայն մտադիր է ընտանիքը միավորել և այդ պատճառով ցանկանում է ՀՀ կառավարության արցախցիների բնակապահովման ծրագրի շրջանակներում տրամադրված հավաստագրով բնակարան ձեռք բերել։

 -Մեր ընտանիքից ծրագրի շահառու ենք հանդիսացել միայն ես ու հայրս, քանի որ մայրս ու եղբայրս այդ ժամանակ Արցախում չէին։ Թեև իմ ընտանիքն ընդգրկվում է 3-րդ փուլում, սակայն ընդառաջելով ինձ, թույլատրվեց ստանալ հավաստագիր։ Քանի որ 6 մլն դրամով չեմ կարող տուն գնել, պարզ է, որ պետք է գումարի պակասող մասը լրացնեմ հիպոթեքային վարկով։ Փորձել եմ բանկերից ճշտել․ արդյո՞ք ինձ վարկ կտրամադրվի։ Պարզվել է, որ ես սև ցուցակում եմ՝ մինչև 2020 թվականն ստացած և չվճարված վարկի պատճառով։ Վարկն ստացել էի Հայաստանում և չէի կարողացել վերադարձնել։ Այժմ ևս ի վիճակի չեմ։

Խնդրի լուծման համար դիմել եմ ՀՀ Վարչապետի աշխատակազմ։ Սպասում եմ պատասխանին։ Եթե հարցը լուծում չստանա, ես ստիպված կլինեմ վերադարձնել հավաստագիրը և սպասել 3-րդ փուլին։ Թե ինչ կլինի այն ժամանակ՝ դժվարանում եմ ասել։ Երևի նույն վիճակը, եթե բնակարանային ծրագրում փոփոխություններ չկատարվեն։ Ես մտադիր եմ Երևան քաղաքում կառուցվող փայտե տներից ձեռք բերել, որոնք քիչ թե շատ մատչելի են արցախահայության համար, – ասում է Մովսես Սարգսյանը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f