Ալեն Սիմոնյանը արտասանեց «Արցախ» անվանումը, հետո ինքն իրեն արագ ուղղեց

  • 12:36 21.01.2025

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արտասանեց «Արցախ» անվանումը, հետո ինքն իրեն արագ ուղղեց՝ երեք անգամ կրկնելով․ «Ղարաբաղ, Ղարաբաղ, Ղարաբաղ»։ Հետո լրագրողներին ասաց․ «Այո, ես կարծում եմ ճիշտը Ղարաբաղ ձեւակերպում օգտագործելն է»։

Անդրադառնալով Արցախի իշխանությունների հայտարարութուններին, որ ՀՀ իշխանություններն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվի բանտերից ազատելու ուղղությամբ բավարար ջանքեր չեն գործադրում, Ալեն Սիմոնանն ասաց․ «Ղարաբաղի նախկին պաշտոնյաների հայտարարություններին եւ ասածներին միտված չեմ հետեւել եւ համարում եմ, որ ավելի լավ կլինի՝ իրենք հնարավորինս շատ չխառնվեն, լռեն։ Իրենք ինչքան խառնվեցին, ինչ արեցին, դրա հետեւանքը տեսանք։ Կարծում եմ՝ ճիշտը իրենց կողմից լռելն է»։

Լրագրողները հարցրին՝ դուք որոշումներ կայացնեք, իրենք լռե՞ն, իրենք արցախցիների ու Արցախի մասին որոշումներ չպե՞տք է կայացնեն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Իրենք ՀՀ-ում կարգավիճակ չունեցող մարդիկ են, ոմանք քաղաքացի են, ոմանք փախստական են։ ՀՀ իշխանությունը մեկն է, եւ, այո, մենք պետք է որոշում կայացնենք, եւ իրենք այդ որոշումներին ենթարկվեն, այլ ոչ թե փորձեն իրենք ինչ-որ առանձին օրակարգ բան անեն։ Դա չի ստացվելու, թույլ էլ չենք տալու։ Թող իմանան ով ինչով է զբաղվում ու հանկարծակի չսխալվեն»։

Հարցին, որ ձեր կայացրած որոշման հետեւանքով Արցախը օկուպացվեց, եւ այդ մարդիկ մնացին առանց հայրենիք, ի՞նչ իրավունքով եք նման հայտարարություններ անում, Սիմոնյանը պատասխանեց․ «Մեր կայացրած որոշումով չէ, Արցախը՝ Ղարաբաղը, Ղարաբաղը, Ղարաբաղը, երբեւիցե Հայաստանի կողմից չի ճանաչվել որպես անկախ պետություն որեւէ իշխանության ժամանակ, եւ ՀՀ-ն իր որեւիցե հարեւանի նկատմամբ տարածքայիт պահանջ չունի եւ չի ունեցել»։

Լրագրողները Ալեն Սիմոնյանին հիշեցրին, որ մի ժամանակ Աղդամն իր հայրենիքն էր համարում։ «Բոլորս էլ սխալվում ենք»,- արձագանքեց նա։

f