«Տանան նիգյարան» փոդքասթի շարքը Անուշ Պետրոսյանը սկսեց իր տնից շատ հեռու՝ Երեւանում։
Երկու անգամ տեղահանվելով՝ Շուշիից եւ հետո Ստեփանակերտից, Անուշը ապրում էր տան կարոտով ու տան մասին հուշերով։
«Արցախում աշխատանքի բերումով շատ էի գյուղեր գնում, գյուղական առօրյան ու մարդկային պարզությունը ինձ շատ էր գրավում», – նշում է Անուշն ու ավելացնում, որ տեղահանությունից հետո այդ գյուղերի մասին պատմությունները կորստի առաջ են կանգնած։
Անուշն ասում է, որ ինքն անգամ այդքան շրջելով Արցախում, հասկացել էր, որ կան բնակավայրեր, որոնց մասին գրեթե տեղեկություն չուներ։
Իր տասներկու էպիզոդներում անդրադարձել է մի քանի բնակավայրի՝ կոլորիտային կերպարներով, կարոտով ու ավանդազրույցներով։
«Մասնակցել եմ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած դասընթացին, որի ընթացքում ստացել եմ գիտելիքներ փոդքասթի մասին, բայց պայմանավորվածություն ենք ձեռք բերել վեց էպիզոդի համար: Այնքան սիրեցի ու կարեւորեցի այս շարքը, որի իմ միջոցներով եւս վեց էպիզոդ նկարեցի, բայց էլ շարունակել չէի կարող»,-ասում է Անուշը։
Ամեն էպիզոդից առաջ հնարավորինս ուսումնասիրում էր բնակավայրը, ամեն անգամ մի նոր բացահայտում անում։
««Նիգյարան» բառը դժվար է «թարգմանվում», բացատրում եմ՝ մտահոգ, անհանգիստ, տունը կարոտելով, բայց միեւնույն է գրական համարժեքը չկա»,- ասում է Անուշը։
Երազում է մի օր հնարավորություն ունենա շարունակել փոդքասթի շարքը, անդրադառնա Արցախի բոլոր գյուղերին։
«Չեմ կարող նկարագրել, ինչ էր նշանակում նախագիծն ինձ համար։ Չնայած երկու անգամ եմ տեղահանվել, շատերի պես չեմ մնացել այստեղ, այլ վերադարձել եմ Արցախ, մինչեւ վերջին օրը ապրել եմ Ստեփանակերտում, բայց Էլի կիսատության զգացում ունեի։ Փոդքասթով այդ կիսատությունն էի ուզում լրացնել, բայց զգացողությունս չի փոխվե»,- ասում է Անուշն ու կիսվում իր ամենակարեւոր մտահոգությամբ։
Մտածում է՝ հաջորդ սերունդներն ի՞նչ կիմանան Արցախի գյուղերի մասին, ոչ նյութայան մշակութային ժառանգության, երբ ամեն կերպ բարբառն էլ է դուրս մղվում եւ խուսափում են անգամ Արցախ բառն ասել։
Մարիամ Սարգսյան
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: