Իշխանությունները չեն տեսնում լայնամասշտաբ հարձակման հավանականություն

  • 11:33 23.01.2025

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չի գնահատում։ Այս մասին ասված է ծառայության «ՀՀ 2025 թվականի արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ» զեկույցում:

Միաժամանակ, Արտաքին հետախուզության ծառայությունը իր զեկույցում նկատում է՝ պայմանագրահենք խաղաղության և միջպետական հարաբերությունների բացակայության պայմաններում որպես Հայաստանի դեմ ուժի սպառնալիքի ադրբեջանական քաղաքականության գործիքակազմի մաս կշարունակի պահպանվել սահմանին տեղային լարվածությունների և էսկալացիայի առաջացման ռիսկը, որի որոշակի նվազեցման երաշխիք կարող է լինել սահմանազատման և սահմանագծման գործընթացի սահուն շարունակությունը։

«Այս համատեքստում ծառայության խնդիրն է շարունակաբար գնահատել, թե արդյոք Ադրբեջանի կողմից Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ տարբեր վնասակար խոսույթների հետևողական զարգացումը և ֆինանսավորումը Հայաստանի դեմ ուժի կիրառման սեփական մտադրության «լեգիտիմացման» դրսևորում է», – նշվում է զեկույցում։

Այդ խոսույթներից արտաքին հետախուզության ծառայությունն առաձնացրել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի և արևմտյան ադրբեջանցիների», «Հայաստանի ռազմականացման», «ռևանշիզմի», «Զանգեզուրի միջանցքի» խոսույթները։

NEWS.am-ի հետ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանն իր հերթին ասել է. «Ես այս պահին բացառում եմ էսկալացիա՝ ընդհանուր համաշխարհային տենդենցները գնահատելով, ընդհանուր գործընթացը գնահատելով: ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը նույնպես ասաց, որ պետք է աշխարհում այդ պատերազմները չլինեն:  Սա նշանակում է, որ նոր խոսք կա, նոր քաղաքականություն կա ու նոր պահանջ կա, դա փաստորեն որպես պահանջ հնչեց:

Ես կարծում եմ՝ աջակիցներ շատ ունի այսօր Հայաստանը, բայց մենք պետք է մեր աջակիցների վրա հույսը չդնենք, մենք պետք է կայուն, լուրջ պետություն լինենք իր հզոր մարտունակ բանակով, տեխնիկական հագեցվածության բարձր աստիճանով: Միշտ բոլոր ժամանակներում մենք պետք է տնտեսությունը զարգացնենք, բանակն էլ հզորացնենք, մեր հարևանների հետ էլ բարեկամ դառնանք, ընկերներ դառնանք: Մենք պետք է նույն Թուրքիայի, Պարսկաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ տնտեսական փոխկապակցված հարաբերություններ ունենանք»:

f